Ինչպե՞ս չհիվանդանալ «փարիզյան համախտանիշով»․ խորհուրդներ և լուսանկարներ" />

Կարծիք․ 7 բան, որ բաքվեցուն զարմացնում է Փարիզում

Ինչպե՞ս չհիվանդանալ «փարիզյան համախտանիշով»․ խորհուրդներ և լուսանկարներ

Կապույտ տանիքներով քաղաքում առանց տանիքի մնալը շատ հեշտ է

Փարիզում բնակարան վարձելը շատ դժվար է։ Նույնիսկ տեղացիների համար, էլ չենք խոսում արտաահմանցիների մասին։ Ձեզնից երեք տոննա փաստաթուղթ կպահանջեն, վստահելի երաշխավոր, հաշվետվություն այն մասին, թե ինչով եք զբաղվել անցյալ կյանքում, և արյամբ ստորագրել 80-էջանոց պայմանագիր։ Եվ եթե այդ ամենից հետո ձեզ բաժին ընկնի թռչնաբնի չափ մի բնակարան Լուսնի վրայի տարածքի գնով, ապա կարող եք համարել, որ ձեր բախտն անասելիորեն բերել է, և մոմ վառեք սուրբ Սևերինի պատվին համանուն եկեղեցում։

Փարիզի տարօրինակ մետրոն

Սուրբ Սևերինի եկեղեցի առավել հեշտությամբ կարելի է հասնել մետրոյով։ Փարիզի մետրոպոլիտենի մասին սարսափազդու պատմություններ են պատմում, թե իբր այն վտանգավոր է և փնթի։ Սակայն, ինձ թվաց, որ այն ավելի շուտ տարօրինակ է, քան սարսափազդու։ Օրինակ, այստեղ կա «Ստալինգրադ» անվամբ կայարան [Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի հին խորհրդային անվանումը, որի մոտ տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի կարևորագույն ճակատամարտերից մեկը – խմբ․]։ Կայարաններն այնքան շատ են և միմյանցից այնքան մոտ, որ գնացքի չի էլ հասցնում կարգին արագություն հավաքել մի կայարանից մյուսն ընկած 40 վայրկյանում։

Գրախանութ, որում կարելի է գիշերել

Փարիզում թերթի կրպակներն իրոք հենց թերթերի համար են (Բաքվում դրանցում վաճառվում է ամեն ինչ՝ թերթից բացի)։ Բացի այդ, քաղաքում շատ են գրախանութները, որոնք տեսարժան վայր են դարձել։ Օրինակ, Shakespeare and Company ընկերությունը, որը բացվել է 1951թ-ին ամերիկացի Ջորջ Ուիթմենի կողմից (սկզբում այն կոչվում էր LeMistоral)։ Ժամանակին այն Փարիզի բոհեմյան կյանքի կենտրոններից մեկն էր։ Այժմ դրա տերը Ուիթմենի դուստրն է, այստեղ վաճառվում են գրքեր անգլերենով, գրական տարբեր ընթերցանություններ և շնորհանդեսներ են անցկացվում, սրճարան կա և մի կատու է ապրում։ Բացի այդ, այստեղ կարելի է որոշ ժամանակ ապրել, եթե գրող եք։

Կոմիսար Մեգրեի հետքերով

Փարիզում մինչև օրս պահպանվել են հին ոճի սրճարաններ՝ ծխախոտի վաճառասեղանով և հեռախոսի ապարատով։ Հենց այդպիսի սրճարանններ էր իր վեպերում նկարագրում դետեկտիվների հայտնի հեղինակ Ժորժ Սիմենոնը։ Նրա հերոս կոմիսար Մեգրեն իր հետաքննությունների ժամանակ մտնում էր այդպիսի սրճարաններ մի գավաթ կալվադոս կամ կարմիր գինի խմելու, ծխամորճի համար ծխախոտ գնելու և կոմիսարիատ զանգահարելու՝ ենթականերին արժեքավոր ցուցմունքներ տալու։

Այդպիսի ոճի մի սրճարան, որի անվանումը «Կվեբեկ» է, գտնվում է Բոնապարտի փողոցում։

Մի անգամ գիշերը մտա այնտեղ, երբ այն արդեն փակվում էր, և հարբած կռվի ականատես եղա, որը սարքել էր հաճախորդներից մեկը։ Ֆիլմերի տեսարանի պես էր․ ծխախոտ վաճառող աշխատակցուհին թաքնվում է խորդանոցում և թախանձագին աղաչում՝ «Ժան-Ժա՛կ, խնդրում եմ, պետք չէ», իսկ հսկա Ժան-Ժակը կոտրում է բարն, իսկ բարմենը վազում է՝ ոստիկանություն կանչելու։ Եվ կանչին արձագանքելու է հավանաբար կոմիսար Մեգրեն, հապա էլ ի՞նչ։

Կյանքով լի գերեզմանոց

Պեր Լաշեզ հայտնի գերեզմանոցը բավականին ուրախ վայր է։ Համենայնդեպս, կիրակի օրերին այստեղ կյանքը եռում է։ Առույգ մի տղամարդ էքսկուրսիա է վարում հայտնի երաժիշտների գերեզմանների կողքով, մեկը գիրք է կարդում նստարանին։ Այս գերեզմանոցն, ավելի շուտ, այգի է հիշեցնում։ Պարզապես լիմոնադի և բամբակի կրպակներ չկան։ Եվ այո, ինչ էլ լսել եք Պեր Լաշեզի պերճության մասին, այն կգերազանցի ձեր բոլոր սպասումները։

Աշտարակներ՝ փոքր ու մեծ

Էյֆելյան աշտարակի և Սենի վրայով անցնող կամրջի հատվածը քաղաքի ամենատհաճ, փնթի և ոչ հարմարավետ վայրերից է։ Այն լի է սելֆիի փայտիկներով զինված զբոսաշրջիկներով և էժանագին չինական հուշանվերներ վաճառողներով (հիմնականում, դրանք Էյֆելյան աշտարակի տարբեր չափսերի, գույների և տարեր նյութերից պատրաստված պատճեններն են)։

Փարիզն, այնուամենայնիվ, գոյություն ունի

Գոյություն ունի «փարիզյան համախտանիշ» անվամբ հոգեկան խախտում։ Դա Ֆրանսիայի մայրաքաղաքն այցելելուց հետո ունեցած սուր հիասթափությունն է, երբ այն, պարզվում է, այնպիսին չէ, ինչպիսին բացիկների վրա էր։

Փարիզից չհիասթափվելու համար ավելի լավ է հենց սկզբից չհմայվել և պատրանքներ չունենալ և վատագույնին պատրաստվել։ Այն մտքին, որ դա բնավ սիրո և արվեստի անթերի քաղաք չէ, որտեղ տարին բոլոր ծաղկում են շագանակի ծառերն ու ակորդեոնի հնչյուններ լսվում։

Եվ եթե այստեղ գաս այդ տրամադությամբ, կհայտնաբերես, որ ամեն ինչ այդքան վատ չէ։

Իհարկե, Մոնմարտրը վաղուց արդեն բոհեմի բնակատեղի չէ, իսկ Լատինական թաղամասն ընդմիշտ լքել են փիլիսոփայորեն տրամադրված ուսանողները։ Մետրոյի LaChapelle կայարանի մոտ տղաները մաքսանենգ Marlboro են վաճառում, իսկ Պեգալ կայարանի մոտակայքում մութն ընկնելուց հետո ավելի լավ է ընդհանրապես չհայտնվել (այդտեղ միշտ էլ այդպես է եղել)։

Սակայն միաժամանակ Մոնմարտրի՝ բլրից վայր իջնող աստիճաններն այնուամենայնիվ գեղեցիկ են, շագանակի ծառերը մայթերը դեղին ծաղկաթերթիկներով են պատում, և նույնիսկ ակորդեոն կարելի է երբեմն լսել։

Մի խոսքով, «հենց այն» Փարիզն, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Այն թաքնվել է աղմկոտ փողոցների և ժամանակակից մեգապոլիսի՝գրաֆիտիով պատված պատերի հետևում։


Կարդալ ավելին JAMnews-ում