Կարդալ դասական գրականություն, փողոցներ ավլել և քիչ խոսել․ գլխավոր կանոնները " />

Կարծիք․ Անհասանելի Նախիջևան՝ պատմություն Ադրբեջանի տարածքում գտնվող պետության մասին

Կարդալ դասական գրականություն, փողոցներ ավլել և քիչ խոսել․ գլխավոր կանոնները

Նախիջևանն ինքնավար հանրապետություն է, որը մնացած Ադրբեջանից անջատված է Հայաստանի տարածքով։ Նախիջևանն, Ադրբեջանի սահմանադրության համաձայն, պետություն է պետության ներսում։ Ադրբեջանից այնտեղ կարելի է հասնել ինքնաթիռով կամ ավտոբուսով՝ Իրանի տարածքով։

Լուրեր են պտտվում, որ երկրի սովորական քաղաքացին չի կարող Նախիջևան գալ, իբր նրան հետ կուղարկեն։ Իմ կարծիքով, դա պարզապես միֆ է․ մեր ազգականներն այնտեղ են ապրում, սակայն այդպիսի հարցեր ոչ ոք երբեք չի տվել։ Մենք պարզապես ինքնաթիռի տոմս են գնում և մեկնում։

Ես կպատմեմ, թե ինչ եմ տեսել Նախիջևան քաղաքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաղքում, ինչ եմ իմացել տեղի բնակիչներից։

Կամավոր-պարտադիր մաքրություն «խանի» վերահսկողությամբ

Նախիջևանի Հանրապետությունը կառավարում է Գերագույն խորհուրդը՝ նախագահի ղեկավարությամբ։ 1993թ-ից այդ պաշտոնում հինգ տարին մեկ ընտրվում է Վասիֆ Թալիբովը, իսկ դրանից առաջ այն զբաղեցնում էր Հեյդար Ալիևը։

Նախիջևանը գեղեցիկ է, շատ են պուրակներն ու այգիները, որոնք «թաղված» չեն մարմարի մեջ, ինչպես Բաքվում։ Դրա փոխարեն՝ խոտ, կանաչ և բուրավետ վարդեր։

Մի քանի տարի առաջ կատարած իմ նախորդ այցից հետո շատացել են սրճարանները։ Սրճարան են մտնում ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, իսկ այգիներում զույգեր են զբոսնում․ այս ամենը պահպանողական Նախիջևանի համար նախկինում հազվադեպ բան էր։

Ընդհանուր առմամբ, քաղաքում «տիրոջ ձեռք» է զգացվում․ այստեղ մաքուր է, դպրոցների և մանկապարտեզների շենքերը նոր են և թարմ վերանորոգված։ Եվ մաքուր է ոչ այն պատճառով, որ քաղաքը չեն աղտոտում։ Բոլոր պետական ծառայողները ժամանակ առ ժամանակ «շաբաթօրյակի» են դուրս գալիս, ինչպես խորհրդային տարիներին, և մաքրում են, լվանում, ավլում փողոցները։

Թալիբովը, որին տեղացիներն իրար մեջ «խան» են անվանում,  անձամբ է հետևում, որ բոլորը մասնակցեն և ոչ ոք գլուխ չպահի։

«Արտադասարանային ընթերցանություն»

Հայտնի է քաղաքացիների կրթության մասին հոգ տանելու Թալիբովի նախաձեռնությունը՝ ընթերցանության համար պարտադիր 30 գրքերի ցուցակը։ Իհարկե, բոլոր նախիջևանցիներին չես ստիպի կարդալ, սակայն տեղական մամուլը մարդկանց փորձում է համոզել, ինչպես կարող է։ 

Գրքերի թվում են «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ուղերձն Ադրբեջանի ժողովրդին», «Քիթաբի դեդե Գորգուդ» հնագույն թյուրքական էպոսը, հայտնի ադրբեջանցի գրողների գրքերն, ինչպես նաև համաշխարհային դասական գրականությունն՝ Էռնեստ Հեմինգուեյ, Նիկոլո Մաքիավելի, Գի դը Մոպասան, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի։ 

«Հին կարգերի» կողմնակի ազդեցությունները

Եվ շաբաթօրյակները, և խորհուրդ տրվող գրականությունը նախիջևանցիների մեծ մասն ընկալում է որպես իրենց մասին հոգածություն։ Սակայն հանրապետության կյանքի «տնտեսական մասն» այնքան էլ գրավիչ չէ։

Այստեղ ապրելն ավելի ու ավելի դժվար է դառնում, և գլխավոր խնդիրը գործազրկությունն է։ Մի քանի տարի առաջ բացված NAZ-Lifan ավտոմոբիլային գործարանն ի վիճակի չէ բոլոր ցանկացողներին աշխատանքով ապահովել։ Մարդիկ զանգվածաբար գումար վաստակելու են մեկնում Բաքու, Իրան, Թուրքիա կամ Ռուսաստան։

Սննդամթերը վերջին ժամանակներս զգալիորեն թանկացել է։ Ինչպես ասաց մի կին, «կամ լոլիկ եմ գնում, կամ վարունգ, երկուսն իրար հետ գնելը շատ թանկ է»։ Մարդիկ սնվում են իրենց աճեցրած բանջարեղենով և մրգերով։

Բնակիչներից շատերը ժամանակ առ ժամանակ Թուրքիա են մեկնում՝ սահմանամերձ Իգդիր քաղաք, որտեղ Նախիջևանի համեմատ ավելի էժան ապրանք են գնում մեկ ամսվա համար՝ բրինձ, ձավարեղեն, յուղ և կենցաղային քիմիա՝ օրինակ, լվացքի փոշի։

Չայխանան արգելված է․ հերիք է անգործության մատնվել

Մի խոսքով, Նախիջևանում վերջին տարիներին ապրուստը դժվարացել է։ Նախկինում կյանքից բողոքել, իշխանություններից դժգոհել և խոսել այն մասին, թե ինչ անել, կարելի էր Ադրբեջանի համար ավանդական ձևաչափով՝ սիրելի չայխանայում [թեյարան, որտեղ հանգստանում են հիմնականում տղամարդիկ – խմբ․] մեկ գավաթ թունդ թեյ խմելով։

Ամենատես Վասիֆ Թալիբովի որոշմամբ, բազմաթիվ չայխանաները փակվել են, և մայրաքաղաքում մեկ «պատմական» չայխանա է մնացել 18-րդ դարի համամի (բաղնիքի) շենքում։

Թե ինչու են փակել չայխանաները, պարզ չէ։ Միգուցե այնտեղ շատ էին խոսում քաղաքականության մասին, իսկ միգուցե Թալիբովը չի ուզում, որ մադրիկ երկար անգործ նստեն։

Չկայացած բիզնես

Նախիջևանում բնությունը շատ գեղեցիկ է, շատ են պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները, կա նաև արտասահմանում հայտնի առողջարան, մի խոսքով, բոլոր նախադրյալները՝ զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացման համար։ Սակայն, ինչպես ասում են տեղացիները, հանրապետության ղեկավարը չի ուզում երկիր թողնել եկվորների։ Դրանով էլ Թալիբովը հենց հայտնի է Ադրբեջանում։

Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Նախևառաջ նրանով, որ իշխանությունները հետևում են, որպեսզի որքան հնարավոր է քիչ տեղեկություններ «դուրս սողոսկեն»։ Համացանցը տարածված չէ, և, նախիջևանցիների խոսքով, վերահսկվում է «վերևից»։

Այն մասին, թե ինչպես և ինչու գնալ Նախիջևան, արտաքին աշխարհում պարզապես քչերը գիտեն։ Զբոսաշրջիկներ Նախիջևանում եթե անգամ լինում են, ապա դրանք այն մարդիկ են, որոնք երկրի մասին լսել են այստեղ իրենց ապրող մտերիմներից և ծանոթներից։

Այսպիսով, քաղաքացիների համար եկամտի հնարավոր աղբյուրը զոհաբերվել է Նախիջևանի լեգենդար «փականի տակ ապրելու» ավանդույթին։


Կարդալ ավելին JAMnews-ում