Վրաստանի լեռնային գյուղերը դատարկվում են: 15-ամյա աղջկա պատմությունը" />

Խատիան չի ուզում ամուսնանալ

Վրաստանի լեռնային գյուղերը դատարկվում են: 15-ամյա աղջկա պատմությունը

Մինչև դպրոց 2 կմ քայլելու ճանապարհ է: Դասերը սկսվում են առավոտյան 9-ին, Խատիան պետք է տնից դուրս գա առավոտյան 8-ին, որպեսզի հասցնի առաջին դասարանցիների բաց դասին:

Սկզբում արահետով պետք է հասնել մինչև հողով հարթեցված ճանապարհը, հետո դարձյալ արահետով՝ մինչև դաշտ: Անձրևներն ամենուր հեղեղել են, ուստի գեղեցիկ երկարաճիտ կոշիկների վրայից նա հագել է ռետինե կոշիկներ:

Խատիա Գոբաձեն սովորում է Վրաստանի Աջարիայի լեռնային Տաբախմելի գյուղի 9-րդ դասարանում: Նա շատ ուրախ է, որ առաջին դասարանում 3 երեխա է սովորում: Եվ իր համար շատ ցավալի է, որ ինքը դպրոցն ավարտում է առանց հանդիսավոր վերջին զանգի և հրաժեշտի միջոցառման. արդեն մի քանի տարի է՝ նա միակ աշակերտն է իր դասարանում:

«Ես սիրում եմ սովորել, հատկապես ինձ դուր է գալիս կենսաբանությունը, ուսուցիչներն էլ լավն են: Բայց դասարանում միայն ես եմ, և դա շատ տխուր է: Եթե ընկերներ լինեին, ես կսովորեի մեծ հաճույքով և եռանդով»:

Նա երկար սև մարզեր ունի, բայց չի սիրում հյուսել: 15-ամյա Խատիան երազում է բժիշկ դառնալ, չնայած գիտի, որ ընտանիքում գումարի հետ կապված խնդիրներ կան, և հազիվ թե իր ծնողները կարողանան վճարել համալսարանում իր ուսման համար:

Նա նաև շատ է վախենում՝ հանկարծ ծնողները չորոշեն իրեն շուտ ամուսնացնել: Այդ դեպքում նա ստիպված կլինի մի շարք այլ երիտասարդ աղջիկների նման դառնալ տնային տնտեսուհի, իսկ բժշկի կարիերայի մասին արդեն հաստատ ստիպված կլինի մոռանալ:

Պետք է շատ լավ սովորել, ասում է նա: «Այդ ժամանակ միգուցե կարողանամ լավ գումար վաստակել, երբ մեծանամ, և ինքս որոշեմ իմ ճակատագիրը»:

Տաբախմելի գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա և գտնվում է Խուլո շրջանում: Այս տարածքը հայտնի է իր խիստ ձմեռներով: Պատահում է, որ ձյունը փակում է բոլոր ճանապարհները, և գյուղը կտրվում է քաղաքակրթությունից:

Բայց ամառվա ամիսներն էլ այստեղ հեռանկարային չեն երիտասարդության համար:

Ժամանցը կրում է միայն տեղական բնույթ: Երիտասարդները հավաքվում են գյուղի կենտրոնի «պյատաչոկում» և թղթախաղ խաղում: Կարելի է նաև նստել բջջայիններով և կարդալ՝ ով ինչ է գրում Facebook-ում:

Գյուղում միայն մեկ խանութ կա: Խատիան ասում է, որ երբեմն, եթե բախտդ բերի, կարելի է այնտեղից Բաթումիից բերված գեղեցիկ զուգագուլպաներ գնել:

Հենց այս թվարկված պատճառաներով էլ երիտասարդներն առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են հեռանալ և ուսումը շարունակել Բաթումիին մոտ՝ Դաբա Խուլո գյուղի դպրոցում, կամ, ավելի լավ է՝ հենց Բաթումիում:

Մեկհարկանի փայտե դպրոցում ընդամենը 11 աշակերտ կա, իսկ նրանց կրթությամբ զբաղվում է 14 ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Օթար Գոբաձեն չի կարողանում հանգիստ, առանց էմոցիաների նայել դեռ տարիներ առաջ աշակերտների կողմից դասարանների պատերին թողնված նկարներին և աղյուսակներին:

Նա ասում է, որ դպրոցը նախատեսված է եղել 60 աշակերտների համար: Հետո սկսվել է միգրացիան, մարդիկ գնացել են այնտեղ, որտեղ կյանքն ավելի լավ է. մի մասը՝ Ծալկա, մյուսները՝ Բաթումի:

«Միգրացիան խնդիրներ ստեղծեց և՛ գյուղի, և՛ դպրոցի համար: Այսօր մենք 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարաններում ունենք մեկական աշակերտ: Ես ամբողջ կյանքս անցկացրել են այս դպրոցի պատերում՝ երեխաների հետ, իսկ այսօր նայում եմ՝ ինչպես է դատարկվում մեր երբեմնի աշխույժ և ակտիվ գյուղը»:

Մարինա Թավարթկիլիձեն նույնպես ապրում է Տաբախմելիում, բայց գյուղի կենտրոնին ավելի մոտ՝ քան Խատիայի ընտանիքը: Մարինան ասում է, որ մարդիկ գյուղից հեռացել են, քանի որ աշխատանք չկա, և որովհետև գյուղում կյանքի պայմանները հիշեցնում են 17-րդ դարը: Նա 3 երեխա ունի, բայց ապրում է միայնակ. երեքն էլ տեղափոխվել են Բաթումի, և նրանց հաճախակի չի տեսնում: Ասում է՝ լավ է, որ բջջային հեռախոսներ կան:

«Երիտասարդությանը գեղեցիկ լեռներ և մաքուր օդ ընդհանրապես պետք չէ,- ասում է Մարինան: – Նրանց պետք է կինոթատրոն, դիսկոտեկ և վառ լուսավորված փողոցներ: Եվ, իհարկե, նաև աշխատատեղեր»: 

Անզոր Բոլքվաձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է: Նա ծնվել և մեծացել է ոչ թե Թաբախմելիում, այլ Խուլոյի շրջանի հարևան գյուղում: Խորհրդարանում նա ներկայացնում է բարձրլեռնային գյուղերը:

«Աջարիայում դրությունը դեռ ավելի լավ է, քան Վրաստանի մյուս լեռնային շրջաններում: Լեռնային շրջաններին օգնության մասին նոր օրենքը նախատեսում է բազմաթիվ արտոնություններ, օրինակ, ուսուցիչները կարող են ստանալ բավականին բարձր աշխատավարձ: Այդ ամենը պետք է օգնի, որպեսզի նրանք շարունակեն ապրել լեռներում, և խթան հանդիսանա, որպեսզի հեռացածներն էլ վերադառնան»,- ասում է պատգամավորը:

Էմինե Աբուլաձեն արդեն 15 տարի է՝ Թաբախմելիի դպրոցում դասավանդում է վրացերեն լեզու և գրականություն: Նրա ընտանիքի անդամները վաղուց են տեղափոխվել Բաթումի: Իսկ նա չի կարողացել լքել դպրոցը և հարազատ դարձած մարդկանց, և այժմ Թաբախմելիում ապրում է միայնակ:

«Ես այս դպրոցում դասավանդում եմ բացման առաջին իսկ օրից: Մեզ մոտ երեխաներն ակտիվ են, և քանի որ դասարաններում նրանք քիչ են, ապա փաստացիորեն նրանց հետ աշխատում ենք անհատապես, գիտելիքները ստուգում ենք ամեն օր: Կա նաև բացասական կողմ. մեր աշակերտները սովոր չեն հասակակիցների հետ խմբակային աշխատանքի, ինչը կարող է նրանց մոտ շփման հետ կապված խնդիրներ առաջացնել»:

Ինչպես ասում է Խուլոյի ռեսուրս կետրոնի ղեկավար Էդուարդ Միկելաձեն, աշակերտների պակաս գրանցված է շրջանի 49 հանրային դպրոցներից 11-ում: Ամենաշատ աշակերտները Դաբա Խուլոյի հանրային դպրոցում են՝ 315:

Էդուարդ Միկելաձեն ասում է, որ շրջանում ցավալի դինամիկա է նկատվում. նրանք, ովքեր ժամանակավորապես լքում են գյուղը՝ ինչ-որ տեղ սովորելու կամ աշխատելու, որպես կանոն, այլևս ետ չեն վերադառնում:

«Ըստ օրենքի՝ եթե դպրոցում թեկուզ մեկ երեխա կա, այն պետք է աշխատի,- ասում է Միկելաձեն:- Շրջանի գրեթե բոլոր դպրոցները կարգի են բերված, ապահովված են ենթակառուցվածքներով: Բայց մարդիկ ընտանիքներով լքում են գյուղերը. ոմանք՝ սոցիալական պայմաններից ելնելով, ոմանք՝ այլ պատճառներով: Գրեթե ամեն տեղ մնում են միայն ծերերը»:

Դպրոցից վերադառնալիս Խատիան նույնպես ոտքով է գալիս: Մոտենում է երկար ձյունառատ ձմեռը, գյուղացիները պետք է հասցնեն կարտոֆիլը հավաքել: Ուստի Խատիան գնում է ոչ թե տուն, այլ անմիջապես ընտանիքի կարտոֆիլի դաշտ՝ օգնելու առավոտից այնտեղ աշխատող ծնողներին: Ամեն տարի Խատիա Գոբաձեի ընտանիքը հավաքում է շուրջ 20 տոննա կարտոֆիլ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում