Լուսանկարներ և պատմություններ Հին Խուդաթ գյուղից" />

Կին-մեղվապահ․ այս մասնագիտությունն Ադրբեջանում դադարում է միայն «տղամարդու» գործ համարվել

Լուսանկարներ և պատմություններ Հին Խուդաթ գյուղից

Հին Խուդաթ գյուղը գտնվում է Ադրբեջանի հյուսիսում։

Փարվանան տարրական դասարանների լեզգիներենի ուսուցչուհի է (այստեղ բնակվող ազգային փոքրամասնության լեզուն)։ Մոտ մեկ տարի առաջ նա սկսել է մեղվաբուծությամբ զբաղվել։ Նրա համար դա նոր աշխատանք է, թեև նա մեծացել է մեղվաբույծների ընտանիքում։

Ադրբեջանում այդ մասնագիտությունը կնոջ համար անսովոր է համարվում։ Այնուամենայնիվ, ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին տարիներին նորանոր պատմություններ են հայտնվում կին մեղվապահների մասին։


«Եկամուտ դեռ չկա, քանի որ մեղվաընտանիքը դեռ «նոր» է, և մեղուները դեռ մեղր չեն պատրաստում», – ասում է Փարվանան։

«Փեթակները պետք է որքան հնարավոր է շատ լինեն։ Այստեղ են բերում մեղուների պարս, որը ծառից են իջեցնում։ Սակայն փեթակը պետք է բավականաչափ մեծ և հարմարավետ լինի։ Եթե մեղուներն այն չհավանեն, նրանք կհեռանան։

Մեղրի համն ու գույնը կախված է նրանից, թե ինչով են սնվում մեղուները։ Օրինակ՝ ընկուզենու ծաղիկներից մեղրը շագանակագույն է դառնում։ Սակայն գնորդներից շատերի համար այդ գույնն անսովոր է, այդ պատճառով էլ նրանք գնում են ավելի բաց գույնի՝ «դասական» երանգների մեղր»։

«Ծուխն անհրաժեշտ է, որ մեղուներն ագրեսիվ չլինեն։ Միայն համազգեստը լիակատար երաշխիք չի տալիս։

Եթե խայթել են, ցավը մեղմելու միջոցներից մեկն օղին է։ Մեղվի թույնը նեղացնում է երակներն, իսկ ալկոհոլը՝ լայնացնում»։

Աշխատանքի ընթացքում Փարվանային երբեմն ամուսինն է օգնում, օրինակ, կերակրում է մեղուներին։ Չնայած մեղվի թույնի նկատմամբ ալերգիային։ Վերջերս նա հիվանդանոց էր ընկել ուժեղ ալերգիկ ռեակցիայով։

Փարվանան մեղրի որակը ստուգելու սեփական բացառիկ միջոցն ունի։ Բանն այն է, որ նա չի սիրում իսկական մեղր։ Եվ եթե նա վատ է զգում նույնիսկ դրա հոտից, նշանակում է, որ մեղրն իսկական է։

Իր բիզնեսը Փարվանան սկսել է Գուսարում վերջերս բացված Կանանց ռեսուրս-կենտրոնի աջակցությամբ (UNDP-ի և այլ միջազգային կազմակերպությունների նախագիծը)։

Ադրբեջանում գրեթե յուրաքանչյուր «գենդերային» նախագիծ ներառում է նաև կանանց ձեռնարկատիրության աջակցության ծրագիր։ Սեփական գործն ու մշտական եկամուտը կանանց թույլ են տալիս ֆինանսական կախվածություն չունենալ տղամարդուց, ինչը բնորոշ է պահպանողական հասարակությանը։


Կարդալ ավելին JAMnews-ում