Վրաստանի Թկիբուլի քաղաքի հանքերը շատերի մոտ դժբախտ պատահարների հետ են ասոցացվում, սակայն կին հանքափորներն իրենց աշխատանքից բնավ չեն վախենում" />

Կանայք՝ սարսափելի աշխատանք կատարելիս․ Թկիբուլիի հանքափորների պատմությունը

Վրաստանի Թկիբուլի քաղաքի հանքերը շատերի մոտ դժբախտ պատահարների հետ են ասոցացվում, սակայն կին հանքափորներն իրենց աշխատանքից բնավ չեն վախենում

Արևմտյան Վրաստանում գտնվող Թկիբուլիում 2016-2018թթ-ին Մինդելիի անվան հանքավայում 16 մարդ է զոհվել։ Վրաստանում, որտեղ, չնայած բազմաթիվ դժբախտ պատահարներին, աշխատանքային անվտանգության նորմերի պահպանման խնդիրը շարունակում է արդիական մնալ, իսկ հանքափորի մասնագիտությունը համարվում է ամենածանրերից և վտանգավորներից մեկը։ Սակայն Թկիբուլիի բնակիչների համար դա ընտանիք պահելու միակ տարբերակն է։

Մինդելիի անվան հանքում, չնայած բարդություններին և մեծ ռիսկերին, տղամարդկանց զուգահեռ նաև կանայք են աշխատում։ JAMnews-ը պատմում է, թե ինչու են կանայք որոշել հանքափորի համազգեստ կրել և ինչպես են նրանք ապրում։

Հանքափորները դուրս են գալիս Մինդելիի անվան հանքից։ Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլիի

Այլընտրանք չունեցող աշխատանք

Մակա Գոտիաշվիլին և Նատո Քեթիլաձեն աշխատում են Մինդելիի անվան հանքավայրի հանգուցային հատածում։ Այդտեղ երեք ամբարձիչ գիծ կա, որտեղ նրանք որպես մեքենավարներ են աշխատում։ Դրանք հանքափորներին իջեցնում և բարձրացնում են 250, 300 և 400 մետր։ Սակայն ոչ միայն մարդկանց, այլև բեռ՝ միանգամից 12 տոննա ածուխ։

«Այլ ելք չկար, պետք էր ընտանիք պահել, երեխաներին ոտքի կանգնեցնել։ Թկիբուլիում հանքահորերից բացի ոչինչ չկա։ Ողջ քաղաքն է դրանով ապրում», – ասում է 37-ամյա Մակա Գոտիաշվիլին, որը հանքավայրում է աշխատում արդեն յոթ տարի։

Նրա խոսքով՝ ինքն իհարկե չի երազել աշխատել Վրաստանի ամենածանր և վտանգավոր ոլորտում, սակայն ամուսնու մահը նրան ստիպել է մեքենավարի համազգեստ հագնել և հանքավայր գնալ։

Թկիբուլի՝ քաղաք, որը համակերպվել է մահվան հետ

 Ինչպես են ապրում ՄԻԱՎ-վարակակիրները Վրաստանում

Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորերում ընդհանուր առմամբ 1400 մարդ է աշխատում, նրանցից 98-ը կանայք են։ Սակայն ծանր աշխատանք են կատարում միայն Մական և Նատոն, մնացած կանայք վարչական աշխատող են։

Մակա Գոտիաշվիլի։ Լուսանկարը՝ Տեոնա Ջանելիձեի

Մական հիշում է, որ հանքում աշխատելու մասին որոշում կայացնելը դժվար չէր։ Թկիբուլիում այլ բան պարզապես չկա։

«Ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Գործս սովորել եմ, դրան չափազանց մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, և այն արդեն կյանքիս մի մասն է դարձել։ Ճիշտն ասած, նույնիսկ հանգստյան օրերին հանքավայր եմ ուզում գնալ։ Երևի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի հանդեպ սերը հենց դա է», – ասում է նա։

Եվ 50-ամյա Նատոն սկսել է հանքում աշխատել ամուսնու մահից հետո։ Ինչպես և Մական, նա Թկիբուլիում է ապրում, և պետք է ընտանիքը պահի։ Բնականաբար, այլ ընտրություն նա չի ունեցել։ Հանքում է աշխատում արդեն 12 տարի։

«Չեմ վախենում և ծանր աշխատանքից չեմ փախչում։ Այո, հանքում աշխատելը երբեք իմ կյանքի երազանքը չի եղել, սակայն այդպես է դասավորվել, այստեղ էլ մինչև վերջ աշխատելու եմ», – ասում է Նատո Քեթիլաձեն։

Անկախ Վրաստանում քարածխի արդյունահանումը վերսկսվել է 2006թ-ին։ Չորս հանքերից այսօր աշխատում են միայն երկուսը՝ Մինդելիի և Ձիձիգուրիի անվան հանքերը։ Արդյունահանման աշխատանքները համակարգում է «Սակնախշիրի» ընկերությունը, որը պատկանում է «Վրաստանի ինդուստրիալ խումբ» Ltd հոլդինգին։

Խորհրդային ժամանակների համեմատ՝ այդ երկու հանքերն աշխատում են չնչին ծանրաբեռնվածությամբ։ Սակայն նույնիսկ այսպիսի ռեժիմը շատ կարևոր է Թկիբուլիի համար, որը վրացական մյուս քաղաքների պես խեղդվում է գործազրկությունից։

Պատասխանատվություն ուրիշների կյանքի համար

Աշխատանքի դիմաց, որից կախված է ինչպես իրենց, այդպես էլ հանքափորների անվտանգությունը, Մական և Նատոն ամսական միջինում 800 լարի են ստանում։ Դա այլընտրանք չունեցող ուղի է ընտանիք կերակրելու համար։ Հանքում մեքենավարի աշխատանքն առավելագույն կենտրոնացվածություն և ուշադրություն է պահանջում։ Հանքն անփութություն չի հանդուրժում։

«Աշխատանքի ենք գալիս արդեն բացարձակ կենտրոնացված գիտակցությամբ։ Դա  մեր աշխատանքի յուրահատկությունն է», – ասում է Մական։

Հանքում աշխատանքի անցնելուց առաջ և Մական, և Նատոն լեռնաարդյունաբերության եռամսյա կուրսեր են անցել։ Այսօր նրանք իրենց գործում պրոֆեսիոնալ են, որոնց կադրերի պակասի պատճառով այնքան էլ հեշտ չէ փոխարինել։ Կանայք հանքում աշխատում են շաբաթը հինգ օր, օրական չորս ժամ։ Դրան գումարվում է տան աշխատանքը, երբ նրանք աշխատանքից տուն են գնում։

Նատո Քեթիլաձե։ Լուսանկարը՝ Տեոնա Ջանելիձեի

«Տարիների հետ, երբ փորձ ես հավաքում, իհարկե, աշխատելն ավելի հեշտ է դառնում։ Զուտ հոգեբանական պահ էլ կա, երբ գիտես, որ այդ աշխատանքը թե հանքում, թե տանը քո փոխարեն ոչ ոք չի անելու։ Երևի կզարմանաք, եթե ասեմ, որ հանքի աշխատանքը գերադասում եմ տան գործերին», – ասում է Նատոն։

Շատ տղամարդ հանքափորներ պնդում են, որ կանայք հանքավայրում ավելի մոբիլիզացված են։ Ռոբինզոն Կիրշանովը մասնագիտությամբ երաժիշտ է, սակայն թկիբուլցիներից շատերի պես նա հանքում աշխատելով է գումար վաստակում։

«Գիշերը ստիպված ենք հերթապահել։ Տղամարդիկ կարող են թուլանալ և քնով անցնել, իսկ կանայք՝ երբեք։ Կանանց վրա իրոք ամբողջությամբ կարելի է վստահ լինել», – պատմում է Ռոբինզոն Կիրշանովը։

«Ես երբեք կնոջս, երեխաներիս կամ ծանոթ կանանց խորհուրդ չեմ տալիս այսպիսի ծանր աշխատանի անցնել։ Մեղք են»։

Մական և Նատոն ասում են, որ հանքում աշխատելու վերաբերյալ որոշում կայացնելուն օգնել է նաև այն հանգամանքը, որ այնտեղ իրենցից առաջ էլ էին կանայք աշխատում։

Լամարա Բերիանիձեն Թկիբուլիի հանքերի միակ կին մարքշեյդերն է, մինչև հիմա ափսոսում է, որ 36-ամյա աշխատանքից հետո ստիպված է եղել հանգստի անցնել։

