Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է գիտնականների հետ հանդիպմանը" />

Լուկաշենկո. եղբայրական Ուկրաինան մարտնչում է անկախության համար

Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է գիտնականների հետ հանդիպմանը

«Եղբայրական Ուկրաինան» այժմ կռվում է իր անկախության համար: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հունվարի 26-ին՝ ելույթ ունենալով մանկավարժներին և գիտաշխատողներին գիտությունների թեկնածուի և պրոֆեսորի ատեստատների հանձնման արարողությանը:

Ինչպես ասված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունում, Լուկաշենկոն խոսել է երկրի առջև կանգնած դժվարությունների մասին: «Անկախությունը մեզ շատ էժան տրվեց. բոլոր ժողովուրդները մարտնչել են, այժմ մարտնչում է մեր բարեկամական Ուկրաինան: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կռվել: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք», – հայտարարել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, Բելառուսի անկախության պահպանման համար բազմաթիվ դժվարություններ է պետք հաղթահարել:

«Այդ ամենը մենք կարող ենք հաղթահարել միայն միավորվելով: Եվ, փառք Աստծո, անկախության համար մեր պայքարի գլխավոր ուղղությունն անցնում է տնտեսության, այլ ոչ թե ռազմական կամ քաղաքական ոլորտով», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուկրաինայի Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկի պահից սկսած՝ Բելառուսը ձգտել է չեզոքություն և լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Լուկաշենկոն բանակցությունների Մինսկի ձևաչափի նախաձեռնողն է՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ: Այդ բանակցությունների շրջանակում 2015թ-ի փետրվարին կնքվել է  հրադադարի և հակամարտության կարգավորման միջոցների մասին Մինսկի համաձայնագիրը:


Կարդալ ավելին JAMnews-ում