Հենց այստեղ է Տրոցկին պարտություն կրել Ստալինի հետ իշխանության համար պայքարում" />

Լեոնի պողոտայի պատշգամբը. Տրոցկին Աբխազիայում

Հենց այստեղ է Տրոցկին պարտություն կրել Ստալինի հետ իշխանության համար պայքարում

Ես Աբխազիայում բազմաթիվ անգամ եմ եղել նախքան Տրոցկու ազգանունը լսելը: Աբխազիայում ավելի շուտ սպասում ես լսել Ստալինի մասին, որն այստեղ բազմաթիվ անգամ է եղել:

Առաջին անգամ նա այս ափին է հայտնվել 1906թ-ին՝ այն բանից հետո, երբ երիտասարդ ավազակ լինելու տարիներին նավ է կողոպտել բոլշևիստական կուսակցության համար միջոցներ հայթայթելու նպատակով: Եվ շարունակել է գալ այստեղ մինչև 50-ական թվականները, երբ, արդեն տարեց բռնապետ էր և ամիսներ էր անցկացնում Ռիցա լճի մերձակայքում գտնվող իր ամառանոցում:

Սակայն ոչ նրա երդվյալ թշնամի Տրոցկու մասին:

Տրոցկու անունն Աբխազիային կապում է նախևառաջ «Սան Ռեմո» (ներկայիս «Ռիցա») հյուրանոցի գեղեցիկ ճերմակ շենքը, որը կառուցվել է 1914թ-ին նեոդասական ոճով:

Այն գտնվում է հենց ափին՝ «Բրեխալովկա» անվամբ հայտնի փոքր սրճարանի դիմաց, որտեղ աբխազական էլիտայի տարեց ներկայացուցիչները հավաքվում են սուրճ խմելու, դոմինո խաղալու և քաղաքականություն քննարկելու:

Ինչպես ինձ պատմեցին, մոլի հեղափոխական Տրոցկին Լենինի մահվան կապակցությամբ ելույթ է ունեցել հենց այստեղ՝ երկրորդ հարկի պատշգամբում, որտեղ նա անկյունային համարն էր զբաղեցնում: Ես այդ պատմությունը չեմ ստուգել: Սակայն այս տարվա հոկտեմբերին ես կանգ առա հենց այդ համարում և, սպիտակ մետաղական պատշգամբում կանգնած, զմայլվում էի արմավենիների, հայտնի սրճարանի և Սև ծովի երկայնքով ձգվող լայն ափի վրա բացվող տեսարանով:

«Արդյո՞ք ես նման եմ Տրոցկուն», – հետաքրքրվեցի ես իմ ֆեյսբուքյան ընկերներից՝ հրապարակելով պատշգամբում արված նկարս՝ առաջ պարզած ձեռքով և կարծես դիմելով գոյություն չունեցող ամբոխին:

Ի վերջո, Աբխազիայում Տրոցկու գտնվելու մասին պատմությունը ես լսել եմ լավագույն աբխազ պատմաբան Ստանիսլավ Լակոբայից, որի համար այն իր ընտանիքի պատմության մի մասն է:

Ելույթի մասին պատմությունը ճիշտ դուրս եկավ, թեև՝ ոչ ամբողջությամբ: Ես իմացա (ի հիասթափություն ինձ), որ իմ պատշգամբն այնքան էլ վառ դեր չի խաղացել խորհրդային պատմության մեջ:

Տրոցկին իրոք այստեղից ելույթ է ունեցել ի հիշատակ Լենինի, սակայն դա եղել է 1925թ-ին: 1924-ին, երբ Լենինը մահացել է, Տրոցկին ելույթ է ունեցել քաղաքային այգում: Նա երկու տարի անընդմեջ երկար ժամանակով Աբխազիա էր գալիս, և դա կանխորոշեց նա քաղաքական ճակատագիրը:

Նոր՝ 1924թ-ին, Լենինը լուրջ հիվանդ էր, սակայն քչերը գիտեին, թե ինչպիսին էր իրերի իսկական դասավորությունը: Այդ ժամանակ Լենինը Տրոցկուն համակրանքով էր վերաբերվում ի տարբերություն Քաղբյուրոյի մնացած անդամների: Տրոցկին տառապում էր մշտական բարձր ջերմությունից, և բժիշկները նրան խորհուրդ էին տվել բուժվել Աբխազիայի մերձարևադարձային կլիմայում:

Այն ժամանակ դեպի Հարավային Կովկաս ճամփորդությունը գնացքով Դաղստանով և Բաքվով մի քանի օր էր տևում: Հունվարի 22-ին ժամանելով Թբիլիսիի կայարան՝ Տրոցկին ծածկագրված հեռագիր է ստանում, որում հաղորդվում է, որ Լենինը նախօրեին մահացել է : Նա հաղորդում է, որ Մոսկվա է վերադառնում: Ի պատասխան հեռագիր է գալիս. “Թաղումը շաբաթ օրն է՝ հունվարի 26-ին: Չեք հասցնի: Քաղբյուրոն կարծում է, որ, Ձեր առողջության շահերից ելնելով, Դուք պետք է Սուխումի մեկնեք: Ստալին»:

Երբ Տրոցկին Բաթումից ծովով Սուխում/ի է հասնում, հասկանում է, որ իրեն խաբել են: Թաղումը կայացել էր կիրակի՝ հունվարի 27-ին, և նա կարող էր հասցնել:

Սգո արարողությունները, բնականաբար, Ստալինն էր գլխավորում: Այդ օրը, պետական ամառանոցի պատշգամբում պառկած, Տրոցկին լսում էր հրետանային հրավառության ձայնը, որը տարածվում էր Սև ծովի վրայով այն պահին, երբ Մոսկվայում հուղարկավորում էին Լենինին: Հենց այդ պահին է նա Ստալինին տանուլ տալիս իշխանության համար պայքարը:

Իրադարձությունների այս վարկածին, որը պատմել է Տրոցկին, ոմանք կասկածում են: Սակայն Ստանիսլավ Լակոբան պնդում է, որ ստուգել է այն արխիվներում: Ավելին, իր վերջերս հրատարակված «Մեծ տեռորն Աբխազիայում, 1937-1938» ֆունդամենտալ եռահատոր աշխատությունում նա հրապարակել է Լենինի թիկնապահ և Ստալինի ընկեր Աբրամ Բելենկու նամակը, որը գրվել է 1924թ-ի հունվարի 6-ին Նեստոր Լակոբային, որում նա բացահայտ խնդրում է Տրոցկուն «աչքի տակ պահել», ինչպես նաև գրում է. «Դուք կհասկանաք, որ անհրաժեշտություն չկա Աբխազիայում ինչ-որ ցույցեր և շքերթներ կազմակերպել»:

Շինել հագած և աստղով բուդյոնովկայով Տրոցկին ի հիշատակ Լենինի կրքոտ ելույթ է ունենում կենտրոնական այգում ապրիլի 8-ին: Նրա առողջությունը վերականգվել էր:

Ստանիսլավ Լակոբան ծանոթ էր մի տարեց կնոջ, որը պետական ամառանոցում մեքենագրուհի էր աշխատում. նա հիշում էր, թե ինչպես էր Տրոցկին քայլում սենյակում՝ միաժամանակ երկու տարբեր հոդվածներ թելադրելով երկու մեքենագրուհիներին:

Տրոցկին Աբխազիա է վերադարձել 1925թ-ի հունվարին՝ արդեն անողորմածության մեջ ընկած: Հավանաբար, նա պահպանել էր լավ հարաբերություններ Նեստոր Լակոբայի հետ, որին օգնություն է առաջարկել Աբխազիայի որպես խորհրդային հանրապետության սահմանադրության մշակման հարցում: (Այդ կարգավիճակից Աբխազիան զրկվել է 1931թ-ին և փորձել վերականգնել այն 1992-ին՝ պատերազմից առաջ): Հնարավոր է, որ դա Ստալինին և Բերիային թուլացնելու փորձ էր:

Տրոցկուն Աբխազիայում պետք է միանային նրա երեք համախոհներն՝ Ալեքսանդր Մյասնիկովը, Սոլոմոն Մոգիլևսկին և Գեորգի Աթարբեկովը: Սակայն ինքնաթիռը, որով նրանք Թբիլիսիից ուղևորվում էին Սուխում/ի, վթարի է ենթարկվում: Նրանց մահը կասկածներ է առաջացնում, իսկ Տրոցկին վկաների մոտ տեղի ունեցածը

«եռակի սպանություն» է անվանում:

1925թ-ի մարտի 23-ին Տրոցկին ելույթ է ունենում ի հիշատակ Լենինի

«Սան Ռեմո» հյուրանոցի «իմ պատշգամբից»: Նա հիշում է Լենին մասին, սակայն սգում երեք զոհվածներին:

«Իլյիչի մահվանից հետո դա ամենածանր հարվածն էր աշխատավոր զանգվածների և մեր Կոմունիստական կուսակցության համար», – դիմել է նա փողոցում հավաքված ամբոխին:

Երեք տարուց Տրոցկին աքսորվում է, որտեղ մահափորձի է ենթարկվում և մոռացվում: Աբխազիայում նրա գտնվելու պատվին հուշարձաններ չեն կառուցվել:

Սակայն, հանգամանքների բերումով, փողոցը, որի վրա գտնվում է «Ռիցա» հյուրանոցը, կոչվում է Լեոնի պողոտա, իսկ Ռուսաստանից դուրս Տրոցկին հայտնի է որպես Լեոն, այլ ոչ թե Լև: Այդ անունը միջին դարերում պատկանել է Աբխազիայի թագավորներից մեկին, սակայն այն առիթ է տալիս նաև հիշելու հեղափոխականի մասին, որն, այս պատշգամբում կանգնած, սգում էր իր ընկերների մահը և, հնարավոր է, խորհրդային առաջնորդի աթոռին Լենինին փոխարինելու կորցրած հնարավորությունը:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում