գերության մեջ հայտնված 11 կանանցից միակ փրկվածի հիշողությունները։ " />

Լեռնային Ղարաբաղ. Մայրիկի վերմակը, կարպետն ու 25 տարիների սպասումը

գերության մեջ հայտնված 11 կանանցից միակ փրկվածի հիշողությունները։


75 տարեկան Երանիկը մինչ օրս ապրում է այն տանը, որտեղից իրեն գերեվարեցին ԼՂ հակամարտության թեժ մարտերի ժամանակ:

Երանիկ Սարգսյանի զրուցակիցն  արդեն 25 տարի է մոր գործած կարպետն է։ Դա անհայտ կորած մորը հիշեցնող այն եզակի իրերից է, որի հետ ցերեկներն իր ապրումներն է կիսում 75-ամյա Երանիկը, գիշերներն էլ դրանք փորձում  է «ծածկել» մոր վերմակով։

Վերմակի մասին ասում է. ինչ էլ լինի՝ չի բաժանվի։

«Այդ վերմակն ինձ շատ հարազատ է»,- արցունքները հազիվ զսպելով, ասում է Երանիկը. նրա հիշողության մեջ արթնանում են 25 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը:

Երանիկը պատմում է. 1992թմայիսի 10-ին, առավոտ կանուխ ադրբեջանական կողմը հարձակվեց Աղդամի ուղղությամբ՝ Ասկերանի շրջանի այն ժամանակ Արանզամին  /այժմ Վարազաբուն/ եւ մոտակա Սառնաղբյուր /նախկին Աղբուլաղ/, Վարդաձոր /նախկին Փրջամալ/, Նախիջեւանիկ գյուղերի վրա։

Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղն է, որը պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել երկու անգամ։

1980-երի վերջին սկսված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի շուրջ 1994 թ.-ին կնքվեց հրադադարի մասին համաձայնագիր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, շարունակում է մարդկային կյանքեր խլել, իսկ որոշ փորձագետների գնահատականով այդ խնդրի շուրջ մեծանում են պատերազմական գործողություններ վերսկսելու իրական վտանգները:

Արանզամին /որն Ասկերանից ընդամենը 7 կիլոմետր է հեռու, իսկ Ստեփանակերտից՝ 25/, գյուղի բնակիչներից շատերը հասցրեցին հեռանալ, սակայն 11 կին, այդ թվում Երանիկն ու իր մայրը՝ ոչ: Երանիկն ասում է, որ չհեռացավ 80 ամյա մոր՝ Արփենիկի պատճառով, ով դժվարությամբ էր քայլում:

«Ադրբեջանական զորքերի տանկերը մտան գյուղ, ամենուրեք կրակոցներ էին», – ասում է Երանիկը:

Նա պատմում է, որ թաքնվում են իրենց տան նկուղում ինքը, մայրը եւ եւս 9 կին: Կանանցից տարիքով ամենամեծը Զառին էր՝ 85 տարեկան, իսկ ամենափոքրը Երանիկն էր` 51 տարեկան:   

«Մեզ նկուղից հանեցին ու բակում շարեցին: Ադրբեջանցիների հետ նաեւ մի խումբ զինված կանայք կային։ Ռուսերեն էին խոսում: Նրանք մեզ հրամայեցին բարձրանալ ռազմական մեքենայի բեռնախցիկ»,-հիշում է Երանիկը։

2014 թ.-ին  կառուցված՝ զոհված եւ անհետ կորածներին նվիրված հուշարձանի վրա պատկերված են այն 10 կանայք, որոնք այդպես էլ չվերադարձան հայրենի գյուղ:  

Վարազաբուն գյուղի կենտրոնական մասում է գտնվում Ղարաբաղյան հակամարտությունում զոհված եւ անհետ կորածներին նվիրված հուշարձանը, որը կառուցվել է 2014 թվականին։  

Այդ հուշարձանից մեզ են նայում 10  կին՝ Նադյան, Փառանձեմը, Զումբրուտը, Մինավարը, Արաքսյան, Հեղինեն, Աստղիկը, Անյան, Զառին ու Երանիկի մայր Արփենիկը։ Գերի ընկած 11 կանանցից միայն Երանիկն է տուն վերադարձել:

Լեռնային ղարաբաղում գործող ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տվյալներով՝ ընդհանուր առմամբ հակամարտության ընթացքում անհայտ կորել է շուրջ 700 անձ։  

ԿԽՄԿ-ի Երևանի և Բաքվի պատվիրակությունները և Լեռնային Ղարաբաղում առաքելությունը գրանցել են հակամարտության հետևանքով անհայտ կորած ավելի քան 4500 անձանց, որոնք անհայտ կորել են 1992-1994 թթ։ ԿԽՄԿ Ղարաբաղի առաքելությունը գրանցել է ավելի քան 370 անհայտ կորած, որոնց ընտանիքների հետ հիմա աշխատում է ԿԽՄԿ-ն։

75 տարեկան Երանիկ  Սարգսյան. Գերության մեջ անցկացրել է մեկ օր, երբ  51 տարեկան էր:

Երանիկը պատմում է, որ երբ իրենց տարան ադրբեջանական Գոյթափա բնակավայր, այնտեղից էլ` Բարդա, հետո` Աղդամ, հույս չուներ, որ էլ երբեւէ կտեսնի իր հարազատներին, սակայն ճակատագրի բերումով, ադրբեջանցի զինվորականների մեջ մի քանի ծանոթ են հայտնվում:

«Մեկին ճանաչեցի։ Հարցրեցի՝ Ռաֆայե՞լն ես, մնացածները զարմացան ու սկսեցին հարցաքննել, թե որտեղից գիտեմ նրան»,-պատմում է նա ու հավելում, որ հենց Ռաֆայելի հայրը՝ Բորան, նրան փրկեց։

Տուն վերադառնալու համար Երանիկին պայման են առաջարկում. վերադառնալ գյուղ, այնտեղից վերցնել գյուղի սկզբնամասում վնասված տանկի վարորդի դին ու հանձնել ադրբեջանցիներին, որից հետո նրանք բաց կթողնեին նրա մորն ու մնացած կանանց։

Լուսաբացին, երբ մեքենա է գալիս իր հետեւից, խնդրում է, որ մորն էլ հետը վերցնի, բայց մերժում են։

Մոր խնդրանքով մի բաժակ ջուր է տալիս նրան, ու խոստանում, որ անպայման կվերադառնա:  

«Մայրս դեմ էր, որ գյուղ վերադառնայի: Լացում էր, աղաչում, որ չգնամ։ Չէր հավատում, վախենում էր, որ ինձ կխաբեն ու կսպանեն։ Մինչեւ հիմա հիշում եմ մորս վախեցած հայացքը»,-պատմում է Երանիկը:

Հաջորդ օրը լուսաբացին Երանիկին բերում են գյուղի ներքեւում գտնվող ֆերմայի տարածք, բաց թողնում՝ հույս ունենալով, որ նա կվերադառնա։ Մեքենայում երկու տղամարդ կար՝ Ալիկն ու Յակովը, հիշում է նա։

Նկարում Երանիկի մոր խուրջինն է: Այդ խուրջինով Արփենիկը հանդ էր գնում տարբեր հատապտուղներ հավաքելու։

Երանիկը պատմում է. «Քայլում էի  ու ամեն վայրկյան սպասում, որ մեջքից կկրակեն»:

Բայց չեն կրակում:

Ճանապարհին մի հայ՝ ավտոմատը ձեռքին մոտենում է ու հարցեր տալիս:

«Ասում էի, որ հայ եմ, բայց զգում էի, որ չի հավատում։ Բախտս բերեց, քիչ անց մոտեցավ մի երիտասարդ` որդուս ընկերներից, ու ասաց, որ ինձ ճանաչում է»։

«Ես պատրաստ էի անմիջապես հետ գնալ, մյուսներին ազատել»,- ասում է Երանիկը։

Նկարում այն բակն է, որտեղից գերության են տարել 11 կանանց։ Ի տարբերություն գյուղի շատ տների, այս տունն ադրբեջանցիները չէին հրդեհել։

«Հավատում էի, որ եթե այդ դին տանեի, մնացածներին բաց կթողնեին»:

Բայց ամուսինը եւ հարազատները թույլ չեն տալիս, որ նա վերադառնա: Ամուսինն ասում է, որ անիմաստ էր վերադառնալը«Եթե նա գնար, ո’չ իրեն բաց կթողնեին, ո’չ էլ մնացածներին»։

«Ինձ հաճախ տանջում է էն միտքը, որ կարող էի փրկել, բայց չարեցի … մտածում էի, որ գուցե իսկապես կանանց հետ կուղարկեին … բայց նույն պահին նաեւ ներքին ձայնս ասում է, որ այդ ժամանակ դժվար թե էդպես լիներ: Իրենց ուզած մարդու դին էլ չկար արդեն»,-ասում է կինը։

Նրա վերադառնալուն դեմ են եղել նաեւ նաեւ գերի ընկած կանանցից Հեղինեի եւ Նադիայի տղաները:«Բաց չեն թողնի ոչ մեկին, դու էլ ես գնալու, զոհ դառնաս»,- ասել են իրեն կանանց հարազատները:

Երանիկի ամուսինը՝ Ալյոշա Սարգսյանը:  Քչախոս  ու զուսպ այս տղամարդը ամեն անգամ զոհված որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները։

85-ամյա ամուսինը՝ Ալյոշա Սարգսյանը, ցավով է հիշում այդ ժամանակները՝ արտահայտվելով միայն մեկ նախադասությամբ. «Թող այդ օրերն այլեւս հետ չգան»։

Երանիկենց տան անդամներըը նրա վերադառնալու օրն են միայն ուզում հիշել փոքր որդին՝ Գարիկը, ամեն տարի մայիսի 11-ին մեծ հյուրասիրություն է կազմակերպում ու նշում մոր երկրորդ ծնունդը

«Չնայած ես նոյեմբերի 7-ի ծնունդ եմ, բայց արդեն երկար տարիներ է` ծնունդս մայիսի 11-ին ենք նշում»,-ասում է Երանիկը։

Գերության դեպքից  մեկ տարի անց, 1993թ.-ի հուլիսի 27-ին նրանք կորցնում են նաեւ իրենց ավագ որդուն՝ Արմենին, ով զոհվում է Ղալբանդ կոչվող տարածքի մարտական գործողությունների ժամանակ։  

Նրանց ընտանիքն այն քչերից է, որ մինչեւ հիմա մնացել ու ապրում է գյուղում։ Գյուղը մինչեւ ղարաբաղյան պատերազմն ուներ շուրջ 120 բնակիչ, հիմա` 40:

Երանիկն ասում է, որ տան ներկայիս պայմաններին էլ կհարմարվի, միայն թե խաղաղություն լինի։

Սարգսյաններն ապրում են տղայի ու նրա ընտանիքի հետ միասին:

Երանիկն ասում է, որ հեշտ չեն ապրում, տան երկրորդ հարկը մինչեւ հիմա պատերազմի հետքերն է կրում. վերանորոգել չեն կարողանում։

Որպես անհայտ կորածի ընտանիք ԿԽՄԿ-ն իր տնտեսական ծրագրի շրջանակում մեկ կով է նվիրել։  

Երանիկն ասում է, որ այդ պայմաններին էլ են հարմարվել, միայն թե պատերազմ չլինի, նորից ստիպված չլինեն տեղահանվել, կորուստներ տալ։

Պատերազմի ժամանակներից մնացած հրթիռի համար նախատեսված արկղը Երանիկի համար ծառայում է որպես հագուստի պահոց:

Ադրբեջանցիների մասին Երանիկն ասում է. «Նրանց մեջ էլ լավ մարդիկ կան … Ես լավ մարդկանց էլ եմ հանդիպել։ Պատերազմ է, դժվար է, մարդիկ ստիպված սպանում են իրար՝ պաշտպանելով իրենց ընտանիքները»:

Երբ դուրս էի գալիս Երանիկենց տնից, արդեն մութն ընկել էր, Երանիկը հանկարծ նկատելով երկնքում տեղաշարժվող լույսը ասաց

«Ըհը, տեսնու՞մ ես, ադրբեջանցիների անօդաչու սարքն է, համարյա ամեն օր տեսնում ենք։ Լսո՞ւմ ես կրակոցները, մերոնք են, ուզում են խփել։ Էլ ինչպե՞ս հավատամ, որ խաղաղություն կարող է լինել»։

Խաղաղություն ուզում է, բայց չի պատկերացնում։ Ասում է, որ ե’ւ Ղարաբաղում, ե’ւ Ադրբեջանում մարդիկ պատրաստ չեն խաղաղության։   

2014 թ, ԿԽՄԿ-ն սկսել է անհայտ կորածների մտերիմ, արյունակից հարազատներից կենսաբանական նմուշի/ԴՆԹ հավաքագրման ծրագիրը: Երանիկենց ընտանիքից էլ են նմուշ վերցրել։

Առ այսօր, կենսաբանական նմուշ է հավաքվել 110 անհայտ կորածների 318 հարազատներից: «Սա արվում է այն նպատակով,որ եթե ապագայում աճյունների արտաշիրիմում տեղի ունենա, կամ աճյուններ հայտնաբերվեն, կենսաբանական նմուշների միջոցով կարողանան ճանաչել հարազատներին»,-ասում է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։

 Երանիկի մոր գործած կարպետը:

Երանիկն այլեւս չի սպասում մորը:

«Հիմա արդեն հույս չկա. մայրս 1912 թվականի ծնունդ էր … »։

Չլսված ձայներե նախագիծը International Alert’s կազմակերպությանԼեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմումԱյնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և ,ոչ պատերազմիոչ խաղաղությանե վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն էՆախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն էև’ սեփականհասարակության մեջև’ հակամարտության հակառակ կողմումընթերցողներին հնարավորություն տալով տեսնել ,թշնամուե կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` ,Եվրոպական գործընկերությունհանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորմանե (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողներըդրանք պարտադիր չէոր արտացոլեն ,International Alertե-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունըՄեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններինորոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում