Այդ խոստմանը քչերն են հավատում" />

Կախա Կալաձեն պլանավորում է թբիլիսյան «խրուշչովյան» շենքերը փոխարինել ժամանակակից շենքերով

Այդ խոստմանը քչերն են հավատում

«Վրացական երազանք» իշխող կուսակցության՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն մայրաքաղաքի ընտրողներին խոստանում է այսպես կոչված «խրուշչովյան շենքերի» տեղը ժամանակակից բնակելի շենքեր կառուցել:

Տեսանյութում, որը Կալաձեն տեղադրել է Ֆեյսբուքյան իր էջում, քաղաքապետի թեկնածուն ասում է, որ պատրաստվում է նախագիծը փուլ առ փուլ իրականացնել, իսկ «խրուշչովկաների» բնակիչները նոր շենքերում բնակտարածքով կապահովվեն և փոխհատուցում կստանան.


«Թբիլիսիում «խրուշչովյան շենքերի» ժամանակը վաղուց անցել է: Անթույլատրելի է, որ մարդիկ այդպիսի շենքերում ապրեն, որոնց շահագործման ժամկետը վաղուց անցել է. դրանք ամորտիզացված են: Մեր գործունեության ուղղություններից մեկը խորհրդային գաղափարախոսությունից ազատելն է դրա ցանկացած արտահայտմամբ և այդ բնակարանները ժամանակակից հարմարավետ բնակարաններով փոխարինելը»:

«Խրուշչովյան շենքերը» նորերով փոխարինելու մասին առաջին տարին չէ, որ խոսում են և քաղաքապետները, և քաղաքապետի թեկնածուները: Թբիլիսիում մոտ 700 «խրուշչովյան շենք» կա, որոնց շահագործման ժամկետները վաղուց ավարտվել են, դրանք ամորտիզացվել են, և այդ թեման նախընտրական արշավի ժամանակ բարձրացնելը բավականին շահեկան է:

Այդ շենքերն ապամոնտաժել ու նոր բնակարանային ֆոնդ ստեղծել թբիլիսցիներին խոստացել էր նաև նախորդ քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Դրանք փուլ առ փուլ ապամոնտաժել և նոր շենքեր կառուցել պլանավորում էր նաև գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նա ասում էր, որ քաղաքապետ աշխատելու տարիներին 50 «խրուշչովյան շենքի» փոխարեն նոր ժամանակակից կորպուսներ կհայտնվեն: Սակայն այդ ամենը մնաց խոսակցությունների մակարդակի վրա:

««Խրուշչովյան» տներն անպատճառ պետք է փոխարինվեն, քանի որ նրանք իրենց դարն արդեն ապրել են: Որպես քաղաքապետ աշխատելու իմ տարիներին մի քանի տասնյակ ակդպիսի «խրուշչովյան շենքեր» անպայման կփոխարինվեն: Դա շատ լուրջ խնդիր է, սակայն առաջին փուլում մայրաքաղաքի «խրուշչովյան շենքերին», վթարային կորպուսներին և շենքերին հատուկ պլան նվիրված կլինի: Մենք տենդեր կհայտարարենք և շահագրգռված անձանց կգտնենք», – 2014թ-ի հուլիսին հայտարարում էր Թբիլիսիի քաղաքապետի այն ժամանակվա թեկնածու Դավիթ Նարմանիան մրցակիցների հետ դեբատների ժամանակ:

2014թ-ի մարտին Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին հուշագիր ստորագրեց ԱՄԷ միջազգային առևտրային-ներդրումային հոլդինգի հետ: Այդ փաստաթղթի համաձայն՝ արաբական ընկերությունը պարտավորություն էր վերցնում Թբիլիսիի «խրուշչովյան շենքերի» փոխարեն նոր կորպուսներ կառուցելու: Այն ժամանակ Շիխիաշվիլին հայտարարեց, որ արաբական ընկերությունը պատրաստ է 600մլն դոլարի ներդրում անել: Իսկ ընկերության ներկայացուցիչներն այս հարցով արշավ սկսեցին լրատվամիջոցներում. տարբեր հեռուստաալիքների եթերում նրանք պատմում էին, թե ինչպես են 5-հարկանի շենքերի փոխարեն 15-հարկանի շենքեր կառուցելու՝ ժամանակակից ենթակառուցվածքներով: Սակայն հետագայում պարզվեց, որ այդ նախագծի մասին Վրաստանի իշխանական շրջանակներում Շիխիաշվիլիից բացի ոչ ոք չգիտի: Հուշագրի ստորագրումից հետո նախագիծը թղթի վրա մնաց: Շիխիաշվիլիի նախագիծը քննադատեց «Վրացական երազանքի» ղեկավարությունն՝ այն ոչ իրական անվանելով: Օրինակ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ասում էր, որ այդ նախագծի իրականացման համար Վրաստանը տվյալ պահին ոչ ժամանակ ունի, ոչ հնարավորություն:

Քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի հայտարարություննրն ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Թբիլիսցիների մեծ մասը կարծում է, որ կրկին նախընտրական պոպուլիզմի հետ գործ ունի, իսկ իրականում երկիրը բնակֆոնդի նորացման ռեսուրս չունի, և իշխանությունները բնակչության շրջանում կեղծ սպասումներ են առաջացնում:

Ֆեյսբուքի օգտատերերը գրում են, որ իր գաղափարը Կալաձեն «գողացել է» մոսկովյան քաղաքապետից և Պուտինից: (Մոսկվայում ծայրահեղ ցավոտ էր անցնում «խրուշչովյան շենքերի» ապամոնտաժման գործընթացը – JAMnews): Շատերը կարծում են, որ Թբիլիսիի գլխավոր խնդիրը «խրուշչովյան շենքերը» չեն, այլ քաոտիկ շինարարությունը, որը փչացնում է վրացական մայրաքաղաքի տեսքը:

Ոմանք Կալաձեի հայտարարությունում «տնտեսական շահ» տեսան, քանի որ «խրուշչովյան շենքերի» տեղը նոր շենքեր կառուցելու խոստումները կարող են բարձրացնել «չրուշչովկաների» արժեքը:

  • Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կկայանան այս տարվա հոկտեմբերի վերջին կիրակի: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար Կախա Կալաձեից զատ պայքարում է նաև «Միասնական ազգային շարժման» թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին, «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան, և անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին:

  •  «Խրուշչովյան շենքը» 5-հարկանի ստանդարտ բնակելի շենք է, որը կառուցված է, որպես կանոն, աղյուսից, պատերի լայնությունը 35սմ է, առաստաղի բարձրությունը՝ 2մ 48սմ, առաջին ու վերջին հարկերում՝ 20սմ-ով ցածր: «Խրուշչովյան բնակարանը» 1 կամ 2 սենյակ ունի: Այդպիսի շենքերի ստեղծման գաղափարը պատկանում է ինժեներ Վիտալի Լագուտենկոյին, իսկ իրականացումը՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին: Առաջին «խրուշչովյան շենքը» շահագործման է հանձնվել 1958թ-ին Կիևում, իսկ վերջինը՝ 1970թ-ին Մինսկում: Փոքրաֆորմատ բնակարանների շինարարությունը շարունակվում էր 12 տարի: Այդ ընթացքում բակարանով ապահովվեց ողջ ԽՍՀՄ բնակչության 54%-ը, այդ թվում՝ Վրաստանի: Այդ շենքերի շահագործման ժամկետը 50 տարի էր սահմանված: Այսօր ժողովրդականություն չվայելող ցածր առաստաղներով բնակարաններն այն ժամանակ որոշիչ դեր խաղացին քաղաքաների ուրբանիզացիայի գործում: Յուրաքանչյուր բնակչին 8 քառ.մ տարածք էր տրամադրվում: Ճարտարապետների հաշվարկների համաձայն՝ նույն սենյակը կարող էր ցերեկն օգտագործվել որպես ճաշասենյակ կամ աշխատանքային կաբինետ, իսկ գիշերը՝ որպես ննջասենյակ:

•   «Խրուշչովյան շենքերի» շնորհիվ բնակարանով ապահովվեց ԽՍՀՄ 127մլն բնակիչ: Այդ ցածր որակի շենքերը հանգեցրին մասշտաբային ուրբանիզացիայի. 1961թ-ին առաջին անգամ ԽՍՀՄ-ում քաղաքի բնակիչների թիվը գերազանցեց գյուղի բնակիչների թիվը:


Կարդալ ավելին JAMnews-ում