«Դավաճանների» և հայրենիքի նկատմամբ արյունարբու սիրո մասին " />

Կարծիք։ Ինչո՞ւ է այդքան դժվար պացիֆիստ լինել Ադրբեջանում

«Դավաճանների» և հայրենիքի նկատմամբ արյունարբու սիրո մասին

Ա

դրբեջանական հասարակությունում տարածված է ղարաբաղյան պատերազմի անհրաժեշտության մասին կարծիքը։ Իսկ բանակը կարծես սուրբ կովը լինի Հնդկաստանում, որին չի կարելի քննադատել։

Գրեթե երեսուն տարի պետական լրատվամիջոցներն ագրեսիվ միլիտարիստական պրոպագանդա են վարում։ Եվ ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաև դպրոցներն, ինստիտուտները, մանկապարտեզները մարդկանց այդ նույն գաղափարն են պատվաստում․ հայրենիքի հանդեպ սերն ու պատերազմում զոհվելու պատրաստակամությունը նույն բանն է։

Մարդիկ, որոնք պատերազմը ճիշտ մեթոդ չեն համարում, առավել հաճախ լռում են, որ չարժանանան հասարակության արդարացի զայրույթին։ Կովկասում ընդհանրապես հաճախ կարելի է տհաճ իրավիճակների մեջ ընկնել «սխալ» տեսանկյուն արտահայտելու համար։ 

Վ

երջերս Կասպից ծովում վթարի էր ենթարկվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ թռչնի հետ բախման պատճառով։ Օդաչուն զոհվել էր։ Պաշտոնատար անձինք ցավակցում էին օդաչուի հարազատներին, իսկ թեման ազնեթում ամենաքննարկվողն էր։

Մի երիտասարդ, որը Ֆեյսբուքում մի քանի հազար «ընկեր» ունի, գրառում է կատարել այն մասին, որ հոգնել է ամեն տեղ օդաչուի լուսանկարը տեսնել, որ այդ մարդը վարժեցվել էր մարդ սպանել և զոհվել է իր մասնագիտության հետ կապված փորձարկումների ժամանակ, առանձնահատուկ բան չկա։

Գրառմամբ կիսվել են հարյուրավոր անգամներ՝ կոչ անելով պատժել «դավաճանին»։ Առանձնապես համառները պատրաստվում էին անձամբ գտնել նրան և պատժել։ Մեկնաբանություններում և անձնական նամակներով նրան սպառնալիքներ և հայհոյանքներ էին գրում։

 «Իմ մտքերում ես ձգտում էի արտահայտել հումանիզմի գաղափարներ, արտահայտել ռազմական պրոպագանդայի հետ կապված ամեն ինչի փուչ լինելը։ Հնարավոր է, որ այնպես է ստացվել, որ ես արժեզրկել եմ մարդու մահը, սակայն իմ նպատակն ընդհանրապես մահն արժեզրկելն էր, այն գրավչությունից զրկելը։ Ես ուզում էի մարդկանց հետ պահել սպանելուց և որևէ բանի համար մահանալուց»։ 

Եվ նրա այդ գրառման տակ ավելի քան 500 մեկնաբանություն կար՝ «Ողջ ընտանիքիդ կսպանեմ» սպառնալիքով։

Ե

վս մեկ նման դեպք էր պատահել։ 2010թ-ին ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, որը հետմահու Հերոսի մեդալով էր պարգևատրվել, զոհվել էր՝ հետ մղելով հայերի գրոհը․ սա իշխանությունների վարկածն էր։ Նրա մահը սկսել էր առասպելներով պատվել, իբր նա, հոգնել էր հրամանի սպասել և ինքնակամ հատել էր զորքերի շփման գիծն ու որոշել զոհվել՝ ոչնչացնելով հնարավորինս շատ թշնամիների։

Նրա լուսանկարները փակցված էին մեքենաներում, ավտոբուսներում, դրանք որպես պրոֆիլի նկարներ էին դնում սոցցանցերում։ 2018թ-ի դեկտեմբերին հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին ֆեյսբուքյան իր էջում կասկած էր հայտնել ազգային հերոսի «հերոսության» վերաբերյալ։ Նա գրել էր, որ զինվորները, որոնց սպանել է Մուբարիզը, սովորական մարդիկ էին, որոնք նույնպես տուն էին ուզում հասնել և մեղավոր չէին տարածքների օկուպապցման համար, որը տեղի է ունեցել, հնարավոր է, նրանց ծնվելուց առաջ։ Որ, առանց հրամանի գործելով, Մուբարիզը հանցագործություն է կատարել՝ սպառնալիքի տակ դնելով պետական քաղաքականությունը։

Մարդիկ սկսեցին մեկնաբանություններ գրել, վիրավորում էին նրան, սպառնալիքներ գրում, հայ անվանում (Ադրբեջանում շատերի համար դա վիրավորանք է), կոչեր էին հնչում գտնել նրան և պատժել, տեսանյութ կար անգամ, որում նրա լուսանկարը տրորում են ոտքերով։ Պատգամավորներից մեկը կոչ էր արել նրան դատի տալ, սակայն դատարանը հրաժարվել էր քննել հայցը։ Լրատվամիջոցները նույնպես յուղ էին լցնում կրակի վրա։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ հանդարտվեց և մոռացվեց։ 

Ե

ս կարծում եմ, որ մեզ մոտ դա տեղի է ունենում ոչ միայն ատելության և այլասերված հայրենասիրության պրոպագանդայի պատճառով։ Բանը նաև դրանում է, որ ցածր կենսամակարդակից չարացած և իշխանությունների հանդեպ վախից ճնշված հասարակությունը վախենում է բողոքել։ Իրական հասցեատերերի փոխարեն նրանց ագրեսիան բաժին է ընկնում խոցելիներին՝ այլախոհներին՝ մարդկանց, որոնց հալածելու համար ոչինչ չի լինի։

Կրթության ադրբեջանական համակարգն ու այլ համակարգերը, որոնց միջոցով պետությունը շփվում է մարդկանց հետ, սովորեցնում են ամեն ինչ, բացի քննադատական մտածողությունից, ուրիշների կարծիքը հարգելուց, այլընտրանքային տեսանկյունների նկատմամբ հանդուրժող լինելուց։

Ցուցադրական հայրենասիրության պոպուլյարույթունը մեզ մոտ հարմար զենք է դարձել, որը հեշտ է ուղղել հարկ եղած նպատակին։

Իսկ կոնֆլիկտը դարձլ է արդարացում, որը մնացած խնդիրները երկրորդ պլան  է մղում և դավաճան հայտարարում բոլոր նրանց, ովքեր դրա մասին մի ավելորդ խոսք կասի։ Չէ՞ որ մենք պատերազմի մեջ ենք։

Հազիվ թե իշխանությունների հռետորաբանությունը մեղմանա մոտ ժամանակներս։ Մնում է միայն հուսալ, որ մարդկանց առողջ դատողությունը կարթնանա, և նրանք կհասկանան, որ «սխալ» մտածողների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողություն է։ Դա նվազագույնն ապօրինի է։ Իսկ ապօրինությունն ու ամենաթողությունը կարող են հարվածել ցանկացածին և անձամբ ձեզ նույնպես։


Կարդալ ավելին JAMnews-ում