Կյանքը՝ բռնաբարությունից հետո: 22-ամյա Սալոմե Զանդուկելիի պատմությունը

Նինո Գամիսոնիա, Թբիլիսի; Լուսանկարը՝ Նինո Բայիդաուրիի

«Վրաստանի կանայք» նախագծի շրջանակում տարբեր քաղաքների և շրջանների կանայք պատմում են իրենց պատմությունները: Ընդ որում, նրանք այնպիսի թեմաների են անդրադառնում, որոնց մասին հասարակությունը նախընտրում է չխոսել: Սեփական ինքնության, ընտանիքի, երեխաների մասին նրանց անկեղծ պատմությունները ցույց են տալիս, թե ինչպիսի սոցիալական կամ այլ խնդիրների են այսօր բախվում Վրաստանի կանայք:

22-ամյա Սալոմե Զանդուկելին այն կանանցից է, որը նախագծի շրջանակում կիսվել է իր պատմությամբ: Երկու տարի առաջ Սալոմեն բռնաբարության զոհ է դարձել: Նա պատմում է, թե ինչի միջով է անցել, ինչպես պայքարել կրկին ապրել սկսելու համար:

Դա տեղի է ունեցել փողոցում

Դժբախտությունը տեղի ունեցավ 2016թ-ի փետրվարի 20-ին: Ես նոր էի սկսել աշխատել, զուգահեռ լրացուցիչ գումար էի վաստակում՝ երեխաների հետ մաթեմատիկա և անգլերեն պարապելով, այդ պատճառով էլ երեկոյան ստիպված էի Քավթարաձեից Սոլոլոկի գնալ և  տուն՝ Դիղոմիի զանգված էի հասնում ուշ գիշերին՝ սովորաբար տասներկուսի կողմերը: Այդ օրը որոշեցի գումար տնտեսել, տաքսիով չգնալ, այլ Դիդուբե մետրոյից ոտքով տուն հասնել: Ես չէի վախենում, քանի որ ծնվել և մեծացել եմ այս քաղաքում:

Ճանապարհին մեկը սկսեց ծանոթանալու փորձեր անել: Բնականաբար, նրա հարցերին չէի պատասխանում, այդպիսի դեպքերը Թբիլիսիում հազվադեպ չեն: Սակայն նա ետ չէր կանգնում, և շրջանային գամգեոբայի՝ ադմինիստրացիայի շենքի մոտ սկսեց վիրավորել ինձ: Այդ ժամանակ ես չդիմացա և նրան նույն կերպ պատասխանեցի: Մի քանի րոպեից նկատեցի, որ նա հետևիցս արդեն մենակ չի գալիս, երկու ուրիշ տղաների հետ է: Մեկը դեռ տակավին երեխա էր, մյուսը՝ դեռահաս, մոտ 15-16 տարեկան: Հասան ինձ: Օգնության մասին բղավոցներս այդ գիշեր ոչ ոք չլսեց: Ինձ քարշ տվեցին գամգեոբայի շենքի ետնամաս, այնտեղ փոքր եղնուտ կա: Բռնաբարեցին: Ինչ-որ մի պահի ձեռքով քար շոշափեցի և փորձեցի հարվածել: Սակայն, ինչպես հետո պարզվեց, վրիպեցի: Փոխարենը նա ինձ դրանից հետո սկսեց խեղդել: Հիշում եմ զգացողություններս. կարծես կենդանի թաղել էին, հող էի շնչում, այն լցվել էր աչքերս, բերանս… ամբողջ կյանքս աչքիս առաջ անցավ, ասում են նման բան մահվանից առաջ է տեղի ունենում, և ես մտածեցի, թե մեռնում եմ: Եվ հույս չունեի, որ հրաշք տեղի կունենա, և կենդանի կմնամ… Եվ այդ ամենը տեղի էր ունենում փոքր տղայի աչքերի առջև: Հետո նրանք հեռացան՝ տանելով իմ բոլոր փողերը:

Երբ մի փոքր ուշքի եկա, միանգամից ոստիկանություն դիմեցի: Ոստիկանության բաժանմունքը հեռու չէր: Այնտեղ մտա ճղճղված շորերով, ընդհանրապես սարսափելի վիճակում: Ոստիկանները սկզբից չհավատացին, որոշեցին, թե թափառաշրջիկ եմ: Սկսեցի բղավել: Գնացին դեպքի վայր: Այնտեղ համոզվեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց այնպես, ինչպես պատմել եմ. իրերս թափված էին այնտեղ, անգամ անդրավարտիքս էր այնտեղ… Այդ ամենը տեսնելով՝ ոստիկաններից մեկն ինձ սկսեց խորհուրդ տալ կատարվածի մասին չբարձրաձայնել, իբր դեռ շատ երիտասարդ եմ, մինչև կյանքիս վերջ կփչացնեմ կյանքս: Ես կրկին սկսեցի բղավել: Տարօրինակ է. չէի արտասվում: Զայրույթը խեղդում էր:

Ի վերջո, գործ հարուցեցին: Նրանց արագ գտան: Տասնամյա տղային, ճիշտ է, չբռնեցին, բայց մյուս երկուսին բռնեցին: Անչափահասը 6 տարվա ազատազրկման դատապարտվեց, մյուսը՝ 13 տարվա: Դատական գործընթացը, բնականաբար, կին էր վարում:

Դատարան

Ավելի ուշ մանրամասներ իմացա հանցագործների մասին: 15-ամյան պրոֆեսիոնալ մուրացկան էր, իսկ մյուսը, որն ավելի մեծ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ: Նա մինչև վերջ չխոստովանեց իր մեղքը, նրա փաստաբանը շատ ակտիվ էր, կին էր, ի դեպ, ոչ մի համերաշխություն կամ կարեկցանք չարտահայտեց: Անչափահասի հանդեպ խղճահարություն սկսեցի զգալ: Նա նույնիսկ գրել-կարդալ չգիտեր, չգիտեր նույնիսկ իր ծննդյան տարին ու ամսաթիվը: Ստորագրության փոխարեն խաչ էր դնում: Ինչի՞ հետ նրա մասին խոսես: Այս առումով, կարծում եմ, որ այլ կանխարգելիչ միջոցներ էլ պետք է լինեն բանտարկությունից զատ: Ասենք, թե նստեց այդ վեց տարին, հետո դուրս եկավ, և ի՞նչ: Իսկ եթե որոշի վրեժ լուծե՞լ: Եվ եթե նման բան որոշի, որտե՞ղ թաքնվեմ:

Շատ տհաճ էր դատական գործընթացի ժամանակ միաժամանակ և վկա, և տուժած լինել: Մեկ այլ պահ էլ կա. դատարանը կատարվածը բռնաբարություն չի համարում, եթե ներթափանցում չկա: Այդ պատճառով էլ նիստերին ողբերգազավեշտալի իրավիճակ ստեղծվեց, երբ օտար մարդկանց հետ ստիպված էի այդ հարցը քննարկել, ընդհուպ մինչև ներթափանցման սանտիմետրերը: Ընդ որում, ես ուզում էի ներկա գտնվել դատական բոլոր նիստերին, սակայն երբ դրանք տեղափոխվում էին մյուս օրը կամ փոխվում էր ժամը, ինձ, որպես կանոն, ոչ ոք չէր նախազգուշացնում:

Անչափահասի գործով նիստին ինձ թույլ չտվեցին մասնակցել, այն փակ անցավ: Երկրորդի ընտանիքն ամեն կերպ փորձում էր համոզել ետ կանչել հայցը՝ խոստանալով, որ նա կամուսնանա հետս: Բնականաբար, ես ոչ մի զիջման չգնացի: Երբ դատարանը հրապարակեց դատավճիռը՝ 13 տարի, նրա կինը հարձակվեց վրաս, փորձեց ծեծել:

Հղիություն

Մեկ ամիս անց հանկարծ ախորժակս բացվեց: Պարզվեց, որ հղի եմ: Դա ինձ համար շոկ էր: Երեխային պահելու մասին չէի մտածում, սակայն եթե նույնիսկ նման բան անեի, հազիվ թե դիմանայի շրջապատի ճնշմանը: Հիշում եմ, թե ինչպես տարեց ազգականներիցս մեկն ասաց. «Ի՞նչ է, մտադիր ես բի՞ճ ծնել-մեծացնել»: Աբորտ արեցի: Ծանր էր: Ամեն ինչ բարդացավ նրանով, որ իմ բոլոր բանկային քարտերն այն օրվանից ոստիկանությունում էին: Այնպիսի օրեր էին լինում, որ ուտելու բան չկար: Չգիտեմ էլ, թե ինչպես էի գլուխ հանելու, եթե բարեկամներից մեկի օգնությունը չլիներ, որն ինչ-որ գումար էր տալիս: Այդ պատճառով էլ երևի ճիշտ կլինի այդպիսի դեպքերում, երբ բռնաբարվածը ստիպված է աբորտ անել, պետությունը նյութական օգնություն ցուցաբերի:

Մայրս

Երբ այդ ամենը տեղի ունեցավ, ես ու մայրս մենակ էինք ապրում: Մայրս արդեն հինգերորդ տարին էր, որ տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Սակայն քանի դեռ ախտորոշում չկար, մենք անընդհատ վիճում էինք, քանի որ նա իրեն ոչ ադեկվատ էր պահում, ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում հետը: Օրինակ, չէր կարելի հեռուստացույցի էկրանի առջևով անցնել, քանի որ այնտեղից իբր մեզ ինչ-որ մեկը նայում է: Իբր լուսանկարներն իր հետ խոսում էին, իսկ սրբապատկերները, որոնք հայրս էր նկարել, իբր մեզնից ինչ-որ բան էին գողացել: Երբեմն նա սկսում էր հայելու հետ խոսել, այսինքն՝ իր արտացոլման հետ: Մի անգամ, երբ ես տանը չէի, նա «ջրել էր» հարևաններին, և այդ ժամանակ նրան հոգեբուժարան տարան: Այնտեղ պարզվեց, որ Ալցհեյմերի հիվանդություն ունի: Որոշ ժամանակ անց նրա պահվածքն էլ ավելի անտրամաբանական դարձավ, սակայն նրան կարելի էր տանը թողնել մենակ, քանի որ ոչ ոքի ոչ մի բանով չէր խանգարում: Նա կորցրեց իրեն բնորոշ որակները, սակայն ես նրան այդպիսի էլ ավելի սկսեցի սիրել:

Այդ գիշեր, երբ ինձ բռնաբարեցին, տուն հասնելով, ինձ գցեցի բաղնիք լողանալու: Մայրս հետևիցս ներս մտավ, տեսավ կապտուկները մարմնիս վրա, հարցրեց, թե ինչ է պատահել: Ես ամեն ինչ պատմեցի: Նա երկար լալիս էր: Հետո մեկ ժամ անց կրկին հարցրեց, թե ինչ է պատահել, կարո՞ղ է փողոցում ընկել եմ:

Մայրս վերջերս կոմայի մեջ ընկավ, երկու ամիս հիվանդանոցում անցկացրեց: Մահացավ մեկ շաբաթ առաջ:

Մարդիկ

Ես ոչ ոքից չէի թաքցնում, թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել: Բոլորին պատմում էի: Ապշած էի. պարզվեց, որ շատ կանայք էին անցել այդ նույն բանի միջով, պարզապես այդ ամենը գաղտնի էին պահում կամ նախընտրել էին ամուսնանալ բռնարարի հետ: Եվ դա այն մարդկանց մասին է խոսքը, որոնց մասին… մի խոսքով, ոչ մի վայրկյան մտքովս չէր անցնի:

Ինձ հետ կատարվածին հասարակության արձագանքը միանշանակ չէր. ընկերուհիներս միշտ կողքս էին, ամեն կերպ աջակցում էին, և այնպես էր լինում, որ, իմանալով իմ դժբախտության մասին, լալիս էին, իսկ ես նրանց հանգստացնում էի: Ես շարունակում էի աշխատել, գործընկերներս հիանալի մարդիկ են, աշխատանքն օգնում էր շեղվել վատ մտքերից: Այն ժամանակ ընկեր ունեի: Նա ասաց, որ իմ տեղն ինքնասպան կլիներ: Դա ինձ համար ամենասարսափելին էր: Դրան գումարվեց և այն, որ նա հիշեցրեց, որ ինձ խորհուրդ էր տվել օդաճնշիչ զենք գնել և մոտս պահել ինքնապաշտպանության համար: Հարազատներից ոմանք խորհուրդ էին տալիս ձայն չհանել և կատարվածի մասին ոչ ոքի չպատմել, ինձ դրանով միայնության չդատապարտել:

Այդ խորհրդատուներն ինձ նյարդայնացնում էին, նրանց հետ խոսքս կարճ էի կապում: Միայն պատկերացրեք. պարզվում է, որ դեռ պետք է ապրել մեղքի զգացումով և պետք է ամաչել: Այդ ի՞նչ է ստացվում. ես ի՞նքս եմ մեղավոր նրա համար, ինչ տեղի է ունեցել: Գրականության մեջ, մշակույթում այդպես բռնաբարված կնոջն անամոթ էին համարում, իբր այդ նա խիղճ չունի, այլ ոչ թե բռնաբարողը: Եվ բռնություն ապրած կնոջ «մոդել» գրականությունում չկա: Նրանք բոլորը կամ ինքնասպան են լինում, կամ նրանց կյանքն ամբողջությամբ փլվում է: Սակայն, ելնելով արդեն սեփական փորձից, ես գիտեմ, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել, պայքարել և ապրել: Պայքարս երկարատև էր և մեծ: Դեպրեսիայի, անքնության, սարսափելի երազների դեմ պայքարում եմ մինչև այսօր: Սակայն, այնուամենայնիվ, մտածում եմ, որ ես զոհ չեմ, այլ դժբախտություն վերապրած:

Նախագիծն իրականացվում է «Վրաստանի կանայք» կանանց նախաձեռնող խմբի կողմից (հեղինակներ՝ Մայիկո Չիտայիա, Իդա Բախտուրիձե, Նինո Գամիսոնիա, լուսանկարիչներ՝ Նինո Բայիդաուրի, Սալոմե Ցոպուրաշվիլի):

Պլատֆորմը ստեղծվել է Ազգային-ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) աջակցությամբ Զարգացման շվեդական գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ: Ներկա պահին նոր հարցազրույցները, հոդվածների մի մասի պատրաստումն իրականացվում է Արևելք-Արևմուտք (EWMI) – ACCESS կառավարման ինստիտուտի շրջանակում ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ (USAID):


Կարդալ ավելին JAMnews-ում