Ստամբուլի ժամանակակից արվեստի բիենալեն այս տարի անցնում էր այս հնչեղ ու մտերմիկ կարգախոսի ներքո՝ «Լավ հարևան» " />

Լինել լավ հարևան Թուրքիայում. Հարցերն ավելի շատ են, քան հնարավոր պատասխանները

Ստամբուլի ժամանակակից արվեստի բիենալեն այս տարի անցնում էր այս հնչեղ ու մտերմիկ կարգախոսի ներքո՝ «Լավ հարևան»

Հարցերն իրոք շատ են: Ավելին, հարցերը հենց արվեստի մաս են համարվել, քանի որ «լավ հարևանի» բանաձևի որոնումները Ստամբուլի բիենալեի կազմակերպիչները նախ ձևակերպել էին որպես հարցաշար, հետո պաստառների ու կարճ տեսահոլովակների միջոցով տարածել ողջ քաղաքով մեկ:

«Ո՞րն է լավ հարևանը»,- սա 40-ից ավելի հարցերից մեկն էր: Եվ հնչում էին 40-ից ավելի պատասխաններ: Դա նման էր թեստի, որի արդյունքները կարող էին ամփոփվել արվեստից դուրս (ասենք, հանրային ընկալման սոցհարցումներում), եթե չլիներ հազիվ զսպված ցանկությունը՝ խուսափելու իսկապես սուր պատասխաններից:

Ստամբուլի բիենալեն առաջարկում էր լավ հարևան լինելու մանևրող պատասխաններ, որոնց մեծամասնությունը թեթև էին, կենղացային, հումորով և հիմնված կոմֆորտի գաղափարի վրա: Օրինակ, «Նա, ով քո ընկերն է Ֆեյսբուքում», «Նա, ով չունի ընտանի կենդանի», «Նա, ով նույն թերթն է կարդում», «Նա, ով ունի ուժեղ վայֆայ կապ և առանց գաղտնաբառի», «Նա, ով քեզ համար ճաշ է պատրաստում, երբ հիվանդ ես», «Նա, ով հավաքում է քո նամակները, երբ տանը չես» և այդպես շարունակ:

«Օտարական, ումից չես վախենում»-ը, թերևս, ամենաակտուալ ու սիմվոլիկ պատասխանն էր, քանի որ վախը այսպես թե այնպես տարալուծված է ժամանակակից աշխարհում ու դարձել է անկայուն իրավիճակների ուղեկցորդը:

Եվ հենց վախը (հիմնականում, կորցնելու, չհասկացվելու, չընդունվելու) այս տարվա բիենալեի տողատակում էր:

Այդ մասին չէր խոսվում բաց, բայց ակնարկվում էր: Ակնարկվում էր թե՛ հատուկ բիենալեի համար գրված «Պատմություններ» հուշերի գրքում, թե՛ ընտրված արվեստագետների աշխատանքներում:

Ստամբուլի բիենալեն անցնում էր արդեն 15-րդ անգամ և բավականին լարված պայմաններում: Անցյալ տարվա հեղաշրջման փորձը, պատերազմները սահմանային երկներում, միլիոնավոր սիրիացի փախստականների հոսքը, ահաբեկչական ակտերը (միայն Ստամբուլում 12 պայթյուն է եղել), գրաքննության խստացումը, կարծես, մարտահրավեր էին արվեստի համար: Շատ արվեստագետներ տարակուսում էին՝ մասնակցել թե ոչ բիենալեին:

«Անցյալ տարի մենք շատ խնդիրներ ունեցանք, անգամ հարց ծագեց բիենալեի գոյության մասին» – ասում է Ստամբուլի բիենալեի հիմնական կազմակերպիչ IKSV-ի (Մշակույթի և արվեստի ստամբուլյան հիմնադրամ) ցուցադրության կոորդինատոր Էլիֆ Քամիշլին:

Նախորդ տարիներին բիենալեն լուրջ հայտ էր ներկայացրել որպես համարձակ ու քաղաքական առումով զգայուն արվեստի հարթակ: 2013-ին, օրինակ, ընտրվել էր «Մայրիկ, արդյո՞ք ես բարբառոս եմ» կարգախոսը, որն անմիջապես կապվում էր քաղաքացիական ընդվզման հետ:

Այս տարվա բիենալեն իր հայացքն ուղղում էր դեպի մարդու ներաշխարհ: Այն մարդու, որը պարզապես ուզում է ապրել՝ հարմարավետ միջավայրում ու առանց ցնցումների:

Բիենալեի համադրողները՝ սկանդինավցի արվեստագետներ Մայքլ Էլմգրինն ու Ինգար Դրագսետը, որոնք հայտնի են որպես Elmgreen & Dragset ստեղծագործական զույգ, նախընտրել էին մեծ աշխարհի բարդ խնդիրները բերել ու տարալուծել տան գաղափարի մեջ:

Տունը, ջերմ անկյունը, մանկույթան բույրն ու հուշերը դառնում են փրկօղակ՝ քաղաքական անլուծելի հարցերից, դրսում տեղի ունեցող աղետներից պաշտպանվելու ու պատսպարվելու համար:  

Էլմգրինն ու Դրագսետը, որոնք ոչ միայն ստեղծագործական, այլև կյանքի զուգընկերներ են, վստահ եմ, որ «փոխհարաբերությունների ցանցն ի հայտ է գալիս այնպես, ինչպես անտեսանելի շղթայի օղակներն են դանդաղորեն տարածվում անձնականից հանրային, իսկ հետո՝ դեպի ողջ աշխարհ»:

Քաղաքական և անգամ քաղաքացիական դիրքորոշումը երկրորդ պլանում է, առաջինում՝ մարդու հույզերն են:

Եվ հենց այդ փախուստը դեպի ներաշխարհ ամենից լավն է ցույց տալիս ժամանակակից ճգնաժամը: Մարդը պիտի թաքնվի, որ մարդ մնա:

Այդ թաքստոցները երբեմն իրական անդերգրաունդային տարածքներ են, երբեմն՝ շարժական, մոբիլ, որոնք միշտ քեզ հետ են, որպես հուշեր, երազանքներ կամ այդ հուշերը պահպանող առարկաներ:

Իրանցի արվեստագետ Միրաք Ժամալը , որի ընտանիքը լքել է հայրենիքը իսլամական հեղափոխությունից հետո, մանուկ հասակում անընդհատ տեղափոխվել է մի երկրից մյուսը: Բայց իր սրտում պահել է քանդված, անլիարժեք տան պատկերը:

Ստամբուլի Մոդեռն թանգարանում ներկայացված էին նրա առաջին հայացքից միամիտ թվացող մանկական էսքիզները, որոնք տեղափոխվել էին պլաստիկ պատի վրա ու դարձել պատերազմը, կորուստը թիկունքում միշտ պահող ոչ երջանիկ երեխայի էություն:

Մարոկուհի Լատիֆա Էչախչը ներկայացնում էր «Խամրած ամբոխ» ինստալյացիա-որմնանկարը, որտեղ դեմ դիմաց կառուցված պատերից իրար են նայում Ստամբուլի Գեզի այգու ցուցարարները, որոնք դուրս ելան բողոքի 2013-ին: Քաղաքական բողոքի այս խամրած իրականությունը շարունակվում է արդեն ֆրագմենտներով:

Այսինքն, կոլեկտիվ ակտը վերածվում է անհատական գործողություն:

Թուրք արտիստ Քանդեգեր Ֆուրթունը ստեղծել էր «Ինը զույգ կերամիկական ոտքեր՝ համամում» գործը, որտեղ թուրքական բաղնիքի նմանությամբ կողք կողքի էր տեղադրել մարդկային վերջույթները որպես հիշեցում, որ բոլորը նույնն են, հավասար ու մերկ:

Ցուցադրություն կար նաև իրական համամում: Ստամբուլի ասիական ափին գտնվող Քուչուկ Մուսատաֆա Փաշա բաղնիքում  Թուգչե Թունան  ներկայացրել էր «Մարմնի կաթիլներ» պարային փերֆորմանսը՝  ծեսերի, ավանդույթների ու հանգստի թեմայով:

Փոքր ու շատ հետաքրքիր Asmalimescit Neibourhood արվեստանոցում  ներկայացված էր միայն մեկ աշխատանք, որը հենց վերակառուցում էր տունը՝ ճաշասենյակը, սպասքը, ընտանեկան անդորրի ձայները: Այս կարճ վիդեո ինստալյացիան սկսվում էր լիակատար մթից, հետո որոշ դրվագներ լուսավորվում էին՝ նորից մթում կորչելով:

Սա է տունը, որը դրվագների է բաժանվել, մթնել ու պահպանվել միայն որպես հուշ կամ պատրանք: Նաև դիտողի մոտ առաջացնելով կլաուստրոֆոբիա: Նեղ, փոքր, սահմանգծված տարածքը տեղ չի թողնում ազատ շնչելու:

Օրինակ, ավստրիացի Լիանդեր Շյոնվեգերի «Մեր ընտանիքը կորել է» ինստալյացիում մեկը մյուսից բխող ու անընդհատ փորքացող սենյակներն, ի վերջո, այնքան են նեղանում ու փոքրանում, որ գրեթե բանտախուց են դառնուն: Շինությունը միաժամանակ լաբիրինթոս է ու փակուղի…

Բիենալեն, սովորաբար ապագային ուղված նախագիծ է: Եվ այն երկիրը, որը հավակնում է միջազգային նշանակության բիենալե նախաձեռնել, մտածում է իր ապագայի ու իր երկրի իմիջի մասին:

Ստամբուլի բիենալեն՝ ընտրելով հարևանության թեման, անտեսել է հայերի և հույների մասնակցությունը, որոնք Թուրքիայում որոշակի տեղ և հետք ունեն:

Իրական հարևաններ

Արվեստագետների համար ստեղծագործելու հիմնական նյութը իրենց կենսագրությունն  է: Եվ պատահական չէ, որ արվեստի վերջնակետը (նաև մեկնակետը) դարձել է տրավմատիկ մանկությունը, ընտանիքի կորուստը, ներգաղթն ու արտագաղթը:

«Լավ հարևան» ցուցադրության մեջ հայկական և հունական աշխատանքներ չկային, ինչը զարմանալի է, քանի որ պետական սահմանների հարևաններ ենք և հենց Թուրքիայում են ակնհայտ հայկական ու հունական հետքերն ու արդիական հարևանության գաղափարը: Կարգախոսը լավ հնարավորություն էր երկխոսելու:

Ցուցադրության կոորդինատոր Էլիֆ Քամիշլին համաձայն է, որ դա լավ հնարավորություն էր, բայց վերջնական որոշումը ոչ թե քաղաքական էր, այլ զուտ արվեստի դիրքերից.

«Այո, չունենք հայ արվեստագետներ: Բայց լինել կուրատոր չի նշանակում աշխատել ցուցակով: Մեր կուրատորներն արել են իրենց ընտրությունը՝ ելնելով գեղագիտական արժեքներից: Իհարկե, խորագիրը «Լավ հարևան» է, բայց փաստ չէ, որ պիտի հրավիրեինք արվեստագետների բոլոր հարևան երկներից՝ Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից»:

 

«Հաճախ մենք չենք կարող մեծ կռվի բռնվել քաղաքականության կամ մեյնսթրիմ մեդիայի դաշտում, բայց կարող ենք կոտրել մեր մեկուսացումը՝ հաղորդակցվելով իրար հետ մեր անձնական պատմություններով… Ի վերջո, քաղաքականությունը անհատներն են»,- վստահեցնում են Elmgreen & Dragset-ը: 

Ստամբուլի բիենալեն փորձում էր լինել լավատեսական՝ առաջին պլան մղելով ոչ թե մարդու ու աշխարհի, այլ մարդու ու մարդու անհատական շփումը: Բայց մի վերապահումով՝ մարդն ու մարդը չեն առճակատվում, միայն շփվում են:

«Արվեստը հայելի չէ, որը ուղիղ կերպով արտացոլում է մեր շուրջը կատարվող իրականությունը: Մեր համադրողները գտել են լեզու, որը կապված չէ թեժ քաղաքական քննարկումների հետ, քանի որ դա վնասում է արվեստին»,– այսպես է մեկնաբանում Էլիֆ Քամիշլին բիենալեի կոնցեպտը:

Երեք ամիս տևած «Լավ հարևան»-ը կես միլիոն մարդ է այցելել, դա կարևոր ցուցանիշ է Թուրքիայի համար: Բիենալեն դարձել է տուրիստական երթուղի ու օգնում Թուրքիային հաստատվել միջազգային արվեստի քարտեզի վրա:

Բիենալեի այս տարվա հայացքը, ուղղված փխրուն ու ֆրագմենտացված աշխարհին, ավելի շատ հիշեցնում էր փախուստ, այլ ոչ թե՝ երկխոսություն (անգամ սեփական ներաշխարհի հետ):

Փախչելն ու թաքստոց որոնելը շատ մարդկային մղում է, բայց շարունակում է բաց մնալ մի հարց՝ իսկ ինչպե՞ս դիմակայել ու դիմադրել: Վերջապես, ինչպե՞ս շարունակել ապրել տրավմատիկ հուշերով ու տրավմատիկ ներկայում:

Ստամբուլի բիենալեն ուզում էր ընդգծել լավատեսական շերտը ու առաջարկում էր ամեն դեպքում շարունակել միասին թեյ խմել ու կիսվել հուշերով: Եվ նշանակություն չունի, թե որտեղ՝ փլակատակների վրա, թե ջերմ բնակարաններում ու կոկիկ միջավայրերում:

Ռոմանտիկ այս ուղերձը ձգտում էր լինել ունիվերսալ հաղորդակցության բանաձև: Հասկանալի է, որ երբ բարդ ժամանակներ են, սեղմվում ես, որ քեզ պահպանես՝ մինչ լավ ժամանակը: Բայց սա ենթադրում է նաև առավել ազնվություն: Օրինակ, ուրվագծելով, թե որն է այդ լավ ժամանակը:

Լավ հարևանը ունիվերսալ հասկացություն չէ, այն արտացոլանք է կողքինի շնորհիվ: Եթե կողքդ անապատ է, ո՞ւմ հետ պիտի լինես հարևան:


Կարդալ ավելին JAMnews-ում