Ականատեսի պատմությունն այն մասին, թե ինչի միջով պետք է անցնի ռուս լրագրողը, որը ցանկանում է աշխատել թեժ կետերում" />

Ծեծ ու ծաղր․ թե ինչպես են Ռուսաստանում լրագրողներ պատրաստում

Ականատեսի պատմությունն այն մասին, թե ինչի միջով պետք է անցնի ռուս լրագրողը, որը ցանկանում է աշխատել թեժ կետերում

Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ լրագրողներն իրավունք չունեն աշխատելու հակամարտությունների գոտիներում, եթե հատուկ դիպլոմ չեն ստացել։ «Մեդիազոնան» հրապարակել է ռուս լրագրող Սվյատ Պավլովի պատմությունն այն մասին, թե ինչպես է նա մասնակցել այդ աշխատանքի համար լրագրողների պատրաստման դասընթացներին։

«Բաստիոն» անվամբ դասընթացները տեղակայված են Ղրիմում։

«Առաջին երկու օրն ամբողջությամբ դասախոսություններ էին։ Հիմնական միտքն այն էր, որ լրագրողը ոչ մի բան է, նա ոչինչ չի կարող և ոչինչ չգիտի, և նա ամեն ինչ պետք է համաձայնեցնի զինվորականների հետ»։

• Կարծիք․ Երկու հայրենիք` ի՞նչ տարբերություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

• Թե ինչպես են գերմարդ ստեղծել․ Աբխազիայի կապիկների բուծարանի լեգենդներն ու կյանքը

Այնուհետև սկսվեցին գործնական դասերը։

«Դասընթացների ժամանակ ներս են վազում ծովային հետևակայինները, որոնք ձևացնում են, թե ահաբեկիչներ են, սկսում են բոլորին դեմքով դեպի հատակը պառկեցնել և ծեծել։ Ես պատուհանից դուրս թռա և վազեցի զորամասի տարածքով։ Ինձ բռնեցին և հետ տարան»։

Այդ ողջ ընթացքում, հիշում է Պավլովը, պայմանական ահաբեկիչները կրակել են պատանդների գլխավերևում աչ մարտական փամփուշտներով։

«Այնքան էլ հաճելի չէ, երբ կողքդ կրակահերթ է, իսկ գլխիդ՝ պարկ, շունչդ կտրվում է, և միաժամանակ քեզ ոտքերով հարվածում են»։

Այնուհետև բռնված լրագրողներին պարկերը գլխներին տարել են պոլիգոն։

«Այդտեղ արդեն իսկական կտտանքներ էին․ մեզ նստեցրին ավտոբուս, այնտեղ ծեծում էին, բոլորը շնչահեղձ էին լինում այդ պարկերում։ Բացի այդ, երբեմն դրանցով էլ պարբերաբար խեղդում էին։ Գոռում, սպառնում, որ ձեր վերջը եկել է, մենք ձեզ կսպանենք․․․»

Պոլիգոնում, ասում է Սվյատ Պավլովը, բռնվածներին ստիպել են սողալ՝ պարկերը գլխներին․ «ծնկների, արմունկերի վրա, չորեքթաթ, ամեն կերպ, և միաժամանակ անընդհատ ոտքերով հարվածում էին, մեզ վրա ոչխարի արյուն լցնում»։

Պատանդներին բուժօգնություն չի ցուցաբերվել․

«Այնտեղ մի աղջկա ականջը պատռվեց, քանի որ ականջօղ ուներ․ պոկեցին ականջօղն ու վերջ, ականջը պատռվեց։ Մյուս աղջկան հիսթերիայի նոպայով շտապօգնությամբ տարան։ Ինչ-որ մի տղայի կողոսկրերը կոտրեցին, իմ մարմինն ու դեմքը ծեծված էր։ Տուժածները շատ էին։

Գործընկերս գնաց զինվորական հիվանդանոց, սակայն նրան այնտեղ ասացին․ «Քեզ ծեծել են պրոֆեսիոնալներ, քեզ մոտ ամեն ինչ պետք է լավ լինի»։

Լրագրողը որոշել է չսպասել «ուսման» ավարտին և լքել է «Բաստիոնի» դասընթացները։

Մոսկվայում Սվյատ Պավլովը դիմել է բժիշկների, որոնք նրա մոտ բազում քերծվածքներ և վնասվածքներ են գրանցել կրծքավանդակի, ձեռքերի, ոտքերի և դեմքի վրա, գլխի փափուկ հյուսվածքների վնասվածք և ուղեղի ցնցում։

Դրանից հետո նա դիմել է քննչական մարմիններ և հետաքննություն պահանջել։


Կարդալ ավելին JAMnews-ում