Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 2015-2016թթ-ին աշխատանք գտնելու ակնկալիքով երկրից մոտ 1.5 մլն մարդ է հեռացել, և նրանց 65%-ը կանայք են" />

Կանայք, որոնք սահմանը հատել են

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 2015-2016թթ-ին աշխատանք գտնելու ակնկալիքով երկրից մոտ 1.5 մլն մարդ է հեռացել, և նրանց 65%-ը կանայք են

Մառնեուլիի շրջանի Ջանդարի գյուղում միջինում 10 ընտանիքից միայն երկուսում կարելի է կնոջ և մոր՝ տանտիրուհու հանդիպել: Մնացածներում միայն մնացածն են՝ ամուսին, երեխաներ, հաճախ՝ տատ ու պապ: Եվ բոլորն ապրում են մոր հաշվին, որն աշխատում է ինչ-որ այլ երկրում, սովորաբար՝ Թուրքիայում:

Կանայք երկար ժամանակով լքում են իրենց ընտանիքները: Տարիներով: Սովորաբար դա բախտի հարց է, եթե մայրն այդ ընթացքում կարողանա տուն վերադառնալ տարին մեկ մի քանի օրով: Եվ վերադառնալիս այդ ամբողջ ընթացքում նրանք ընտանեկան խնդիրների էպիկենտրոնում են հայտնվում: Իսկ ոմանք արդյունքում ընդհանրապես չեն վերադառնում:

Խանդ

Սևդա Նամազովան ծնված օրվանից ապրում է Ջանդարիում: Դա այնքան էլ հեռու չէ Մառնեուլիի շրջկենտրոնից, ավտոբուսով՝ մոտ 10 րոպե: Այժմ Սևդան 50 տարեկան է, նա 4 երեխա ունի: Ամուսնացել է 21 տարեկանում:

Ասում է, որ դպրոցից հետո շատ էր ուզում համալսարան ընդունվել: Սակայն հայրը թույլ չի տվել: Հավանաբար այդ էր պատճառը, որ հենց նրա ավագ դուստրը որոշեց ինստիտուտ ընդունվել, նա միանգամից վաճառեց ընտանիքի միակ կովը, որ օգնի աղջկան իրականացնել իր մտադրությունը:

Նամազովների տանը մեծ հողակտոր է հարում, և նախկինում նրանք ամուսիններով շատ են աշխատել հողի վրա: Հետո երեխաներն են մեծացել, և բանջարեղեն աճեցնելուց ստացվող եկամուտը սկսել է չհերիքել: Եվ 2004թ-ին Սևդա Նամազովան որոշել է Թուրքիա մեկնել աշխատելու:

Նրա խոսքով, նա գյուղի առաջին կինն է եղել, որն արտասահման է մեկնել աշխատելու: «Այլ ելք չկար, ստիպված է մեկնել», – ասում է նա:

Սակայն և՛ ընտանիքը, և՛ համագյուղացիները դրան բավականին բացասական վերաբերվեցին: Իսկ ամուսինը սկսել է խանդել և կասկածել Սևդային:

«Հետո իմացա այն բամբասանքների մասին, որոնք իմ մասին տղամարդիկ չայխանայում տարածում էին, որ ես անբարոյական եմ: Իսկ մի քանի տարի անց նրանց սեփական կանայք հետևեցին իմ օրինակին, ես նրանց Թուրքիայում հանդիպեցի», – ասում է Սևդա Նամազովան:

Գործազրկություն

Քվեմո Քարթլիի տարբեր քաղաքներում և գյուղերում ծանոթների և նրանց ծանոթների ընտանիքների վրա գցած հպանցիկ հայացքը բավական է հասկանալու համար, որ դա այսդպես է. հենց կանայք են երկար ժամանակով արտասահման մեկնում աշխատելու՝ տանը թողնելով երեխաներին, ամուսիններին, կյանքի նորմալ հունը:

Տնտեսագետ Աննա Արգանաշվիլին ասում է, որ ողբերգական մասշտաբներ ձեռք բերող այդ գործընթացի գլխավոր պատճառը մարդկանց վատթարացած սոցիալ-տնտեսական վիճակն է և աշխատանք գտնելու անհրաժետությունը, որը կօգնի ընտանիքը կերակրել և երեխաներին մեծացնել:

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության 2015թ-ի տվյալներով՝ երկիրը լքել է 8 հազարից ավել տղամարդ և մոտավորապես 4 հազար կին: Նրանց մեծ մասը մեկնել է աշխատանք փնտրելու: Նրանք հիմնականում 25-29 տարեկան են:

Սակայն սոցիոլոգ Իդա Բախտուրիձեն ասում է, որ այդ պաշտոնական տվյալներն իրական իրավիճակը չեն արտացոլում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, որոնք ստացվել են տարբեր հետազոտությունների արդյունքում, 2015-2016թթ-ին աշխատանք գտնելու նպապտակով երկրից մոտ մեկուկես միլիոն մարդ է հեռացել, և նրանց 65%-ը կանայք են:

«Կանայք արտասահման են մեկնում ոչ ինքնակամ և ոչ ուրախությամբ: Դա հարկադրված ծանր քայլ է, որն արվում է անելանելի իրավիճակում: Հաճախ նրանք պետք է օգնեն ապրել կարիքավոր տարեց ծնողներին, իրենց երեխաներին: Մայրերը չեն կարողանում հարմարվել իրենց երեխայի չքավոր կյանքին, սակայն այս տարածաշրջանում տարօրինակ արդյունք կա. չնայած որ նրանք են ընտանիք պահողը, տեղի հասարակությունը սովորաբար նրանց տարբեր բաներ է վերագրում և մեղադրում», – ասում է Աննա Արգանաշվիլին:

1

Միայնություն

Սահիլա Մանսուրովան ապրում է Մառնեուլիում, սակայն դա միայն պայմանական գրանցման փաստ է: Նա այն կանանցից մեկն է, որ ամիսներով աշխատում են արտասահմանում՝ ընտանիքը տեսնելու համար հազվադեպ տուն վերադառնալով:

Սահիլան արդեն 6 տարի է՝ Թուրքիա է մեկնում: Նա 29 տարեկան է, երկու անչափահաս երեխա ունի: Թուրքիայում աշխատելու նրա որոշումը բառացիորեն ողջ ընտանիքի դիմադրությունն առաջացրեց: Ամենաշատն ամուսինն է դիմամդրում:

Մեկ տարուց նա որոշեց բաժանվել ամուսնուց: Երկար ժամանակ դատարանների միջոցով պայքարել է իր երեխաների համար: Արդյունքում, հասել է նրան, որ երեխաներն ապրում են իր ծնողների հետ, իսկ նա ինքը Թուրքական ընտանիքներում ծերերի է խնամում: Ասում է, որ ոչ մի ազատ օր կամ ժամ չունի: «Ես պետք է այնքան վաստակեմ, որ ես ու երեխաներս սեփական բնակարան ունենանք: Ուզում եմ սեփական նոր տուն կառուցել», – ասում է Սահիլան:

Նա բոյով, նիհար կին է, գլխին՝ կարմիր գույներով գեղեցիկ գլխաշոր: Սահիլան ասում է, որ ամուսնու հետ ամեն ինչ լավ կլիներ և չէին էլ բաժանվի, եթե նա ստիպված չլիներ հեռանալ, ուրիշ երկրում աշխատել և ընտանիքից հեռու ապրել:

«Ստիպված եմ երկու երեխաներիս տատիկիս հույսին թողնել, քանի որ մայրս նույնպես Թուրքիա է մեկնում աշխատելու և ամիսներով տանը չի լինում: Ես մի քանի օրով եմ գալիս 6-7 ամիսը մեկ հենց գործատուն թույլ է տալիս», – ասում է Սահիլան:

Նա այնուամենայնիվ հույս ունի, որ այս ամենը ողջ կյանքը չի ձգվի, և աշխատանքի հետ կապված իրավիճակը տանը՝ Վրաստանում, կբարելավվի: Այդ պատճառով էլ վերջերս կարողացել է մասամբ հեռակա ավարտել Մառնեուլիի քոլեջի տնտեսագիտական ֆակուլտետը:

2

Մեղադրանքներ

«Դա արդեն երկար տարիներ է այդպես, տենդենցը չի փոխվում. մեկնում են թիապարտի պես աշխատելու և իրենց ընտանիքները պահելու մեծ մասամբ կանայք», – ասում է սոցիոլոգ Իդա Բախտուրիձեն:

«Տղամարդիկ, իհարկե, նույնպես մեկնում են: Սակայն վիճակագրությունն ասում է, որ ավելի շատ գումար են տուն ուղարկում հենց կանայք: Տղամարդիկ ավելի շատ են ուրիշ երկրում իրենց վաստակած գումարը հենց այդտեղ ծախսում»:

Նոնա Սամխարաձեն ապրում է Մեռնեուլիի շրջանում: Նա գենդերային հարցերի մասնագետ է և շատ լավ գիտի շրջանի առանձնահատկությունները գոնե միայն այն պատճառով, որ 33 տարեկան է և 2 երեխաների մայր:

«Այսպիսի խնդիր կա. երբ կինն է ընտանիքը պահում, դրա մնացած անդամները շատ շուտ են սովորում դրան և այնքան էլ չեն ձգտում աշխատել: Եվ երեխաները սովորում են մոր ուղարկած գումարներին», – ասում է նա:

«Իսկ հետո նա վերադառնում է և շատ հաճախ սառը վերաբերմունքի է արժանանում և՛ ամուսնու, և՛ երեխաների, և՛ ծնողների կողմից: Դա այն պատճառով է, որ աշխատանքի մեկնած կանանց դեմ կարծրատիպեր են գործում. իբր նա լավ գործով չի զբաղված արտասահմանում»:

Ալավերդի Իբրահիմովը 56 տարեկան է: Նրա կինը նույնպես արտասահմանում է աշխատում, ինչպես շատերինը: Սակայն նա ինչ-որ առումով բացառություն է: Ալավերդին պայքարում է աշխատանքի մեկնող կանանց վերաբերյալ կարծրատիպերի դեմ՝ և՛ իր ընկալման, և՛ հարևանների ընկալման մեջ:

«Երբ կինն ընտանիքում չէ, տղամարդու համար շատ դժվար է ամեն ինչից գլուխ հանել. և երեխաների համար ուտելու բան պատրաստել, և նրանց հետ դասերն անել, և դաստիարակել նրանց, և տնտեսությունում աշխատել: Սակայն կանայք ավելի հեշտ են արտասահմանում աշխատանք գտնում. նրանք սովորաբար ծերերի են խնամում կամ տնային տնտեսուհի են աշխատում, որովհետև այդպիսի աշխատանքը թույլ է տալիս հենց այդ ընտանիքում ապրել և բնակարանի վարձակալման վրա գումար չծախսել: Տղամարդկանց այդպիսի աշխատանքի չեն ընդունում», – ասում է Ալավերդի Իբրահիմովը:

«Երբ կինս մեկնեց, սկզբում ամաչում էի նույնիսկ տնից դուրս գալ: Բոլոր հարևանները բամբասում են, թե իբր նրանք ինչ-որ մութ նպատակներով են մեկնում: Դրան դժվար է դիմակայել»:

Վերադարձնել մայրիկին

Գյուլարը 12 տարեկան էր, երբ մայրը մեկնել է Թուրքիա աշխատելու: Այժմ Գյուլարն արդեն ուսանող է, իրավաբան է դառնալու մոր աջակցությամբ: Նրան հետաքրքրում են կանանց իրավունքների հետ կապված հարցերը:

«Երբ մայրս մեկնեց, ես փոքր էի: Դժար էր առանց նրա: Սակայն մենք հասկանում էինք, որ այստեղ աշխատանք չկա և ոչ մի այլ ելք չկա: Սակայն ինձ մտահոգում է այն, որ տարիներ են անցել, ես մեծացել եմ, սակայն ամեն ինչ նախկինի պես է. կանայք մեկնում են աշխատանքի, և նրանք պաշտպանված չեն օրենքով», – ասում է Գյուլարը:

Արտասահմանում աշխատելու մեկնելն իրոք կանանց համար մեծ ռիսկերի հետ է կապված: Սովորաբար աշխատանքը գրանցված չէ և աշխատակիցը ոչ մի կերպ պաշտպանված չէ:

«Կանայք, որպես կանոն, աշխատում են ընտանիքներում: Վտանգ կա, որ նրանց կստիպեն ավելի շատ աշխատել, քան ի սկզբանե պայմանավորվել էին, մինչև փաստացի ստրկություն: Բռնության վտանգ նույնպես կա: Նրանք կարող են նաև թրաֆիքինգի զոհ դառնալ: Հաճախ կանայք, նույնիսկ զոհ դառնալով, թաքցնում են դա, քանի որ տվյալ երկրում ապօրինի են բնակվում: Նրանց ոչ ոք և ոչինչ չի պաշտպանում», – ասում է սոցիոլոգ Իդա Բախտուրիձեն:

Շատ մասնագետներ ի պատասխան այն հարցի, թե արդյոք արժե իրական դրական փոփոխությունների սպասել Վրաստանի աշխատաշուկայում մոտակա 5 տարիներին, տխուր ասում են՝ ոչ, չարժե:

«Ես լավ եմ սովորում: Դիպլոմ կստանամ և հույս ունեմ՝ լավ աշխատանք կգտնեմ իմ գիտելիքներով: Եվ այդ ժամանակ կկարողանամ մորս տուն վերադարձնել», – ասում է Գյուլարը:

3

Բոլոր լուսանկարնարն արված են Մառնեուլիի շուկայում

Կարդալ ավելին JAMnews-ում