Կանայք, որոնց կյանքը ստիպել է ուժեղ կամքի տեր դառնալ

Զոհված զինվորների այրիները միանման երազներ են տեսնում

Ղարաբաղյան պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում և Ադրբեջանում մնացին առանց տան տղամարդու՝ առանց կերակրողի: Զոհված մարտիկներին  այսօր որպես հերոսների են ոգեկոչում, բայց նրանց այրիների ու երեխաների համար այս ամենը թույլ սփոփանք է:

Այս պատմության երեք հերոսուհիների ճակատագրերը շատ նման են իրար: Նման են նաև նրանց մտքերն ու երազանքները, որոնց համար ստիպված են եղել պայքար մղել:

Երեքն էլ հավասարապես ատում են պատերազմը, որը նրանցից խլեց ամենաթանկ մարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը դեռ 30 տարին չբոլորած այրի է դարձել, և յուրաքանչյուրն էլ դեռ շարունակում է սիրել զոհված ամուսնուն՝ պնդելով, որ անգամ եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենար, միևնույն է` այլ ամուսին չէր ընտրի:

Խոշգեդեմ Ալեսկերովա

«Վաղը մեր որդու նշանադրությունն է: Ահա, վերցրու այս փողը: Այն քեզ պետք կգա»:
«Աղաչում եմ, ներս արի, մի՛ կանգնիր դռան շեմին: Մի՛ գնա»:  
«Չէ՛, չեմ կարող ներս գալ, ներիր, ինձ թույլ չեն տալիս: Պետք է գնամ»:  

Նրա երազներում տարիներն ամուսնու կողքով են անցնում. միշտ երիտասարդ է, ամրակազմ ու վճռական՝ ճիշտ այնպիսին, ինչպես նրան ճանապարհել էր առաջնագիծ ուղիղ 24 տարի առաջ:

17-ամյա Խոշգեդեմը ծնվել ու մեծացել էր Հայաստանում, որտեղից Բաքու էր տեղափոխվել 1985 թվականին՝ տեխնիկումում սովորելու նպատակով:

Մի անգամ հարևանի տանը հյուրընկալվելով՝ Խոշգեդեմը հանդիպում է նրա եղբորը՝ 22-ամյա Ռազի Բալաևին: Այդ օրվանից երիտասարդը ջանում է ամեն կերպ արժանանալ աղջկա ուշադրությանը և հավանությանը։ Մեկ տարի անց, նրանք ամուսնանում են:

«Այն, ինչ ուրիշներին սովորական ընտանեկան կյանք էր թվում, մեզ համար իսկական երջանկություն էր: Մենք իրար շատ էինք սիրում: Միասին ութ երջանիկ տարի ենք ապրել», – պատմում է Խոշգեդեմը:

Շուտով ծնվում է նրանց դուստրը՝ Այսելը:

«Ռազին աշխարհի ամենաերջանիկ հայրն էր: Իսկ երբ լրացավ մեր աղջկա երեք տարին, ծնվեց Նամիկը՝ մեր որդին»:

Մինչ այդ, ղարաբաղյան հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Իզուր էր Խոշգեդեմն աղերսում ամուսնուն չթողնել իրենց:

«Ռազին անկոտրում էր: Նա վաղուց էր ամեն ինչ որոշել: «Ես չեմ կարող հայրենիքն այս օրհասական պահին լքել», հայտարարեց նա և 1994 թվականի սկզբին որպես կամավոր մեկնեց առաջնագիծ: Մի քանի ամիս շարունակ նրան հաջողվում էր տուն գալ, երբ դադար էր լինում մարտերից հետո: Մեկ անգամ էլ եկավ 1994 թվականի վերջին: Հեռանալիս վերցրեց մեր աղջկա լուսանկարը: Կարծես հենց դրա համար էր եկել: Վերցրեց ու հեռացավ: Այդպես էլ չվերադարձավ»:

Այսելը եւ Նամիկը

Շուտով ստացան մահվան լուրը: Սակայն ընտանիքն այդպես էլ չկարողացավ կազմակերպել Ռազիի հուղարկավորությունը: 1996 թվականին նրանք պարզապես մահվան վկայականը ստացան:

Ամուսնու մահից հետո երկու երեխաների հետ մնացած Խոշգեդեմ Ալեսկերովայի կյանքը լի էր դժվարություններով:

ձախից՝ Ռազի Բալաեւ

«Ռազին շատ խիզախ էր և ապրում էր մեզնով՝ իր ընտանիքով, նա մեզ համար ամեն ինչի պատրաստ էր: Եթե ողջ լիներ, գուցե ես արդեն տան աշխատողներ ունենայի: Ես պարզապես չէի կարողանա երկրորդ անգամ ընտանիք կազմել: Երբեք չեմ զղջացել, որ ամուսնացել եմ նրա հետ: Եթե ինձ հնարավորություն տրվեր կյանքը նորից ապրել, անգամ իմանալով, որ նա թողնելու էր ինձ, նորից նրա հետ կամուսնանայի, որովհետեւ մինչև հիմա շատ եմ սիրում նրան»:

Գոնչագյուլ Գուրբանովա

«Մեր աղջիկը 25 տարեկան է, իսկ որդին՝ 26: Նրանք, ինձ նման, երբեք իրենց հոր գերեզմանը չեն այցելել: Ինձ անընդհատ թվում է, թե այնտեղ թաղվածը նա չէ: Զոհվելուց հետո մի ամբողջ տարի շարունակ երազում տեսնում էի նրան: Ասում էր՝ այդ գերեզմանում իրեն չեն թաղել»:

Գիզյեթյար Գաջիեւա

«Փոքր թոռանս Ռաֆիկի անունով եմ կոչել: Ինքս շատ ոգևորվեցի դրանով: Կարծես նրա համար ինչ-որ բան արած լինեի»:

Նրան հաճախ եմ տեսնում երազում: Երբ դժվար օրեր են լինում, նա այցելում է ինձ երազում ու հորդորում չանհանգստանալ, ասում, որ «ամեն ինչ լավ կլինի»:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում