Հայկական գյուղը, որտեղ բնակվում են Ադրբեջանից փախստական հայերը, այլ համայնքների համար դառնում է զարգացման մոդել" />

Կալավան. ապրելու արվեստը

Հայկական գյուղը, որտեղ բնակվում են Ադրբեջանից փախստական հայերը, այլ համայնքների համար դառնում է զարգացման մոդել

Կալավանը Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող փոքրիկ մի գյուղ է, որը նախկինում կոչվում էր Ամիրխեր ու բնակեցված էր ադրբեջանցիներով: Երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը, գյուղի բնակիչներն իրենց տները փոխանակեցին Ադրբեջանի հայերի հետ: Կալավանը հայտնի դարձավ վերջին տարիներին գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի շնորհիվ: Ղուկասյանի ու նրա համախոհների կողմից մշակված գյուղի զարգացման տասնամյա ծրագիրը զանազան բաղադրիչներ է ընդգրկում`օրգանական գյուղատնտեսությունից մինչև հնագիտական զբոսաշրջություն: Բայց ամենակարևորը, որ Ռոբերտն առաջարկում է զբոսաշրջիկներին ու տեղաբնակներին` Կալավանում կյանքը վայելելու արվեստը սովորելն է:

Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի
Կալավան գյուղ, Հայաստան 2017. Լուսանկարները՝ Գայանե Միրզոյանի

Առաջին բանը, որ իմանում ես Կալավանի մասին, այստեղ ժամանելով, վատ ճանապարհներն են: Գյուղ հասնելու համար ամենագնաց է պետք: «Time Land» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի հետ զրույցը կարելի էր հենց դրանից սկսել: Սակայն Ղուկասյանն ինքը դա խնդիր չի համարում, ավելի շուտ`ընդհակառակը:

«Մենք հաճախ սևեռվում ենք այն բանի վրա, որը չկա: Մեր ճանապարհները վատն են, խանութներ չկան և այլն: Իսկ մենք որոշեցինք, որ կամ պետք է մեր թերություններն առավելություն դարձնենք, կամ բացասական կողմերի վրա ուշադրություն չդարձնենք»,- ասում է նա: Այսպիսով, վատ ճանապարհներն արկածային զբոսաշրջության ռոմանտիկայի մաս դարձան, իսկ սովորական հարմարությունների բացակայությունը հնարավորություն ընձեռեց միախառնվել բնության իրական գեղեցկությանը: Ինչևէ, էկոլոգիան ծովի մակարդակից 1600 մ. բարձրության վրա գտնվող գյուղի միակ հարստությունը չէ: Քարեդարյան կայանատեղիներն ու հուշարձանները, քարանձավներն ու հնագիտական այլ տեսարժան վայրերն այս գյուղը գրավիչ են դարձնում թե’ մասնագետների, թե’ պեղումների սիրահարների համար:

Հնագիտությունը վաղուց է հետաքրքրում Ռոբերտին: Կենդանաբանության հետ մեկտեղ, նա ուսումնասիրել է այն գրեթե ինքնուրույն` ինքնուսուցման միջոցով, միջազգային բազմաթիվ հնագիտական գիտարշավների է մասնակցել: Սակայն նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ինքը կարող է ինչ-որ կերպ նպաստել իր գյուղի զարգացմանը: 2013թ. Ռոբերտն իր ընկերների հետ ստեղծում է «Time Land» հիմնադրամը, ու արդեն 3 տարի անց նրա ջանքերն առաջին արդյունքներն են տալիս: 2016թ. ընթացքում 2500 զբոսաշրջիկ է այցելել գյուղ, նրանցից շատերը սեփական վրաններով էին գալիս: Հյուրերի աշխարհագրությունը չափազանց բազմազան է` Չիլիից մինչև Իսրայել, մինչդեռ, Ղուկասյանի խոսքով, նրա կազմակերպությունը մինչ օրս առանձնապես ջանքեր չի գործադրել զբոսաշրջիկների գրավման ուղղությամբ:

2016թ. սեպտեմբերին Ռոբերտը` որպես հիմնական զեկուցողներից մեկը, Կալավանի զարգացման ծրագիրը ներկայացրել է Ալյասկայում կազմակերպված Արկածային զբոսաշրջության համաշխարհային գագաթնաժողովին: Հանդիպմանը մասնակցում էր մոտ 800 պատվիրակություն 80 երկրներից: Այդ հեռավոր ճամփորդությանը մասնակցելու համար ընտանիքը ստիպված էր վաճառել իր անասուններին, սակայն միջոցառումը Ռոբերտին նոր փորձ ու նոր ծանոթություններ ձեռք բերելու հնարավորություն տվեց:

Ռոբերտի մտահղացմամբ, Կալավանը կարող է էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ապահովել, ինչպես նաև զբոսաշրջային տարբեր ուղղություններ զարգացնել` արկածային զբոսաշրջություն, էկոտուրիզմ, նաև հնագիտական ճամփորդություններ: Կալավանում կան Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրության համար բոլոր հնարավորությունները: Այստեղ կարելի է նաև փորձել ապրել հնադարյան մարդու կենսակերպով. քարանձավում կրակ ստանալ, խրճիթ սարքել նույն կառուցվածքով, որն օգտագործում էին այս վայրերում բնակվող մեր նախնիները:

Այնուամենայնիվ, այս ուղղությունը զարգացնելու համար գյուղաբնակներին պետք է աջակցել հյուրատների կահավորման հարցում: Այդ նպատակով հիմնադրամն այժմ մի փոքր դադար է տվել. զբոսաշրջիկներին այստեղ սպասում են արդեն 2018թ.:

«Մարդիկ պետք է հետ չմնան համայնքի զարգացման գործից: Մեզ մոտ դեռևս այդպես չէ: Այսօր մենք կարող ենք 9 հյուրատներում ընդամենը 17 մարդ տեղավորել, մինչդեռ պահանջարկը 60 է »,- խոստովանում է Ռոբերտը:

Սկսեցին մրցունակ առավելություներ փնտրել նաև գյուղի բնակիչների շրջանում, չէ՞ որ մարդկային ռեսուրսները ոչ միայն աշխատանքային փորձին ու կրթությանն են վերաբերում, այլև թաքնված տաղանդներին, կարծում է Ռոբերտը:

«Երբեմն գյուղացուն թվում է, որ եթե ինքը համալսարանում չի սովորել, ապա օգտակար լինել չի կարող: Սկզբում մենք հենց իրենց ապացուցեցինք, որ այն, ինչ նրանք գիտեն` կարևոր է: Իսկ հետո սկսեցինք նրանցից յուրաքանչյուրի մեջ եզակի առավելություն փնտրել: Օրինակ, մեկը գիտի տեղի անտառներում աճող բոլոր բուսատեսակները, մյուսը թռչուններին ճանաչում է նրանց երգով, և այլն»,- բացատրում է Ռոբերտը:

Սամվել Եսայանցը որոշակի տաղանդ ունի: Հին, կոլորիտային «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով նա զբոսաշրջիկների հետ շրջում է Կալավանի կիսաքանդ ճանապարհներով: Ասում է, որ թեև ռուսերենից բացի այլ օտար լեզու չգիտի, միշտ կարողանում է ընդհանուր լեզու գտնել զբոսաշրջիկների հետ:

«Դպրոցում անգլերեն եմ անցել, բայց, ճիշտն ասած, չեմ խոսում այդ լեզվով: Զբոսաշրջիկների հետ ինչ-որ կերպ հաղորդակցվում ենք: Հիմա նրանք շատ են, ու մեր գյուղացիներից շատերն ուզում են սեփական հյուրատունը կառուցել»,- ասում է Սամվելը:

Ռոբերտի կինը` Աստղիկը, զբաղվում է անտառային խոհանոցի կազմակերպմամբ: Նման գաղափար ծագեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ տեղի կանայք շատ լավ գիտեն անտառային բույսերի, հատապտուղների ու մրգերի տեսակները: Անտառի բարիքներով այստեղ մոտ 120 տեսակի ուտեստ են պատրաստում, որոնցից յուրաքանչյուրն իր եզակի պատմությունն ունի:

«Մենք ուսումնասիրել ենք հին բաղադրատոմսերը, խոսել տատիկների հետ մոռացված բուսատեսակների մասին, որոնցից նախկինում սնունդ էին պատրաստում: Դա շատ կարևոր է ոչ միայն առողջ սննդակարգի տեսանկյունից, այլև հին բաղադրատոմսերի պահպանման առումով»,- ասում է Աստղիկ Ղուկասյանը: Անտառային խոհանոցը լրացուցիչ աշխատատեղեր կապահովի խոհարարների, մատուցողների ու բույսերի հավաքմամբ զբաղվող մարդկանց համար:

Ոչ շատ վաղ անցյալում Կալավան գյուղն ադրբեջանցիներով էր բնակեցված ու կոչվում էր Ամիրխեր: Այս վայրերում մահմեդականները սկսեցին բնակություն հաստատել 19-րդ դարի սկզբում: Խորհրդային տարիներին գյուղն ուներ 700 բնակիչ: 1980-ական թթ. վերջում, երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտություն սկսվեց, ադրբեջանցիները փոխանակեցին իրենց տները Շամխորից (Շամկիրա), Կիրովաբադից (Գյանջա), Սումգայիթից, Բարսում գյուղից եկած փախստականների հետ: Այսօր Կալավանի բնակչությունը 113 մարդ (26 ընտանիք) է կազմում, մեծամասնությունը փախստականներ են: Մոտ 8 ընտանիք վերջերս է այստեղ տեղափոխվել:

Ռոբերտն ու իր ընտանիքը փախստականներ են Սումգայիթից:  Նրա ծնողներն այս քաղաք են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից` աշխատանք գտնելու նպատակով: Ժամանակի ընթացքում կյանքը կարգավորվել է, այստեղ էլ ծնվել է Ռոբերտը: Մի քանի տարի սպասելուց հետո Ղուկասյանների ընտանիքը սեփական բնակարան ստացավ, որտեղ ընտանիքն ընդամենը երկու ամիս հասցրեց ապրել:

Սումգայիթյան ջարդերի ժամանակ Ռոբերտն 8 տարեկան էր: Մանկության կցկտուր հիշողություններից է առաջին դպրոցը, հայկական գերեզմանոցի ոչնչացումը, նաև ադրբեջանցի հարևանուհին, ով սեփական կյանքը վտանգելով` իր տանն էր թաքցնում հայ ընտանիքին:

«Ես չեմ ատում ադրբեջանցիներին, բոլորս էլ մարդիկ ենք, սա քաղաքական խնդիր է: Մեզ ադրբեջանցի հարևաններն են փրկել: Կարծում եմ` այլ հանգամանքներում մենք լավ հարևաններ կլինեինք»,- ասում է Ռոբերտը:

Կալավանի տունն ընտրել են գրեթե առանց տեսնելու, այնտեղ առանձնապես մեծ չէր ընտրությունը: Երբ ընտանիքը ժամանակավորապես Սումգայիթից Բաքու տեղափոխվեց, Ռոբերտի հայրը Սումգայիթի տունը փոխանակեց մի գյուղի տան հետ, որը երբեք չէր տեսել: Ընտանիքի համար ամենակարևորը Հայաստանում տուն ունենալն էր, որտեղ իրենց ապահով կզգան:

Ղուկասյանները Կալավան տեղափոխվեցին մեկ տարի անց` 1989թ.: Ու նորից պետք էր հարմարվել նոր պայմաններին: Երկու տարի շարունակ գյուղի երեխաները ոտքով գնում էին հարևան գյուղում`Կալավանից 7-8 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցը:

Տեսնելով ուսուցիչների պակասը` ծնողները Կալավանում դպրոց կազմակերպեցին: Ռոբերտի մայրը` Յուլյա Ղուկասյանը, արդեն 30 տարի  աշխարհագրություն է դասավանդում դպրոցում: Այս մասնագիտությամբ բարձրագույն կրթությունը նա ստացել է արդեն Հայաստանում, բազմաթիվ այլ ուսուցիչների նման: Այսօր դպրոցում 17 երեխա է սովորում: Ռոբերտը հպարտանում է իր դպրոցով ու համարում, որ իր հիմնական կրթությունը հենց այստեղ է ստացել: «8-10-րդ դասարաններում ես միակ աշակերտն էի, և ուսուցիչների ամբողջ ուշադրությունն ինձ էր ուղղված»,- պատմում է նա:

Կալավանի առաջին հաջողություններն արդեն ուշադրություն են գրավում: Գեղարքունիքի մարզպետը, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն աջակցելու ցանկություն են հայտնել: Ռոբերտը ողջունում է բոլորին, բացի այն ներդրողներից, ովքեր այս նախագիծն ընդամենը առևտրային շահի տեսանկյունից են դիտարկում:

«Գյուղը մերժում է բոլոր այն ներդրողներին, ովքեր այստեղ սեփական բիզնեսն են պատրաստվում զարգացնել` առանց գյուղաբնակների շահերը հաշվի առնելու: Սա մեր համայնքն է, մենք երազանք ունենք ու զարգացման 10-ամյա ծրագիր ենք մշակել, որն ամբողջ գյուղի համաչափ զարգացում է ենթադրում»,- ասում է Ռոբերտը:

Արթուր Գրիգորյանն այն մարդկանցից մեկն է, ում Ռոբերտը վարակել է իր գաղափարով ու կյանքի հանդեպ վերաբերմունքով: Մասնագիտությամբ իրավաբան, նախկինում` էկո-ակտիվիստ Արթուրն այստեղ տուն է գնել ու գրանցվել գյուղում: Նա զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ, հետաքրքրվում է նաև էկոզբոսաշրջությամբ:

«Զարգացման այսպիսի մոդելի շնորհիվ գյուղացիները ոչ թե ուրիշի ձեռնարկությունում են աշխատում, այլ ինքներն են գործարար դառնում ու զարգացնում սեփական գործը»,-ասում է Արթուրը:

Կալավանի պատմությունն ուսումնասիրում են համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունները` փորձելով կիրառել այս մոդելը Հայաստանի գյուղական այլ համայնքներում: Մինչդեռ, Ռոբերտի կարծիքով, հաջողության գաղտնիքը պարզ է. «Մենք ուղղակի ապրում ենք, հաճույք ստանում կյանքից, ու դա վարակիչ է դառնում»:

Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպությանԼեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմումԱյնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմիոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն էՆախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն էև’ սեփականհասարակության մեջև’ հակամարտության հակառակ կողմումընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերությունհանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողներըդրանք պարտադիր չէոր արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունըՄեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններինորոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում