Ընտանիքում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով ձերբակալված տղամարդը մահացել է մի քանի օր անց " />

Կախեթիում մահացածի ընտանիքը ողբերգության համար ոստիկանությանն է մեղադրում

Ընտանիքում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով ձերբակալված տղամարդը մահացել է մի քանի օր անց

Կաչրեթի գյուղի 55-ամյա բնակիչ Զվիադ Մտավրիշվիլին մահացել է ոստիկանության աշխատակիցների հասցրած մարմնական վնասվածքներից, պնդում են հանգուցյալի ընտանիքի անդամները։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խոսքով՝ գլխավոր դատախազությունն արդեն հետաքննություն է իրականացնում։

Ի՞նչ է տեղի ունեցել

Մահացածի ընտանիքի անդամներն ու մտերիմները լրագրողներին հաղորդել են, որ մարտի 22-ին գինովցած Մտավրիշվիլին վիճել է իր հարազատների հետ։ Նրան վախեցնելու համար հարազատները ոստիկանություն են կանչել։ Նրանց խոսքով՝ կանչով դեպքի վայր ժամանած ոստիկաններն իրենց չափազանց ագրեսիվ են պահել։ Նրանք ենթադրում են, որ իրավապահները, երբ կանչ են ստացել, հեռախոսով լսել են Մտավրիշվիլիի հայհոյանքներն իրենց հասցեին։

Ընտանիքի անդամները պատմում են, որ տղամարդը տուն է վերադարձել ծեծված։ Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատթարացել է, և մարտի 30-ին նրան հիվանդանոց են տեղափոխել։ Իսկ ապրիլի 15-ին նա մահացել է գլխուղեղում արյան զեղումից։

Մահվան վերջնական պատճառը պետք է պարզի պետական փորձաքննությունը։

Հյուսիսային Օսիայում մարդուն կտտանքների ենթարկելու և սպանելու համար ոստիկանի են դատում

Ի՞նչ են ասում իրավապահները

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի խոսքով՝ դատախազությունը հետաքննում է Զվիադ Մտավրիշվիլիի մահվան հանգամանքները։

«Այդ գործի մանրամասն հետաքննություն է ընթանում, և հանրությունը շուտով ամեն ինչի մասին կիրազեկվի», – հայտարարել է նախարարը։

Միաժամանակ, նրա կարծիքով, ոստիկանության աշխատակիցների հանդեպ ոչ մի կասկած չկա «առաջին իսկ օրվանից»։

Ոստիկանությունում հայտարարել են, որ Մտավրիշվիլին հարցաքննության է բերվել այն բանից հետո, երբ քրոջ հետ վիճելիս պառնացել է նրան փողոց շպրտել։ Ոստիկանները ձերբակալության թույլտվություն են ունեցել, նրան արգելվել էր մոտենալ քրոջն ու նրա երեխային։

Մի քանի օր անց, երբ Մտավրիշվիլին արդեն հիվանդանոցում էր, ընտանիքը հայտարարել է, որ նրա գլխում հայտնաբերված հեմատոման առաջացել է ծեծի հետևանքով, որին նա ենթարկվել է ոստիկանությունում։ ՆԳՆ-ում պնդում են, որ գլխավոր տեսչությունը ստուգումներ է անցկացրել ոստիկանության Կաչրեթիի բաժանմունքում, ուսումնասիրվել են տեսախցիկների արձանագրությունները, ոստիկանները հարցաքննվել են, Մտավրիշվիլիի հանդեպ կիրառված բռնությունը հաստատող ոչինչ չի հայտնաբերվել։

Ոստիկանության կողմից կիրառված բռնություն․ օմբուդսմենի հաշվետվությունը

Վրաստանի օմբուդսմենի հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է ապրիլի 1-ին, անցյալ տարի նվազել է այն քաղաքացիների թիվը, որոնք ոստիկանական ամենաթողության զոհ են դարձել և դիմել են ժողովրդական պաշտպանի օգնությանը։ Օմբուդսմենի գրասենյակն այդպիսի փաստերով դատախազություն է դիմել ընդամենը հինգ անգամ։ Այն դեպքում, երբ 2017թ-ին այդպիսի 10 դեպք է եղել։

Հաշվետվությունում ասվում է, որ դատախազությունը 367 գործ է հարուցել՝ կասկածյալների հանդեպ ոստիկանության ենթադրաբար անհամաչափ գործողությունների փաստերով։ Դրանց 90%-ը՝ լիզորությունների չարաշահման հոդվածով է, և միայն 10%-ը՝ կտտանքների և մարդկային արժանապատվության նվաստացման համար։

Միաժամանակ օմբուդսմենի հաշվետվությունում ընդգծվում է, որ մեղավորների բացահայտման տոկոսային ցուցանիշը ցածր է։ Հիշատակված 367 գործով պատասխանատվության է ենթարկվել միայն 12 մարդ, բոլորն էլ՝ իրավասությունների չարաշահման համեմատաբար թեթև մեղադրանքով։


Կարդալ ավելին JAMnews-ում