«Կանանց համար» շատ ֆիլմեր, փակ համերգ և երեկույթ հին կոմբինատում " />

«Լինել կին»․ Բաքվում արթ-փառատոն է անցկացվում ի պաշտպանություն գենդերային հավասարության

«Կանանց համար» շատ ֆիլմեր, փակ համերգ և երեկույթ հին կոմբինատում

Ադրբեջանում արթ-փառատոն է անցկացվում, որը նվիրված է ժամանակակից աշխարհում կանանց դերին։ Ծրագրում՝ կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, քննարկումներ և գրական երեկո։ Փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 17-27-ը։

• Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում․ գրաքննություն՝ օգնության դիմաց

• Հիջաբ կամ աշխատանք․ Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից

Մանրամասն՝ փառատոնի մասին

«MAIDEN TOWER. To Be a Woman» («ԿՈՒՅՍԻ ԱՇՏԱՐԱԿ։ Լինել կին») ժամանակակից արվեստի փառատոնը կազմակերպել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը եվրոպական երկրների դեսպանատների և տեղի գործընկերների հետ միասին։

Կույսի աշտարակը, որի անվանումը վերցրել է փառատոնը, հին աշտարակ է Բաքվի կենտրոնում, քաղաքի խորհրդանիշն է։

Կազմակերպիչները փառատոնը նվիրում են ադրբեջանցի կանանց կողմից ընտրական իրավունք ձեռք բերելու հարյուրամյակին։

«Փառատոնն արտացոլում է ադրբեջանական և համաշխարհային հասարակությունում կանանց դերի ուժեղացումը», – ասում են կազմակերպիչները։

Փառատոնին մասնակցում են նկարիչներ, մշակութային ակտիվիստներ և այլ արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Գերմանիայից մինչև Արգենտինա։ Իհարկե, ներառյալ տեղացիներին։

Փառատոնի ծրագիրը

Առաջին փառատոնային միջոցառումներն անցկացվել են դեռ նախքան դրա պաշտոնական բացումը։

Սեպտեմբերի 17-ին «Նիզամի» կինոթատրոնում ցուցադրվել է «Երբ լոլիկները հանդիպում են Վագներին» հունական փաստագրական ֆիլմը։

Սեպտեմբերի 18-ին Բաքվի ծայրամասում գտնվող կիսաքանդ կոմբինատը մեկ երեկոյով վերածվել էր արթ-հարթակի։ Երիտասարդ նկարիչները հանդուգն գրաֆիտիներ են արել արտաքին պատերին, իսկ քանդակագործների արտադրամասում ժամանակակից երաժշտության համերգ էր կազմակերպվել։

Փառատոնի ծրագրում շատ են կինոցուցադրությունները։ Օրինակ․

  • հունգարական փաստագրական ֆիլմ մի կնոջ մասին, որը տասը տարի իր ընտանիքի փատսացի ստրուկն է եղել;
  • հոլանդական դրամա երիտասարդ բրիտանուհու մասին, որը փորձում է կյանքի վերադառնալ այն բանից հետո, երբ նրա դեմքն այլանդակել են;
  • փաստագրական ֆիլմ, որը նվիրված է Բրազիլիայում առաջին կին դիվանագետի հարյուրամյակին։

Պլանավորված է նաև տարբեր երկրների կին պոետների ստեղծագործությունների ընթերցանություն, մի քանի քննարկում և ցուցահանդես։

Միջոցառումների մեծ մասի մուտքն անվճար է, սակայն որոշներինը միայն հրավիրատոմսերով է։ Օրինակ՝ հույն և ադրբեջանցի երաժիշտների համատեղ համերգի մուտքը։

Մանրամասն ծրագրին կարելի է ծանոթանալ փառատոնի կայքում։  


Կարդալ ավելին JAMnews-ում