Ռուսաստանի փոխարտգործնախարարի պաշտոնում Գրիգորի Կարասինին կարող է փոխարինել Իվան Վոլինկինը" />

Կովկասի նոր կուրատորը ռուսական ԱԳՆ-ում

Ռուսաստանի փոխարտգործնախարարի պաշտոնում Գրիգորի Կարասինին կարող է փոխարինել Իվան Վոլինկինը

«Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն՝ ռուսական ԱԳՆ-ում պաշտոնյայի փոփոխություն է նախապատրաստվում, որը պատասխանատու է, այդ թվում, Հարավային Կովկասի քաղաքականության համար։

70-ամյա փոխնախարար Գրիգորի Կարասինը թոշակի է անցնում։

Նրա տեղն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի 60-ամյա Իվան Վոլինկինը, որն այժմ ԱԳՆ-ում գլխավորում է հյուպատոսական բաժինը։

Կարասին-Աբաշիձե ձևաչափը

Այս ռոտացիայի առնչությամբ հարց է ծագում այսպես կոչված Կարասին-Աբաշիձե ձևաչափի հետագա ճակատագրի մասին։

Այդ ձևաչափը Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո տարիներով գոյություն ունեցող միակ ուղիղ երկխոսությունն էր։ Պատերազմից հետո երկու երկրների միջև դադարեցվել էին դիվանագիտական հարաբերությունները։

Արդյո՞ք բեռների վրաց-ռուսական տարանցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կիրականացվի

• Թե ինչպես է աշխատում ռուսական պրոպագանդան ազգային փոքրամասնություններով բնակեցված վրացական շրջաններում

Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության ձևաչափը ստեղծվել է 2012թ-ին, երբ իշխանության է եկել «Վրացական երազանքը»։ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իր առաջնահերթությունը հայտարարեց և ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն հիմնեց։

 

Այդ պաշտոնին նշանակվեց դիվանագետ Զուրաբ Աբաշիձեն, որը Ռուսաստանում Վրաստանի դեսպանի աշխատանքային փորձ ուներ։ Ստեղծվեց հարաբերությունների նոր ձևաչափ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումների տեսքով։ Դրանց նպատակը տնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունների վերականգնումն էր։

 

Երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը դադարեցվել էր 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Վրաստանի նախորդ կառավարությունը Ռուսաստանին ագրեսոր էր համարում, որի հետ երկխոսություն անհնար է վարել առանց միջազգային դիտորդների ներկայության։

Կարասին-Աբաշիձե ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա 2013 թ-ին կրկին ռուսական շուկա մտավ վրացական արտադրանքը՝ միրգը, բանջարեղենը, գինին, հանքային ջուրը։ Վերականգնվեցին նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները։

Աշխատելով այդ ձևաչափով՝ Կարասինը հիշվել է Վրաստանի արևմտամետ ուղղվածության հասցեին իր կտրուկ հայտարարություններով։

Պրահայում իր վրացի գործընկերոջ հետ վերջին հանդիպումներից մեկից հետո Կարասինը Թբիլիսիին զգուշացրել է, որ Կովկասում ՆԱՏՕ-ի ուժեղացմանը հետելու են «տհաճ անակնկալներ»։ Ռուս դիվանագետը զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայի հետ։

«Պարզ է, որ եթե Հարավային Կովկասում զարգանա ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, վաղ թե ուշ դա կբերի խնդիրների։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչից սկսվեցին ուկրաինական խնդիրները։ Սա բացարձակ նույն հարցադրումն է», – հայտարարել էր ռուս դիվանագետը։

Ո՞վ է Վոլինկինը

Դիվանագետ Իվան Վոլինկինի անունը դեռևս նշանակումից առաջ բուռն արձագանք էր առաջացրել Հարավային Կովկասի երկու երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում։

Վոլինկինը ամենահեղինակավոր խորհրդային և ռուսական ուսումնական հաստատության՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (1981թ․) շրջանավարտ է հանդիսանում։

Որպես դիվանագետ աշխատել է ԽՍՀՄ և ՌԴ արտասահմանյան ներկայացուցչություններում Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Չեռնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում։

Իվան Վոլինկին։ Լուսանկարն՝ Ասատուր Եսայանցի

2009-2013թթ-ին նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի օգնականն է եղել, նախարարության գլխավոր քարտուղարության փոխտնօրենը։

2013-2018թթ-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել։

Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ նման կենսագրության դեպքում Վոլինկինը խորհրդային Պետանվտանգության կոմիտեի և դրա ռուս հետնորդների հետ ֆորմալ և ոչ ֆորմալ կապերի մեջ է եղել։

Վրաստանում Վոլինկինը պերսոնա նոն գրատա է։ 2007թ-ին՝ Վրաստանում աշխատելու ընթացքում, Վոլինկինը և ևս երկու ռուս դիվանագետ արտաքսվել են երկրից պաշտոնական Թբիլիսիի կողմից։

Այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս դիվանագետներին մեղադրել էր «Վրաստանի տարածքում հետախուզական գործունեության մասնակցության մեջ»։

Վրաստանի իշխանությունները կասածում էին, որ ռուս դիվանագետները սերտ կապի մեջ են վրացական ընդդմադիր գործիչների հետ, որոնք, ըստ իշխանությունների, իշխանության բռնի տապլման իրենց պլանները համաձայնեցնում էին ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ։

Սակայն այժմ Վրաստանի ղեկավարությունն այլ է, և այն, մեղմ ասած, միշտ չէ, որ սատարում է Սաակաշվիլիի ընդունած որոշումներին։

Այն հարցին, թե արդյոք «Աբաշիձե-Կարասին» հանդիպումների ձևաչափի վրա կարող է ազդեցություն ունենալ անձանց փոփոխությունը, Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ այդ մասին կխոսի այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնապես նշի այն մարդու անունը, որը կփոխարինի Գրիգորի Կարասինին։

Ինչպես ասում է Զուրաբ Աբաշիձեն, սա մասնավոր անձնաց ձևաչափ չէ, այլ վրաց-ռուսական երկխոսություն, որտեղ դիտարկվում են առևտրատնտեսական հարաբերություններ։

Վաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները նույնպես չեն մեկնաբանում Վոլինկինի թեկնածությունը նախքան նրա պաշտոնական նշանակումը․

«Իցխակ Ռավինն ու Յասիր Արաֆաթը միասին բանակցային սեղանի շուրջ էին նստում, սակայն միմյանց հանդեպ բարյացակամ չէին տրամադրված։ Արդյո՞ք մեզ պետք են բանակցություններ։ Պերսոնա նոն գրատա կարելի է հայտարարել ռուս ցանկացած դիվանագետի, քանի որ Ռուսաստանն օկուպանտ երկիր է։ Բանակցությունների գաղափարն անձերի մեջ չէ, այլ երկու երկրների կապի», – հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության պատգամավոր Գիա Վոլսկին։

Ադրբեջանական մամուլը նույնպես քննադատական վերնագրեր է հրապարակում Վոլինկինի առնչությամբ։

Որոշ ադրբեջանցի փորձագետների կարծիքով՝ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանին հետխորհրդային տարածքի հակամարտությունների կուրատոր նշանակելով, Մոսկվան ցույց է տալիս, թե որ հարթությամբ է Կրեմլը մոտենում ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

«Երբ Իվան Վոլինկինը Երևանում որպես դեսպան էր աշխատում, նա Հայաստանը Ռուսաստանի գլխավոր և հավերժ դաշնակից էր անվանում։ Մի՞թե Իվան Վոլինկինը, որն ասել է, որ «հայերն ու ռուսները հոգևոր կապ ունեն միմյանց հետ», կարող է նորմալ խորհուրդ տալ Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ», – ասել է ադրբեջանցի փորձագետ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն Vesti.az պարբերականին։


Կարդալ ավելին JAMnews-ում