«Երբ դեռ մեկ տարի էր տեղափոխվել էինք, շոկի մեջ էի` Եվրոպայի հետ համեմատած, Հայաստանում ամեն ինչ խիստ տարբեր է», - ասում է Սառան՝ արդեն հյուրատան և քեմփինգի տիրուհին" />

Հոլանդացիները՝ հաջողակ գործարարներ Հայաստանում

«Երբ դեռ մեկ տարի էր տեղափոխվել էինք, շոկի մեջ էի` Եվրոպայի հետ համեմատած, Հայաստանում ամեն ինչ խիստ տարբեր է», - ասում է Սառան՝ արդեն հյուրատան և քեմփինգի տիրուհին

Ս անդրա Քոմանդոն և նրա ամուսինը՝ Մարթի Փիթերսը, Հոլանդիայից տեղափոխվեցին Հայաստան ութ տարի առաջ: Նրանք հրավիրել էին աշխատելու հոլանդական «Կանաչ տուն» ընկերությունում: Սանդրան և Մարթին եկել էին հոլանդական վարդերի մշակությունը տեղացիներին սովորեցնելու: Եվ ամուսինները չէին էլ պատկերացնում, որ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո կմնան Հայաստանում։

«Երբևէ չէի լսել, որ Հայաստանի նման երկիր գոյություն ունի, բայց կարճ ժամանակահատվածում  հարազատ դարձավ: Սիրում եմ այստեղի մարդկանց։ Իհարկե սկզբում, երբ դեռ մեկ տարի էր տեղափոխվել էինք, շոկի մեջ էի՝ Եվրոպայի հետ համեմատած, Հայաստանում ամեն ինչ խիստ տարբեր է:

Սկզբում պայմանագիրը մեկ տարով էր, հետո երկարաձգեցինք ևս երեք տարով։ Ամուսինս պրոֆեսիոնալ ջերմոցային մասնագետ է, իսկ ես մասնագիտությամբ մանկավարժ եմ: Բայց քանի որ իմ ծնողները նույնպես ջերմոցային տնտեսության մասնագետներ են, մանկուց ծանթ եմ գործին»,– պատմում է Սանդրան։

Երբ դեռ նոր էին տեղափոխվել, ամուսինները ապրում էին Գողթ գյուղի հայ ընտանիքներից մեկի տանը։

«Նրանք բացի հայերենից, մեկ էլ ռուսերեն էին խոսում։ Սկզբում մտածում էի սովորել ռուսերեն, բայց քանի որ ջերմատանը ավելի երիտասարդ կանայք ու աղջիկներ էին, ովքեր ծնվել էին հետխորհրդային շրջանում ու հայերեն էին խոսում, նախընտրեցի հայերենը: Դա ինձ համար իհարկե դժվար էր, բայց հաղթահարեցի։

Աղջիկներն էլ ինձ սովորեցրին հայերենը։ Փոքր երեխայի նման էի, որ նոր սկսում է լեզու սովորել, բոլորովին օտար՝ հայերենում ոչ մի ծանոթ բառ ինձ համար չկար։ Մեկ տարում հասցրեցի սովորել: Լավ չէ՞։ Առաջին բառերս էին. «բարև», «լավ չի, լավ չի», «դու ինձ հասկացար, չէ՞»,– հոլանդերենի առոգանությամբ, բայց հայերենով ասում է Սանդրան։

 

Ե րեք տարին այն ժամանակահատվածն էր, որի ընթացքում հոլանդացի ամուսինները կապվելու էին Գողթ գյուղին, սիրելու ու սիրվելու էին համագյուղացիների կողմից: Աշխատանքային պայմանագրի ավարտից հետո, Մարթին գյուղում տուն գնեց, որտեղ արդեն 15 տարի որևէ մեկը չէր ապրել, ու սկսեց վերանորոգման աշխատանքները։

«Միայն մեր տան դիմացի տեսարանը բավական է, այստեղ ընդմիշտ մնալու համար: Հեքիաթ է։ Վերանորոգումից հետո որոշեցինք հյուրատուն կառուցել ընկերների և նրանց ընտանիքների համար: Մտանք մի գործի մեջ, որով նախկինում երբևէ չէինք զբաղվել։

Իհարկե սա շատ համարձակ քայլ էր մեր կողմից` նոր գործ, բիզնես ռիսկեր, ներդրումներ մի երկրում, որն այնքան էլ լավ չես ճանաչում, բայց միևնույն ժամանակ չես ուզում հեռանալ այնտեղից: Մտածեցինք. եթե աշխատեց՝ շատ լավ, իսկ եթե ոչ, ապա մեր ընկերներն ու նրանց ընտանիքները  քաղաքից դուրս այցելելու հետաքրքիր տեղ կունենան»,– բացատրում է Սանդրան:

 

Տ ունը Գողթի բարձրադիր հատվածում է, որտեղից տեսարան է բացվում դեպի Գեղամա լեռնաշղթան և Խոսրովի անտառը։ Գողթը գտնվում է Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա՝ Գեղարդի ու Գառնիի հարևանությամբ։ Գողթով է անցնում դեպի Աժդահակ լեռը տանող ճանապարհը: Իսկ 3500 մետրից բարձր գագաթ ունեցող Աժդահակն այսօր երկրում լեռնային տուրերի և քայլարշավների թվում ամենապահանջվածներից է:

Պատմություն այն մասին, թե ինչպես բուրերը տեղափոխվեցին Հարավային Աֆրիկայից Վրաստան

Այս ամենը հաշվի առնելով, հոլանդացի ամուսինները 2014 թվականին կառուցում են «3G» հյուրատունը:

«Տան առաջին հարկում մենք ենք ապրում, երկրորդ հարկում՝ հյուրերի սենյակներն են, B&B է [Bed and breakfast՝ հյուրանոցներ, որոնք գիշերակաց և նախաճաշ են առաջարկում – JAMnews]։ Չորս տարի է աշխատում ենք ընդամենը չորս սենյակներով հյուրերի համար, որոնք ընդհանուր առմամբ կարող են ընդունել ութ հոգու։ Սենյակները չենք ավելացրել, բայց հիմա ունենք նաև քեմփինգ՝ վրանով հանգստանալու սիրահարների համար։

Մինչև քեմփինգը, մեզ մոզ անընդհատ գալիս էին զբոսաշրջիկներ հեծանիվներով, մոտոցիկլերով, մեքենաներով, խնդրում բակում կայանել մեկ գիշեր, կամ օգտվել սանհանգույցից։ Արդյունքում գնեցինք տան հարևանությամբ հողատարածք ու սկսեցինք քեմփինգի ուղղությամբ աշխատել»,– ասում է Սանդրան։

Քեմփինգը Հայաստանում նոր զարգացող տուրիզմի տեսակ է։ Բայց Սանդրան ասում է, որ զբոսաշրջիկների պակաս չի նկատվում՝ Գերմանիայից, Իտալիայից, Չեխիայից, Հոլանդիայից, Շվեդիայից, Ռուսաստանից:

«Չորս տարի առաջ ընդունել ենք 170 հոգու, 2017-ին արդեն 500-ից ավելի։ Գերմանիայից են հատկապես շատ հյուրեր գալիս, նրանք սիրում են ճանապարհորդել նոր, անծանոթ երկրներով։ Եթե, օրինակ, հոլանդացիները սկզբից հարցնում են, որտե՞ղ է Հայաստանը, ապա գերմանացիները, միանգամից ասում են, որ իրենք չգիտեն այդ երկրի մասին, բայց  հաստատ ուզում են լինել այնտեղ։

Կան մարդրիկ, որ նորից են վերադառնում։ Այստեղ թողնում են իրերը ու գնում լեռնամագլցման`Աժդահակ, Կաքավաբերդ, Ամենափրկիչ: Ես շատ եմ մագլցել այս լեռները, ու լավ գիտեմ այդ տեղերը։ Երբ դեռ աշխատում էինք ջերմոցում, մեր ազատ օրերին լեռներն էինք բարձրանում»,– պատմում է  Սանդրան, հյուրասիրելով իր ձեռքով պատրաստած բալի հյութով։

 

Վ իճակագրական կոմիտեի տվյալներով, 2019 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկ:  2018 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,2%-ով:

Սանդրան հաստատում է զբոսաշրջիկների թվի աճը, սական կարծում է, որ ոլորտի զարգացմանը երեք հանգամանք է խանգարում. վատ ճանապարհները, ենթակառուցվածքների պակասը, ավիատոմսերի բարձր գինը։

«Եթե մենք նայում ենք քեմփինգի զարգացմանը Հայաստանում, մարդիկ գալիս են մեքենաներով, մինչդեռ ճանապարհները շատ վատն են։ Շատերն էլ Հայաստան են գալիս Վրաստանով, քանի որ դեպի Վրաստան եվրոպական երկրներից  հասնում են անգամ մինչև 25 եվրո արժողությամբ ինքնաթիռի տոմսերով, օրինակ, Լեհաստանից, և հետո գնացքով գալիս են Երևան։ Իսկ ուղիղ Հայաստան հասնելու համար շատ ավելի մեծ գումար է անհրաժեշտ»։

Սանդրան պատմում է, որ գարնանը՝ Թավշյա հեղափոխության օրերին, փակ ճանապարհների պատճառով շատերը չեն կարողացել հասնել Գողթ: Բայց հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվն աճել է, քանի որ շատերը ուզեցել են տեսնել հեղափոխություն ապրած երկիրը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ևս տեղեկացնում են, որ նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճ է նկատվել: Սպասվում է, որ աշնանային շրջանում այցելությունների թիվը էլի կմեծանա։ Վերջին շրջանում զարգացում է ապրում գաստրոտուրիզմը, էթնոտուրիզմը և էկոտուրիզմը։

Սանդրան և նրա ամուսինն ամեն տարի երկու շաբաթով մեկնում են Հոլանդիա: Հայաստան վերադառնում են կարոտած՝ չնայած Հայաստանի խնդիրներին, տուրիզմի ոլորտի բացթողումներին, իրենց համար նոր բիզնեսի դժվարություններին:

«Սիրում ենք Գողթը: Հայաստանը մերն է, այդպես ենք զգում։ Երբ գնում ենք Հոլանդիա, ուզում ենք վերադառնալ հետ`մեր տուն: Ես ապրել ու աշխատել եմ շատ երկրներում, բայց միշտ ցանկացել եմ վերադառնալ Հոլանդիա, հասկացել եմ, որ իմը չէ: Բայց Հայաստանի նկատմամբ՝ ուրիշ  զգացողություն է»,– ասում է Սանդրան։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում