Կանանց համար ղեկին գտնվելու արգելքը երկրում գործում էր 20-րդ դարի կեսերից" />

Կանայք Սաուդյան Արաբիայում այժմ մեքենա են վարում. ի՞նչ սենսացիոն բան կա այստեղ

Կանանց համար ղեկին գտնվելու արգելքը երկրում գործում էր 20-րդ դարի կեսերից

Այս երգիծական տեսանյութը Սաուդյան Արաբիայում կանանց և ավտոմեքենաների վերաբերյալ նկարահանել է սաուդյան երաժիշտ և դերասան Հիշամ Ֆագին մի քանի տարի առաջ: Այժմ տեսահոլովակն առավել, քան արդիական է. կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում պաշտոնապես չեղարկվել է, հաղորդում է CNNը:

Թագավորական հրամանը, որը կանանց արգելում էր մեքենա վարել, երկրում գործում էր 20-րդ դարի սկզբից: 2018թ-ին Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն էր, որտեղ մեքենա կարող էին վարել միայն տղամարդիկ:

Արգելքի չեղարկումն ամենամասշտաբային բարեփոխումներից է, որն անցկացրել է Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մոհամեդ բին Սալմանը: Արքայազնը կարծում է, որ կանանց մեքենա վարելու իրավունք տրամադրելը կբերի աշխատող կանանց թվի աճի:

Վերջին տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում բին Սալմանի նախաձեռնությամբ կանանց իրավունքները ոտնահարող միանգամից մի քանի օրենք է չեղարկվել: Սակայն, չնայած որոշ տեղաշարժերի, Սաուդյան Արաբիան նախկինի պես մի պետություն է, որում կանանց հանդեպ խտրականությունն աօռերեական և օրինական երևույթ է:

Երկրում խնամակալության համակարգ է կառուցվել, որում կինն իրավունք չունի լուրջ ինքնուրույն որոշումներ կայացնել: Նա պարտավոր է ենթարկվել իր հորն, ամուսնուն, եղբորն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ որդուն:

Կանայք պետք է խնամակալ տղամարդու թույլտվությունը ստանան բուժօգնություն ստանալու (պլաստիկ վիրաբուժություն), արտասահման մեկնելու, համալսարանում սովորելու, ամուսնանալու և նույնիսկ բանտից ազատվելու համար:

Ղեկին նստելու իրավունքի համար պայքարը կանանցից 27 տարի է խլել, սակայն երկիրը դեռ մի շարք խնդիրներ պետք է լուծի:

Մասնավորապես, գենդերային խտրականության պատճառով Սաուդյան Արաբիայում կանանց համար ծայրահեղ անցանկալի է շփվել անծանոթ տղամարդկանց հետ: Ստացվում է, որ թագավորությունը պետք է մտածի կանանց ճանապարհային ոստիկանության մասին, որը տուգանքներ կնշանակի և մեքենաները կխուզարկի խախտումների դեպքում:

Պարզ չէ, թե ովքեր են կանանց սովորեցնելու վարել և վարորդական իրավունք տրամադրելու. հավանաբար կին ավտոհրահանգիչներ և նոր մասնագիտացում ունեցող պաշտոնյա կանայք կպահանջվեն:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ մեքենա վարելու արգելքի չեղարկումը “ճիշտ ուղղությամբ արված երկար սպասված քայլ է”: Սակայն իշխանություններն ու իրավապաշտպանները դեռ մեծ աշխատանք պետք է կատարեն Սաուդյան Արաբիայում իրավահավասարության հասնելու համար:

Այս երաժշտական տեսանյութը նկարահանել է սաուդյան մի ընկերություն, գլխավոր գաղափարը Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների խնդրի վրա ուշադրություն գրավելն է:


Կարդալ ավելին JAMnews-ում