Նեղ սենյակում փակված ադրբեջանցի ընտանիքը" />

Կանանց երեք սերունդ. խորտակված կյանք

Նեղ սենյակում փակված ադրբեջանցի ընտանիքը

Սա Բաքվի հումանիտար քոլեջի հանրակացարանն է, որն այժմ «փախստականների հանրակացարաններից» մեկն է դարձել: Սենյակում, որտեղ հազիվ է երկու մահճակալ տեղավորում, երեք կին է ապրում. երկար տարիներ անդամալույծ հանդիսացող տատիկը, նրա դուստրը, որ իր կյանքը հիվանդի խնամքին է նվիրել, և 18-ամյա թոռնուհին:

Տատիկն ու մայրը փախել են Աղդամի շրջանի Աբդալ-Գյուլաբլի գյուղից 1993թ., Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության` ռազմական գործողությունների փուլում, երբ Աղդամի համար մարտեր էին մղվում: Թոռնուհին արդեն Բաքվում է ծնվել:

Ջախան Գասիմովան 87 տարեկան է: Նա ո’չ քայլում է, ո’չ խոսում: Նա ութ երեխա ուներ: Երկու որդիներին ու ամուսնուն կորցրել է դեռ հայրենիքում` Աղդամում, հիվանդության պատճառով: Որդին և զարմիկը` երկուսն էլ 23 տարեկան, զոհվել են Աղդամի մարտերում: Դրանից հետո կինը գլխուղեղի կաթված է ստացել ու անդամալույծ դարձել:

Արդեն 25 տարի է, ինչ տեղահանվել է հայրենիքից, դրանցից 17-ը`գամված է անկողնուն: Միակ ողջ մնացած որդին շաքարային դիաբետ ունի և ընտանիքի հետ միասին ապրում է Աղդամի գյուղերից մեկում:

Երեք աղջիկները վաղուց Ռուսաստան են տեղափոխվել: Հիվանդ մորը խնամելու համար այստեղ Գյուլնարան է մնացել:

Գյուլնարա Գասիմովան իր կյանքի 25 տարիներն անցկացրել է Աղդամի շրջանիԱբդալ-Գյուլաբլի գյուղում: Հիմա նա վերհիշում է այդ տարիները որպես անիրական մի երազ:

«19 տարեկանից բուժքույր եմ աշխատել մեր գյուղի առողջարանում: Դրա համար բուժքույրական 6-ամսյա դասընթացներ եմ անցել Խանքենդիում`նախկին Ստեփանակերտում: Առողջարանում 6 տարի եմ աշխատել: Իհարկե, շատ երջանիկ էի այնտեղ: Հրաշալի ժամանակ էր»:

Այդ ժամանակն, ըստ Գյուլնարա խանումի, ավարտվեց իր հոր հիվանդությամբ: Նա երկար խնամում էր հորը, իսկ երբ վերջինս մահացավ, սկսվեց պատերազմը: Գյուլնարան ու նրա մայրը տեղահանվեցին, եկան Բաքու ու բնակություն հաստատեցին հանրակացարանում:

31 տարեկանում ամուսնացավ նույն հանրակացարանում` առանց ճերմակ զգեստի ու օժիտի, ինչպես ինքն է ասում:

«Ամուսինս ևս տեղահանվել էր, Ֆիզուլիի շրջանից էր: Նա էլ տուն չուներ: Այս սենյակում նրա հետ յոթ տարի ապրեցինք: Մի կողմից`տան բացակայություն, մյուս կողմից`հիվանդ մայրս: Բացի այդ, աղջիկս էր մեծանում: Արդյունքում մենք ուղղակի էլ չէինք տեղավորվում այստեղ: Մեր հարաբերությունները շատ քաղաքակիրթ կերպով ավարտվեցին: Տեսնելով մեր դրությունը` հասկանում էի, թե որքան դժվար է նրա համար:

Նախկին ամուսինս այցելում է մեր աղջկան, օգնում է մեզ:

Երբեմն մտածում եմ, որ եթե փախստական չդառնայինք, բոլորովին այլ ճակատագիր կունենայի: Ընտանիքս էլ չէր քայքայվի»:

Թահմինա Զեյնալովան 18 տարեկան է: Նա երկու փոխկապակցված երազանք ունի` ընդարձակ տանն ապրել ու կրթություն ստանալ:

«Երկրորդ տարին է, ինչ քոլեջ եմ ընդունվում` վճարովի բաժին: Անվճարի համար միավորներս չհերիքեցին, իսկ վճարելու համար փող չունենք: Ամեն անգամ քիչ միավոր եմ հավաքում հենց այս նեղ սենյակի պատճառով: Օրինակ, գիշերը նստում եմ, որ պարապեմ, իսկ տատիկս նշան է անում` անջատի’ր լույսը: Լույսը խանգարում է նրան, չի կարողանում քնել: Իսկ ցերեկը ես օգնում եմ մայրիկիս տատիկիս խնամել: Գոնե երկու սենյակ լիներ, հանգիստ կպարապեի:»

Թահմինան կարողացել է աուդիտի և հաշվապահության ֆակուլտետ ընդունվել, բայց ասում է, որ որևէ կոնկրետ մասնագիտության մասին չի երազում, պարզապես շատ է ուզում սովորել` կրթությունը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու միջոց դիտարկելով:

Թահմինայի մոր ամենամեծ վախն այն է, որ աղջիկը կկրկնի իր ճակատագիրը: «Ամբողջ կյանքն առջևում է, նա պետք է կրթություն ստանա, ամուսնանա: Ուզում եմ, որ մեզ բնակարան տան` և’ աղջկաս համար, և’ մորս. զոհված զինվորի մայրն արժանի է, որ նրա մահը սեփական տանը սգան»:

Գյուլնարա Գասիմովա`

«Պատերազմը ոչնչացրեց մեր կյանքը: Եթե դա չլիներ, ո’չ մենք, ո’չ հազարավոր այլ ընտանիքներ ստիպված չէինք լինի փախչել: Մենք մաքուր, ընդարձակ տանը կապրեինք: Ազնիվ խոսք, Աբդալ-Գյուլաբլիում այնքան մեծ բակ ունեինք, որ այնտեղ կարելի էր մոլորվել: Մեծ, երկհարկանի տուն էր: Իսկ հիմա ապրում ենք զուգարանի չափ մի սենյակում:

Իսկ ամենակարևորը` եթե պատերազմ չլիներ, չէին զոհվի եղբայրս ու քեռուս որդին, ինչպես նաև հարյուրավոր այլ երիտասարդներ:Ով գիտի` ինչ հրաշալի ընտանիք կունենար եղբայրս, երեխաներ կունենար: Բայց դե ինչ արած, իրականությունն այսպիսին է` պատերազմը խորտակեց մեր կյանքը»:

Գյուլնարա Գասիմովան մոր և դստեր հետ ապրում է թոշակի ու նպաստների գումարով:

Այս ընտանիքի բյուջեն հիմա 455 մանաթ ($266) է կազմում` պետության տրամադրած նպաստների հանրագումարը. Ջախան խանումի զոհված որդու նպաստը, կնոջ թոշակը, երեք կանանց «հացի գումարը»: Գյուլնարա խանումն ասում է, որ իր մայրը հիմնականում մսեղեն է ուտում, այնպես որ ստիպված է այդ թանկ սննդատեսակը ամիսը երեք անգամ գնել: Բյուջեի առնվազն 10 տոկոսը ծախսվում է պառկած հիվանդի խնամքի հիգիենիկ միջոցների վրա:

Փաստորեն, ընտանիքն այս աղետալի վիճակից դուրս գալու երեք տարբերակ ունի. վերադարձ հայրենիք, որի հույսը դեռ չեն կորցրել, Թահմինայի կրթությունը, որը թույլ կտա նրան «մարդ դառնալ» ու օգնել ընտանիքին և փախստականներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը:

Փախստականների ու տեղահանված անձանց հարցերով պետական կոմիտեի խոսնակ Էլչին Գադիմովն ասում է, որ վերաբնակեցումը փուլային եղանակով է իրականացվում: «Այդ հանրակացարանը կոմպակտ բնակության վայր է: Հնարավոր չէ այնտեղից միայն մեկ ընտանիք տեղափոխել: Հանրակացարաններից մարդկանց վերաբնակեցումն օրակարգային հարց է, սակայն հստակ ժամկետներ չենք կարող նշել: Առաջին հերթին տեղափոխում են վթարային շենքերի բնակիչներին»:Փախստականների ու տեղահանված անձանց հարցերով պետական կոմիտեի խոսնակ Էլչին Գադիմովն ասում է, որ վերաբնակեցումը փուլային եղանակով է իրականացվում: «Այդ հանրակացարանը կոմպակտ բնակության վայր է: Հնարավոր չէ այնտեղից միայն մեկ ընտանիք տեղափոխել: Հանրակացարաններից մարդկանց վերաբնակեցումն օրակարգային հարց է, սակայն հստակ ժամկետներ չենք կարող նշել: Առաջին հերթին տեղափոխում են վթարային շենքերի բնակիչներին»:

• Ղարաբաղյան հակամարտության արդյունքում փախստական ու տեղահանված անձ է դարձել Ադրբեջանի առնվազն 750 հազար քաղաքացի (Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն): 
• 2004թ. մեկնարկել է «Փախստականների ու տեղահանված անձանց բնակարանային պայմանների բարելավման և զբաղվածության մակարդակի բարձրացման պետական ծրագիրը»: Մեկ տարի անց սկսվել է փախստականների համար առաջին տների շինարարությունը:  
• Փախստականների ու տեղահանված անձանց հարցերով պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, այսօրվա դրությամբ հատուկ կառուցված թաղամասերում 50 հազար ընտանիք կամ 250 հազար մարդ է տեղավորված: 
• 340 հազար մարդ դեռևս բնակարան չունի: 

 

Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփականհասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում