Ինչպես է Ղարաբաղից տեղափոխված ընտանիքը հաջողությամբ ընտելացել Բաքվի կյանքին" />

Կյանքն սկսել նորովի. առաքելությունն իրականացված է

Ինչպես է Ղարաբաղից տեղափոխված ընտանիքը հաջողությամբ ընտելացել Բաքվի կյանքին

Հարյուրավոր ընտանիքների համար ղարաբաղյան պատերազմը նախկին կյանքի ավարտը նշանավորեց: Նրանցից քչերը կարողացան կյանքն սկսել նորովի. Կարինա Գուրբանովայի ընտանիքը նրանցից մեկն է:

«Բարի գալուստ: Իսկ դու ո՞վ ես»:

Այս խոսքերով տիկին Կարինան առաջին անգամ ողջունեց ինձ սեփական տան միջանցքում: Նա սովոր էր, որ իր տանը հաճախ երիտասարդ հյուրեր են լինում`որդիների ընկերները, որդիների ընկերների ընկերները, նրանց ընկերուհիները:

Կարինա Գուրբանովան խնամում է իր այգին, ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ այցելում և ճամփորդություններից փոքրիկ նվերներ բերում: Քառորդ դար առաջ նրա ընտանիքը ստիպված էր կյանքը զրոյից սկսել: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախչելով Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանից`նրանք տեղափոխվեցին Իրան, իսկ հետո հաստատվեցին Բաքվում:

Ֆիզուլիի շրջանը Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող Ադրբեջանի յոթ շրջաններից մեկն է: Դրանք Հայաստանի վերահսկողության տակ են անցել 1991-1994թթ. ռազմական գործողությունների արդյունքում, ինչպես և Լեռնային Ղարաբաղը: Հակամարտության բոլոր կողմերն այդ տարածքը որպես ադրբեջանական են ճանաչում, սակայն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում համարում են, որ դա անհրաժեշտ «անվտանգության գոտի» է:

• Դարբնիկ. հայ փախստականների նոր հայրենիքը

• Կանայք, որոնց կյանքը ստիպել է ուժեղ կամքի տեր դառնալ

• Անմահ թութակն ու այն ամենը, ինչ չի կարելի կիսել` հայ-ադրբեջանական երաժշտական ժառանգությունը

Պատերազմի սկիզբը

Պատերազմից առաջ ընտանիքը բնակվում էր Ֆիզուլիի շրջանում` Արազ գետի ափին գտնվող Հորադիզ գյուղում: Ամուսինն աշխատում էր ոստիկանությունում, իսկ տիկին Կարինան դպրոցում ուսուցչուհի էր: Նրանց երեք որդիներն էլ, մյուս երեխաների նման, վազվզում էին սար ու ձորերով:

«Ամուսինս համադամասեր էր: Եթե միայն մեկ տեսակի կերակուր պատրաստեի նրա համար, նեղանում էր` «Միայն այսքա՞նը»: Բայց ես չէի նեղվում, չէ՞ որ սիրում էինք իրար: Ամեն օր տուն ծաղիկներով էր գալիս, թեկուզ մեկ ծաղիկ, բայց միշտ բերում էր: Պատահաբար էինք ծանոթացել: Նա արձակուրդին Հորադիզ էր եկել, ու ինչ-որ մեկը նրան ասել էր, թե այստեղ մի շատ գոռոզ աղջիկ կա»:

Անձամբ նրա համար պատերազմն սկսվեց, երբ ամուսինը դադարեց գիշերները տուն գալ: Ներքին զորքերի մյուս սպաների հետ միասին նրան պարեկային ծառայության էին տանում: Մի անգամ նրա ավտոմեքենայի անվադողը վնասվում է ճանապարհին, ու նա մեկ ժամ ուշանում է: Տեղ հասնելով, իմանում է, որ ողջ պարեկային ծառայությունը գնդակահարվել է: Այդ անգամ սեփական մահից ուշանալով` հետագայում եւս հաջողությամբ շարունակում էր խուսափել դրանից: Թեև, երբ պատերազմն ավարտվեց ու ընտանիքը տեղափոխվեց Բաքու, նա շարունակում էր ծառայել սահմանին ընդհուպ մինչև 1999թ., հետո թոշակի անցավ:

«Ինչպիսի՜ անհոգություն»,- անընդհատ կրկնում է տիկին Կարինան` պատմելով մոշ հավաքելու մասին:

Մի անգամ ամռանը, երբ արդեն սկսվել էր պատերազմը, նա իր երկու բարեկամուհիների ու բազմաթիվ փոքր երեխաների հետ միասին գնացել էր անտառ`մոշ հավաքելու: Անտառը ձորի բերանին էր գտնվում, նրանք դեռ չէին հասցրել խորքը գնալ, երբ Հադրութի կողմից հանկարծ կրակոցներ լսվեցին:

«Մենք մտածում էինք`մի՞թե չեն տեսնում, որ այստեղ միայն կանայք ու երեխաներ են: Կարծում էինք, որ հենց դուրս գանք անտառից, նրանք կտեսնեն մեզ ու կդադարեցնեն կրակը»:

Սակայն կրակոցները չդադարեցին, ու նրանք ստիպված էին ձորի միջով հետ վազել կրակահերթերի ներքո:

Մարդկանց համար դժվար էր հասկանալ, որ խաղաղ կյանքի կանոններն այլևս չեն գործում, ու ստիպված են ապրել պատերազմի օրենքներով:

Նույն կերպ, նրանք մինչև վերջ չէին հավատում, թե կկորցնեն Հորադիզը. հավատացին միայն այն ժամանակ, երբ գյուղ երկու կողմից տանկեր մտան:

Հայկական զորքերը գրավեցին Հորադիզը 1993թ.: 1994թ. սկզբին ադրբեջանական բանակը նորից վերահսկողության տակ վերցրեց քաղաքը: Այժմ այն զորքերի շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Հարևանները

Հարցնում եմ հակամարտության նախադրյալների մասին ու ստանում փախստականների շուրթերից հաճախ հնչող պատասխանը. «Ապրում էինք խաղաղ, ոչ ոք ոչ մեկին չէր նեղացնում:»:

«Ֆիզուլիում հայեր շատ կային, իսկ մեր գյուղում քիչ էին: Բայց բոլորին էլ լավ ճանաչում էին, քանի որ հիանալի վարպետներ էին`դերձակներ, վարսավիրներ: Մոտ ընկերուհի ունեի`Օֆա Սաֆարյանը, հիմա Գեորգիևսկում է ապրում, Ռուսաստանում: Իսկ նրա հայրը`Միշան, վարսավիր էր, այնքան լավ վարպետ էր, որ բոլորն ուզում էին հենց նրա մոտ կտրել մազերը»:

Խոստովանի’ր

«Կարինա» անունը ժառանգել է մորդվին տատից, բայց Ադրբեջանում այն միշտ հայկական էր համարվում:

«Երբ դեռ Ղարաբաղում էինք ապրում, Բաքվի մեր բնակարանում ամուսնուս բարեկամուհիներն էին ապրում, ուսանող աղջիկներ էին: 1980-ական թթ. վերջում, երբ սկսեց ծավալվել հակամարտությունը, հարևաններից մեկը բողոք ներկայացրեց ոստիկանություն, իբր բնակարանի տերը հայ է: Մեր բարեկամ աղջիկները երկար-բարակ ստիպված էին բացատրել ամենը: Իսկ մի անգամ, երբ ես բարեկամներիս մոտ Բաքու եկա, հարևանուհիներս ուղղակիորեն հարցրեցին. «Ճիշտն ասա, մայրդ հայ է, չէ՞»: Այն ժամանակ ես սկսեցի ապացուցել, որ այդպես չէ, իսկ հետո զղջացի այդ մասին: Ինչո՞ւ էի ընդհանրապես նրանց առաջ արդարանում»:

Նոր տուն

Տիկին Կարինայի ընտանիքն ավելի հաջողակ էր, քան փախստականների մեծամասնությունը. նրանք Բաքվում բնակարան ունեին: Ճիշտ է, 1993թ. այնտեղ 21 մարդ էր ապրում, նրանց ողջ բարեկամությունը`մեծից փոքր:

«Հաջողության» երկրորդ գործոնն ընտանիքում գոնե մեկ աշխատող ունենալն էր. տիկին Կարինայի ամուսինը շարունակում էր աշխատել և աշխատավարձ ստանալ`միակը ողջ ընտանիքից: Բացի դրանից կային միայն համեստ նպաստներն ու թոշակները: Այդ գումարով էլ երկար ժամանակ ապրում էր այդ 21 հոգին, մինչև բարեկամները հերթով աշխատանքի էին տեղավորվում ու տեղափոխվում:

«Սկզբում շատ դժվար էր: Ես Հորադիզից բերել էի իմ զարդերի մի մասը, իհարկե, դրանք ստիպված էինք վաճառել: Միևնույն է, գումարը հազիվ բավականացրեց երեխաներին դպրոց ուղարկելու, նրանց կոշիկ գնելու համար:  Մենք փորձում էինք ամեն գնով կրթություն տալ նրանց: Ավագ որդուս լողի տվեցինք, միջնեկի համար երկու պապիկներն իրենց թոշակներով փոքրիկ ջութակ գնեցին, ու նա երաժշտական դպրոց սկսեց հաճախել: Ու այնքան տհաճ էր, երբ որդիներիս բակում ծաղրում էին, «փախստական» կոչում, խորշում էին նրանցից»:

Մի քանի տարի անց, երբ բարեկամներն արդեն առանձին էին ապրում, ստիպված էին վաճառել նաև բնակարանը, որ մարեն կուտակված պարտքերը: Մնացած գումարով կիսակառույց տնակ գնեցին Բաքվի մոտակայքում գտնվող Սաբունչի գյուղում` խարխուլ տանիքով ու առանց սանհանգույցի: Հիմա այն երկհարկանի առանձնատուն է դարձել`հարզեվարդի ու խաղողի պարտեզով, հինգ կատուներով, արհեստական լճակով ու այնտեղ ապրող կրիաներով:

Տիկին Կարինայի ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել:

Ավագ որդին`Մախիրը, որ մանուկ հասակում լողի պարապմունքների էր գնում, այժմ նավապետի ավագ օգնական է:

Միջնեկը`Թախիրը, որի համար պապիկները համատեղ ուժերով ջութակ էին գնել, կոմպոզիտոր է դարձել ու Վիեննայում է բնակվում:

Իսկ կրտսեր Մուսլիմը ճարտարապետ է: Երբ ընտանիքը լքեց Հորադիզը, նա ընդամենը երկու տարեկան էր:

«Հաճախ ենք ստիպված եղել մի բնակարանից մյուսը տեղափոխվել, ու դրա պատճառով դժվար էր ընկերներ ձեռք բերել»,- պատմում է Մուսլիմը: «Հետագայում, երբ եղբայրներս մեծացան, սկսեցին սովորել և աշխատել, ծանոթանալ մարդկանց հետ, մենք սկսեցինք մեզ այստեղի հասարակության մաս զգալ:

Մենք հեշտությամբ գտանք մեզ ստեղծագործ միջավայրում, քանի որ տանը միշտ խրախուսվում էր սերն այնպիսի «աբստրակտ» արժեքների նկատմամբ, ինչպիսիք են երաժշտությունն ու գեղեցկությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ շատ աղքատ էինք: Դա մորս շնորհիվ էր»:

«Ավելի շատ սիրում եմ շփվել երիտասարդների հետ, քան իմ տարեկիցների»,- ասում է տիկին Կարինան: «Տարեկիցներիս հետ ձանձրալի է: Նրանց կարծիքով, 60 տարեկանից հետո մարդիկ արդեն պետք է իրենց ծեր համարեն: Իսկ ես 60-ից հետո նոր եմ սկսել վայելել կյանքը: Երեխաներս արդեն մեծ են, ինքնուրույն: Իսկական ճանապարհորդելու ժամանակն է, օրինակ»:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում