Կողմնակալ ցուցակ" />

Կարծիք․ 3 լավ, 3 վատ նորություն Ադրբեջանում 2019 թ-ին

Կողմնակալ ցուցակ

Ադրբեջանում 2019 թվականը ամեն ինչ էր, բացի ձանձրալի լինելուց։

Այս նյութի նորությունները ուրախացրել կամ տխրեցրել են ինձ ու ընկերներիս։ Եվ սա վարկանիշ չէ․ ցուցակում առաջինը չի նշանակում «ամենակարևորը»։

Վատ նորություններ

1. Էլինա Հաջիևայի ինքնասպանությունն ու անարդար դատը 

Դպրոցի տնօրենն, ուսուցիչներն ու աշակերտներն իրենց վերաբերմունքով դեռահասին ինքնասպանության էին հասցրել։ Աղջիկը ցած էր նետվել պատուհանից, իսկ հետո տնօրենը երկու ժամ աղջկան պահել էր առանց բուժօգնության։

Եվ այդ ամենն անպատիժ մնաց։ Դատավորը տնօրենին պայմանական ժամկետի և «տնային կալանքի» էր դատապարտել, ինչն ընդամենը նշանակում է, որ երեկոյան իննին նա պետք է տանը լինի։

Դատական վերջին նիստից այդ տիկինը դուրս եկավ դեմքի չարախինդ արտահայտությամբ։ Այս գործում արտահայտվեց միանգամից երկու պետական կառույցի՝ դատական և կրթական համակարգերի աշխատանքի որակը։

Սևինջ Աբասովան մեղավոր է ճանաչվել, սակայն բանտ չի նստել

2. Չափել են Բաքվի օդի որակը․ վատ կամ շատ վատ

Այսպիսի եզրակացության էր եկել օդի որակի վերջերս բացված լաբորատորիան։ Այստեղ ամենատխուրն այն է, որ նորությունը ոչ ոքի չզարմացրեց և շոկի մեջ չգցեց։

Լուսանկարն արվել է Բաքվում 2019 թ-ի դեկտեմբերի 19-ին։ Բնապահպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել․ «Սա աղտոտված օդ չէ, այլ պարզապես մշուշ»

3. Կանանց դաժան սպանությունները

Դա նույնիսկ ընտանեկան բռնության բռնկում չէր, այլ, ավելի շուտ, դրա նկատմամբ հետաքրքրության բռնկում։ Անհնար է խոսել ինչ-որ բռնկումների մասին, երբ պետական կառույցները «գենդերային» սպանությունների վիճակագրություն անգամ չեն վարում։

Դրանք պետք է «ձեռքով» հաշվել, երբ ցնցող դեպքերի մասին տեղեկությունը մամուլում է հայտնվում։ Ոստիկանությունը երբեմն ստիպված է լինում պատմել հանցագործությունների մասին իր աշխատանքը ցուցադրելու համար։

Ամուսինը կնոջը դանակով հարվածել է 25 անգամ, երեխաների աչքի առաջ, փողոցում, օրը ցերեկով։ Շնորհակալություն համեմատաբար երիտասարդ ադրբեջանական ֆեմինիզմին․ ակտիվիստները բառացիորեն ստիպեցին հասարակությանը մտածել և խոսել այդ մասին։

Ըստ ադրբեջանական օրենքների՝ կանայք և տղամարդիկ հավասար են։ Սակայն փաստացի գենդերային անհավասարությունը մեծ խնդիր է։

Լավ նորություններ

1. Քաղբանտարկյալներին ներում շնորհվեց

Մարտի 16-ին նախագահը ներման մասին հրաման էր ստորագրել, ազատ արձակելով 399 մարդու, ներառյալ 50 քաղբանտարկյալի՝ ի ուրախություն ողջ քաղաքացիական հասարակության։ Սակայն այստեղ շնորհակալություն հայտնելու բան չկա․ այդ մարդկանցից ոչ ոք ընդհանրապես չպետք է բանտում հայտնվեր։

Հատկապես ուրախալի էր ազատության մեջ տեսնել «հուշարձանի գերիներ» Բայրամ Մամեդովին և Գիաս Իբրահիմովին, որոնք 2016 թ-ին 10-ական տարվա ազատազրկման էին դատապարտվել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա դավադիր գրառում կատարելու համար։

Ձախից աջ․ Մեհման Հուսեյնով, Բայրամ Մամեդով, Գիաս Իբրահիմով

2. Ֆեմինիստների երթը․ նրանք, այնուամենայնիվ, դա արեցին

2019 թվականն Ադրբեջանում անցավ ֆեմինիզմի նշանի տակ։ Այս համեմատաբար երիտասարդ շարժումը մյուսներից տարբերվում է նրանով, որ ա) ֆեմինիստներն առաջնորդ չունեն, և դա ռիսկերի նվազման գիտակցական ռազմավարություն է; բ) բավականին «տարերային» կազմակերպման պարագայում նրանք իրենց նպատակներին ավելի լավ են հասնում, քան ընդդիմությունը։ 

Օրինակ՝ հոկտեմբերին նրանք քաղաքի կենտրոնում երթ էին կազմակերպել, որին ոստիկանությունը կատաղի դիմադրում էր, բայց, ի վերջո, հանձնվեց։

Բաքվի ֆեմինիստները հոկտեմբերի 20-ին երթին

3. Բանտից ազատ արձակվեց Մեհման Հուսեյնովը

2019 թ-ի հունվարին երկու տարի բանտում անցկացնելուց հետո նստելուց հետո ազատության մեջ հայտնվեց հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը։ 

Դրանից անմիջապես առաջ նրան նոր մեղադրանք էր ներկայացվել բանտապանին ծեծելու համար, և այնպիսի տպավորություն էր, որ նա ազատազրկման նոր ժամկետ է ստանալուլու։ Մեհմանը բանտում հացադուլ էր հայտարարել։ Բողոքի արշավ էր սկսվել․ հացադուլներ՝ համերաշխությունից դրդված, բազմահազարանոց հանրահավաք, դիմում Եվրախորհրդարան։ 

2019 թ-ի հունվարի 19-ի ցույց Բաքվում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Ինչպես մեզ մոտ լինում է, առանց աբսուրդի դրսևորումների ոչինչ չանցավ։

Օրինակ՝ հացադուլն ադրբեջանական ձևով շարունակվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ որովայնը չի սկսել ցավել։

Երկրի ժողովրդավարական ապագային զոհաբերվելու մտադրությունը կարող է փոխվել իշխանության նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքով, և ընդհակառակը։

Ընդդիմությունը նույնքան է չափազանցնում հանրահավաքի մասնակիցների թիվը, որքան իշխանությունները նվազեցնում են այն։

Այնուամենայնիվ, Մեհմանի գործը կոտրեց այն կարծրատիպը, թե Ադրբեջանում բանտում հայտնված մարդուն հասարակությունը չի կարող ազատել։

Ադրբեջանական բողոքի շարժումը, թեև դանդաղ, բայց սովորում է նպատակներ դնել և հասնել դրանց։ Կարելի է նույնիսկ հույս ունենալ, որ հաջորդ տասնամյակը բեկումնային կլինի Ադրբեջանի պատմության մեջ։

 


Կարդալ ավելին JAMnews-ում