Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հայրենադարձության աճ է նկատվում։ JAMnews-ը փորձել է հասկանալ, թե ինչից են այդ մարդիկ հրաժարվել և հանուն ինչի" />

«Լքելու եմ ԱՄՆ-ն, մնալու եմ Հայաստանում»։ Չորս տարբեր, բայց նման պատմություն

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հայրենադարձության աճ է նկատվում։ JAMnews-ը փորձել է հասկանալ, թե ինչից են այդ մարդիկ հրաժարվել և հանուն ինչի

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում համոզված են, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հայրենադարձության աճ է նկատվում։ Սակայն հստակ թվեր չկարողացան տրամադրել։

«Հոսքն անհամեմատ աճել է հեղափոխությունից հետո [Հայաստանում «թավշյա հեղափոխոթյուն» տեղի ունեցավ 2018թ․ գարնանը – JAMnews]։ Մարդիկ գալիս են այն տրամադրվածությամբ, որ այսօր Հայաստանում ավելի ազատ պայմաններ են` գործելու, աշխատելու, բիզնես սկսելու համար», – ասում է հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրա խոսքով, հայրենադարձության ռազմավարությունը հստակ չէ, քանի որ դեռ չի ընդունվել համապատասխան օրենքը․

«Այս պահին հայրենադարձության օրենքի նախագիծը քննարկման փուլում է։ Մեր հիմնական խնդիրն է օրենքը շուտափույթ ընդունել և ռազմավարություն հաստատել, այդպիսով նպաստելով այսօրվա ներհոսքին»։

• Հայաստանի նոր միգրացիոն ռազմավարությունը. Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և ո՞ւմ համար

Հայերը մեկնում են Չինաստան՝ տեղացիներին անգլերեն սովորեցնելու

Հայաստանի գլխավոր հենարանը սփյուռքն է

Չորս ամիս է, ինչ սկսել է գործել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Այս կառույցը փոխարինել է սփյուռքի նախարարությանը, որը նոր կառավարությունը համարեց ոչ արդյունավետ և լուծարեց։

Ի դեպ, գրասենակը ղեկավարում է հենց այն մարդկանցից մեկը, որոնք վերադարձան հայրենիք ԱՄՆ-ից։ Դա Գլենդեյլի նախկին քաղաքապետ 43-ամյա քաղաքագետ և իրավաբան Զարեհ Սինանյանն է։  

Զարեհ Սինանյան

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Զարեհ Սինանայանը Երևանում 2015թ․ #electic_Yerevan բողոքի շարժման օրերին։ Լուսնկարը՝ azatutyun,am

Նա ծնվել է Երևանում և մեկնել ԱՄՆ ընտանիքի հետ 1988 թվականին։ Իսկ 2019-ի հունիսին հրաժարվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից, որպեսզի տեղափոխվի Հայաստան և ստանձնի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը։

Սինանյանը կոշտ քննադատության էր արժանացնում Հայաստանի նախկին իշխանություններին, իսկ 2018-ի գարնանը աջակցություն հայտնեց «թավշյա հեղափոխոթւոյանն» ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ նրա նշանակումը նոր կառավարության կազմավորումից հետո շատ զարմանալի չէր։

Իշխանափոխությունից հետո Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի մեծ հոսքը հայրենիք ռեալ հնարավորություն է։ Նրա կարծիքով, վերջին տարիների արտահոսքը Հայաստանից պայմանավորված էր ոչ այդքան տնտեսական, որքան հոգեբանական պատճառներով, որոնք այլևս չեզոքացվել են։

«Սփյուռքը․․․ դա մոտ 5 միլիոն մարդ է, և եթե նույնիսկ 10 տոկոսը վերադառնա Հայաստան․․․, ապա մենք խոսում ենք ահռելի հոսքի մասին, այսինքն կադրային ներուժի, որը Հայաստանի համար միայն շահեկան է»։ 

Պատրիկ Ազատեան

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Պատրիկ Ազտտեանը Հայաստանի գյուղերից մեկում։ Լուսանկարը՝ JAMnews

Դիզայներ Պատրիկ Ազատեանի վերադարձը Հայաստան սկսվեց սոցիալական ցանցերում #լքելուեմ (ԱՄՆ-ն), #մնալուեմ (Հայաստանում) հեշթեգով գրառումներից։ Իսկ դրանից մեկ տարի անց նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեց վառվող մոմով տորթի լուսանկար ու գրառում.

«Այսօր՝ մեկ տարի Հայաստանում / #հայրենադարձածնունդ»:

Այժմ 56-ամյա Պատրիկն ափսոսում է, որ ավելի վաղ չի եկել․

«Մասնակից եմ դառնում հայրենակիցներիս հետ մի նոր բանի կերտման, մի նոր ճանապարհ եմ անցում։ Այս գործոնն ամենակարևորն է, ու պետք է դրա մասին խոսել։ Ամերիկայում մարդիկ աշխատում եմ, տունն ունեն, մեքենան ունեն, երեխաները համալսարան են գնում, նորմալ կյանք է։ Բայց կյանքը կարող է նաև դրանից առավել լինել։ Ինձ համար բավարարված լինելը այդ մոդելից դուրս է։ Եթե ամեն օր մտածում ես Հայաստանի մասին, ամեն օր կարդում ես Հայաստանի մասին, ի՞նչ իմաստ ունի ապրել Ամերիկայում»։

Հայաստանում նա դիզայներական ստուդիա է բացել։ Ասում է, իր աշխատողները, որոնք տեղացիներ են, աստիճանաբար իր վրա են ազդում, փոխում իրեն, ինքն էլ՝ նրանց։ Արդյունքում՝ «մերվել են», թիմ են դարձել։

Նրա խոսքով, երբ որպես զբոսաշրջիկ ես գալիս Հայաստան, մնում ես հյուրանոցում, փողոցներում լսում ես հայերեն խոսքը, սրճարաններ գնում, ամեն ինչ հաճելի է թվում․

«Սակայն, երբ մնում ես, տեսնում ես բացասական երևույթները։ Դա չի նշանակում հիասթափվել, ոչ։ Պարզապես սկսում ես այդ ամենով ապրել։

Մարդիկ ինձ հարցնում են. «Փոշմանե՞լ ես, վատ երևույթներ կա՞ն»։ Չեմ փոշմանել, վատ երևույթներ էլ կան, այո, կան։ Որոշ հայրենադարձեր ասում են, որ շատ դժվարություններ են ունեցել Հայաստանում, բայց գոյատևել են։ Ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը։ Ջուրը կա, հոսանքը կա, սուպերմարկետը կա, ամեն ինչ կա։ Դժվարություններն ինձ համար այն բաների մեջ են, որոնք բացասական ազդեցություն ունեն քաղաքացիների վրա` անարդարությունները, անհավասարությունը»։

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Պատրիկ Ազատեանը մոր հետ։ Լուսանկարը՝ JAMnews

Պատրիկն ասում է, որ ծնողները մնացել են ԱՄՆ-ում և ծանր են տարել իր Հայաստան տեղափոխվելու փաստը․

«Ասացի մորս, դուք եք ինձ այդպես դաստիարակել։ Չես ծնվում հայ, ու ծնվելուց անմիջապես հետո չես ունենում հայ լինելու զգացողությունը. դա քեզ սովորեցնում են, ու այն դառնում է առարկայական գործոն. եթե արդեն մեջդ է, չես կարող պոկել, կտրել, ասել, որ դու երրորդ սերնդի ամերիկացի ես և որևէ կապ չունես Հայաստանի հետ։ Վերադարձել եմ ու ապրելու եմ Հայաստանում»։

Եվա Ադալյան

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Եվա Ադալյանը Երևանի իր բնակարանում։ Լուսանկարը՝ JAMnews

Եվան 45 տարեկան է։ Հայաստնից ընտանիքի հետ հեռացել է 1992 թվականին։ 26 տարի ապրել է ԱՄՆ-ում․

«Մի տարիք է գալիս, երբ արժեհամակարգդ փոխվում է։ Նախանձում էի Հայաստանում ապրողներին։ Ամերիկայի կյանքը շատ սթրեսային է, հեռվից թվում է շատ հեշտ, ոսկեգույնԱյո, տալիս է հնարավորություններ, բայց վերջում գալիս հանգում ես մի կետի, որ игра не стоила свеч՝ իմաստ չկար այս ամենում»։

Պատմում է, որ իր համար ամենադժվար պահն եղել է ամուսնու հետ տեղափոխվելու մասին խոսակցությունը։ Բայց նա էլ, Եվայի ծնողներն էլ ողջունել են իր որոշումը։ Արդյունքում, ամբողջ ընտաանիքը վերադարձել է հայրենիք։

Եվան մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, սակայն 2000 թվականից  զբաղվում է զարդագործությամբ։ Ասում է, որ միակ քաղաքը Երևանն է, որտեղ երազել է խանութ ունենալ և ցուցադրել իր աշխատանքները․

«Հաճախորդներս օնլայն են պատվերներն անում։ Բայց շուտով, մեկ տարվա ընթացքում խանութս արդեն կբացվի։

Մինչև Հայաստան հասնելը մոտս խուճապ կար, ուզում էի շուտ գալ ու հասցնել իմ երկրում երիտասարդ տարիներս ապրել։ Վախենում էի ուշանալ, ինձ թվում էր անընդհատ Հայաստանից հետ եմ ընկնում։ Այնքանք ոևորված եմ եկել, որ դրա էյֆորիան չի անցնում»։

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Եվա Ադալյանն իր զարդերն է ցուցադրում։ Լուսանկարը՝ JAMnews

Դեկտեմբերին կլրանա մեկ տարին, ինչ Ադալյանները հայրենիքում են։ Ու Եվան նկատում է այն, ինչ կուզեր փոխել Հայաստանում․

«Մարդիկ խնդիր ունեն ժպտալու, շնորհակալություն կամ ներողություն ասելու: Անընդահտ պահանջում ենք, շատ մուննաթով ենք ու շատ բողոքական, նույն փողոցում թքողն ու սիգարետ գցողը կանգնում է ու բողոքում, որ քաղաքապետարանը լավ չի աշխատում։ Հարկավոր է մարդկանց գրպանին խփել` տուգանել։ Նույն  հայը Ամերիկայում դառնում է օրինապահ։ Այսինքն այնպես չի, որ ես կույր եմ, տեսնում եմ բոլոր թերությունները, բայց ամեն օր կանգնում եմ հայելու առաջ ու ինքս ինձ շնորհակալություն ասում, որ վերադարձանք։

Հախվերդյանի երգի տողերով ասեմ. «Ես քեզ սիրում եմ։ էս խոսքերը, ասում եմ քեզ իմ Երևան։ Արժի հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»։ Ստեղծենք մերը Հայաստանում։ Իսկապես տաղանդավոր ենք, մարդկանց տալիս ես մի փոքր հնարավորություն, քառակին ստեղծում են։  Շատ տեղերում կա այդ հնարավորությունը, բայց չկա այդ տաղանդը, շնորհը, կրեատիվ մտածողությունը»։

Անահիտ Արամունի Քեշիշյան

Հայաստան, սփյուռք, հայրենադարձություն, հայ, վերադարձ, հայրենիք

Անահիտ Արամունի Քեշիշյանը երջանիկ է իրեն զգում Երևանում։ Լուսանկարը՝ JAMnews

Անահիտ Արամունին արդեն չորս ամիս է, ինչ Հայաստանում է։ Սա Անահիտի համար երկրորդ հայրենադարձությունն է։ Առաջին անգամ հայրենիք է վերադարձել ծնողների հետ 1974 թվականին Իրանից։ Տասը տարի ապրելով Խորհրդային Հայաստանում, բոլորով մշտական բնակության են մեկնել ԱՄՆ։

Բանասեր, թատերական գործիչ Անահիտը համոզված է․ այս անգամ իրեն Հայաստան է բերել «լավ կյանքը», հետո արդեն հայրենիքն ու հայրենասիրությունը։

«Ամերիկայի լավ կյանքս այլ էր․ տունս մեծ, լավ մեքենա։ Բայց երբ ասում եմ «լավ կյանք», այլ բան նկատի ունեմ։ Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են մարդկային հրաշալի հարաբերություններ, ինչը շատ գրավիչ է դարձնում Հայաստանը։ Մարդու տարրական պահանջներից մեկը շփումներն են, մարդը սոցիումի կարիք ունի, դա է, որ մենք կորցնում ենք այդ  հարուստ ու ճոխ կյանքերում», – ասում է Կալիֆորնիայի համալսարանում երկար տարիներ դասավանդած Անահիտը։

Խոստովանում է, որ կարոտում է ուսանողներին, իր տունը․

«Ֆեյսբուքյան էջիս շատերն են հետևում, տաս հազարից ավել ուսանողություն եմ ունեցել, պատկերացրեք նայում են, մտածում ենԱնահիտը գնաց, տեսնենք, ի՞նչ է ասելու։ Շատերն են ուզում վերադառնալ, բայց մարդկանց մեջ վախ կա։ Ես էլ, երբ այնտեղ էի, հետևում էի այն մարդկանց, ովքեր ինձնից ավելի վաղ էին վերադարձել»։

Անահիտն էլ է կողքի հայացքով նայում իր նոր բնակավայրին ու իրեն շրջապատող մարդկանց։ Մերվում է, բայց պահանջում, որ տեղացիները որոշ հարցերում փոխվեն։

«Շենքի պապիներն իմ ընկերներն են, չնայած համ վիճել եմ հետները, համ բարկացել վրաները։ Իրենք ինձ մի անգամ ասեցին. «Վեր կաց ստեղից գնա»։ Դե, ես ուզում եմ շենքը մաքուր պահեմ, ամբողջ օրը խոսում եմ, նկատողություն անում։ Բակում հեղափոխություն եմ արել, պատերին փակցրել եմ, որ կարդան ու բակը չաղտոտեն, սիգարետը  հանգցնեն աղբամանի մեջ։ Լուծումը մեկն է մարդկանց տուգանեն աղբը գետին նետելու համար», – խստորեն տրամադրված ասում է Հայաստանի նոր բնակիչը։

Վերադառնալու որոշումն Անահիտը մեկ ժամում չի ընդունեկ, 1995 թվականից ամեն տարի այցելել է Հայաստան, հետևել երկրում տեղի ունեցող փոփոխություններին.

«Ներսում մարդիկ դա չեն զգում, բայց, երբ գնում-գալիս ես անընդհատ, տեսնում ես այդ տեղաշարժերը՝ թե հասարակությունում, թե ընդհանուր առմամբ երկրում։ Ոգևորված եմ հայրենիքի վերակառուցումով։ Երբ սփյուռքահայը գալիս է ու լավ է զգում իրեն այս երկրում, հարյուր տոկոսով պարտք է այս ժողովրդին, որովհետև այս ժովովուրդը արյունով ու քրտինքով է պահել այս հողը։ Մենք պետք է ունենանք մեր առաջարկությունները, երկրի զարգացմանը նպաստելու համար»։


Կարդալ ավելին JAMnews-ում