«Ազատեցին՝ նույնիսկ իմ կողմ չնայելով։ Եթե նույնիսկ ավելի պրոֆեսիոնալ աշխատակից էին գտել, կարող էին, չէ՞, մարդավարի շնորհակալություն հայտնել։ Մինչև հիմա սիրտս ցավում է», – ասում է Լամարա Բերիանիձեն։

Նա արդեն մեկ տարուց ավել է, ինչ թոշակի է անցել, սակայն կարծում է, որ հիմա հանքում կարող էր նախկինից ավելի շատ աշխատել։

Մինդելիի անվան հանքը։ Լուսանկարը՝ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Թկիբուլին վերջին տարիներին հաճախակի դարձած մահվան դեպքերի պատճառով «մահվան քաղաք» են անվանում։ Տարեցտարի քաղաքը դատարկվում է խորհրդային տարիներին այստեղ բնակչության թիվը հասնում էր 22 հազարի։ 2014 թ-ի մարդահամարի համաձայն՝ Թկիբուլիի բնակչությունը կրճատվել է մինչև 9770 մարդ։ Մեծ մասը քաղաքը լքել է ավելի լավ աշխատանք գտնելու հույսով։

Թկիբուլիի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ հանքավայրում է աշխատում։ Նրանք բոլորը միանման կերպով կապված են հանքերի հետ եթե դրանք չաշխատեն, խանութները նույնպես կփակվեն, տրանսպորտը չի աշխատի և այլն։

Սակայն վերջին տարիների ողբերգություններն ավելի ու ավելի շատ են նվազեցնում հանքափոր աշխատելու ցանկությունը։ Մարդիկ կարծում են, որ ողբերգություններն անվտանգության նորմերի խախտման հետևանք են։ Ընկերությունն անվտանգության նկատառումներով թարմացրել է տեխնիկան 2018թ-ի հունիսին՝ վերջին դեպքից մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ անվտանգության նորմերն առավելագույնս պահպանված են։

«Որևէ հատվածում պլանային պայթյուն իրականացնելիս օպերատորը վերևում հետևում է ողջ անձնակազմին, գիտի բոլորի անուն-ազգանունները, թե ով որտեղ է գտնվում, արդյոք բոլոր աշխատակիցներն են դուրս բերվել այդ հատվածից, և միայն դրանից հետո ենք պայթեցնելու հրահանգ տալիս», – պարզաբանում է «Սակնախշիրիի» գլխավոր տնօրեն Ջամբուլ Ջակելին։

Այդ նույն ժամանակ Մինդելիի անվան հանքի բոլոր հատվածներում հատուկ սենսորային տվիչներ են մոնտաժվել, որոնք գրանցում են ածխաթթու գազի մակարդակն ու թույլատրելի նորման գերազանցելու դեպքում տագնապի ազդանշան են միացնում, որից հետո գործարկվում է օդափոխությունը, և վտանգավոր հատվածն օդափոխվում է։

Ավելի ու ավելի շատ տկիբուլցի է լքում քաղաքը։ Լուսանկարը՝ Տեկլե Մորգոշիայի

Լեռնաարդյունաբերության ոլորտում աշխատողների թվի նվազեցումը հաստատում է Վրաստանի արհմիությունների միավորման փոխնախագահ Թամազ Դոլաբերիձեն։ Նա կարծում է, որ նման լեռնաարդյունաբերական ձեռնարկությունների մոտ կառուցված քաղաքները դատարկվելու վտանգի տակ են։

«Այսօր այդպիսի ծանր պայմաններում աշխատում են հիմնականում մարդիկ, ովքեր աշխատել են դեռ խորհրդային տարիներին, կամ նրանք, ում այդ աշխատանքն անել ստիպել է ծանր սոցիալական դրությունը», – ասում է Թամազ Դոլաբերիձեն։

«Այնպիսի քաղաքներն, ինչպիսիք են Թկիբուլին, Չիատուրան, որոնք կառուցվել են այսպես կոչված քաղաքաստեղծ լեռնաարդյունաբերական ձեռնարկությունների մերձակայքում, պարզապես կարող են անհետանալ։ Այդ քաղաքները հեռանկար չունեն»։

Թամազ Դոլաբերիձեն կարծում է, որ ծանր աշխատանքային պայմանները բարդանում են ոչ անվտանգ միջավայրով։ Բացի այդ, կանանց աշխատանքը հաճախ ավելի քիչ է վարձատրվում, քան տղամարադկանցը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում