Բաքուն արգելափակում է կազմակերպության բյուջեն, որով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ֆինանսավորում է նախատեսված " />

Լեռնային Ղարաբաղ. լինի՞, թե՞ չլինի ԵԱՀԿ-ն

Բաքուն արգելափակում է կազմակերպության բյուջեն, որով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ֆինանսավորում է նախատեսված

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ուղիների որոնման Մինսկի խմբի վերջերս նշանակված ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը tert.am-ին տված հարցազրույցում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բանակցություններին և Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերը համաձայնել են հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ տեղակայել: Սակայն Ադրբեջանը հրաժարվել է նախնական համաձայնությունից և հայտարարել, որ փաստաթղթեր չի ստորագրել:

Ինչպես հունվարի 19-ին նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Բաքուն արգելափակում է նաև ԵԱՀԿ բյուջեն, ինչը հետաքննության մեխանիզմների ֆինանսավորում է նախատեսում: Իսկ քանի որ ԵԱՀԿ-ն որոշումները կոնսենսուսով է ընդունում, ապա մեխանիզմների, ինչպես նաև Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսավորման հարցն օդից կախված է մնացել:

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 27-ին կայացած նիստին Ադրբեջանը՝ 56 երկրներից միակը, արգելափակել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի մեջ: Բաքուն վետո է դրել, չնայած որ երևանյան գրասենյակը կասեցրել է Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որը Բաքվի բողոքն էր հարուցել: Սակայն կարծիք կա, որ խոսքը երևանյան գրասենյակի մասին չէ, այլ հետաքննության մեխանիզմների ֆինանսավորման, որոնք Բաքուն ընկալում է որպես Ղարաբաղի նեկայիս ստատուս քվոյի ամրապնդման միջոց:

Հայաստանում այդ կապակցությամբ սկսեցին խոսել ԵԱՀԿ հանդեպ վստահության ճգնաժամի մասին: Այդ հարցն արդիական դարձավ և այն առումով, որ ղարաբաղյան կարգավորման ծրագրի կետերից մեկը «անվտանգության միջազգային երաշխիքներ» է ենթադրում: Եթե ԵԱՀԿ-ն չի կարողանում այնպես անել, որ սահմանին սարքավորումներ տեղադրվեն և իր ներկայացուցչության մանդատն ընդլայնվի, ապա հակամարտության լուծման պարագայում անվտանգության ի՞նչ երաշխիքներ նա կարող է առաջարկել:  Այս հարցն ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել Հայաստանում և Ղարաբաղում:

ԵԱՀԿ գործունակությունը կասկածի տակ են դնում նաև Ռուսաստանում: Ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես կոչ է արել հետաքննության մեխանիզմներ ներդնել, սակայն խորհուրդ է տվել «համապատասխան կազմակերպությանը» դիմել այն հարցով, թե ինչու այդ մեխանիզմները մինչ այժմ տեղադրված չեն: Ինչպես ասում են հայ վերլուծաբանները, ԵԱՀԿ գործունակության վերաբերյալ «կասկածները» Ռուսաստանը կարող է օգտագործել որպես ԵԱՀԿ ձևաչափից ղարաբաղյան կարգավորումն ապագայում ավելի «ռուսամետ», օրինակ, ՀԱՊԿ ձևաչափ տեղափոխելու միջոց:

Իր հերթին Ադրբեջանը չի թաքցնում Ղարաբաղի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից իրեն ավելի մոտ ձևաչափ տեղափոխելու մտադրությունը, որը նրան թույլ կտա փոխել ստատուս քվոն: Եվ ԵԱՀԿ վարկաբեկումը լիովին «արդարացված» քայլ է այդ ճանապարհին:

Հայաստանն ԱԳՆ մակարդակով հայտարարել է, որ մտադիր է շարունակել ԵԱՀԿ հետ համագործակցությունը: Հայաստանում այդ կազմակերպությունն ընկալում են որպես անվտանգության ապահովման առավել օպտիմալ ձևաչափ, չնայած որ խոստովանում են, որ ԵԱՀԿ-ն, հաճախ արհեստական հավասարություն պահպանելով, ի վիճակի չէ հրադադարի խախտման նախաձեռնող կողմին մեղադրել և , հետևաբար, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառել:

Վերջին արյունալի միջադեպն, ընդ որում, ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի շրջանի Չինարի գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել 2016թ-ի դեկտեմբերի 29-ին: Զոհվել է 3 հայ զինծառայող, ադրբեջանցի դիվերսանտի մարմինը մինչ այսօր հայկական կողմում է: ԵԱՀԿ-ն կրկին չմատնանշեց մեղավորին՝ ընդամենը կոչ անելով հետաքննության մեխանիզմներ տեղադրել խախտողներին բացահայտելու համար: Սակայն Ադրբեջանը կրկին մերժեց առաջարկը:

ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների կողմից գնահատականների բացակայությունը նպաստում է նրան, որ Ադրբեջանն ուժեղացնի լարվածությունը: Նոր տարվա մեջ գրեթե ամեն օր ռազմական ամփոփագրերը հաղորդում են հայ զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին: Դա նման է փոքր, սակայն ամենօրյա վնաս հասցնելու մարտավարության:

unnamed

Սակայն զուգահեռ Ադրբեջանն, օգտվելով ԵԱՀԿ լռությունից, զարգացնում է մեկ այլ գաղափար: Ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մամուլի ասուլիսի ժամանակ ուղղակի հարց տվեց, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանը, եթե Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություն» իրականացնի Ղարաբաղում իր «ներքին խնդիրների լուծման համար»: Լավրովն էլ ուղիղ պատասխանեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործը չէ, և «օկուպասված տարածքների վերադարձը» կարող է միայն խաղաղ ճանապարհով տեղի ունենալ և Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնության պարագայում:

Ինչպես նշեցին Հայաստանում, ադրբեջանցի լրագրողը «հակաահաբեկչական գործողության» մասին հարցը տվեց ակնհայտ Լավրովին սադրելու նպատակով: Ի դեպ, ինչպես հետո հայտնի դարձավ, Լավրովին «սադրիչ հարց» տված լրագրողին միանգամից հեռացրին աշխատանքից: Սակայն, հավանաբար, Ադրբեջանում արդեն հանրային դիսկուրսում զարգացնում են ինչ-որ «պատժիչ գործողություն» իրականացնելու գաղափարը:

2016թ-ի ապրիլին Ադրբեջանն այդպիսի «հակաահաբեկչական գործողության» փորձ ձեռնարկեց, արդյունքում, այդ երկրի նախագահ Ալիևը ստիպված եղավ դիմել Մոսկվայի օգնությանը և համաձայնել դադարեցնել կրակը, եթե «հայերը չսկսեն առաջ շարժվել»: Մոսկվան օգնեց հաշտություն հաստատել, սակայն ռազմական գործողությունների վտանգը չանհետացավ:

Արդյո՞ք Բաքվին կհաջողվի ԵԱՀԿ-ին ստիպել ինչ-որ գործողություններ անել, որոնք ղարաբաղյան կարգավորումը դուրս կբերեն ներկա լճացած հունից: Վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես ասված է ադրբեջանական ԱԳՆ տեղեկատվության մեջ, Բաքուն հայտարարել է ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Ադրբեջանը ոչ բացահայտ մեղադրում է ԵԱՀԿ-ին ստատուս քվոյի պահպանման համար:

Ինչ քայլեր էլ ձեռնարկի ԵԱՀԿ-ն, Բաքուն կարող է օգտվել դրանցից հաջորդ քայլն առաջ տանելու և ստատուս քվոն փոխելու համար: Մասնավորապես, եթե ԵԱՀԿ-ն անտեսի Ադրբեջանի վետոն, ապա Բաքուն «բարոյական իրավունք» կստանա դուրս գալ կազմակերպությունից, հետևաբար, նաև բանակցությունների Մինսկի ձևափաչից: Իսկ եթե ԵԱՀԿ-ն ընդառաջ գնա Ադրբեջանին, ապա Ադրբեջանը կհամարի, որ ավելի մասշտաբային «հակաահաբեկչական գործողության» թույլտվություն է ստացել:

ԵԱՀԿ-ն դեռևս լռություն է պահպանում, դրա հետ միասին՝ նաև ստատուս քվոն, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է փոխել:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ խմբագրության դիրքորոշումն արտացոլեն:

Հրապարակվել է՝ 30.01.2017

Կարդալ ավելին JAMnews-ում