Երեք երիտասարդների ճակատագրերում ընդհանուրը 2016-ի ապրիլյան պատերազմն է" />

Խաղաղության փնտրտուքը պատերազմից հետո

Երեք երիտասարդների ճակատագրերում ընդհանուրը 2016-ի ապրիլյան պատերազմն է

Զինվորական ծառայությունը երեք երիտասարդների ճակատագրերը փոխել է յուրովի. նրանց համար ընդհանուրը 2016-ի ապրիլյան պատերազմն է։

Այն համընկավ Վահեի, Հարութի և Արշակի ծառայության հետ՝ ստիպելով տղաներին առերեսվել իրական պատերազմի հետ։

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերի միջև։

 

ԼՂ-ի և Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գծի ողջ երկայնքով 4 օր տևած բախումներից հետո, որոնք ստացան «ապրիլյան պատերազմ» անվանումը, պաշտոնական Բաքուն հայտնեց 31 զինծառայողի կորստի մասին, թեև ոչ պաշտոնական թվերով զոհերի թիվը երեք անգամ ավելի է` 93։ Այս տվյալները հրապարակել է Խազար կենտրոնը։ ՀՀ ՊՆ-ն էլ հայտարարեց 77 զոհի (մարտական կորստի) մասին:

 

1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված պատերազմը մինչ օրս շարունակում է լինել Հարավային Կովկասի զարգացումը խոչընդոտող և չլուծված հակամարտություններից մեկը։ 1994 թ.-ին հրադադարի համաձայնագիր կնքվեց, սակայն հակամարտությունն այդպես էլ չի լուծվել:

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դերը, եւ խմբի համանախագահների առաջնորդությամբ պարբերաբար հանդիպումներ են լինում ՀՀ-ի և Ադրբեջանի առաջին դեմքերի կամ ԱԳ նախարարների միջև։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական միջոցառումների իրականացման, ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավման վերաբերյալ։

«Երկրորդ ծնունդ»

22-ամյա Վահե Քոթանյանն ու իր ընկերը, ինչպես ինքն է ասում, «երկրորդ ծնունդն» են ապրել ապրիլյան պատերազմի օրերին:

«Մեր կողմ կրակ արձակվեց, ես մեկ վայրկյանի տարբերությամբ ակնթարթորեն հետ քաշեցի ընկերոջս, ու այդ տեղում ականը պայթեց»,- վերհիշում է նա:   

Վահե Քոթանյանը զորամասում, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից

Վահեն Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանող է, էքստերիեր-ինտերիերի դիզայների մասնագիտություն է ստանում։

Զինվորական ծառայությունից հետո նա որոշում է «երկրորդ կյանք» տալ առաջին հայացքից անպետք թվացող իրերին։

Վահեի պատրաստած գդալներն են, լուսանկարը՝Վահե Քոթանյանի անձնական արխիվից
Վահեի աշխատանքներն են, որ ներկայացվել են ցուցահանդեսին, լուսանկարը՝Վահե Քոթանյանի անձնական արխվից

«Սկսեցի կոտրված զարդերից, չօգտագործվող ամաններից, սպասքից: Հետո զարդերը փոխարինեցի գդալների շարքով», – պատմում է նա:

Գդալաշարքի վեց ցուցահանդես է անցկացրել, այս տարվա ապրիլի 6-ին կայացած ցուցահանդեսի ժամանակ կոտրված փայտյա նոտակալից տեղում գործ է հավաքել՝ վերնագրելով «Երկսեռ պատերազմ Արցախից»:

«Կոտրված հայելի էր, թելեր էին կախված, հայելու մեջ տեսնում էիր քո պատկերը… Լեռնային Ղարաբաղից, տեսնում էիր հայելու մեջ աղճատված մարդու կերպարանք, ինչն անում է պատերազմը, իսկ ինչո՞ւ երկսեռ, որովհետև պատերազմը երբեք չի հարցնում՝ աղջիկ ես, թե տղա»,– նշում է նա:

Իր աշխատանքները հարևան երկրում՝ Ադրբեջանում, ներկայացնելու ցանկություն Վահե Քոթանյանն ունի, սակայն այս պահին դա անհնար է:

«Արվեստը պիտի սահմաններից, կոնֆլիկտներից վեր լինի, ես վստահ եմ՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, ինչպես մենք, արվեստի իրենց ներկայացուցիչներն էլ փորձի փախանակում կուզեին, բայց»:

Վահե Քոթանյանը պատմում է, թե ինչպես ծնվեց գդալաշարքի գաղափարը, լուսանկարը՝ Սերինե Գաբրիելյանի
Վահեի աշխատանքները, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից
Վահեի աշխատանքները, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից
Վահեի աշխատանքները, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից
Վահեի աշխատանքները, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից
Վահեի աշխատանքները, լուսանկարը՝ նրա անձնական արխիվից

Խաղաղությունը նրա համար ազատ նստել ու ստեղծագործելն է, ամեն օրվա մեջ անդորր տեսնելը։

«Երբ երկու տարի [նկատի ունի զինվորական ծառայության տարիները –խմբ.] գոյատևում ես կյանքի ու մահվան մեջ՝ ամեն օր սպասելով արևածագին, ամեն վայրկյանդ թանկ հատված է դառնում, իսկ պատերազմը շատ մեծ ազդեցություն թողեց. երբ դեմ-դիմաց ես լինում մահվան սպառնալիքի հետ, սկսում ես գնահատել այն ժամանակահատվածը, որի մեջ ապրում ես, գնահատում քո ամեն մի արածը՝ լինի շնչել, արարել, ստեղծագործել: Ընտրել եմ վերջինը. որքան հնարավոր է, պետք է ստեղծագործեմ»:

Գեղեցիկը նկատելու կարիքը

Հարութ Բաբայանը՝ երևանյան այգում։ Լուսանկարը՝ Սերինե Գաբրիելյանի

22-ամյա Հարութ Բաբայանի հիշողության մեջ դրոշմվել է ապրիլյան պատերազմի ընթացքում տեսածը և զգացածը.

«Խաղաղությունը, գիտեք՝ ո՞րն է, ես դա զգացել եմ քառօրյայի վերջին օրը. կրակոցներից հետո լսվում էր թռչունների ձայնը, ոչ մի այլ ձայն չկար, կրակոցի ձայն չկարաննկարագրելի է»:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ընթացող լուսանկարչության դասերին մասնակից Հարութն ասում է, որ կցանկանար այդ ակնթարթը լուսանկարել, ինչ-որ կերպ այդ զգացողությունը փոխանցել բոլորին, որ տեսնեին, գնահատեին խաղաղությունը, սակայն լուսանկարչական սարքը չէր այդ պահին իր գործիքը:

Երբ պատերազմը սկսվեց, նա մոտ 8-9 ամիս է, ինչ ծառայում էր։

«Եթե կարճ ժամանակվա ծառայող լինեի, գուցե ոչինչ էլ չհասկանայի, բայց 4 ամիս էր, ինչ դիրքեր էի գնում, ու այդ մի քանի օրն էնքան անդրադարձավ հոգեվիճակիս վրա, ինչքան մի քանի տարին չէր կարող. ընդհանրապես ծառայությունից հետո մարդը շատ է փոխվում, իսկ պատերազմը մեզ ավելի շատ փոխեց։ Սկսում ես կյանքի տված ամեն ինչը գնահատել՝ սկսած առողջությունից»,- վստահեցնում է նա:

Հարութի ծառայությունը մեկ տարուց պակաս տևեց. ականի պայթյունից վնասվում են ոտքերը, մոտ 3 ամիս չի կարողանում քայլել: Հոսպիտալում ամիսներ անցկացնելուց հետո, Հարութն արդեն սկսել է քայլել։ Նա դեռ շարունակում է բուժում ստանալ, բայց արդեն Երևանում։

Բուժմանը զուգահեռ ոչ միայն լուսանկարչություն է սովորում, այլև հաշվապահություն:

«Լուսանկարչությունն ընտրել եմ որպես հոբբի, շատ եմ սիրում լուսանկարել, իսկ հաշվապահությունը, կարծում եմ, այդ ուղղությամբ աշխատանք կգտնեմ, թեկուզ թվերի աշխարհն էլ ձանձրալի չէ»,- ժպտալով պատմում է նա։

Հարութ Բաբայանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից

Հարութ Բաբայանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից

Հարութ Բաբայանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից
Հարութ Բաբայանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից
Հարութ Բաբայանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից

Պատերազմից հետո Հարութն անհաղթահարելի ցանկություն ունի մշտապես ֆիքսելու գեղեցիկը։  

Իսկ խաղաղություն, գեղեցկություն հաղորդող պահերը լուսանկարելու համար, նրա խոսքով, պետք է գտնել գեղեցկությունը պատկերող ճիշտ տեսանկյունը։

«Նույնիսկ աղբը նկարելիս ճիշտ ռակուրսն ու իմաստը գտնելու դեպքում հրաշալի լուսանկար կարող ես ստանալ»։

Հարութին գրավում են այնպիսի պատկերներ, որոնք խաղաղություն ու երջանկություն են հավերժացնում։

«Օրինակ, այգում քայլելիս երկու հոգի իրար նկարում էին, իրենց նկարեցի, շատ երջանիկ նկար ստացվեց, գուցե նկատեցին, դրա համար ժպտացին, բայց շատ լավը ստացվեց։ Կարելի է ասել, ամեն գեղեցիկը լուսանկարում եմ»:

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Հարութի աշխատանքներն են, նրա լուսանկարները

Խաղաղությունը՝ օդում

Ապրիլյան պատերազմի օրերին Արշակը ծառայում էր Հայաստանի ռազմաօդային ուժերում որպես օդաչու։

Այժմ արդեն 26-ամյա Արշակ Հարությունյանը քաղաքացիական ավիացիայում է շարունակում իր կարիերան։

Արշակ Հարությունյանը պատրաստվում է թռիչքի, լուսանկարը՝ Արշակ Հարությունյանի անձնական արխիվից

«Ծառայությանս բնույթն այնպիսին էր, որ անգամ մեկ օրով թեժացումներ եմ տեսել։ Բայց պատերազմն այլ բան է. նախքան այդ, ծառայությունից առաջ էլ երբ ասում էին․ այս ինչ թվին կռիվ է եղել, չէի պատկերացնում, թե դա ինչ կարող էր իրենից ներկայացնել, բայց երբ ինձ մնացել էր 3 ամիս [զինվորական ծառայությունն ավարտելու համար], սկսվեցին բախումները»։

Թեժ բախումների ավարտից հետո Արշակին խաղաղության զգացողություն էին պարգևում քաղաքացիական անձանց հետ շփումները։

«6 օր անց [նկատի ունի ապրիլի 8-ին] հնարավորություն ստացա նորից տեսնել քաղաքացիական անձանց, ոչ միայն զինվորականների, միայն այդ ժամանակ ներքին հանգստություն եկավ»,– ասում է նա։

Արշակն այդ 4  օրվա ընթացքում կորցնում է ազգականներից մեկին և համագյուղացուն. հիմա, ասում է․ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ծանոթ-անծանոթ մարդկանց հետ, քանի որ գիտի՝ նրանց կարող է մեկ ակնթարթում կորցնել։

Արշակի հայրն ավիաինժեներ է, և օդանավերի հանդեպ սերը հորից որդուն է անցել, իրենից էլ՝ կրտսեր եղբորը, ով ևս օդաչուի մասնագիտությունն է ընտրել:

Ծառայությունից հետո Արշակն օդաչուի կարիերան է շարունակում, սովորում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որոշելով չվերադառնալ համալսարան, որտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում:

«Armenia Airways» ավիաընկերության օդաչուն հաճախ թռիչքներ է իրականացնում դեպի Թեհրան:

«Հիմա էլ, նաև երբ աշխատում էի իրանական ավիաընկերությունում, աշխատանքի բերումով ադրբեջանցի օդաչուների հանդիպում էի։ Նախքան քաղավիացիան ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայում էի, և Մոսկվայում գործնական հանդիպումներին շատ էի հանդիպում ադրբեջանցի գործընկերների. իրենք էլ գիտեին, որ մենք քաղաքացիական չէինք, և խոսակցություն մեր միջև չէր լինում»,- նշում է նա:

Խաղաղությունը, որ ցամաքում դեռ հաստատված չէ, Արշակը փորձում է գտնել թռիչքների ընթացքում։

«Օդում կոնֆլիկտները սովորաբար մոռացվում են, թռիչքների վրա ես կենտրոնացնում ամբողջ ուշադրությունդ: Թեհրանում թռչելիս ինքնաթիռի մյուս օդաչուն Ադրբեջանից էր, այս անգամ խոսեցինք։ Շփումը կրկին զուտ գործնական էր, գուցե ուղղակի կաշկանդված էինք, բայց շփում կար»:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում