Այս տարի լրանում է ԽՍՀՄ փլուզման 25-րդ տարին: Պատմություն այն մասին, թե ով ստեղծեց այդ երկիրը, և ով լուծարեց" />

ԽՍՀՄ. լեգիտիմ ավարտ

Այս տարի լրանում է ԽՍՀՄ փլուզման 25-րդ տարին: Պատմություն այն մասին, թե ով ստեղծեց այդ երկիրը, և ով լուծարեց

ուսանկարը՝ Գեորգի Ցագարելի

2016թ. դեկտեմբերի 25-ին հետխորհրդային տարածությունում և Հարավ-Արևելյան Եվրոպայում շատերը կհիշեն ԽՍՀՄ-ի մասին, ամենայն հավանականությամբ, տարբեր զգացումներով: Կլրանա ուղիղ 25 տարին այն բանից հետո, երբ Բելառուսի տարածքում ստորագրվեց Բելովեժսկի համաձայնագիրը, որով արձանագրվեց Խորհրդային Միության փլուզումը:

Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը Եվրառադիոյի տաղավարում պատմել է, թե ինչու էին 1991թ. այդ օրը Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հավաքվել Բելովեժսկի արգելոցում, և ով իրականում առաջարկեց լուծարել ԽՍՀՄ-ը:

– Մի կարծիք եմ կարդացել, ըստ որի Խորհրդային Միության փլուզումը, որը մեզ այսօր հայտնի է որպես Բելովեժսկի համաձայնագիր, պատրաստել էին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Բորիս Ելցինը և Լեոնիդ Կրավչուկը: Իսկ Ստանիսլավ Շուկևիչն իբր չգիտեր էլ, որ իրեն առաջարկում են Վիսկուլիում ստորագրել.

– Խորհրդային միության անցումային շրջանի մասին առասպելներն այնպիսին են, որ երբեմն ապշում ես: Ինչու՞ էինք մենք հավաքվել Վիսկուլիում: Բելառուսում շատ ծանր վիճակ էր. մենք չգիտեինք՝ ինչպես գոյատևել 1991-1992թթ. ձմեռը: Մեզ անհրաժեշտ էր գազ ու նավթ, իսկ գումար չկար: Եվ չկար այնքան հեղինակություն, որպեսզի մեզ վարկ տային:

Մենք պարզապես ցանկանում էինք դադարեցնել այն շուկայական բարեփոխումները, երբ ամեն ինչի համար անհրաժեշտ էր վճարել, ցանկանում էինք Ռուսաստանին խնդրել, ինչպես խորհրդային հին ժամանակներում, պարզապես մատակարարել գազ և նավթ: Վարչապետ Քեբիչը բազմիցս ինձ խնդրել էր Ելցինին հրավիրել Բելառուս՝ որսի, որպեսզի մենք նրան համոզենք նավթի ու գազի հարցով: Իսկ նրան հրավիրելու համար անհրաժեշտ է նրա հետ միայնակ մնալ:

1991թ. հոկտեմբերի 20-ին Միխայիլ Գորբաչովը հրավիրում է Պետխորհրդի հերթական նիստ: Որտեղ նախքան հանրապետությունների խորհրդարանների վավերացնելը մեզ առաջարկում է նոր Միութենական պայմանագրի նախագիծը: Այդ նախագիծն ինձ սարսափելիորեն դուր չեկավ: Ինչը ես ասացի Գորբաչովին: Ինձ առավել սուր կերպով պաշտպանեց Ելցինը:

Գորբաչովը լուռ վեր կացավ և գնաց: «Դուք մեզ Գորբաչովի հետ գժտեցրիք,- ինձ ու Ելցինին ասում է Քարիմովը:- Գնացե՛ք, գտե՛ք նրան և բերե՛ք այստեղ»: Այդպես մենք Ելցինի հետ ի վերջո մենակ մնացինք, և ես նրան հրավիրեցի Բելովեժսկի արգելոց՝ Վիսկուլիի նստավայր՝ որսի: Եվ նա միանգամից համաձայնեց: Այդպես նշանակվեց այդ հանդիպումը: Այլ հարց է, որ ես կարծում էի՝ պատշաճ չի լինի, որ Ելցինը Բելառուսին նավթ ու գազ տար Ուկրաինայի հաշվին.

նրանցից ինչ-որ բան վերցնի՝ մեզ տալու համար: Քեբիչի առաջարկով՝ այդ հանդիպմանը հրավիրեցինք նաև Ուկրաինային: 

– Չեմ հասկանում՝ ինչպես նավթի ու գազի շուրջ բանակցությունները վերածեցիք ԽՍՀՄ փլուզման:

-Մենք սկսեցինք քննարկել նավթի ու գազի հետ կապված իրավիճակը և տեսանք, որ եթե գործենք օրենքով՝ որպես Խորհրդային Միության բաղադրիչ մաս, ապա մեզ այլ ճանապարհ չի մնում, քան խնդրել Գորբաչովին՝ ԽՍՀՄ ղեկավարին: Եվ այդտեղ փիլիսոփա, մարքսիստ-լենինիստ Գենադի Բուրբուլիսը (ՌԽՖՍՀ գլխավոր քարտուղար-խմբ.), որին ես, ինչպես այդ կարգի բոլոր փիլիսոփաներին, անհարգալից էի վերաբերվում, ասում է. «Իսկ դուք չե՞ք համաձայնի ստորագրել այսպիսի արտահայտության տակ. «ԽՍՀՄ-ը՝ որպես աշխարհաքաղաքական իրողություն և միջազգային իրավունքի սուբյեկտ, դադարեցնում է իր գոյությունը»»:

Եվ բոլորը հանկարծ համաձայնեցին: «Դրա տակ ստորագրելը քիչ է,- ասում է Ելցինը,- Մենք պետք է ասենք՝ ինչ կլինի մեր տնտեսության հետ, սահմանների հետ, զինվորականների, միջուկային զենքի, մարդու իրավունքների հետ»:  Անմիջապես հավաքեցին փորձագետների հանձնաժողով և կարգադրեցինք մեկ գիշերում պատրաստել համաձայնագիրը: Բայց դա ոչ թե ոչնչացնող պայմանավորվածություն էր, այլ հիմնադրող. մենք հիմնում էինք Անկախ պետությունների համագործակցությունը…

Կարճ ասած, մեկ գիշերում մշակվեց այդ համաձայնագրի 18 հոդված, և յուրաքանչյուր հոդված մենք ընդունում էինք կոնսենսուսով: Արդյունքում ստացանք 14 հոդված. ահա և ամբողջ արկածախնդրությունը:

– Երեք երկիր փլուզեցին 15 երկրներից բաղկացած միությունը: Ինչպե՞ս ընդունեցին ձեր որոշումը մյուս հանրապետությունները:

– Ներեցեք: Իսկ ո՞վ էր հիմնել ԽՍՀՄ-ը: Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Անդրկովկասյան Դաշնությունը: Անդրկովկասյանը Դաշնությունը 1935թ. դեկտեմբերի 5-ին լուծարվել էր, իրավահաջորդ չուներ: ԽՍՀՄ մյուս բոլոր հիմնադիրները ներկա էին, ամեն ինչ օրինական էր. մենք էինք որոշել հիմնել ԽՍՀՄ-ը, մենք էլ կարող էինք այն լուծարել:

– … և խաչ քաշեցիք Միխայիլ Գորբաչովի քաղաքական կարիերայի վրա: 25 տարվա ընթացքում նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ այդպես էլ չի փոխվել: Ձեզ հետ հանդիպման նախօրեին ես զանգահարեցի Միխայիլ Սերգեևիչին և նրան առաջարկեցի հեռախոսազրույցում հիշել 1991թ. իրադարձությունները: Ահա թե ինչ լսեցի ի պատասխան. «Իսկ ի՞նչ է Շուշկևիչը… նրանք բոլորը լակոտներ են»:

– Ես կարող եմ միայն հպարտանալ դրանով: Գիտեք, երբ 1984թ. ես տեսա՝ ինչպես է Գորբաչովն առանց թղթի պատասխանում արտասահմանցի լրագրողների հարցերին, նրա դիմանկարը փակցրեցի Բելառուսի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ղեկավարի իմ գրասենյակում: Բայց երբ 1986թ. նա ելույթ ունեցավ Չերնոբիլի վերաբերյալ… Գիտեք, դա փաստացիորեն հանցագործություն էր: Եթե նա զգուշացրած լիներ և ասեր ճշմատտությունը, ապա շատ ավելի քիչ բելառուսցի երեխաներ վահանաձև գեղձի քաղցկեղով կհիվանդանային: Դիմանկարը պատռեցի ու դեն նետեցի:

– Վիսկուլիի արդյունքը դարձավ այն, որ միութենական հանրապետությունների բոլոր ղեկավարները դարձան անկախ երկրների առաջնորդներ: Միգուցե, նրանք հենց առաջին հերթին դրա՞ համար էին պայքարում:

– Եթե դուք վերլուծեք այդ ժամանակվա շվեդական դիվանագիտական նամակագրությունը, այնտեղ ամենուր խոսվում էր քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Եվ շվեդ դիվանագետների կարծիքով՝ մեր որոշմամբ մենք կանխեցինք Խորհրդային Միության տարածքում քաղաքացիական պատերազմի առաջացումը, որին կարող էին մասնակցել 3-4 միջուկային տերություններ:

– Ո՞վ ում հետ կարող էր սկսել պատերազմել:

– Քաղաքացիական պատերազմի ընթացքում միմյանց հետ կռվում են աղքատներն ու հարուստները և տարբեր կրոնների ներկայացուցիչները: Այդպիսի պատերազմի առաջացման հիմքեր այդ ժամանակ կային:  Լավ օրինակ է Հարավսլավիան:

– 25 տարի է անցել, իսկ թվում է՝ մենք այնքան էլ հեռու չենք գնացել խորհրդային անցյալից: Ո՞րն է պատճառը:

– Իսկ դուք հիշեք եվրոպական բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները. քանի տարի էր անցել նրանց  հաղթանակից մինչև այն պահը, երբ ամեն ինչ սկսեց դասավորվել այն կանոններով, որոնք նրանք քարոզում էին հենց սկզբից:  Քանի՞ հեղափոխականներ ու հեղափոխության հակառակորդներ ոչնչացվեցին: Նախկինում չէի հասկանում, որ առաջին հերթին անհրաժեշտ է պայքարել մարդկանց մտածողության համար:

Պետք է փափուկ կերպով մարդկանց բացատրել այն մարդկանց խորհուրդները, որոնք անցել են հասարակության փոխակերպման գործընթացի միջով: Իսկ մեզ մոտ այսպես է. «Պետք է վերադարձնել հին կարգերը. մենք ճիշտ ուղղությամբ էինք շարժվում»: Եվ որպես օրինակ՝ մեզ բերում են Չինաստանը, և ոչ թե Եվրոպան, որտեղ տիրում է մարդկանց բարոյական ազատություն, ազատություն, որը համեմատելի չէ մեր ազատության հետ: Բայց մենք հասարակությանը դրան չենք տանում, հեռուստատեսությամբ քարոզվում են միանգամայն այլ արժեքներ: Իսկ ռուսական հեռուստաընկերություններն ընդհարանրապես քարոզում են կայսերական վերածնունդ՝ ռուսական ուղղափառ եկեղեցու հետ համերաշխությամբ:

Նկատեք, Կիրիլ պատրիարքը ելույթ է ունենում որպես ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար, ոչ թե որպես հոգևորական: Իսկ Ռուսաստանի առաջնորդն ասում է, որ ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն էր խորհրդային ժողովրդի համար:

– Բայց չէ՞ որ Բելառուսի առաջնորդն էլ է բազմիցս ափսոսանք հայտնել «հզոր տերության» փլուզման կապակցությամբ:

– Բելառուսի առաջնորդը նաև ասել է, որ Գերագույն խորհրդում ինքը դեմ է քվեարկել է Բելովեժսկի համաձայնագրի վավերացմանը, բայց էլեկտրոնային գրանցումը վկայում է, որ նա ընդհանրապես ձեռնպահ է մնացել քվեարկությունից:

– Մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեիք Վիսկուլիում տեղի ունեցածը:

– Բաժանում: Առանց բռնության և բղավոցների: Եվ դա 1991թ. դեկտեմբերի 19-21-ը Ալմա-Աթայում ճանաչեցին ԽՍՀՄ բոլոր մյուս հանրապետությունները: Դրանից հետո արդեն անկախ երկրները իրենք պետք է կառուցեին իրենց կյանքը: Իսկ այդտեղ թույլատրելի է և՛ սխալվելը, և պոպուլիստներին հետևելը, ինչպես որ արեց Բելառուսը:

Հրապարակվել է՝ 09.12.2016


Կարդալ ավելին JAMnews-ում