2019 թ-ի հունվարի 17 օրվա ընթացքում 321 նոր դեպք է գրանցվել։ Հիվանդության տարածման պատճառներից մեկը մասնագետներն անվանում են պատվաստումներից հրաժարվելը" />

Վրաստանում կարմրուկի համաճարակային բռնկում է։ Ինչո՞ւ երկիրը չի կարողանում հաղթահարել «տգետների վարակը»

2019 թ-ի հունվարի 17 օրվա ընթացքում 321 նոր դեպք է գրանցվել։ Հիվանդության տարածման պատճառներից մեկը մասնագետներն անվանում են պատվաստումներից հրաժարվելը

Վրաստանը յոթ եվրոպական երկրներից երրորդն է, որտեղ կարմրուկի դեպքերն այս տարի առավել հաճախակի են դարձել։ Առավել շատ են այս հիվանդությամբ վարակվում Սերբիայում, երկրորդ տեղում է Ուկրաինան։

Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Սերբիայում, այնտեղ 14 մարդ է մահացել, իսկ Վրաստանում՝ երկուսը։ Սրանք 2018 թ-ի ցուցանիշներ են։ Անցյալ տարի Վրաստանում գրանցվել է կարմրուկի 1400 դեպք։

2019թ-ի հունվարին իրավիճակը վատթարացել է։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտարարում է, որ Վրաստանում կարմրուկի համաճարակային բռնկում է։

Հունվարի 1-17-ն՝ ընդամենը 17 օրում, Վրաստանում գրանցվել է կարմրուկի 312 դեպք։

«Կարմրուկը հիմնականում գրանցվել է 20-40 տարեկանների շրջանում։ Վարակվածների 56-58 տոկոսը հենց այս խմբին են պատկանում։ Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա վարակվածների 8 տոկոսը 0-1 տարեկաններն են, 14 տոկոսը՝ 1-5 տարեկան», – ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Նեթգազեթիին» տված հարցազրույցում։

Այս ցուցանիշներն աճում են, քանի որ բնակչության զգալի մասը դեռ պատվաստված չէ։ Միակ բանը, որը կարող է կանգնեցնել կարմրուկը, մարդկանց պատվաստումն է։

Քաղաքակիրթ աշխահում կարմրուկը վաղուց է կառավարվող վիրուսային վարակ համարվում։ Ինչո՞ւ Վրաստանը չի կարողանում այն հաղթահարել։

 

Հոդվածը գրվել և հրապարակվել է 2018 թ-ի հոկտեմբերին, երբ կարմրուկով հիվանդանալու դեպքերը Վրաստանում սկսել էին ավելի հաճախակի դառնալ

______________

Եվրոպական յոթ երկրների շարքում, որտեղ աճել է կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը, Վրաստանը երրորդ տեղն է զբաղեցնում: Տարեսկզբից երկրում գրանցվել է 1400  դեպք, ընդ որում՝ երկու մահացու:

Համաճարակը սկսվել է Արևմտյան Վրաստանի Գուրիա շրջանից հունվարին. այնտեղ հիվանդացել էր հիվանդանոցի անձնակազմը: Այնուհետև հիվանդությունը ներթափանցել էր Աջարիա, իսկ հետո՝ տարածվել գրեթե ողջ Արևմտյան Վրաստանում:

Մասնագետները ենթադրում են, որ մոտ ապագայում հիվանդների թիվը կաճի: Առանձնահատուկ ռիսկի գոտում են նրանք, ովքեր կարմրուկով չեն հիվանդացել, երբեք չեն պատվաստվել կամ բաց են թողել հերթական պատվաստումը: Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ Վրաստանում մոտ կես միլիոն այդպիսի մարդ կա:

«Ըստ հետազոտությունների տվյալների՝ դրանք 20-40 տարեկան անձինք են: Քանի դեռ կարմրուկի դեմ իմունիտետ չունեցողների թիվն այդքան մեծ է, հիվանդությունը տարածվելու է», – ասում է կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Վրաստանում կարմրուկի տարածում էր նկատվում նաև 2004-2005թթ-ին, երբ 14 500 մարդ էր հիվանդացել, 9-ը մահացել էին: 2014-2015թթ-ին կարմրուկից 4 հիվանդ էր մահացել:

Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստումներ սկսել են անել 1968թ-ից: Մինչ այդ, հիվանդությունը ժողովուրդը կոչում էր «բատոնեբի» (վրացերեն ბატონები բառն է, որը կարելի է թարգմանել որպես «պարոնայք») և ժողովրդական մեթոդներով էր բուժում:

«Բատոնեբին» և «պատվաստումամերժները»

58-ամյա Դալին հիմա էլ է լավ հիշում, թե ինչպես են ինքն ու քույրը կարմրուկով հիվանդացել. տատը պատուհաններին կարմիր թավշյա վարագույր է կախել, ծաղկամանում կարմիր վարդեր դրել և խստորեն բոլորին զգուշացրել է, որ տանը չի կարելի վիճել և կռվել: Իսկ երեխաները պետք է հիվանդությունը երգերով դիմավորեին՝ «բատոնեբիին» չզայրացնելու համար: Հիվանդությունը ծանր են տարել. Դալիի լսողությունն է վատացել, քրոջ՝ լսողությունն ու տեսողությունը:

«Մեր երկու երեխաներին մենք պլանային պատվաստումներ ենք արել: Հաշվի առնելով իմ փորձը, ես չէի վտանգի նրանց առողջությունն ու կյանքը», – ասում է Դալին: Սակայն Վրաստանում շատերն են այլ կերպ մտածում և երեխաներին չեն պատվաստում: Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև վեց տարեկան երեխաների 10 տոկոսը Վրաստանում պատվաստված չէ:

Իրինա Ալիաշվիլին երիտասարդ մայր է, որն իր երեք տարեկան երեխային տանում է բոլոր պլանային պատվաստումներին և խստորեն հետևում է բժիշկների հրահանգներին: Բացի այդ, նա ինքնուրույն տեղեկատվություն է փնտրում պատվաստումների մասին:

«Արժանահավատ հետազոտությունների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, թե պատվաստումներն ինչ-որ հիվանդություններ կամ լուրջ բարդություններ են առաջացնում, ես ոչ մի տեղ չգտա», – ասում է Իրինան:

Նինի Տվալավաձեն 25 տարեկան է: Նա «Պատվաստումներ և ռիսկի-գործոններ» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, որը զբաղվում է պատվաստումների վնասակարության մասին տեղեկատվության հավաքագրմամբ և տարածմամբ: Նինին պնդում է, որ պատվաստումները բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն, որոնք նա իր վրա էլ է զգացել.

«Հինգ տարեկանից ինձ մոտ էպիլեպտիկ նոպաներ են սկսվել, որոնք շարունակվել են մինչև 18 տարեկանը: Ես վախենում էի տնից դուրս գալ, քանի որ չգիտեի, թե երբ կարող է նոպան սկսվել: Բժիշկներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է հետս կատարվում: Հետո ես ու մայրս հիշեցինք, որ ամեն ինչ սկսվել էր հերթական պատվաստումից»:

Նինիի աղջիկը երեք տարեկան է, հակատուբերկուլյոզային պատվաստումից (BCG) և դեռևս ծննդատանը հեպատիտ В-ի դեմ արված պատվաստումից զատ նա ոչ մի պլանային պատվաստում չի ստացել: 

Նինին ասում է, որ պատվաստումների վնասակարության մասին արժանահավատ տեղեկատվություն ստանում է ինտերնետից, բացի այդ, ուսումնասիրում է իրեն հայտնի դեպքերը:

«Դեպք է եղել, երբ պատվաստումից հետո երեխայի մոտ աուտիկ սպեկտրի խանգարում է զարգացել: Պոլիոմիելիթի դեմ պատվաստումից հետո երեխաներից մեկի ձեռքն է անզգայացել», – պատմում է նա:

Նինին պնդում է, որ, չնայած պատվաստումներից հրաժարվելուն, իր աղջիկը չի հիվանդանում, նա լավ իմունիտետ ունի, այդ պատճառով էլ նա հետագայում նույնպես չի պատրաստվում դստերը պատվաստել:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնում հերքում են պատվաստումների վնասակարության մասին բոլոր պնդումներն ու դրանց որակի վերաբերյալ կասկածները:

«Վրաստան են ներկրվում միայն եվրոպական արտադրության բարձրորակ պատվաստանյութեր: 90-ականներից հետո պատվաստումներից հետո չի գրանցվել բարդության կամ վարակի ոչ մի դեպք», – ասում է Պաատա Իմնաձեն:

Նրա  խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստումը գրեթե ոչ մի անգամ բարդություն չի տալիս: «Ամենածանր բանը, որ կարող է լինել, անաֆիլակտիկ, այսինքն՝ ալերգիկ արձագանքն է, սակայն մեզ մոտ այդպիսի դեպք դեռևս չի եղել»: Իմնաձեն պնդում է, որ այդպիսի դեպքեր շատ հազվադեպ են լինում. միլիոնից մեկը, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները միշտ կարող են արագ օգնություն ցուցաբերել:

Պատվաստանյութերի շտեմարանը Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews, 2018թ-ի հոկտեմբեր

Ապատեղեկատվությո՞ւնն է մեղավոր

Վրաստանում կարմրուկի համաճարակն, ըստ մասնագետների, երկու պատճառ ունի. 90-ականներին իմունացման ծրագրի ձախողումն ու երեխաներին պատվաստելուց հրաժարվելը:

2008թ-ին պլանավորվում է 6-27 տարեկան մեկ միլիոն անձանց պատվաստում: Սակայն հաջողվել է պատվաստել միայն կեսին:

«Լրատվամիջոցներում պատվաստումներից հետո իբր առաջացած բարդությունների մասին այնպիսի արշավ սկսվեց, որ նույնիսկ ես վախեցա: Եվ ծրագիրը, բնականաբար, ձախողվեց», – ասում է Պաատա Իմնաձեն:

Վրացական հասարակությունում պատվաստումների վերաբերյալ բազում միֆեր կան: Մինչ օրս շատերը մտածում են, որ պատվաստումները երեխաների մոտ կարող են աուտիզմի զարգացման պատճառ դառնալ:

Աշխարհում կանոնավոր պատվաստումներին ամենամեծ վնասը հասցրել է անգլիացի գիտնական Էնդրյու Ուեյքֆիլդի հոդվածը, որը տպագրվել է Lancet ամսագրում 1998 թ-ին. դրանում նա պնդում էր, որ կարմրուկի դեմ պատվաստումն աուտիզմ է առաջացնում: Ավելի ուշ պարզվել է, որ այդ հետազոտությունը պատվիրված է եղել և կեղծված: Ամսագիրը ներողություն է խնդրել և հեռացրել հոդվածը: Սակայն սուտը տարածվել է վարակի պես, որի հետևանքներն ԱՄՆ-ում և Եվրոպայում հաղթահարվել են, սակայն Վրաստանում դրա դեմ պայքարելն այնքան էլ հեշտ չէ:

«Կարմրուկի դեմ պատվաստման թեման հետաքրքրել է ռուսական պրոպագանդիստական մեքենային: Պարզվել է, որ այդ թեմայով Եվրոպայում սոցցանցերում ապատեղեկատվությունը տարածել են ռուս թրոլները», ասում է Պաատա Իմնաձեն:

Վրաստանի խորհրդարանը մի օրինագիծ է քննարկում, որի համաձայն՝ պատվաստումները պետք է պարտադիր դառնան: Եթե ծնողները դպրոց կամ մանկապարտեզ չներկայացնեն փաստաթուղթ այն մասին, որ երեխաներին արվել են բոլոր պլանային պատվաստումները, նրանց չեն ընդունի: Նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Սակայն «Պատվաստումներ և ռիսկ-գործոններ» հկ-ն նույնպես ժամանակ չի վատնում և ստորագրահավաք է անցկացնում պատվաստումների պարտադիր լինելու դեմ: Շարժման ակտիվիտսները բողոքի ակցիաներով էլ են սպառնում:

Կարմրուկ

Վարակիչ հիվանդություն, որը փոխանցում է օդային ճանապարհով: Տարածվում է հեշտությամբ, վարակվելու ռիսկն առավել մեծ է մարդկանց կուտակումների վայրում: Կարմրուկի վարակը տենդ, մաշկի վրա և բերանի խոռոչում ցան է առաջացնում: Երբեմն բարդություններ է առաջացնում ականջի, թոքերի կամ ուղեղի բորբոքման տեսքով: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ կարմրուկի հազարից մեկ դեպքը մահացու է:

 

Առաջին ախտանիշների դեպքում միանգամից պետք է բժշկի դիմել:

 

Կարմրուկի դեմ պատվաստումները Վրաստանում անցկացվում են երկու անգամ՝ մեկ և հինգ տարեկաններում:

 

«Երբ հիվանդանում է մինչև մեկ տարեկան երեխան, դա նշանակում է, որ մայրն իմունիտետ չի ունեցել, քանի որ իմունիտետը երեխային մորից է փոխանցվում, և մինչև մեկ տարեկանը նա չպետք է հիվանդանա: Եթե այնուամենայնիվ հիվանդանում է, հիվանդությունը կարող է ծանր ընթանալ: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր մեկ տարեկանից փոքր երեխա ունեն, պետք է պատվաստվեն», — ասում է Պաատա Իմնաձեն:

 

«Մեդիացանցերի» աջակցությամբ

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում