Հետո նրանք ասում էին, որ կինը ուզում էր «հարձակում» գործել քաղաքապետի վրա" />

Ծեծկռտուկ Երևանի քաղաքապետարանում. տղամարդիկ հարվածել են ավագանու ընդդիմադիր խմբակցության կին անդամին

Հետո նրանք ասում էին, որ կինը ուզում էր «հարձակում» գործել քաղաքապետի վրա

Երևանի քաղաքապետարանում այսօր ծեծկռտուք է սկսվել: Ավագանու նիստի ժամանակ ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» և իշխանական Հանրապետական կուսակցության անդամները միմյանց հարվածել ու քաշքշել են։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր ի դեպ կանայք են, փորձել են, իրենց մեկնաբանությամբ, յուրօրինակ ակցիա անցկացնել քաղաքապետարանի նիստի ընթացքում:

Կանայք ցանկացել են քաղաքային իշխանություններին ներկյացնել Երևանի համայնքներից մեկում՝ Նուբարաշենում, տիրող վիճակը, որտեղ բնակիչները կոյուղու խնդիր ունեն: Այդ ջրերը դուրս են թափվել խողովակներից, և այդ պատճառով տևական ժամանակ է, ինչ այդ գարշահոտությունը լցվում է բնակիչների տները:

Օրերս նուբարաշենցիները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով քաղաքային իշխանություններին վերջապես լուծել այս հարցը:

Խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար ավագանու ընդդիմադիր անդամները այդ նույն կոյուղու ջրով լի տարրան բերել են քաղաքապետարանի դահլիճ, հագել դիմակ՝ ցույց տալու համար, որ հեղուկը շատ վատ հոտ է արձակում: Նրանցից մեկը փորձել է մոտենալ քաղաքապետին, որպեսզի  Տարոն Մարգարյանը տեղեկանա, թե ինչ են շնչում Նուբարաշենի բնակիչները:

Բայց ավագանու իշխանական թևի անդամները արգելել են մոտենալ քաղաքապետին: Տղամարդիկ քաշել են կնոջ մազերից, նրան հրել դուրս, ապտակներ հասցրել, խփել բռունքցքներով, վիրավորել: Գրեթե նույն կերպ են վարվել «Երկիր Ծիրանի» կուսակցության մյուս կանանց հետ, ովքեր փորձել են պաշտպանել իրենց գործընկերուհուն:

Ավելի ուշ ավագանու իշխանական թևի տղամարդկանց կողմից ցուցաբերված վարքը փորձել են արդարացրել իշխանական թևի կին անդամները: Նրանցից մեկը հայտարարել է, թե քաղաքապետարան բերված այդ նյութն ամենևին կոյուղաջուր չի եղել, ուստի իրենք կանխել են Տարոն Մարգարյանի վրա «հարձակումը»:

«Ոչ թե կոյուղաջուր էր, այլ պարունակում էր H2S, որը թթու էր: Եթե կեղտաջուր լիներ, մենք շնչառական խնդիրներ չէինք ունենա: Մեր գործընկերուհիներից սրտխփոց ունեցան, մեր ավագանիներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում, որովհետև սրտի խնդիր ունեցավ: Այսինքն, սա ահաբեկչություն էր երևանցու նկատմամբ, որը վտանգավոր էր կյանքին ու առողջությանը»,- ասել է Հանրապետական կուսակցության անդամ Հասմիկ Սարգսյանը:

Սակայն «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները շարունակում են պնդել, որ տարրայի հեղուկը Նուբարաշենի կոյուղաջուրն էր:

«Թանկարժեք օծանելիքի բուրմունքը չէ, որ պիտի ձեզ միայն ուղեկցի, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ մեր պետականությունն եք գցել: Այդ գարշահոտությունն այլևս ուղեկցելու է ձեզ բոլոր այն վայրերում, որտեղ դուք գտնվելու եք, նույնիսկ թանկարժեք օծանելիքն ու կոնյակը ձեզ չեն օգնելու:

Դուք մի պահ այդ հոտը զգացիք, ու իրարանցում տեղի ունեցավ, հարձակվեցիք ավագանու մեր անդամի վրա, վախեցաք, որ գարշահոտությունից խեղդվելո՞ւ եք: Ասեմ, որ գարշահոտությունից չեն խեղդվում, բայց պետք է թունավորվեք: Ձեր տեղը Նուբարաշենի արտաթորանքում է»,– ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Վեճից հետո նիստը որոշ ժամանակով ընդմիջվել: Միջադեպի մանրամասները պարզելու համար ժամանել է ոստիկանությունը, որը զրուցել է կողմերի հետ:

Քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ով, ինչպես երևում է տեսանյութում, դուրս է տանում կնոջը դահլիճից, հայտարարել է, որ բռնություն չի կիրառվել: Նրա խոսքով, ավագանու անդամները տհաճ հոտից սրտխառնոց ունեն, և ինքը «խնդրել է, օգնել է, որ Մարինա Խաչատրյանը դուրս գա դահլիճից»:

Եվ մի շեշտադրում առանձին տողով. միջադեպի ժամանակ խախտվել են նաև ավագանու նիստը լուսաբանող լրագրողների իրավունքները: Նրանց հորդորել են լքել դահլիճը, երբ ծեծկռտուք է սկսվել: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը։


Կարդալ ավելին JAMnews-ում