Հետազոտություն. Վրաստանում կանանց ավելի քան 40%-ը տնտեսական առումով ակտիվ չէ: Կանանց աշխատավարձը 35%-ով ավելի ցածր է, քան տղամարդկանցը " />

Կանանց գործազրկության պատճառով Վրատսանը կորցնում է միլիոնավոր լարիներ

Հետազոտություն. Վրաստանում կանանց ավելի քան 40%-ը տնտեսական առումով ակտիվ չէ: Կանանց աշխատավարձը 35%-ով ավելի ցածր է, քան տղամարդկանցը

Վրաստանում կանանց ավելի քան 40 տոկոսը չի աշխատում, իսկ նրանք, ովքեր աշխատում են, 35 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան նույն աշխատանքը կատարող տղամարդիկ:

Այս և այլ ուշագրավ տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի և Վրաստանի բնակիչների տնտեսական հնարավորությունների ուսումնասիրությամբ զբաղվող «Սաֆարի» ոչ կառավարական կազմակերպության համատեղ հետազոտության մեջ:

Փորձագետների հաշվարկով՝  չաշխատող կանայք Վրաստանում չօգտագործված ռեսուրս են. պետությունը կանանց գործազրկության պատճառով կորցնում է ՀՆԱ 11 տոկոսը։

«Պարադոքսն այն է, որ հաճախ կանայք ավելի բարձր որակավորում ունեն, քան տղամարդիկ»,- հետազոտության տվյալները ներկայացնելիս հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի տեղակալ Շոմբի Շարփը:

«ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամը խորհուրդ է տալիս Վրաստանի իշխանություններին ակտիվացնել համագործակցությունը ոչ կառավարական սեկտորի, բիզնես-շրջանակների հետ և միասնական պետական քաղաքականություն մշակել՝ կանանց տնտեսության մեջ ներգրավելու ուղղությամբ»,- հայտարարել է Շոմբի Շարփը:

Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ. պարզվել է, որ Վրաստանում գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերից միայն 17 տոկոսն է պատկանում կանանց:

«Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանանց տնտեսական ամրապնդման առումով Վրաստանում ոչինչ չի արվել: Պետական ծրագրերը հաշվի չեն առնում գենդերային բաղադրիչը, այս հարցում պետական քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերում գործնականում չի հանդիպում «կին» բառը: Այս ամենը վկայում է գենեդերային անհավասարության մասին»,- կարծում է «Սաֆարի»-ի գործադիր տնօրեն Բաինա Պատարայան:

Ուսումնասիրությունն անցկացվել է ամբողջ Վրաստանում: Հետազոտության մեջ դիտարկվել են վերջին 10 տարիներին կանանց տնտեսական ամրապնդմանն ուղղված փաստաթղթերը:

Միջազգային մասշտաբի հետազոտությունները բազմիցս փաստել են, որ որոշ պետություններ մեծ միջոցներ են կորցնում կանանց գործազրկության պատճառով: Ըստ 2016թ. տվյալների, որտեղ ներառված է 91 երկիր, ընկերության կառավարման գործում կանանց մասնակցությունը դրական է անդրադառնում բիզնեսի վրա՝ ավելացնելով եկամուտները: Դա հաստատվում է նաև ՄԱԿ-ի տվյալներով. որքան շատ են կրթված և աշխատող կանայք այս կամ այն պետությունում, այնքան հաջող է տնտեսական աճը:


Կարդալ ավելին JAMnews-ում