Նա այս մրցանակին արժանանում է 8-րդ անգամ և 7-րդ տարին անընդմեջ" />

Լոնդոնի «Արսենալ»-ում խաղացող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Նա այս մրցանակին արժանանում է 8-րդ անգամ և 7-րդ տարին անընդմեջ

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews 

Հայաստանի 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխը՝ ստանալով մրցանակը:

Մխիթարյանը 8-րդ անգամ է դառնում Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ և 7-րդ անգամ անընդմեջ:

2-րդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Երրորդ տեղում էլ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն է:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի առաջին մրցանակը շնորհվել է 1992 թվականին: Առաջին մրցանակակիրն է եղել «Կիլիկիա» թիմի պաշտպան Սարգիս Հովսեփյանը։ Հետագայում նա արժանացել է այդ մրցանակին ևս երկու անգամ։

 

Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, նա 2004 թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել։ Իսկ ամենատարեցը Սարգիս Հովսեփյանն է, ով 2008 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 36 տարեկանում։

Հայկական մեդիան այսօր հիշեցնում է, որ 2017 թ.-ի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը նվաճել է նաև Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում:

2017թ.-ին մարզիկը ընդգրկվել է նաև Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Դա միանշանակ չէր ընդունվել երկրի այլ մարզիկների կողմից: Նրանք մատնանշել էին, թե Մխիթարյանը, լինելով հիանալի ֆուտբոլիստ, այնուամենայնիվ «իր երկրի համար ոչինչ չի նվաճել»:

Օրերս Հենրիխը որպես Հայաստանի լավագույն 10 մարզիկներից մեկը ստացած մրցանակը՝ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան, նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

 


Կարդալ ավելին JAMnews-ում