Transparency International-ը հրապարակել է աշխարհում կոռուպցիայի վիճակի մասին իր ամենամյա զեկույցը" />

Կոռուպցիայի ընկալման ցուցիչ․ Ադրբեջանը զիջում է դիրքերը, Հայաստանը՝ պահպանում, Վրաստանը վտանգված է

Transparency International-ը հրապարակել է աշխարհում կոռուպցիայի վիճակի մասին իր ամենամյա զեկույցը

Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում կոռուպցիայի վիճակի մասին ամենամյա իր հաշվետվությունը։ Ահա, թե ինչ տեսք ունեն դրանում Հարավային Կովկասի երկրները։

100-ն՝ ամենաբարձր ցուցանիշն է, 0-ն՝ վատթարագույնը։

Հայաստան

Հայաստանը վերջին երեք տարիներին նույն ցուցանիշն է հավաքում՝ 35 կետ։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանը բախվում է այն խնդիրներին, որոնք հատուկ են բոլոր հետխորհրային երկրներին։

Դա, նախևառաջ, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև դիսբալանսն է, դատական համակարգի թուլությունն ու քաղաքացիների կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների արժեքը չհասկանալը։

Վրաստան

58 ցուցանիշով (2017թ-ին 56 էր) Վրաստանն առաջատար է Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։

Սակայն զեկույցի հեղինակները նշում են, որ երկիրը ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամ է ապրում։

Դա, նախևառաջ, արտահայտվում է իրավապահ մարմիններին ոչ հաշվետու լինելով, դատարանների գործունեությանը քաղաքական միջամտությամբ և քաղաքացիական հասարակության ինստիտուտների վրա ճնշման գործադրմամբ։

Զեկույցում առանձին նշված է, որ, ըստ վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալների, Վրաստանի բնակիչների 36%-ը կարծում է, որ իշխանությունները չարաշահում են իրենց լիազորություններն անձնական շահերի նպատակներով (2013 թ-ին այդ անձանց տոկոսը կազմում էր 12%):

Ադրբեջան

Ադրբեջանը վարկանիշում 6 կետով անկում է ունեցել 2017թ-ին ցուցանիշը 31 էր, 2018թ-ին՝ 25։

Զեկույցի հեղինակները դա կապում են այն գրոհի հետ, որ հանրապետության իշխանություններն իրականացնում են հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Transparency International-ի տեղի բաժանմունքի) և անկախ լրատվամիջոցների վրա։

«Քաղաքացիական հասարակության համար արտասահմանյան ֆինանսավորման հասանելիությունը դժվարացնելով՝ Ադրբեջանի կառավարությունը խաթարում է իր գործունեության անկախ վերահսկողության և քաղաքացիների կողմից կարծիք արտահայտելու հնարավորությունները», – ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ 2017թ-ի սեպտեմբերին միջազգային հետազոտություն է հրապարակվել, որի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները երկրից դուրս են բերել և ապօրինի կերպով օրինականացրել մոտ 2.9 մլրդ դոլար։ Այդ գումարի մի մասն օգտագործվել է արտասահմանում երկրի վարկանիշը բարձրացնելու վրա։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում