Ակցիան նվիրված էր Վրաստանի քաղաքացուն, որը մահացել է Հարավային Օսիայում չպարզված հանգամանքներում" />

«Խաղաղությունը պատերազմից մեծ է». Թբիլիսիում ռուսական օկուպացիայի դեմ ակցիա է անցկացվել

Ակցիան նվիրված էր Վրաստանի քաղաքացուն, որը մահացել է Հարավային Օսիայում չպարզված հանգամանքներում

Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում մարտի 4-ին «Խաղաղությունը պատերազմից մեծ է»՝ «Peace > war!» անվանումով ակցիաներ անցկացվեցին:

Թբիլիսիի Ազատության հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել. ակցիան նվիրված էր Հավաքային Օսիայում չպարզված հանգամանքներում  զոհված Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիին: Հավաքվածները բողոքում էին նաև ռուսական օկուպացիայի դեմ:

Արչիլ Թաթունաշվիլին և Վրաստանի երկու քաղաքացի ձերբակալվել են Հարավային Օսիայի ուժայինների կողմից Ախալգորիում փետրվարի 22-ին: Փետրվարի 23-ին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների ՊԱԾ-ը հայտարարել է, որ Թաթունաշվիլիին քննչական մեկուսարան տեղափոխելիս նա դիմադրություն է ցուցաբերել, որի հետևանքով նրա հանդեպ ֆիզիկական ուժ է կիրառվել: Արդյունքում, ՀՕ ՊԱԾ վարկածով, նա գլորվել է աստիճաններից և ավելի ուշ՝ մահացել Ցխինվալիի հիվանդանոցում ենթադրաբար սրտային անբավարարության պատճառով: Թաթունաշվիլիի ընտանիքի անդամները չեն հավատում այդ վարկածին: Ցխինվալիի իշխանությունները մինչև հիմա հրաժարվում են ընտանիքին փոխանցել մահացածի մարմինը, ինչն, ըստ Թբիլիսիի ներկայացուցիչների, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թաթունաշվիլին սպանվել է:

Ակցիայի մասնակցիները ծաղիկներ էին բերել Ազատության հրապարակ և մոմեր վառել, «Պատերազմը չի ավարտվել» (war is not over!) անվանումով ֆլեշմոբ անցկացրել:

Ակցիային ցուցադրվել է վրացի ռեժիսոր Տակո Ռոբակիձեի կարճամետրաժ վավերագրական ֆիլմն օկուպացիայի գծում մարդկանց կյանքի մասին:

Ակցիայի կազմակերպիչները շարքային քաղաքացիներ էին, միջոցառումը կազմակերպվել էր Ֆեյսբուքի միջոցով: Կազմակերպիչները քաղաքական գործիչներին, պաշտոնական անձանց և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին կոչ էին արել մի կողմ դնել սեփական շահն ու միանալ ակցիային առանց որևէ կարգավիճակի, որպես քաղաքացիական հասարակության անդամ: Այդ պատճառով էլ ակցիայի ժամանակ քաղաքական ելույթներ չեղան:


Կարդալ ավելին JAMnews-ում