Ստալկերները փնտրում են կիսավեր գործարանային աշտարակներ և իջնում մոռացված ռմբապաստարաններ" />

Լուսանկարներ և պատմություններ Վրաստանի քաղաքային փլատակների միստիկայի մասին

Ստալկերները փնտրում են կիսավեր գործարանային աշտարակներ և իջնում մոռացված ռմբապաստարաններ

Մենք լքում ենք Թբիլիսին և ուղևորվում դեպի մայրուղի: Ալեքսն ու Թիթեն ուրախությամբ շուրջն են նայում՝ փնտրելով կիսաքանդ բետոնե շենքեր:

«Սուրբ Նինոյի հուշարձանի հետևում հին պահեստարան կա, կարող ենք այնտեղ մտնել: Դա հիանալի է, այն նման է թռչող ափսեի», – ասում է Ալեքսը մինչ մենք անցնում ենք մարշալ Գելովանիի պողոտայով:

Մծխեթան անցնելիս նրանք սկսում են պատմել ուրիշ լքված և քայքայված օբյեկտների մասին, որոնք գտել են Վրաստանի տարբեր մասերում: Նրանք իրենց «քաղաքային ստալկերներ» են անվանում: Վրաստանում նրանց նման ընդամենը մի քանի տասնյակ մարդ կա:

Այսօր նրանք ինձ կանչել են իրենց հետ այցելել ապակու լքված գործարանը Խաշուրի քաղաքում:

Ընդհանուր առմամբ, քաղաքային փլատակների այս հետազոտողները բաժանվում են երեք հիմնական կատեգորիայի.

Դիգերները զբաղվում են բունկերներով և ռմբապաստարաններով:

Ռուֆերները բարձրանանում են տանիքներին և խողովակներին:

Ստալկերները ուսումնասիրում և նկարագրում են բնակելի շենքերը և արդյունաբերական օբյեկտները:

«Բայց ի վերջո, մենք բոլորս տարված ենք մեկ գործով», – ասում է Ալեքսը:

Ալեքսը ստալկեր է դարձել երկու տարի առաջ և այժմ «Geo Stalk» ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորն է: Այստեղ են տեղադրում ողջ երկրի տարածքում արված լուսանկարները:

Այս համայնքները Վրաստանում սկսել են ձևավորվել 2006թ-ին, ասում է նա, և մոտ երեք տարի է՝ ինչ  տաևածում են ստացել:

«Որպես օրինակ են ծառայել Ռուսաստանի և Ուկրաինայի դիգերները, որոնք սկսել են դրանով զբաղվել դեռևս 1980-1990-ականներին, և այժմ այդ համայնքները հազարավոր անդամներ ունեն: Վրաստանում մենք մոտ 50 հոգի ենք», – պատմում է Ալեքսը:

Այն հարցին, թե ինչն է այդ զբաղմունքի մեջ գրավում իրեն, նա պատասխանում է՝ ադրենալինը: Հետո շարունակում.

«Սակայն ես նույնպես ուզում եմ ավելին իմանալ այդ բոլոր վայրերի, պատմության մասին: Բացի այդ, լուսանկարելն է շատ գրավիչ»:

Երբ մենք մտանք ապակու գործարանի տարածք, իրոք ադրենալին զգացվեց: Դարպասները բաց էին, ոչ ոք չէր պահպանում դրանք: Օրվա կեսը մենք թափառում էինք կիսավեր աստիճաններով, անցքերով հատակով, խոտով ծածկված պատերի երկայնքով և նայում էինք ժանգոտ հաստոցներին:

Օբյեկտի ուսումնասիրությունը սկսվեց երերուն աստիճանները բարձրանալուց, որը տանում էր դեպի սառեցման աշտարակ: Այստեղ պարզ դարձավ, որ ինձնից ռուֆեր դուրս չի գա: Ներքև նայելիս ծնկներս սկսում էին դողալ:

Հետո գնացինք նայելու գործարանի 4 արտադրամասերը: Ժանգոտ մեխանիզմների և աղյուսե փլատակների մեջ դժվար է պատկերացնել, որ այստեղ մի ժամանակ հարյուրավոր բանվորներ են աշխատել: Հիմա այս վայրը անիրական էր թվում, ինչպես ֆիլմի տեսարան, որը պատկերում է աշխարհը գլոբալ աղետից հետո՝ և գեղեցիկ է դա անում:

Գործարանը կառուցել են 1960-ականներին, այն գործել է մինչև 1990-ականները: Փակվելուց հետո ակնհայտ է, որ այստեղով բազմաթիվ կողոպտիչներ են այցելել. տարել են աղյուսը և մետաղը և վաճառել կամ որպես շինարանյութ, կամ օգտագործել տնտեսությունում, բացատրեցին իմ էքսկուրսավարները:

Սակայն իսկական գանձերը մենք գտանք լքված վարչական շենքում: Այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ այստեղից հեռացել են հանկարծակի՝ իրենցից հետո հանդերձարաններում թողնելով հագուստ, պատերին՝ վերարտադրանկարներ և խորհրդային պաստառներ: Այդ ամենն այժմ ծածկված էր փոշու հաստ շերտով:

Այն տարածքում, որտեղ հին շնչադիմակներ էին պահվում, «էքսկուրսավարներս» գտան հատակին ընկած խզբզած թղթի կտոր, որի վրա սկսեցին ծիծաղել: Դա 1997թ-ին գրված բացատրագիր էր: Դրա հեղինակը խոստովանում էր, որ արդեն երկրորդ անգամ է աշխատանքի գալիս հարբած վիճակում:

Այնուհետև մենք դուրս եկանք այնտեղից և այդ փաստաթուղթը թողեցինք այնտեղ, որտեղ գտել էինք: Ստալկերները միայն լուսանկարում են, նրանք երբեք ոչինչ չեն վերցնում և իրենցից հետո ոչինչ չեն թողնում այն վայրերում, որտեղ լինում են:

Մենք թափառում էինք մոռացված գործարանով, և մեզ ոչ ոք չհանդիպեց, եթե չհաշվենք կովերին, որ արածում էին մոտակայքում: Ալեքսն ասաց, որ ոստիկանության հետ քաղաքային միջավայրի հետազոտողները խնդիրներ չեն ունենում.

«Սակայն կան ռազմավարական օբյեկտներ, այնտեղ կարող են անախորժություններ առաջանալ: Այդ պատճառով էլ միշտ պետք է իմանալ, թե ուր ես գնում»:

Երկրորդ հանրագիտարան

Նման էքսկուրսիա եղավ դեպի Թբիլիսիի կենտրոնում գտնվող ռմբապաստարան: Սակայն այնտեղ բոլորովին այլլ տպավորություն ստեղծվեց: Փոքր սենյակների այդ լաբիրինթոսում առանց փորձառու ուղեկցորդի կարելի էր նաև մոլորվել:

Դիգերներն ու քաղաքային ստալկերներն օբյեկտների տեղակայման քարտեզներ ունեն, որոնցով կիսվում են միայն մոտ ընկերների հետ: Նրանք հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, սակայն տեղակայման մասին տվյալները՝ երբեք: Դա արվում է թույլ չտալու համար, որպեսզի մարդկանց ամբոխներ գնան այդ վայրերը և վնասեն դրանք:

Այդ ռմբապաստարանի մի մասը կառուցվել է դեռևս մինչև երկրորդ աշխարհամարտը, շինարարությունն ավարտվել է արդեն դրանից հետո:

«Այստեղ ամեն ինչ վաղուց թալանել են: Սակայն Թբիլիսիում կան ուրիշ մեծ և լավ պահպանված ռմբապաստարաններ: Յուրաքանչյուրը երկու մուտք ունի և օդափոխման գոնե մեկ հորան, որով էլ մտնում եմ ներս», – պատմում է Ալեքսը:

Ամենաշատը Ալեքսը հպարտանում է 2017թ-ին Չեռնոբիլի իր գիտարշավով: Նա Ֆեյսբուքում հրապարակել էր լուսանկարների և տեսագրությունների տեսքով հաշվետվություն և պրեզենտացիա էր կազմակերպել, որին եկել էր մոտ 20 համախոհ:

Այժմ նա երազում է զբոսաշրջային ընկերություն ստեղծել և արտասահմանցի զբոսաշրջիկների համար տուրեր կազմակերպել դեպի լքված վայրեր: Նա վստահ է, որ տարիների ընթացքում խորհրդային դարաշրջանի լքված օբյեկտների հանդեպ հետաքրքրությունը միայն աճելու է:


Կարդալ ավելին JAMnews-ում