Գյուղացիները նախընտրում են աղքատ լինել, միայն թե պետությունից պարտքով գումար չվերցնեն" />

Լոլիկները չեն ուզում գնալ Փարիզ

Գյուղացիները նախընտրում են աղքատ լինել, միայն թե պետությունից պարտքով գումար չվերցնեն

Ֆերմեր Մուսա, փորձարար

 

Ֆերմեր Մուսա Աբբասովն ապրում է Ալգեթի գյուղում, որը շրջկեկնտրոն Մառնեուլիից մեքենայով 10 րոպեի հեռավորության վրա է: Վերջին երեք տարվա ընթացքում նրա կյանքը կտրուկ փոխվել է, աշխատանքն ավելացել: Նախկինում նա իր հարևանների պես բանջարանոցում լոլիկ էր աճեցնում և վաճառում Մառնեուլիի շուկայում: Սակայն անցյալ տարի որոշեց փորձել իրական բիզնեսով զբաղվել:

Մուսան դարձավ Վրաստանի առաջին ֆերմերներից մեկն, ով գյուղատնտեսական վարկ վերցրեց և դարձավ գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման նոր պետական ծրագրի մասը: Կարելի է ասել, Մուսան ինքնակամ փորձարարական ճագար դարձավ գյուղացիներին էժան վարկեր տրամադրելու և գյուղատնտեսությունը եկամտաբեր ու հեռանկարային ճյուղ դարձնելու պետական ծրագրում:

Չնայած շատ ֆերմերներ նույնպես ցանկանում են ընդլայնել իրենց տնտեսությունն ու առևտուր անել ողջ Վրաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս, բայց ասում են, որ այդ ամենը շատ ջանքեր ու հավելյալ գիտելիքներ, մեծ ճիգեր և ֆինանսական ներդրումներ են պահանջում:

Գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կվիտաշվիլին վերջերս հրապարակայնորեն խոստովանեց, որ «Վրաստանում գյուղատնտեսությունը բնորոշվում է աշխատուժի ցածր արտադրողականությամբ և… տեխնոլոգիաների ու ֆինանսավորման սահմանափակ հասանելիությամբ: Արդյունքը գյուղացիների շրջանում աղքատության բարձր տոկոսն է»:

Այս սայլը տեղից շարժելու և գյուղատնտեսությունը քաղաքակիրթ մակարդակի հասցնելու համար էլ մտածված ու ֆինանսավորված է ֆերմերների արտոնյալ վարկավորման ծրագիրը:

Մուսա Աբբասովի հետ ամեն ինչ հենց այդպես էլ աշխատեց, երբ նա վերցրած վարկով հազար հեկտար տարածքի վրա երեք մեծ ջերմոց կառուցեց, լոլիկ և սմբուկ աճեցրեց: Միաժամանակ 8 գյուղացի աշխատանք ունեցան, իսկ ամեն բերքահավաքի ժամանակ աշխատողների թիվն ավելանում է:

«Քանի դեռ այդ ջերմոցները չէին բացվել մեր գյուղում ընդհանրապես աշխատատեղեր չկային: Իսկ այժմ մշտական աշխատանք ունենք, աշխատավարձն էլ ժամանակին տալիս են», – ասում է Մուսայի ջերմոցում աշխատող Սեյմուր Ռախիմլին:

 

Մուսայի արտադրանքի սպառման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է: Ճիշտ է, նա դեռևս չի հասել Փարիզ և Լոնդոն, բայց արդեն շատ լավ առևտուր է անում Մառնեուլիում և Թբիլիսիում: «Եթե այս պետական ծրագիրը չլիներ, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի», – ասում է Մուսան:

Սակայն եթե որևէ մեկը մտածում է, որ այս պատմությունը վրացական գյուղատնտեսության և եվրոպական շուկայի հաջող համագործակցության մասին է, ապա սխալվում է: Արտոնյալ գյուղվարկերից վերջին երեք տարիների ընթացքում քչերն են օգտվել: Տարբեր պատճառներով: Օրինակ, առանձին գյուղերում ընդհանրապես չեն լսել այդ հնարավորության մասին:

Մեկ պարզ օրինակ: Ալգեթի գյուղում, որտեղ իր բիզնեսն է ծավալում Մուսան, մոտ 5 հազար մարդ է ապրում, հիմնականում՝ ադրբեջանցիներ: Բնակչությունը մեծամասամբ գյուղատնտեսությամբ է զբաղվում. աճեցնում են խաղող, սեխ, թութուն, լոլիկ, վարունգ, սմբուկ, պղպեղ, կաղամբ, հացահատիկ: Այստեղ գրեթե ամեն բակում ջերմոց կա, իսկ ֆերմերները բանջարեղեն ու միրգ են վաճառում հիմնականում Մառնեուլիի շուկայում կամ ճամփեզրերին՝ մեքենաներով:

Տեղացիների հետ զրույցից պարզվեց, որ Մուսա Աբբասովը գյուղում միակն է, ով գյուղվարկ է վերցրել: Ոմանք սա շատ ռիսկային են համարում, մյուսներն էլ չգիտեն ծրագրի մասին:

Ի՞նչ է արտոնյալ գյուղատնտեսական վարկավորումը

Ծրագիրը գործարկվել է 2013թ.-ին 8 մասնավոր բանկերի ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ երեք առաջարկ կա.

1. Մինչև 5 հազ. լարի կես տարի ժամկետով առանց տոկոսադրույքի,

2. 5-100 հազ. լարի մինչև 2 տարի ժամկետով 8 տոկոս տոկոսադրույքով,

3. 60 հազ.-ից մեկ մլն լարի մինչև 7 տարի ժամկետով և 3 տոկոս տոկոսադրույքով:

Մուսա Աբբասովն ընտրել է երրորդ տարբերակը. վերցրել է 250 հազ. լարի 5 տարով: Այդ գումարով գնել է մինի-թրեյլեր բանջարեղենի և մրգերի տեղափոխման համար, մի քանի ջերմոց և տեղադրել ժամանակակից սարքավորումներ: Ասում է, որ տոկոսները վճարելն իր համար դժվար չէ, քանի որ տեխնոլոգիաների և սեփական աշխատանքի շնորհիվ տարին նվազագույնը երեք անգամ բերք է հավաքում:

Ինչո՞ւ ծրագիրը չի աշխատում

Պետք է նշել, որ Մուսա Աբբասովի գործերը լավ են նաև մեկ այլ, բիզնեսի հետ կապ չունեցող պատճառով. նա վրացերեն է հասկանում: Հենց այդ պատճառով էլ իմացել է արտոնյալ վարկի մասին:

Կվեմո Քարթլիում մոտ 500 հազ. մարդ է ապրում, կեսն ադրբեջանցի: Ինչպես նշում է «Քաղաքացիական ինտեգրացիայի հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Զաուր Խալիլովը, այն, որ Կվեմո Քարթլիի շրջանում ոչ ոք վարկ չի վերցրել և գյուղերն ընդհանուր առմամբ չեն զարգանում, կրթության ցածր մակարդակից է և վրացերեն չիմանալուց:

«Բնակիչները տեղեկատվական վակուումում են, նրանք ոչ իրենց իրավունքները գիտեն, ոչ հնարավորությունները: Մարդիկ վրացերեն չգիտեն, այդ պատճառով էլ նայում են միայն ադրբեջանական, թուրքական և ռուսական հեռուստաալիքներ՝ արդյունքում տեղեկատվություն չստանալով երկրում տեղի ունեցող իրադարձություններից կամ ստանում են աղավաղված տեսքով: Այդ պատճառով էլ նրանք տեղյակ չեն, որ գյուղատնտեսական վարկեր կան»:

Հաջի Բայրամովը նույպես ֆերմեր-փորձարար է, ով ապրում է Մառնեուլիի ծայրամասում: Նա կառուցել է իր առաջին ջերմոցն արտոնյալ գյուղվարկով: Այժմ լոլիկ է աճեցնում, մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնում Մառնեուլիի շուկայում՝ հենց ավտոմեքենայից: Հարցին, թե ինչու մնացածն էլ իր նման չեն վարվում, Հաջին ասում է, որ գյուղվարկի մասին տեղյակ չեն կամ ոչ բավարար են տեղյակ:

Չնայած որ լեզվի խնդիրը Կվեմո Քարթլիի և հավանաբար նաև Ջավախքի համար լուրջ է, երկրում տիրող ընդհանուր իրավիճակը հուշում է, որ այն այնուամենյանիվ գլխավորը չէ:

«Կվեմո Քարթլին և Կախեթը հենց այն երկու շրջաններն են, որտեղ արտոնյալ վարկավորման ծրագիրը քիչ թե շատ պահանջարկ ունի: Արևմտյան Վրաստանում այդ նախագիծն ընդհանրապես հայտնի չէ: Բայց չէ՞ որ այնտեղի բնակչությունն էլ է հիմնականում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվում, ընկույզ է աճեցնում: Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ վախենում են բիզնեսն ընդլայնելու համար պարտքով գումար վերցնել: Նրանք չեն վստահում ծրագրին մասնավորապես այն պատճառով, որ քիչ են տեղեկացված», – ասում է տնտեսագետ Իրակլի Ուրուշաձեն:

Այդ կարծիքին է նաև Ցուրտավի գյուղի ֆերմեր Ջամալ Նաբիևն, ով կարտոֆիլի աճեցմամբ է զբաղվում: Նա նույնպես գյուղատնտեսական վարկ է վերցրել բիզնեսի զարգացման համար և կարողացել է հաջող օգտագործել այն: Ֆերմերը վստահ է, որ մարդիկ չեն ուզում օգտվել պետության փողերից, որովհետև չգիտեն գումարը վերադարձնելու արտոնյալ պայմանների մասին:

Վրաստանի գյուղատնտեսության ռազմավարական զարգացման ծրագրում նշվում է, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել սերմերի և տնկիների արտադրության, ինչպես նաև ֆերմերական կոոպերատիվների և ասոցիացիաների վրա: Այս ամենը ֆինանսավորվելու է պետբյուջեից: Մի քանի դոնոր երկրներ ու միջազգային կազմակերպություններ նույնպես խոստացել են դրամաշնորհներ ու վարկեր տրամադրել:

Սակայն գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման ծրագիրն արդեն գրեթե ձախողվել է: Այն պատրաստ էր ֆերմերներին 29.6 մլն լարիի չափով վարկ տրամադրել: 2015-ի վերջում՝ ծրագրի մեկնարկից երեք տարի անց, տրվել է 25 հազ. վարկ ընդհանուր 1 մլն լարի արժողությամբ:

  • Ինչպես նշում է ֆերմեր Ջամալ Նաբիևը, «մարդիկ վախենում են, որովհետև չգիտեն»: Իսկ նրանք, ովքեր երկիրը եվրոպական շուկա դուրս բերելու մասին ռազմավարական ծրագրեր են մշակում, հավանաբար չգիտեն, որ մարդիկ չգիտեն:

11.03.2016


Կարդալ ավելին JAMnews-ում