Սա նորաստեղծ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբում տեղի ունեցած առաջին քննարկման թեման է" />

Կատալոնիա և Հարավային Օսիա. ի՞նչ ընդհանրություններ կան

Սա նորաստեղծ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբում տեղի ունեցած առաջին քննարկման թեման է

Հարավային Օսիայում կայացել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի» առաջին նիստը. սա նոր քննարկման հարթակ է, որը ստեղծվել է Հարավային Օսիայի տեղեկատվության կոմիտեի կողմից: Ակումբին հրավիրվում են անդամակցելու երիտասարդներ, որոնք արդեն զբաղվում են քաղաքականությամբ և ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Օսիայի քաղաքական գործընթացներին:

«Հանրապետությունում վաղուց արդեն փորձում են որոշակի փորձագիտական խորհուրդ կազմել, սակայն մինչ այժմ հաջողության չեն հասել: Հույս ունեմ, որ այս անգամ ամեն ինչ կստացվի, և ակումբը կայուն ու երկարակյաց կլինի», – JAMnews-ին ասել է ակումբի նախագահ Յուրի Վազագովը:

Նորաստեղծ ակումբի քննարկման առաջին թեման Կատալոնիայի անկախության հանրաքվեն էր և այդ իրադարձությունների հնարավոր ազդեցությունը Հարավային Օսիայի իրավիճակի վրա: Քննարկման մասնակիցների մեծ մասը համաձայնել է, որ Կատալոնիայի և Հարավային Օսիայի՝ անկախության համար պայքարի նմանության մասին ենթադրությունները սխալ են:

«Միասնական Ալանիա» երիտասարդական կազմակերպության նախագահ Միխայիլ Կոչիևը քննարկման ընթացքում մտացածին է անվանել այն կարծիքները, թե Կատալոնիայի անկախության հաջողությունը կարող է նախադեպ լինել Հարավային Օսիայի անկախության հանդեպ Եվրոպայի դիրքորոշման փոփոխության համար:

Նրա կարծիքով՝ ընդհանրապես սխալ է նաև համեմատել Կատալոնիայի անկախության հանրաքվեն Հարավային Օսիայի հանրաքվեի հետ:

«Կարևոր է հիշել, որ մեզ համար հանրաքվեն վրացական ագրեսիայից փրկվելու միակ միջոցն էր այն դեպքում, երբ կատալոնացիների կյանքին մահացու վտանգ չէր սպառնում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ օսական հանրաքվեն համապատասխանում էր ԽՍՀՄ օրենքներին, իսկ Կատալոնիայում անցկացրածն անտեսում է Իսպանիայի օրենքները», — հավելել է նա:

Հաջորդ կլոր սեղանի թեման ենթադրաբար կլինի միջազգային ճանաչման համար Հարավային Օսիայի կողմից ձեռնարկվող միջոցների քննարկումը:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում