Սկզբում պետք է իմանալ, թե ինչ են իրականում մտածում աբխազները " />

Կարծիք. ինչպիսի՞ն պետք է լինի Վրաստանի աբխազական քաղաքականությունը

Սկզբում պետք է իմանալ, թե ինչ են իրականում մտածում աբխազները

Լուսանկարը՝ Շաքո Մամուկաշվիլիի, JAmnews

Բավականին երկար ժամանակ է Աբխազների նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հաջող չէ: «Բավականին երկար ժամանակ» ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն վերջին 25 տարին, քանի որ նախկինում էլ (վերցնենք թեկուզ 70-ական թվականները) աբխազական հարցը բազմիցս սրվել է:

Փաստ է, որ Վրաստանը նվազագույնը վերջին տասնամյակներին Աբխազիայի հանդեպ սխալ քաղաքականություն է վարել և չի կարողացել իրականացնել նրա քաղաքական ինտեգրացիան: Մենք հեշտությամբ ամեն ինչի համար մեղադրում ենք Ռուսական կայսրությանը, սակայն եթե ուզում ենք լրջորեն քննարկել խնդիրը, ապա հարկ է մոռանալ այդ պարզ շահարկումը: Ռուսական կայսրությանը շահեկան չէր աբխազների քաղաքական ինտեգրացիան Վրաստանին, դա փաստ է, սակայն պետք է խոստովանել, որ Ռուսաստանը չէր կարող խնդիրներ ստեղծել, եթե մենք ճիշտ գործեինք:

Առաջին հերթին, մենք պետք է խոստովանենք մեկ հիմնարար խնդիր: Փաստ է այն, որ աբխազները վրացիներին վերաբերվում են ինչպես թշնամիների, որոնք տեղ չունեն Աբխազիայում: Սա մեկ այլ խնդիր է առաջացնում, որը պակաս կարևոր չէ. վրացիների մի մասը գրեթե ոչինչ չգիտի աբխազների նման վերաբերմունքի մասին, իսկ մի մասը գիտի, սակայն չի ցանկանում ուսումնասիրել կամ պարզել, թե որն է սրա պատճառը: Աբխազիայում պատերազմի մեկնարկից հետո 25 տարվա ընթացքում այդ հարցին որևէ մեկը լրջորեն չի անդրադարձել:

Ուրեմն ինչպե՞ս է Վրաստանը պատրաստվում Աբխազիայի հետ հաշտեցում փնտրել, եթե անգամ չգիտենք, թե ինչու են աբխազներն այդքան չարացած մեր հանդեպ:

Վրացական իշխանությունները ձգտում են աբխազներին գրավել անվճար բուժսպասարկմամբ և Վրաստանի ընդհանուր ձգտումներով: Արդյո՞ք այդ քաղաքականությունն իրեն արդարացնում է: Իմ կարծիքով՝ ոչ, քանի որ հիմնարար խնդիրների գոյության պայմաններում ոչ մի հոգածություն չի աշխատի: Հիանալի է, երբ աբխազները գալիս են Թբիլիսի կամ Բաթումի, թող տեսնեն, թե ում օգտին է աշխատում ժամանակը, և պատկերացնեն, թե ինչ ուր կհասնենք մենք և որտեղ կլինեն իրենք 25 տարի անց:

Սակայն Վրաստանում անվճար բուժումն աբխազներն ընկալում են որպես արտոնություն՝ մոտավորապես այնպես, ինչպես Իսրայելի քաղաքացիներն ընկալում են Գերմանիայից ստացած փոխհատուցումը. վրացի ֆաշիստները պարտավոր են նրանց անվճար բուժել: Սակայն բուժվողներից ոչ շնորհակալության խոսքեր են լսվում, ոչ էլ, առավել ևս Վրաստանի կազմ վերադառնալու մասին կոչեր:

Արդյունավետ քաղաքականությունը պետք է հիմնված լինի հստակ հաշվարկների, բայց ոչ հույզերի վրա: Անվճար առողջապահությունը, անվճար էլեկտրաէներգիան, «Մշիբզիա» («Ողջույն») արշավը կամ էմոցիոնալ մոտեցման, կամ սխալ հաշվարկի արգասիք են:

Այդ պատճառով էլ պետք է աշխատել այն ուղղություններով, որոնք հիմնված կլինեն տրամաբանորեն ճիշտ և անվիճելի վարկածների վրա:

Վարկած առաջին

Հաշտեցմանը խանգարում է վրացիների հանդեպ աբխազների թշնամական վերաբերմունքը: Դրանից ելնելով՝ անհրաժեշտ է լուրջ հետազոտություն  սկսել այդպիսի տրամադրվածության պատճառները պարզելու համար: Եթե պարզվի, որ դա պայմանավորված է պատմության կեղծմամբ և ռուսական պրոպագանդայով, ապա անհրաժեշտ է հստակ հակամիջոցներ ձեռնարկել՝ նարատիվներ, մեսիջներ և այլն: Սակայն, բնականաբար, դա կաշխատի միայն այն ժամանակ, երբ հարցը կուսումնասիրվի լուրջ մակարդակում, կպարզվի ճշմարտությունն, այլ ոչ թե այն, ինչ վրացիներին է հաճելի լսել:

Զուգահեռ Վրաստանը պետք է փորձի ճեղքել աբխազների տեղեկատվական բլոկադան: Ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող աբխազները խեղաթյուրված պատկերացում ունեն ոչ միայն Վրաստանի, այլ նաև Արևմուտքի մասին: Առանց ռուսալեզու վրացական հեռուստաալիքի այդ խնդիրը շատ դժվար կլինի լուծել (հատկակպես երբ այդ նպատակներով ստեղծված ռուսալեզու եվրոպական ալիք անգամ չկա):

Սակայն չէ՞ որ կարելի է զարգացնել ռուսալեզու ինտերնետ-ռեսուրսները, որոնք սպառողներին կառաջարկեն ոչ միայն նորությունների տեսություն, այլ նաև ժամանակակից վրացական ֆիլմեր և սերիալներ, որոնք ռուսական կրկնօրինակում ունեն, ռուսերեն թարգմանված ժամանակակից վրացական արձակն ու պոեզիան, այսինքն՝ այն ամենն, ինչ կազմում է Վրաստանի «փափուկ ուժը» և ինչը կարող է աբխազներին ցույց տալ, որ վրացիները նորմալ մարդիկ են:

Վարկած երկրորդ

Ժամանակն աշխատում է աբխազների դեմ, և եթե նրանք դա գիտակցում են, ապա պետք է երկխոսության գնան: Հետևաբար, Վրաստանը պետք է նպաստի և օգնի աբխազներին իրականության արագ և պարզ գիտակցման հարցում: Այդ տեսանկյունից աբխազների այցերը Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ իրոք օգտակար են: Թեև միաժամանակ չպետք է կապված լինեն որևէ ներողությունների կամ աբխազներին խաբեությամբ միասնական Վրաստան ներքաշելու փորձերի հետ:

Պարզապես աբխազներն անձամբ պետք է համոզվեն, որ Վրաստանը զարգանում է, և որ վրացիներն իրենց պես մարդիկ են՝ այն տարբերությամբ, որ ավելի լավ են ապրում, քանի որ աշխատում են պետական ինստիտուտներն ու ուժեղ կապեր են հաստատվել արտաքին աշխարհի հետ (ինչը չունեն և չեն ունենա աբխազները, եթե չհաշտվեն Վրաստանի հետ):

Այն, որ ներքաշելը և ներողություն խնդրելը կոնտրարդյունավետ են, լավ հաստատում է նորագույն պատմությունը. նրանց գրավելու փորձերն աբխազներն ընկալում են որպես հուսալքության նշան (անվճար առողջապահությունն, ըստ ամենայնի, այդ համատեքստի հետ է կապվում), ինչը նրանց ստիպում է մտածել, թե Վրաստանն առանց իրենց հետ երկխոսության կկործանվի և հանուն դրա կգնա ամեն տեսակ զիջումների՝ ներառյալ անկախության ճանաչումը: Իսկ ներողություն խնդրելը նրանց համոզում է, որ 25 տարի առաջ նրանք ամեն ինչում ճիշտ էին (այդպես կարող են մտածել նաև միջազգային կազմակերպությունները, որոնք այնքան էլ լավ չգիտեն վրաց-աբխազական հակամարտության պատմությունը):

Վարկած երրորդ

Աբխազները կցանկանան ապրել Վրաստանում, եթե տեսնեն, որ Վրաստանը լավ է վերաբերվում իր սեփական քաղաքացիներին: Հետևաբար, ճիշտ չէ աբխազներին տրամադրել արտոնություններ, որոնք չունեն Վրաստանի քաղաքացիները (վրացական անձնագրերով): Ժամանակին՝ դեռևս ԽՍՀՄ տարիներին, աբխազների ցանկությունների բավարարման համար նրանց արտոնություն տրամադրելը բերել է միայն նրան, որ այնտեղ բնակվող վրացիներից շատերն աբխազ են դարձել: Երևի բացառված չէ, որ նման բան հիմա էլ պատահի: Եվ դա էլ է պատճառ դրական խտրականությունից հրաժարվելու համար (անվճար էլեկտրաէներգիա կամ անվճար առողջապահություն):

Վրացիները հարգանքով են դիմավորում հյուրերին, սակայն մեր հարկատուներից հավաքագրած գումարները պետք է ծախսվեն միայն նրանց վրա, ովքեր իրենց Վրաստանի քաղաքացի են համարում:

 

 

 

Թոռնիկե Շարաշենիձե, Հասարակական գործերի վրացական ինստիտուտի (GIPA) պրոֆեսոր 

 

 

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում