Պատմություն անհայտ կորած որդու ժառանգին վերգտնելու մասին" />

Կորցնելով և վերգտնելով հարազատին

Պատմություն անհայտ կորած որդու ժառանգին վերգտնելու մասին

“Ալո՞, բարև մամա Լյուսյա”, – լսափողի մեջ Լյուսան լսեց անծանոթ կանացի ձայն։

Մտածեց, թե իր հետ ինչ-որ մեկը կատակ է անում, ու պատասխանեց․ ես քեզ ի՞նչ մամա Լյուսյա։

Բայց պարզվեց, որ դա Կոստյայի մայրն էր։ Հենց այս զանգից սկսվեց թոռնիկի ու տատիկի վերամիավորումը։

Անորոշությունը տիկին Լյուսիայի դեպքում երկու առանցքով էր` որդու ու նրա զավակի: Առանցքներից մեկը քանդվում է տատի և թոռան վերամիավորումով` 17 տարվա ընդմիջումից հետո, սակայն դեռ չկա մյուս անորոշության ավարտը:

81-ամյա Լյուսյա Ավանեսյանի կյանքը երեք բնակավայրերում է անցել: Ծնվել է Ղարաբաղում, մեծացել Բաքվում, արդեն 29 տարի բնակվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Վարդենիս քաղաքում:

Գեղարքունիքի մարզի իր բնակարանում տարեց կինը մենակ է ապրում: Հյուրասենյակի պատին կախված 3 դիմանկարը ցույց տալով ասում է. «Իմ տղամարդիկ են»:

Տիկին Լյուսիայի հյուրասենյակն է. պատին կախված են երկու զավակների և ամուսնու նկարները:

Մեջտեղի շրջանակում ամուսնու նկարն է, որին 40 տարեկանում է կորցրել: Նրանից աջ պատկերված է Բորյան` մեծ տղան: Նա մահացել է 2008-ին` երկարատև հիվանդության հետևանքով: Ձախ կողմում փոքրի` Էդուարդի նկարն է: Վերջինիս ճակատագիրն արդեն 24 տարի անհայտ է:

Էդուարդ Ավանեսյանը ծնվել է 1959 թվին Բաքվում։ Վաղ տարիքում հաստատվել է Ռուսաստանում` ապրելու ու աշխատելու նպատակով: Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանում մասնակցում է պատերազմին և  1999-ից համարվում է անհայտ կորած:

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձիք՝ գրանցված Երևանում և Բաքվում Կարմի խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում, գրեթե նույնքանն էլ Լեռնային Ղարաբաղում: Ի դեպ, ԿԽՄԿ-ն 2014-ից սկսել է հավաքագրել ԴՆԹ տվյալներ:

Հայաստանում ծրագրի մեկնարկելուց ի վեր 344 անհայտ կորածի 1077 արյունակից բարեկամի նմուշ է հավաքագրվել, որոնցից 195 արդեն անցել է ԴՆԹ պրոֆիլ և որակի ստուգում անկախ լաբորատորիայում: Ապագայում` արտաշիրիմում իրականացնելու ժամանակ այդ նմուշները կօգնեն և կմեծացնեն աճյունի ինքնությունը պարզելու հավանականությունը

Տիկին Լյուսյայի խոսքում Ղարաբաղի բարբառը ու ռուսերենը խառնվում են մի նախադասության մեջ: Բացատրում է, որ Բաքվում մեծ մասամբ հենց ռուսերեն էին խոսում:

Նկարում տիկին Լյուսիան է հարևանուհու հետ: Երկուսն էլ Բաքվից տեղափոխված հայեր են:

Պատմում է, որ մինչև Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի սկսվելը Բաքվում իրենց լավ էին վերաբերվում: Ինքն աշխատում էր տրիկոտաժի գործարանում: Բնակարան էր ստացել, տղաները վերանարոգել էին:

Սակայն, ամեն ինչ փոխվում է 80-ականների վերջում.

«Տղաս` Բորյան տաքսի էր վարում: Հաճախ էր Սումգայիթ գնում: Ինձ անընդհատ ասում էր, որ պետք է գնալ այստեղից: Ես էլ ասում էի խուճապի մեջ մի ընկի: Ես հավատում էի, որ ամեն ինչ կնորմանալանա: Չնորմալացավ…», – ասում է Լյուսյա Ավանեսյանը:

Արդյունքում, Բաքվի շատ այլ հայերի նման նա էլ փոխանակում է իր բնակարանը և Վարդենիս տեղափոխվում:

Այս շրջանում նրա երկու տղաներն ապրում և աշխատում էին Ռուսաստանում: Ասում է, ինքն էլ կարող էր միանալ որդիներին, բայց. «Ես էլ ասեցի , ինչ գիտեմ, վաղը նման բան կարող է Ռուսաստանում լինել, գոնե երեխեքիս համար տուն կլինի: Այդ մտքով եմ տները փոխանակել»:

Սակայն դեպքերը զարգանում են այլ կերպ: Մեծ տղան` Բորյան, վերադառնում է 1991-ին: Մեկ տարի անց Հայաստան է գալիս Էդիկը` սիրելիի` Նատաշայի հետ:

«Ասաց ես կլինեմ Երևանում, այնտեղ գործ ունեմ: Զգուշացրեց, որ չփնտրեմ, եթե անհրաժեշտ լինի` ինքն իր մասին իմաց կտա», – պատմում է տիկին Լյուսյան: Բացատրում է, որ անհանգստանալու պատճառ չուներ: Էդիկը ինքնուրույն ու հավասարակշիռ էր, նրա համար միշտ էլ հանգիստ էր:

«Նա ինձ հեռագիրներ էր ուղարկում `ողջ -առողջ եմ: Իմ մտքով չէր էլ անցնում ստուգեմ, տեսնեմ, որ Ղարաբաղից են հեռագրերը գալիս», – ասում է մայրը:

Հիշում է, որ ընտանեկան մի հավաքի ժամանակ հարազատները հետաքրքրվում են որդուց ու իրողությունն այդպես պարզվում է. Էդիկը Նատաշայի հետ Երևանի փոխարեն Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում էր:

Պատերազմի ընթացքում մոր և տղայի կապի միջոցը հեռագրերն էին:  Թե ինչ հաճախականությամբ էին ուղարկում ու ստանում` արդեն չի հիշում, բայց դրանք իրեն հանգստացնում էին: Հավատում էր, որ որդու մոտ ամեն ինչ լավ է:

Այժմ, տիկին Լյուսյայի պայուսակում պահվող հեռագրների կապոցում կգտնես այդ շրջանում նրանց հետ կատարվածի մասին տեղեկություն: Այսպես նա որդուն լուր է տվել, որ մեծ եղբորը ամպուտացրել են, վիրահատման օրը բնակարանը թալանել են: Այսպես է նաև տատն իմացել թոռան ծնվելու մասին:

Կոնստանտին Էդուարդի Կատկովը տիկին Լյուսյայի կորցրած և վերգտած թոռն է, իր անհայտ կորած տղայի միակ ժառանգը:

Ղարաբաղում Նատաշան հղիանում է, ինչից հետո ամուսինը նրան ուղարկում է Վարդենիս, իր մոր մոտ։ Երիտասարդ կինը տիկին Լյուսյայի տանը որոշ ժամանակ մնալուց հետո վերադառնում է ծնողների մոտ` Ուկրաինա` թողնելով իր կոնտակտային տվայլները:

Թոռան ծնվելուց ի վեր նրանք 2 անգամ են տեսնվել: Առաջին հանիպումից տիկին Լյուսյան պահում է մանկահասակ Կոստյայի նկարը: Դա 1996 թիվն էր, երբ 3-ամյա երեխան ապրում էր տատի ու պապի հետ, մայրն աշխատանքի համար տեղափոխվել էր այլ քաղաք:

Տիկին Լյուսիան նայում է թոռան` Կոստիայի մանկության նկարին:

Փոքրիկի հետ անցկացարած օրերից տատը մի դրվագ լավ է հիշում: Մյուս տատը խորհուրդ էր տվել քնելիս երեխային կողքին պառկեցնի, որ երեխան իր հետ էլ կապվի: Կոստյան էլ թե «ցերեկը քեզ հետ կխոսեմ, իսկ գիշերը Գալյա տատաիկի հետ կքնեմ», – ժպիտով հիշում է կինը:

Վերադարձին տիկին Լյուսյան թողնում է իր կոնտակտային տվյալները: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է կորցնում նրանցը և այս անորոշությունը ձգվում է 18 տարի:

Այս ընթացքում հարևանների, մյուս տղայի ընտանիքի օգնությամբ շատ են որոնել Կոստյային և Նատաշային: Փորձել են նրանց սոցիալական ցանցերում գտնել, բայց չեն հաջողել: Իսկ թե ինչպես են նորից գտնում իրար, տիկին Լյուսյան ասում է կարելի է մի գիրք գրել դրա մասին:

Էդիկի կռված վայրում` Ղարաբաղի Տոնաշեն գյուղում 2013 թվին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված արձան են բացում, որին ներկա է լինում նաև տիկին Լյուսյան.

«Հաջորդ օրն առավոտը շուտ զանգ ստացա: Ճանապարհից եկած, մի քիչ հոգնած պատասխանեցի: Ասում է բարև, Լյուսյա մամա: Մտածեցի մեկը կատակ է անում: Ասում եմ ես քեզ ինչ Լյուսյա մամա: Ասում է ես եմ` Նատաշան, Կոստիայի մայրը»:

Այս զանզով սկսվում է նրանց վերամիավորումը: Մեկ տարի չանցած տիկին Լյուսյան գնում է նրանց այցի` Ռուսաստան: Հուզմունքով պատմում է, որ Կոստյան էր եկել իրեն դիմավորելու. «Կանգանած եմ, տեսնեմ ինքն ինձ մոտ վազեց, գրկեց, համբուրեց»:

Նկարում 18 տարվա ընդմիջումից հետո տատ ու թոռ միասին են:

Տիկին Լյուսիան ցույց է տալիս իր ընտանեկան ալբոմը:

Ռուսաստանում գտնվելու մոտ մեկ ամսվա ընթացքում նրանք միասին են ապրում: Ասում է, Կոստյան արտաքնապես հորը աչքերով է նման: Բնավորությամբ էլ ընդհանուր գծեր ունեն. Էդուարդի նման նա էլ լուռ, հանգիստ ու հավասարակշռված է: Ի դեպ, Կոստյան ցանկություն է հայտնել գնալ Ղարաբաղ ու տեսնել այն վայրը, որտեղ ծնողներն են ապրել:

Ուրախությամբ հիշում է, որ թոռը հոր մասին շատ բան գիտի` մայրը պատմել էր:

Ինքն էլ Նատաշային շնորհակալություն է հայտնել դրա համար, նաև որ «իմ Էդիկի արյան կրողին ես ծնել»:

Նատաշան մոտ 2 տարի առաջ ամուսնացել է, բայց տղան դեմ է եղել: Տատը կիսակատակ ասում է, «ոնց կլինի, հայկական արյուն է»:

Հիմա նրանք հեռախոսով  կապի մեջ են:

Լյուսյան կասկած չունի, որ որդին հետ է գալու, չնայած որ 25 տարի նրանից որևէ լուր չկա:

Պատմում է, որ պատերազմից հետո` 1995-ի սկզբում է եղել Շուշիում: Գնացել էր անձամբ որդուն որոնելու:

«Նկարը ձեռքիս ամեն գյուղ մտել եմ: 4-5 օր փնտրում էի իրեն: Այն ժամանակ հաճախ զինվորևական մեքենաներ էին անցնում: Մեկ րոպե չէի կանգնում, մեքենան կանգնեցնում էի, մինչև գյուղը տանում էին ու  իրենց ճանապարհն էին շարունակում», – պատմում է 81-ամյա կինը:

Որոնումների արդյունքում գտել է որդու զինվորական գլխարկը, որն առանց լվանալու պահում է մինչև այսօր: Սա Էդուարդից մնացած քիչ իրերից է:

Տիկին Լյուսիայի ձեռքում անհայտ կորած որդու զիվորական գլախրկն է:

Հարևանուհիները պատմում են, որ Նոր տարուն կամ այլ առիթների միշտ Էդիկի ողջ կենացն է խմում: Մոմ չի վառում նրա նկարի առաջ: Տղայի ծնունդն էլ միշտ նշում է` հարևանների հետ. «Գան-չգան սեղան եմ դնում, չեմ ասում ճոխ: Կարող եմ մի ամբողջ շաբաթ խնայել, բայց ծնունդն անպայման անում եմ», – ասում է նա:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում