Կրակոցներ եւ կորուստներ. հենց դրանք են բնորոշում այսօրվա հարաբերական խաղաղությունը" />

«Խաղաղություն»՝ ամենօրյա կրակոցների տակ

Կրակոցներ եւ կորուստներ. հենց դրանք են բնորոշում այսօրվա հարաբերական խաղաղությունը

Վարդիթեր

Ղարաբաղյան հակամարտությունից 23 տարի անց հասարակությունները ստիպված են հարմարվել այն «խաղաղությանը», երբ կողմերը շարունակում են իրար վրա կրակել ու կորուստներ ունենալ։

Տարածաշրջանում ապրող՝ կոնֆլիկտից անմիջականորեն տուժած բնակիչներն այլ տիպի խաղաղություն, իրենց խոսքերով, չեն պատկերացնում` հղում անելով 2016-ի ապրիլյան պատերազմը, որը սրբագրումներ է արել իրենց հույսերում։

Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում բնակվող 49-ամյա Վարդիթեր Խաչատրյանը պատերազմի արդյունքում կորցրել է ամուսնուն և 5-ամյա տղային։

Ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած հայրն ու որդին

Հեղինակ՝ Անահիտ Դանիելյան

Ամուսնու հետ հասցնում են ապրել ընդամենը մի քանի տարի․ երկու երեխա են ունենում, տղա և աղջիկ։ Մասնագիտությամբ խոհարար, բայց կինոմեխանիկ աշխատող երիտասարդ ամուսինը Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում որպես սակրավոր մաքրում էր հակամարտության գոտու ականապատված տարածքները։

 Վարդիթերն ասում է, որ մեծ հարսանիք էին արել, որից միայն բազմաթիվ նկարներն են որպես հուշ մնացել

«1994-ի ապրիլի 10-ին էր, երբ Տալըշլար կոչվող վայրում ականը հանելիս զոհվեց՝ 4 հոգու հետ։ Սակրավոր էր․․․», – պատմում է Վարդիթերը։

Զոհվում է ՝ 1980-ականների վերջին սկսված Ղարաբաղյան պատերազմի շուրջ հրադադարի կնքումից մոտ մեկ ամիս առաջ։

Ամուսնու կորուստը, սակայն, միակը չէր երիտասարդ Վարդիթերի համար։

«Երբ Վալերին զոհվեց՝ աղջիկս 5 տարեկան էր, տղաս՝ 3։ Ո՞վ կպատկերացներ, որ ամուսնուս կորցնելուց հետո երկրորդ հարվածը կստանամ ճակատագրից»,-ասում է նա։

Արցունքներ են հոսում Վարդիթերի այտերով, իսկ պահարանին դրված նկարից տան հյուրերին է նայում նրա զոհված 5-ամյա Վիտալին:  

Մայրը պատմում է, որ 1996թ հունվարի 14-ին Վիտալին, իր ծննդյան օրը ինչ-որ երկաթի կտորի հետ էր խաղում։

«Հանկարծ այդ երկաթի կտորը պայթեց, Վիտալիկս տեղում մահացավ։ Ես չգիտեի դա ինչ էր ․․․ հավանաբար ինչ- որ պայթուցիկ պատերազմի օրերից մնացած»։

Վարդիթերը թերթում է խնամքով պահված հարսանեկան ալբոմն ու վերհիշում այն ամենը, ինչ կապված է զոհված ամուսնու հետ

«Երբեք չէի մտածում, որ կյանքս այդպես արմատապես կփոխվի։ Երազում էինք հանգիստ ու երջանիկ ընտանիք ունենալու մասին, բայց․․․Իհարկե դժվար էր նորից ուժ գտնել ապրելու համար, բայց ինչ անենք, պետք էր ապրել հանուն աղջկաս»։

Այսօր նա ապրում է իր երկրորդ ամուսնուց ունեցած 16 ամյա աղջկա՝ Քրիստինեի հետ։ Մյուս աղջիկը Ասկերանի մոտակա գյուղում է ապրում՝ ամուսնու և երեխաների հետ:

«Գիտեմ, որ պատերազմը չլիներ՝ չէի ծնվի, բայց ինձ համար ավելի լավ կլիներ, որ պատերազմ չլիներ, մայրիկս երջանիկ լիներ ու առանց ամուսին չմնար» , – ասում է Քրիստինեն, ում հայրը նրանց թողել է, երբ դեռ ինքը մի քանի ամսական էր։

Վարդիթերն այսօր որպես խոհարար աշխատում է տեղի դպրոցում։ Ասում է, որ զոհված ամուսնու թոշակի հետ միասին շուրջ 110 հազար դրամ է վաստակում /մոտավորապես 230 ԱՄՆ դոլար/։

«Դրանով ենք յոլա գնում։ Բանջարանոց ունենք, ծնողներս են գյուղից օգնում․․․այդպես ապրում ենք։ Մի քանի ամիս առաջ էլ Կարմիր Խաչն է օգնություն տվել՝ 200 հավի ճուտ, կերն էլ հետը։ Դեռ փոքր են, շահույթ չունենք։ Հույս ունեմ դրանից էլ մի բան դուրս կգա»,-ասում է նա։

Ամուսնու՝ հետմահու ստացած արիության համար մեդալն էլ մնացել որպես հուշ 

Վարդիթերն ու աղջիկը պարբերաբար նշում են․ կհարմարվենք, միայն թե «պատերազմ չլինի, խաղաղություն լինի»:

Իսկ ո՞րն է այդ խաղաղությունը հարցիս պատասխանում են՝ «պատերազմ չլինի, զոհեր չունենանք»:  Ասում են  ու ավելացնում, որ ապրիլյան դեպքերից հետո իրենց հույսը պակասել է։

«Ապրիլյան պատերազմի օրերին կարծես ժամանակի մեքենայով հետ գնացած լինեի նախկին օրեր ․․․ նույն ապրումները վերապրեցինք։ Մենք …պատերազմ չենք ուզում»։

Այստեղ ապրողներիս համար այդ օրերը ցույց տվեցին, որ ամեն ինչ նորից կարող է վերսկսվել։

«Ամեն օր անօդաչու սարք ենք տեսնում երկնքում, կրակոցներ լսում ․․․որ օրը որ զոհ չի լինում, այդ օրը մեզ համար խաղաղ օր է» ,  – ասում է Վարդիթերը։

1994-ի զինադադարից ի վեր հայկական բանակում զոհերի թիվը՝ մարտական և ոչ մարտական միասին, կազմել է շուրջ 2 000 հոգի:

2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը 90-ից ավելի զոհ է տվել /զինծառայողներ և խաղաղ բնակիչներ/:

Գագիկ

«Ներկա դրությամբ մեր խաղաղությունը, ցավոք, սա է. ծավալուն գործողություններ չկան՝ խաղաղություն է, իսկ ընդհանրապես կատարյալ խաղաղություն անհնար է մեր միջև»,-ասում է 43-ամյա Գագիկ Հակոբջանյանը, ում կյանքը պատերազմը հիմնովին փոխել է:

Գագիկն ասում է, որ եթե ժամանակը հետ տային, միևնույն է, կգնար հայրենիքը պաշտպանելու, եթե դրա կարիքը լիներ

Ըմբիշի կարիերայի մասին երազող Գագիկն այդպես էլ չկարողացավ հասնել իր երազանքին:

Պատերազմը չթողեց. դպրոցն ավարտելուց հետո ստիպված էր իր հասակակիցների հետ հայրենիքը պաշտպանել, հետո էլ զինվորական դարձավ:

«Փոքր տարիքից ըմբշամարտով էի զբաղվում, դպրոցն ավարտելուց հետո ուզում էի Երևան ֆիզկուլտինստիտուտում սովորել ու նպատակիս հասնել, բայց չստացվեց: Ստեփանակերտի համալսարանի ագրոնոմիա բաժինն ընդունվեցի, բայց 3-4 ամիս դասի գնացինք…»,-պատմում է Գագիկը:

17 տարեկանից Գագիկը  իր ծննդավայր Մարտունու շրջանի Գիշի գյուղի տղամարդկանց հետ պաշտպանում էր գյուղը, հետո արդեն ներգրավվում է մարտական գործողություններում։

Գագիկը նույնպես տուժել է պատերազմի հետևանքով ականի պայթյունից հետո նրա ոտքը անդամահատել են, սակայն դա չխանգարեց նրան շարունակել զինվորական կարիերան։ Այժմ Մարտունու շրջանի զինվորական կոմիսարն է։

Ընտանիքով շարունակում են ապրել Գիշի գյուղում․ կինը գյուղի դպրոցում ուսուցչուհի է, որդին՝ Դավիթը, ծառայում է բանակում, իսկ դուստրը՝ Լիլիթը, դպրոցական է:

Գագիկը դժվարությամբ է պատկերացնում խաղաղ ապագան: Ասում է, որ եթե 2016-ի ապրիլյան չորսօրյա պատերազմից առաջ ինչ-որ հույսեր կային, այժմ դրանք էլ չկան:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ․ այսպիսի դադարներ էլ էին լինում

«Արդեն 20 տարուց ավել է մենք սպասում ենք, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը, սակայն ապրիլին այդ սպասումները զրոյացվեցին»:

Խաղաղության բոլոր հույսերը մարեցին, քանի որ եթե մինչև այդ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում էր ինքնաձիգների կրակոցներով, ապրիլին և վերջին տարիներին սկսեց կիրառել նաև այլ զինատեսակներ:

«Ցավոք, գնալով սովորական է դառնում հակառակորդի կողմից գրադով կրակելը. ամեն ինչ սկսվեց սովորական ինքնաձիգից: Եթե այսօր «Գրադ» կիրառեն՝ ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունենա: Դա էլ կսկսեն ընդունել որպես սովորական երևույթ»:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝2014 թ հունվարի 1-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը արցախաադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 հազար 500 անգամ, իսկ կրակոցների թիվը հասել է շուրջ 1 մլն 400 հազարի։ Ի դեպ, խախտումների և կրակոցների քանակի մեջ ներառված չեն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում արձանագրված դեպքերը։

Հակառակորդն ակտիվությունը սկսել է դեռևս 2015 թվականից, որի ընթացքում հրադադարը խախտել է նախորդ տարվա համեմատ համարյա կրկնակի անգամ, հենց այդ տարում էլ տարբեր զինատեսակների հետ միասին սկսել է կիրառել նաև Դ-30 հաուբից, իսկ 2016 թվականին արդեն դրան գումարվել են նաև Գրադը, Սպայկը և այլ զինատեակներ։

Պատերազմի դաժանություններն անցած Գագիկի համար այսօր էլ ցավալի է զոհերի մասին լսելը։ Ասում է, երբ պատերազմ էր, գոնե հասկանում էիր, որ դու չխփես՝ քեզ կխփեն, կգան բոլորին կսպանեն։

«Այսօր այլ է։ Հարաբերական խաղաղության պայմաններում են իրար սպանում»,-ասում է նա ու վերհիշում այն դրվագները, երբ ստիպված էր կրակել հակառակորդի վրա։

Մարտական ընկերների հետ

Այդ դրվագներից միայն մեկի մասին չի ուզում ընդհանրապես հիշել ստիպված եղավ մոտիկից կրակել, ի տարբերություն մնացած դեպքերի։ «Երբ այդ պահը մտքիս  է գալիս, իսկույն ուզում եմ մոռանալ։ Իհարկե, գիտեմ, որ ստիպված էի, բայց միևնույն է․․․»։

«Այն ժամանակ մեր սերունդն էր, իսկ հիմա մեր երեխաներն են վտանգի տակայն միշտ օդում կախված է»,-ասում է Գագիկը։

Գագիկն ասում է, որ ապրում է սովորական կյանքով՝ աշխատանք, տուն, տան հոգսեր:

«Իհարկե, տանն էլ են զգում, որ զինվորական եմ, բայց ես զինվորական կարգ ու կանոնը փորձում եմ տան շեմից այն կողմ պահել»:

Նա միայն մի բանի մասին է երազում՝ խաղաղության: Բոլորը ուզում են տուն կառուցել, ինչ-որ բան ստեղծել, բայց հակամարտության չկարգավորված լինելը մեծ խոչընդոտ է: Ռիսկերը մեծ են, պատերազմի վերսկսման հավանականությունը՝ նույնպես,- կարծում է Գագիկը:

Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպությանԼեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմումԱյնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմիոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն էՆախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն էև’ սեփականհասարակության մեջև’ հակամարտության հակառակ կողմումընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերությունհանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողներըդրանք պարտադիր չէոր արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունըՄեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններինորոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում