Ինչպես են տեսնում ներկան և ապագան Թբիլիսիում, Ցխինվալում և Սուխումում՝ երեք տեսանյութ այս քաղաքներից" />

Կարծիքներ. Հարավային Օսիայի օգոստոսյան պատերազմից 10 տարի անց՝ ինչ իրավիճակ է

Ինչպես են տեսնում ներկան և ապագան Թբիլիսիում, Ցխինվալում և Սուխումում՝ երեք տեսանյութ այս քաղաքներից

 

 

Ցխինվալ, 2008թ. սեպտեմբեր. REUTERS/Սերգեյ Կարպուխին

2008 թ. օգոստոսի 8-ին  Հարավային Օսիայում սկսվեց պատերազմը, որին մասնակցում էին Վրաստանն ու Ռուսաստանը: Այն տևեց հինգ օր և ստացավ «օգոստոսյան հնգօրյա պատերազմ» անվանումը:

JAMnews-ը մանրամասն ներկայացնում է, ինչպես սկսվեց պատերազմը 2008-ին և ինչ կատարվեց այդ օրերին:

Այժմ խոսքը տալիս ենք Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի փորձագետներին, որոնք պատասխանում են հարցին. Հարավային Օսիայում ծավալված օգոստոսյան պատերազմից 10 տարի անց՝ ինչ իրավիճակ է:

Գիա Նոդիա, Վրաստան

Գլխավորն, ինչ փոխվել է Վրաստանում 2008թ-ից հետո, այն է, որ մեր վերաբերմունքը հակամարտությունների հանդեպ սկզբունքորեն փոխվել է: Մինչև 2008թ-ը հասարակությունում այդ հակամարտությունների արագ լուծման սպասումներ կային, և Սաակաշվիլիի հռետորաբանությունը կառուցված էր այն բանի վրա, որ խնդիրը կլուծվի մինչև հաջորդ ընտրություններ: Կարծում եմ, որ նրա կողմից սխալ էր նման խոստումներ տալը: Սակայն դրանք դատարկ տեղը չէին առաջացել. կար հստակ հասարակական պատվեր: Սակայն 2008թ-ից հետո այն գրեթե զրոյացավ: Քանի որ արդեն բոլորի համար պարզ է, որ հակամարտությունները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի դիրքորոշման հիմնարար վերափոխման: Իսկ այն փոխելու ռեսուրս չունի ոչ Արևմուտքը, ոչ Վրաստանը: Այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգվում է անորոշ ժամկետով:

Միաժամանակ հենց օգոստոսյան պատերազմից հետո սկսվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատումն Արևմուքի կողմից: Մինչ այդ արևմտյան հասարակական կարծիքի մեջ այնպիսի պատկերացում կար, որ Ռուսաստանն ախոյան չէ, այլ կամակոր, յուրատիպ, բայց գործընկեր: Սակայն օգոստոսյան պատերազմը, որն Արևմուտքում համարեցին ոչ միայն որպես Ռուսաստանի քաղաքականության, այլ նաև մասնակիորեն՝ որպես Սաակաշվիլիի խառնվածքի և բնավորության հետևանք, այդ դիրքորոշման փոփոխման համար, այնուամենայնիվ, բավարար չէր: Եվ արդեն հակամարտությունն Ուկրաինայում 2014թ-ին վերջնականապես ստիպեց Արևմուտքին Ռուսաստանի մեջ հակառակորդի տեսնել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա իշխանափոխությունից հետո դրանք այնքան էլ չբարելավվեցին, ինչպես ակնկալում էին իշխանամետները, և ոչ այնքան սարսափելի դարձան, որքան սպասում էին հակառակորդները: Վրաստանի արևմտյան ուղղվածությունը հիմնականում չփոխվեց, փոխվեց Ռուսաստանի վերաբերյալ հռետորաբանությունն ու սուբյեկտիվ տրամադրվածությունը: Սակայն հիմնարար խնդիրները մնացին: Վերականգնվել է վրացական ապրանքների արտահանումը, սակայն չգիտեմ, թե որքանով է դա լավ, քանի որ դրանով Ռուսաստանը վերադարձնում է ճնշում գործադրելու իր լծակը: Այն, ինչն իրականում փոխվել է, հասարակական տրամադրությունն է: Եթե նախկինում ռուսամետ հայացքները, քաղաքական և հասարակական գործունեությունը տաբու էին, ապա այժմ դա սովորական բան է այնպես, ինչպես Արևմուտքին վատաբանելը: Ներկայիս իշխանությունը մասնակիորեն հիմնվում է ռուսամետ ուժերի վրա և ի դեմս նրանց տեսնում Սաակաշվիլիի կուսակցության դեմ հանդես եկող դաշնակիցների:

Նոր իշխանությունը հանդես եկավ խաղաղ նախաձեռնություններով՝ ձգտելով ցույց տալ, որ տարբերվում է նախորդ կառավարությունից, որը չէր ցանկանում խոսել աբխազների և օսերի հետ, Պաատա Զաքարեիշվիլիին՝ որպես աբխազների համար ամենաընդունելի անձ նշանակվեց (որպես հաշտեցման հարցերով պետնախարար), որպեսզի նա կարողանար կապեր հաստատել: Սակայն ոչ մի կապ հաստատել չհաջողվեց, և գործնականում շարունակվում էր նույն քաղաքականությունը, որը կար 2008թ-ից հետո և որը, մասնավորապես, նախատեսում էր Աբխազիայի և ՀՕ անկախության չճանաչում և միաժամանակ այնտեղ բնակվող մարդկանց հետ հարաբերությունների բարելավում, բուժման ծրագրեր և այլն: Պարզվեց, որ նման քաղաքականությանն այլընտրանք չկա:

Գիորգի Կանաշվիլի՝ քաղաքագետ

Գլխավորն, ինչը փոխվեց 2008թ-ի պատերազմից հետո, կարծում եմ, ընկալումն է: Այն բանի ընկալումը, որ այդ հակամարտությունները չեն լուծվի ոչ այսօր, ոչ վաղը, դա երկար գործընթաց է և երկար ժամանակ դեռ մեր գլխացավանքն է լինելու:

2008թ-ին հետևած տարիների ընթացքում մենք առաջընթաց ենք գրանցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Իհարկե, մենք այժմ այդ կազմակերպություններին անդամակցելուց նույնքան հեռու ենք, որքան և 2008թ-ին: Սակայն Վրաստանի հարաբերություններն այդ ինստիտուտների հետ այժմ շատ ավելի ինտենսիվ էին, քան 10 տարի առաջ:

Ես չեմ կարծում, որ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը 2012թ-ի ընտրություններում պայմանավորված էր 2008թ-ի իրադարձություններով. կային շատ այլ հարցեր, որոնք հուզում էին հասարակությանը և որոնք շատ ավելի մեծ դեր խաղացին. խոսքը սոցիալական հարցերի, ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցերի մասին է: Եվ ժողովրդավարության տեսանկյունից մենք այս տարիների ընթացքում, անխոս, առաջընթաց ենք ունեցել: Սակայն մի մարդու հետ կապված ռիսկ է հայտնվել, որը որոշակի փուլում դրական դեր է խաղացել: Նկատի ունեմ Բիձինա Իվանիշվիլիին, որն ավելի ու ավելի բացասական դեր է խաղում: Եթե այսպես շարունակվի, մենք պետք է ինտենսիվորեն Ուկրաինայի և Մոլդովայի փորձն ուսումնասիրենք, թե ինչպես պայքարել երկրում օլիգարխների ազդեցության դեմ:

Ռուսաստանի հանդեպ մոլորություն կար, որ եթե Վրաստանն իրեն կառուցողական  պահի, Ռուսաստանը նրա համար «կբացի» Աբխազիան ու Հարավային Օսիան: Կամ նրանց հետ փոխհարաբերություններում դուռ կբացի: Սակայն այդպիսի բան չեղավ և հազիվ թե լինի:

Ես կուզեի, որ Վրաստանն անընդհատ Ռուսաստանի կողմը չնայեր և լավ մտածեր, թե ինչ է այսօր ուզում, ինչ է անելու վաղը և ինչպես է տեսնում վրաց-աբխազական և վրաց-օսական հարաբերությունները: Ցավոք, այդ մասին հիմա հարկ եղած չափով չեն մտածում: Այդ պատճառով էլ այդ ուղղությամբ արդյունքները դրական գնահատել չեմ կարող, թեև կարող էր ավելի վատ լինել:

Մյուս առումներով Ռուսաստանի հետ կապված մեծ պատրաքներ ոչ ոք չուներ էլ: Հաշվի առնելով 2008թ-ի ժառանգությունն, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում տիրող իրավիճակը կարող էր ավելի վատ էլ լինել: Այդ առումով վրացական իշխանությունների գործողությունները կարող եմ ավելի շատ դրական գնահատել:

Տեսագրություն. Այս պատկերն ուներ Թբիլիսին 2018-ի օգոստոսյան պատերազմի օրերին

Ինալ Հաշիգ, լրագրող

Տասը տարի առաջ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականությունը դարձավ Հարավային Օսիայում պատերազմի պատճառ: Սակայն պատերազմի 5-րդ օրը փառապանծ վրացական բանակը, որի հետ այդքան հույսեր էին կապվում, էլ չկար: Հին ռուսական տանկերի ճնշման տակ այն, դեն նետելով ամեն ինչ, ցրվեց, ինչպես Նապոլեոնի զորքը  Բերեզինա գետի մոտ:

Իսկ հետո Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչեց Ռուսաստանը: Նա էլ այդ պահից դարձավ այդ երկու հանրապետությունների անվտանգության գլխավոր երաշխավորն ու միակ դոնորը:

Մեզ համար նման անսպասելի հեփի-էնդը նույնպես մեծ անակնկալ էր: Ցնցող: Թվում էր, թե վերջապես «կոմունիզմ» է հաստատվել, և էլ ոչ մի բանի պետք չէ ձգտել: Քեզ պաշտպանում են, սնում են ու պահում: Ռուսաստանը սկսեց ընկալվել որպես հրաշք-սուփրա : Ինչո՞ւ աշխատել և զարգանալ, եթե ամեն ինչ կա:

Մի խոսքով, այնքան թուլացանք, որ տեղի էլիտաների, ընդ որում բարեփոխումների համատարած հռետորաբանության պարագայում, այս երկրի ղեկին լինելու գլխավոր շարժառիթը ռուսական ֆինանսական օգնությանը հաղորդակից լինելու հնարավորությունն է:

Այլ գործողություններ չկան, բացի այդ, տվյալ էլիտան վախենում է ինչ-որ բան փոխել: Քանի որ խնդիրներն այնքան շատ են, որ միայն «մանանեխի սպեղանիով» հարց չի լուծվի: Այստեղ ծանր վիրահատություն է պետք:

Սակայն երբ դու ամեն ինչ արել ես, որ քեզ չվստահեն (ոչ մի քաղաքական ուժ այսօր ի վիճակի չէ ավելի քան հազար կողմնակցով հանրահավաք անել) դու ապրիորի վիրբույժ չես: Ինքնապահպանման զգացումը սկսում է գերիշխել ցանկացած բարի մտադրության:

Որքան էլ ծանր լինի գիտակցելն, Աբխազիան այսօր ճահճացման մեջ է, ընդ որում, շատ խորը: Կառավարությունները փոխվում են ավելի հաճախ, քան բնակչների համբերությունն է հատում, սակայն արդյունքը նույնն է:

15 տարի առաջ վարչապետ Գենադի Գագուլիան փորձում էր բոլոր առևտրային օբյեկտներում դրամարկղային մեքենաներ ներդնել: Այն ժամանակ նրան չհաջողվեց դա անել:

Այդ ժամանակներից տասնյակ կառավարություններ են փոխվել: Կարծես, օգտագործել են եղած բոլոր խաղաթղթերը, և հիմա երկրորդ շրջանն են խաղում: Վարչապետի աթոռին կրկին Գենադի Գագուլիան է, և նա կրկին փորձում է առևտրում ներդնել դրամարկղային մեքենաները, և, կարծես, կրկին՝ ապարդյուն:

Աշխարհն այս 15 տարում հսկայական ոստյուն է կատարել տեխնոլոգիական զարգացման ոլորտում, իսկ մենք, ինչպես մեր սայլով գլորվում էինք, այնպես էլ գլորվում ենք: Տասը տարվա ժամանակահատվածը, որն, ըստ էության, պետք է մեր պետականությունը զարգացման այլ մակարդակի բարձրացներ, մենք համընդհանուր ուժերով վերածել ենք ճահճացման ժամանակահատվածի:

Այդպես էլ ապրում ենք:

Տեսագրություն. Այս պատկերն ուներ Սուխումը 2018-ի օգոստոսյան պատերազմի օրերին

Դինա Ալբորովա՝ քաղաքագետ, Հարավային Օսիա

Հարավային Օսիայի Հանրապետության անկախության հռչակման պահից մինչև Ռուսաստանի Դաշնության կողմից մեր անկախության ճանաչումը մեր երկրի անվտանգության հարցը միշտ օրակագրում է եղել:

Կյանքը սոցիալ-տնտեսական առումով միշտ ծանր է եղել, սակայն դա որոշումների ինքնուրույն կայացման մեծ հնարավորությունների շրջափուլ էր:

Այսօրվա դրությամբ, անվտանգության հետ կապված հարցերն արդեն այդքան սուր չեն, ինչպես էին մինչև ճանաչումը, և դա, անկասկած, Ռուսաստանի Դաշնության շնորհիվ է:

Իհարկե, բարեփոխումներ կան սոցիալական ոլորտում: Դա ժամանակին և կայուն կերպով վճարվող աշխատավարձերն ու կենսաթոշակներն են, սոցիալական բնակարաններ են կառուցվում, վերականգնվում և կառուցվում է նոր ենթակառուցվածք:

Մյուս կողմից, մենք այսօր ապրում ենք սահմանափակ ինքնիշխանության իրավիճակում: Քանի որ մեր ինքնիշխանության մի մասը փոխանցել ենք ՌԴ-ին:

Որոշումները, ցավոք, կայացվում են ոչ այստեղ: Մենք ինքնակամ մեր ինքնիշխանության մի մասը փոխանցել ենք, երբ Ռուսաստանի հետ դաշնակցության և ինտեգրման մասին հիմնական պայմանագիր ենք կնքել:

Ստացվում է, որ ունենք կայունություն և անվտանգություն, սակայն ազատությունն ավելի քիչ է:

Երբ ասում եմ ազատություն, խոսքն, առաջին հերթին, ընտրության ազատության մասին է: Իսկ հետո՝ ընտրության ազատությունը հարգելու: Ընտրությունը յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է: Հասարակությունն ու պետությունը պետք է հարգեն իմ ընտրությունն ու չխախտեն իմ իրավունքները:

Մենք հարմարավետ տեղավորվել ենք ուրիշի վզին: Եվ մեզ այսպես հարմար է: Չեմ տեսնում, որ մենք ինչ-որ ռեսուրսներ ներդնենք տնտեսությունում: Չեմ տեսնում, որ զարգանա միջին բիզնեսը: Սակայն մեզ անհրաժեշտ է սեփական արտադրությունը ոտքի կանգնեցնել, ապահովել պարենային անվտանգությունը, երբ արտաքին աշխարհի՝ Ռուսաստանի հետ մեզ կապող միակ ճանապարհը փակ է, մթերքը պարզպես անհետանում է խանութներից:

Մենք պետք է, ի վերջո, մտածենք մարդու և նրա իրավունքների մասին: Դեռևս, ցավոք, կարող եմ խորը դառնությամբ արձանագրել պետության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումը:

Տեսագրություն. Այս պատկերն ուներ Ցխնվալը 2018-ի օգոստոսյան պատերազմի օրերին

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում