Այժմ նա չի կարող ստանալ Եվրադատարանի նշանակած փոխհատուցումը" />

Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բանկային հաշվի վրա

Այժմ նա չի կարող ստանալ Եվրադատարանի նշանակած փոխհատուցումը

Լրագրող Խադիջա Իսմայիլը չի կարողանում ստանալ Ադրբեջանի կառավարությունից իրեն հասանելիք փոխհատուցումը, քանի որ հարկերի նախարարությունը կալանք է դրել նրա բանկային հաշվի վրա։ Լրագրողի փաստաբանն ասում է, որ Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցման ստացման բոլոր խոչընդոտներն ապօրինի են։ Հարկերի նախարարությունն ու Կենտրոնական բանկը մեկնաբանություններ չեն անում, գրում է Բի-Բի-Սին։

Ո՞վ է Խադիջա Իսմայիլը

Խադիջա Իսմայիլն ադրբեջանցի լրագրող է, որը հայտնի է իր աղմկահարույց հետաքննություններով և իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությամբ։

2015թ-ին նրան դատապարտեցին 7.5 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու, հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքը չարաշահելու համար։ 2016թ-ին ազատազրկումը փոխարինեցին պայմանական պատժով։

Մինչ Խադիջա Իսմայիլը բանտում էր, միջազգային կազմակերպությունները պահանջում էին նրան ազատ արձակել՝ համարելով, որ նրա կալանքը քաղաքական ենթատեքստ ունի։

• Մարդու իրավունքները Կովկասում․ Amnesty International-ի եզրակացությունները

• Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակների պատմությունը

Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը

Դեռևս 2013թ-ի հունվարին Խադիջա Իսմայիլը ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ և տուգանվել։ Նա հրաժարվել էր վճարել, այդ ժամանակ նրան դատապարտել էին հանրային աշխատանքների։ 2017 թ-ի ապրիլին Եվրոպական դատարանը դա ճանաչել էր որպես խախտում և Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել Իսմայիլին 6 հազար եվրո վճարել որպես փոխհատուցում և 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Ինչո՞ւ է կալանք դրվել հաշվի վրա

Խադիջա Իսմայիլի փաստաբան Ֆարիզ Նամազլին կարծում է, որ հաշվի վրա կալանք կարող էր դրվել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Սակայն նույնիսկ դա չպետք է խոչընդոտ դառնա փոխհատուցման վճարման համար։

Նամազլին մտադիր է դիմել Եվրախորհրդի նախարարների կոմիտե։

Խադիջա Իսմայիլի խոսքով՝ հաշվի վրա կալանք է դրվել դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 11-ին այդ նույն հաշվին փոխանցվել է փոխհատուցման գումարը (մոտ 7 հազար դոլար)։

«Ստացվում է, որ ազգային բանկը, խախտելով գաղտնիությունն, իմ հաշվի մասին տեղեկություններ է տրամադրել հարկերի նախարարությա՞նը։ Թե՞ դրա հեղինակը նախագահի աշխատակազմն է», – ասում է լրագրողը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում