Ռեպորտաժ վրացի աշխատանքային միգրանտների կյանքի մասին " />

Լեհաստան․ երկիր, որտեղ աշխատանք կա Վրաստանի քաղաքացիների համար

Ռեպորտաժ վրացի աշխատանքային միգրանտների կյանքի մասին

«Կրասնոլյուդկի»՝ թզուկների արձաններ Վրոցլավի փողոցներից մեկում, Լեհաստան։ 2019թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Քութայիսիի օդանավակայանում Վրոցլավ մեկնելիս կարելի է լսել Արևմտյան Վրաստանի բոլոր բարբառները։

Տարեց մի մարդու ընկերները բացատրում են, թե ինչպես անցնի գրանցումն ու անձնագրային վերահսկողությունը։ Նրանց կողքով ճամպրուկի փոխարեն պոլիէթիլենային տոպրակով մի ուղևոր է անցնում։

Մի խումբ տղամարդիկ՝ տեսքից գյուղացիների են նման, շքեղ ընթրիք են վայելում դյութի-ֆրի գոտու թանկ գներով սրճարանում։ Ոմանք հեռախոսով կիսվում են իրենց պլաններով․ մեկը պատմում է, որ գիշերելու է Վրոցլավի օդանավակայանում, իսկ հաջորդ օրն անմիջապես սկսելու է աշխատանք փնտրել։

Առաջին հայացքից այսպիսի տեսք ունի Վրաստանից դեպի Լեհաստան աշխատանքային միգրացիան։

• Եվրոպայում աշխատող վրացի էմիգրանտներն ավելի շատ փող են ուղարկում տուն, քան Ռուսաստանում աշխատողները

• Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում՝ առանց վիզաի, առանց ապաստանի

• Վրաստան՝ նոր տուն հարավաֆրիկյան բուրերի համար

64-ամյա Գուրամ Ջոջուան Արևմտյան Վրաստանի գյուղերից մեկում է ծնվել։ Նա նույնպես Վրոցլավ է եկել Քութայիսիի չվերթով որպես զբոսաշրջիկ։ Սակայն իրականում այս գեղեցիկ եվրոպական քաղաքի տեսարժան վայրերը նրան չեն հետաքրքրում։ Նա այստեղ աշխատանք է փնտրում։

Գուրամը գյուղում 900 արմատ պնդուկի այգի ունի։ Սակայն մարմարի տիզի հարձակումից և բերքի ոչնչացումից հետո ապրուստի միջոց չի մնացել։ Լեհաստանում աշխատելը, թեկուզ՝ ժամանակավոր, նրա միակ հույսն է։

Հատկապես, որ նրա փեսան արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Վրոցլավում։

«Վստահ եմ, որ կօգնեն և ինձ համար աշխատանք կգտնեն», – ասում է մեզ Գուրամը։

Ինչո՞ւ Լեհաստան

Վերջին երկու տարում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ հաստատելուց հետո Լեհաստանը Վրաստանից մեկնող աշխատանքային միգրանտների համար գլխավոր ուղղություներից մեկն է դարձել։

Վրաստանում գործազրկությունը կազմում է 12.7%՝ ըստ 2018թ-ի պաշտոնական տվյալների (այն ամենաբարձրն էր 2009թ-ին՝ 18.3%, դրանից հետո ամեն տարի մի քիչ նվազում է)։ Ռուսաստանի ճանապարհը գրեթե փակ է հակամարտության և խիստ վիզային ռեժիմի պատճառով։ Վերջին տարիներին միգրացիայի գլխավոր ուղղություններն էին համարվում Հունաստանը, Թուրքիան, Իտալիան և Գերմանիան։

Սակայն Լեհաստանը շահեկանորեն տարբերվում է նրանով, որ այս երկրում աշխատանքն օրինական է։ Հետխորհրդային երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում է պարզեցված կարգով։ Վրաստանի քաղաքացիների համար դա արտասահմանում օրինական աշխատանք գտնելու գրեթե միակ հնարավորությունն է։

Վարշավա, Լեհաստան, 2019թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Լեհաստանի տնտեսական աճը 2018թ-ին կազմել է 5.1%։ Երկրի ՀՆԱ-ն անդադար աճում է արդեն 26 տարի շարունակ։ Լեհաստանի տնտեսությունն, ի տարբերություն մյուս եվրոպական երկրների, խուսափել է անկումից 2008-2009թթ-ի ճգնաժամի ընթացքում։

Երկրում առկա է աշխատուժի պակաս։

«Այսօր Լեհաստանը գտնվում է բարդ ժողովրդագրական իրավիճակում։ Յուրաքանչյուր տարի աշխատաշուկայից 700 հազար մարդ է հեռանում, մտնում՝ 400 հազար մարդ։ Վնասը կազմում է 300 հազար։ Այս միտումը շարունակվում է մի քանի տարի։ Երկրում պարզապես աշխատող ձեռքերի պակաս կա», – ասում է մեզ Ցեզարի Կաժմերչակը՝ Լեհաստանի գործարարների և գործատուների միության ղեկավարը։

Սեփական աշխատուժը Լեհաստանից մեկնում է Արևմտյան Եվրոպայի և սկանդինավյան երկրներ․ այնտեղ աշխատավարձերը շատ ավելի բարձր են, իսկ լեհերը որպես ԵՄ քաղաքացիներ այնտեղ աշխատելու իրավունք ունեն։ Այդ պատճառով էլ Լեհաստանը վնասը փոխհատուցելու համար ձգտում է աշխատուժ գրավել նախկին ԽՍՀՄ և Ասիայի երկրներից։

Այստեղ վճարում են ժամում 11 զլոտի (2,5 եվրո)։ Աշխատում են հիմնականում 10-12 ժամ։ Որակավորում չունեցող աշխատողը կարող է ամսական մինչև 700-800 եվրո վաստակել։

Եվրոստատի տվյալներով՝ Լեհաստանը ԵՄ-ից դուրս երկրների շարքում ամենաշատ միգրանտներ ընդունած երկիրն է Եվրոպայում 2017թ-ին՝ 683 հազար մարդ։

Ինչպես ասում է Կաժմերչակը՝ տվյալ պահին երկրում աշխատանքային միգրանտների մոտ 80%-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։

Սակայն վրացի միգրանտների թիվը նույնպես արագ աճում է։ Եթե մինչև 2017թ-ը Լեհաստանում գրեթե վրացի միգրանտ չկար, ապա 2018 թ-ին Վրաստանի արդեն 12 հազար քաղաքացի աշխատելու ժամանակավոր թույլտվություն է ստացել։ Եվ նրանցից միայն 3700-ն են աշխատանքային վիզաներ ստացել Թբիլիսիի հյուպատոսությունում։ Մյուսները երկիր են եկել որպես զբոսաշրջիկներ՝ օգտվելով առանց վիզայի ռեժիմից։

2019թ-ի փետրվարին Լեհաստանը 10-րդ տեղում էր Վրաստանի քաղաքացիների դրամական փոխանցումների քանակով՝ ամսական 2,2 մլն դոլար։ Համեմատության համար․ 2018թ-ի փետրվարին Լեհաստանից Վրաստան է փոխանցվել 800 հազար դոլար, 2017թ-ի փետրվարին՝ 127 հազար։

Շինարարություն Պոզնանում, Լեհաստան։ 2019թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Աշխատանք կա բոլորի՞ համար

«Ես ու ամուսինս որոշել ենք երեխաներին տանը թողնել և աշխատանքի մեկնել Լեհաստան։ Օգնեք, խնդրում եմ, որևէ աշխատանք գտնել»․ այսպիսի գրառում էր արվել ֆեյսբուքյան մի խմբում, որտեղ միմյանց հետ շփվում են Լեհաստանում բնակվող վրացիները։ Խմբի գրառումների մեծ մասն աշխատանք գտնելու կամ փաստաթղթերի առումով խորհուրդ տալու խնդրանքներ են։ Աշխատանքը, որպես կանոն հեշտ է գտնվում։

Գուրամի փեսան՝ Ռոլանդ Կաջայան (43 տարեկան), Լեհաստան է եկել 2017թ-ի դեկտեմբերին։ Աշխատանքի է տեղավորվել Վրոցլավի շինարարությունում՝ ապակյա ճակատամասի մոնտաժ է անում ժամը 15 զլոտիով (3,5 եվրո)։ Նա ոչ մի փորձ չուներ, սակայն, ինչպես ինքն է ասում, իրեն օգնել է կահույքի պատրաստման փորձը․ նա այդ գործով է զբաղվել Վրաստանում։

Նրան տեղավորել են «հյուրանոցում», որտեղ մեկ սենյակում մի քանի մարդ էր ապրում, դա արժեր ամսական 450 զլոտի (100 եվրոյից մի քիչ ավել

Ռոլանդը ցույց է տալիս ժամանակակից գրասենյակային շենքն՝ իր առաջին աշխատավայրը, և հպարտությամբ նկարագրում է աշխատանքային գործընթացը՝ վրացերեն խոսքը տեղ-տեղ համեմելով լեհական բառերով՝ «վինդա» (վերելակ), «վուզեկ» (սայլակ), «կերովնիկ» (ղեկավար)։

Գրեթե մեկ տարում նա լիովին յուրացրել է խոսակցական լեհերենը։ Այժմ նա արդեն երրորդ աշխատանքն ունի կահույքի փոքր արտադրությունում, ինչից շատ գոհ է։

Զազա Լոբժանիձեն (47 տարեկակն) նույնպես Լեհաստանում է՝ Պոզնան քաղաքում, արդեն մեկ տարուց ավել։ Աշխատում է որպես «մագազինյոր»՝ պահեստապետ «Żabka» սուպերմարկետների խոշոր ցանցի պահեստում։

«Գլխավորն ինչի համար ես այստեղ եմ եկել, բանկի պարտքերն են։ Ողջ Վրաստանն է պարտքերի տակ, ես բացառություն չեմ», – ասում է Զազան։

Լեհաստանում աշխատանք գտնելն, ըստ նրա, հեշտ է․ կարելի է առանց վիզայի ռեժիմով գալ և արդեն տեղում դիմել միջնորդ ընկերության որևէ գրասենյակ։

Սակայն առաջին անգամից ոչ բոլորի բախտն է բերում։ Մայա Նեսուաշվիլին հավատացել է իր մոտ ազգականին և 1500 եվրո վճարել միջնորդին երաշխավորված աշխատանքի, բնակության վայրի և փաստաթղթերի համար։ Արդյունքում՝ խոստացվածից չի ստացել ոչինչ։ Երկու ամիս նա մյուս վրացիների հետ սպասել է աշխատանքի թույլտվության՝ քոչելով «հոսթելից հոսթել»։ Այնուհետև աշխատանք է գտել ֆաբրիկայում, սակայն խնդիրներ են առաջացել ժամանակավոր կացության փաստաթղթի ձևակերպման հետ։

Արդյունքում՝ Մայան ու նրա ամուսին Զազան կարողացել են աշխատանք գտնել մի ընկերությունում, որը զբաղվում է քաղաքի տարածքների մաքրությամբ։ Նրանք երկուսով ստանում են 1000 դոլարից մի քիչ ավել։ Երկսենյականոց բնակարան են վարձում կոկիկ հին հինգհարկանի շենքում՝ քաղաքի կենտրոնում, երկու վրացի հարևանների հետ։ Բնակարանում ոչ ինտերնետ կա, ոչ հեռուստացույց։

Մայան և Զազան (52 և 57 տարեկակն) Արևելյան Վրաստանի Կախեթիի շրջանից են։ Հայրենիքում մնացել են նրանց չափահաս երեխաները։ Ասում են, որ արտասահմանում աշխատանք գտնել նրանց ստիպել է գործազրկությունը։ Սրանից առաջ երեք տարի ապօրինի աշխատել են Իսրայելում։

«Լեհաստան գալն էժան է, գլխավորն այն է, որ այստեղ փաստաթղթեր և բժշկական ապահովագրություն են ձևակերպում։ Ամեն ինչ օրինական է, և ոչ ոք քեզ չի դիպչում։ Աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն, սակայն ինչ արած, մեզ մոտ հայրենիքում դրա կեսն էլ չկա», – ասում է Զազան։

Սակայն ոչ բոլորն են գոհ։ Գելան (անունը փոխված է) Լեհաստանում է վեց ամիս։ Աշխատում է Գդանսկում գտնվող խոշոր բրենդային ընկերության պահեստում։ Ստանում է օրական 80 զլոտի (18,5 եվրո)։ Ասում է, որ պայմաններից դժգոհ է և կցանկանար աշխատանք գտնել Արևմտյան Եվրոպայում։

«Ինձ բազմիցս այստեղ խաբել են։ Իբր աշխատանք կա, գալիս եմ, տեսնում, որ գիպսաստվարաթղթի փոխարեն պետք է ամրանների հետ աշխատել։ Տրանսպորտն այստեղ թանկ է, ստացվում է, որ փողերս քամուն եմ տվել։ Ֆաբրիկայում եմ աշխատել ժամը 11 զլոտիով։ Լեհն այդ նույն աշխատանքի դիմաց ստանում էր 21: Հարցնում եմ՝ ինչու, ասում են՝ որովհետև լեհ է»։

Նրան դուր չի գալիս նաև տեղացիների վերաբերմունքը

«Բացարձակ չեն ուզում ռուսերեն խոսել։ Նույնիսկ ավտոբուսի համարը չեն հուշի։ Իսկ մենք Վրաստանում բոլոր արտասահմանցիներին խորովածով ու խինկալիով ենք դիմավորում»։

«Ո՞ւմ բողոքեն»

Զուրաբ Տորչինավան Վրոցլավում է ապրում ավելի քան 20 տարի։ Քաղաքացիություն է ստացել գործող նախագահ Անջեյ Դուդայից, ինչի համար շատ հպարտ է։ Երիտասարդ տարիքում Զուրաբն ակրոբատ է եղել և կրկեսում  ելույթ ունեցել։ Թբիլիսիում դարձել է թատերախմբի ղեկավար։ Սակայն 90-ականներին էլ աշխատանք չկար, և նա որոշել է լքել երկիրը։ Հիմնվել է Վրոցլավում, այստեղ ընտանիք կազմել։ Իր զբաղմունքի մասին քիչ բան է պատմում

«Արհեստ եմ սովորել, ֆիզիկական աշխատանք արել, հիմա անվտանգության ծառայությունում եմ աշխատում»։

Երկու տարի առաջ վրացիները սկսել են Վրոցլավ գալ՝ աշխատանքի։ Եվ Զուրաբը նրանց համար ոչ պաշտոնապես պաշտպան, հաճախ էլ՝ վերջին հույս է դարձել։

Կամավորական սկզբունքով նա խորհրդատվություն է տրամադրում հայրենակիցներին, օգնում թարգմանության, գործատուների և միջնորդների հետ բանակցությունների, աշխատավարձային պարտքերի հարցերով։

Մեր զրույցի ընթացքում նրա հեռախոսին զանգ է գալիս գրեթե ամեն րոպե։

Զուրաբն ասում է, որ ժամանողների մեծ մասի գլխավոր խնդիրը նրանց անտեղյակությունն է, ինչպես նաև ոչ բավարար որակավորումը

«Նրանց աշխատանք և փաստաթղթեր են խոստանում։ Սակայն տեղում պարզվում է, որ մարդը չի կարող անել այն, ինչի համար նրան վարձել են։ Արդյունքում՝ մարդիկ մնում են առանց աշխատանքի և սկսում են նորը փնտրել»։

Զուրաբի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ մարդկանց աշխատավարձերն ուշացնում են, երբեմն էլ ընդհանրապես չեն վճարում․ ավարտվում է օրինական կացության թույլտվության ժամկետը, և նրանք ստիպված են լինում առանց գումար հետ մեկնել։

Այդպես է եղել Ռոլան Կաջայայի ընկերների հետ, որոնք շինարարությունում էին աշխատում այն վրացիներին, որոնցից ղեկավարությունը դժգոհ է եղել, շուտով ազատել են աշխատանքից։ Նրանց մի մասը մեկնել է՝ այդպես էլ չստանալով արդեն վաստակած գումարները։

«Նրանք չեն ասում, որ չեն վճարելու։ Ասում են՝ վաղը, մյուս օրը, երկուշաբթի։ Ես այստեղ չգիտեմ մի վրացու, որը գեթ մեկ անգամ նման խնդրի չի հանդիպել», – ասում է Ռոլանդը։

Զուրաբ Տորչինավան ասում է, որ չկան իրավաբաններ, որոնք կպաշտպանեն վրացի աշխատանքային միգրանտների շահերը Լեհաստանում։ Իսկ միգրանտները փաստաբանի փող չունեն։

«Ո՞ւմ բողոքեն։ Նրանց ասում են, որ պետք է սպասել աշխատավարձին։ Իսկ մարդկանց 90-օրյա ժամկետը լրանում է, և նրանք ստիպված են հետ վերադառնալ», – պարզաբանում է Զուրաբը։

Լեքսո Ախալայան ապրում է Պոզնանում։ Նա Արևմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքից է։ Կրթությամբ պատմաբան է, ավարտել է Վարշավայի համալսարանը, սովորել Պոզնանի դոկտորանտուրայում։ Դիսթրիբյուտորական ընկերությունում աշխատանքը նա համատեղում է ձեռնարկատիրության հետ․ Վրաստանից բանվորների է բերում շինարարությունում աշխատելու համար, այժմ էլ տեղ է փնտրում հին քաղաքում վրացական փուռ բացելու համար։

Նա, ինչպես և Զուրաբը, ուժերի ներածի չափով փորձում է օգնել հայրենակիցներին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։

Նրա խոսքով՝ անիրազեկվածությունը վրացի աշխատանքային միգրանտների գլխավոր խնդիրն է

«Նրանք պետք է իմանան, թե ուր են մեկնում, որտեղ են աշխատելու, ինչ մասնագիտություն ունեն և ինչ կարող են անել։ 90 տոկոսը դա չգիտի, ասում է՝ դե Եվրոպա է էլի, մի բան կլինի»։

Բացի այդ, միգրանտները հաճախ տուժում են անբարեխիղճ միջնորդների մեղքով։

«Երբ մարդիկ աշխատավարձ չեն ստանում, տասից ութի դեպքում մեղավոր է միջնորդը, որը յուրացնում է փողերը», – ասում է Լեքսոն։

Նա պատմում է, որ, օրինակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատունը կազմակերպված ձևով օգնում է իր միգրանտներին, այդ թվում՝ ուշացրած աշխատավարձերը ստանալու հարցում, և այդ ուղությամբ համագործակցում է լեհական գերատեսչությունների հետ։

«Ցանկալի կլիներ, որ Վրաստանը նույն բանն աներ», – ասում է Լեքսոն։

Թեմուր Պուրցելաձեն՝ Լեհաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդականը, պատմում է մեզ, որ դիվանագիտական ներկայացուցչությունում թեժ գիծ է գործում, ուր Վրաստանի քաղաքացիները կարող են օգնության դիմել։

Նրա խոսքով՝ մեծ մասամբ մարդիկ հետաքրքրվում են նրանով, թե ինչպես Լեհաստան գալ աշխատելու, նաև դիմում են աշխատավարձի ստացման խնդիրներով։

«Մեր ուժերի սահմաններում աշխատում ենք օգնել», – ասում է Պուրցխելաձեն։

Միաժամանակ, խոսելով Լեհաստանում վրացական աշխատանքային միգրացիայի մասին, նա հիշատակում է «քաոտիկ» բառը։ Ակնհայտ է, որ դրա աճող մասշտաբների հետ գործ ունենալը վրացական ներկայացուցչության համար դժվար է։

Ցեզարի Կաժմերչակը նույնպես ասում է, որ Լեհաստանում աշխատանքային միգրացիայի մասշտաբները գրեթե անակնկալի են բերել միգրացիայի համար պատասխանատու լեհական ծառայություններին։ Եվ խնդիրների պատճառը հենց դա է, որոնց բախվում են միգրանտները։

«Լեհաստանը ներգաղթյալների երկիր չէ։ Պետությունը պարզապես չի կարողանում համակարգել մարդկանց նման հոսքը», – ասում է Կաժմերչակը։

Օրինական կացություն․ որքանո՞վ է դա բարդ

Լեհաստանում օրինական աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է աշխատանքի ժամանակավոր թույլտվություն ստանալ։ Դրա համար գործատուն պետք է դիմի «ուժոնդ»՝ տեղական ինքնակառավարման մարմին։

Որպես կանոն, այդպիսի փաստաթուղթ ստանալը մի քանի օրվա գործ է։

Այդպիսի թույլտվություն ունենալու դեպքում կարելի է 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով աշխատանքային վիզա ստանալ, կարելի է Լեհաստան մեկնել նաև՝ օգտվելով երեք ամիս առանց վիզայի երկրում գտնվելու իրավունքից։

Արձանների կոմպոզիցիա Վրոցլավի կենտրոնում, Լեհաստան։ 2019թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Արդեն Լեհաստանում գտնվելով՝ կարելի է դիմել ժամանակավոր կացության համար, որը երեք տարով է։ Դրա համար պետք է փաստաթղթեր ներկայացնել աշխատանքի վայրից և բնակարանի վարձակալության մասին, ինչպես նաև 450 զլոտի (100-ից մի քիչ ավելին) տուրք վճարել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ կացության իրավունք ստանալու հարցերը խստորեն կապված են աշխատանքի վայրի հետ եթե մարդը հեռանում է այդ աշխատավայրից, որտեղից դիմել էր կացության իրավունքի համար, ապա գործընթացը չեղարկվում է։ Դրանից հետո պետք է կրկին դիմել՝ արդեն նոր աշխատավայրից։

Միգրանտների մեծ հոսքի և լեհական միգրացիոն ծառայության ծանրաբեռնվածության պատճառով կացության փաստաթղթին միգրանտները երկար են սպասում՝ հաճախ մեկ տարուց ավել։ Սակայն դիմած անձն իրավունք ունի օրինականորեն գտնվել Լեհաստանի տարածքում և աշխատել։

Կադրերի հավաքագրման գործընթացն արտասահմանցիների շրջանում լեհական մասնավոր ընկերություններն ամբողջությամբ վստահում են միջնորդ ընկերություններին։ Լեհաստանում այդպիսի ընկերությունները հիմնականում ղեկավարում են Ուկրաինայի քաղաքացիները։ Միջնորդների հայտարարած հաստիքների մեծ մասն անվճար են։ Այսինքն՝ միջնորդների ծառայությունների համար վճարում է գործատուն։

Լեքսո Ախալայայի խոսքով՝ գործակալության վճարովի հաստիքը չպետք է 200 եվրոյից թանկ լինի։

Իր հերթին, վրացի միջնորդները համագործակցում են Լեհաստանի միջնորդների հետ, որոնք նրանց արդիական հաստիքներ են տրամադրում։

Վրոցլավ, Լեհաստան, 2019 թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Լեհաստան․ դրական և բացասական կողմեր

Լեհաստանի ուղղությամբ աշխատանքային միգրացիայի գլխավոր դրական կողմն օրինական աշխատանքն է։ Այդ թվում՝ ցածր որակավորում ունեցող աշխատակիցների համար։

Դրական ևս մեկ կարևոր կողմ է, որի մասին մեզ բոլորն ասում էին, Վրաստանի և վրացիների հանդեպ տեղի բնակչության վերաբերմունքը։ Լեհերը վրացիներին հիմնականում շատ դրական են վերաբերվում։

Բացասական կողմը վրացի միգրանտների համար համեմատաբար ցածր աշխատավարձերն են (Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի և արևմտաեվրոպական այլ երկրների համեմատ

«Պետք է հաշվի առնել, որ եթե մարդը մեծ ֆինանսական խնդիր ունի, Լեհաստանում աշխատելով այն չի լուծի։ Առավելագույն գումարը, որ հնարավոր է տուն ուղարկել, ամսական 500 դոլարն է»,ասում է Զազա Նեսուաշվիլին։

Լեզվական խոչընդոտը՝ որպես գլխավոր բացասական կողմ

Ի տարբերություն ուկրաինացիների և բելառուսների՝ վրացիները չգիտեն և չեն հասկանում լեհերեն։ Շատերը ռուսերեն էլ չգիտեն։ Դա մեծ խնդիրներ է առաջացնում և շատերի համար աշխատանքը կորցնելու պատճառ է դառնում։ շ

«Երբ չես հասկանում, թե պետն ինչ է ասում, երբ քեզ մի բան են ասում, իսկ դու ուրիշ բան ես անում, ո՞վ այդպիսի աշխատողին կպահի», – ասում է Ռոլանդ Կաջայան։

Զազա Լոբժանիձեն ասում է, որ հույսը դրել էր անգլերենի իր իմացության վրա, սակայն պարզվել է, որ Պոզնանում դա նրան ոչ մի առավելություն չի տալիս։ Փոխարենն օգնել է ռուսերենի իմացությունը դրանով ավելի հեշտ է շփվել միջնորդ ընկերությունների հետ, որտեղ հիմնականում ուկրաինացիներ են աշխատում։

Ռուսաց լեզուն օգնել է նաև Մայա և Զազա Նեսուաշվիլիներին․ նրանք ղեկավարության հետ շփվում են գործընկեր ուկրաինացիների միջոցով։

Վարշավա, Լեհաստան։ 2019 թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Լեքսո Ախալայան Լեհաստան գալ ցանկացողներին խորհուրդ է տալիս նախապես լեհերեն սովորել՝ գոնե տարրական մակարդակով։ Զազա Լոբժանիձեն պատմում է, որ լեհերենի դասընթացների է գնում, որը պետությունն է կազմակերպում, դա արժե ընդամենը 75 զլոտի (17,5 եվրո

Մայա և Զազա Նեսուաշվիլիներն ասում են, որ լեհերեն սովորելու իմաստ չեն տեսնում աշխատանքի համար այն իրենց պետք չէ, բացի այդ, Լեհաստանում նրանք չեն պատրաստվում մնալ։

Միջնորդ գործակալությունները

Մենք դիմել ենք Ֆեյսբուքում վրացերենով գովազդվող մի գործակալություն։ Էջում նշված հեռախոսահամարին զանգահարելիս մեզ պատասխանեցին, որ տվյալ պահին թափուր հաստիքներ չկան։ Գործակալությանը հաստիքներ է տրամադրում Պոզնանում գտնվող գրասենյակը։

Գործակալության ծառայությունն արժե 300 եվրո։ Մեր զրուցակցի խոսքով՝ դրա մեջ մտնում է «երաշխավորված աշխատատեղ»։ Գործակալությունը խորհուրդ է տալիս Լեհաստան մեկնել առանց վիզայի ռեժիմով, սակայն կացության իրավունքի փաստաթուղթ չի կազմակերպում, այն պետք է ստանալ ինքնուրույն։

Ամսական գործակալությունը Լեհաստան է ուղարկում մինչև 50 մարդ։

Շինարարություն Պոզնանում, Լեհաստան։ 2019թ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Եվս մեկ միջնորդ ընկերություն, որին մենք զանգահարեցինք հայտարարությամբ, իր ծառայությունների համար 400 դոլար պահանջեց։ Առաջարկվող աշխատանքի թվում էր աշխատանք ֆաբրիկաներում, շինարարությունում, ռեստորաններում և պահեստներում։

Ծառայությունների փաթեթն, ինչպես մեզ բացատրեցին, ներառում է կես կամ մեկ տարվա աշխատանքային վիզայի համար հրավերի ձևակերպում։ Ինչպես նաև «դիմավորում տեղում և ուղեկցում մինչև աշխատավայր»։

Կացության իրավունքի հարցը գործակալությունն այս դեպքում նույնպես առաջարկում է ինքնուրույն լուծել։

2015թ-ից, աշխատանքային միգրացիայի մասին Վրաստանի օրենքի համաձայն, արտասահմանում աշխատանք տրամադրելու միջնորդական գործունեությունը կարգավորվում է։ Ինչպես պատմել է Վրաստանի աշխատանքի և առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության միգրացիայի հարցերի վարչության ղեկավար Գեորգի Բունտուրին, միջնորդ ընկերությունները պարտավոր են գրանցվել հանրային ռեեստրում՝ համաձայն իրենց գործունեության տեսակի, և յուրաքանչյուր տարի պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել։

Օրենքի համաձայն՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցելիս ընկերությունները պարտավոր են երեք տեսակի պայմանագիր ձևակերպել՝ միջնորդ ընկերության և գործատու ընկերության, միջնորդ ընկերության և աշխատանք փնտրողի, գործատուի և աշխատանք փնտրողի միջև։

Խախտման համար դրամական տուգանք է նախատեսված՝ 300 1000 լարի (111-372 դոլար)։

Ներկա պահին Վրաստանում մինչև 60 ընկերություն կա, որոնք դեպի արտասահման աշխատանքային միգրացիայով են զբաղվում։

«Աշխատանք փնտրողը պետք է ուսումնասիրի, թե ուր է մեկնում և ինչ պայմաններով։ Նա պետք է համոզվի, որ իրականում աշխատելու թույլտվություն կստանա, ինչպես նաև պետք է ծանոթանա աշխատանքային պայմանագրին կամ գոնե դրա օրինակին», – ասում է Բունտուրին։

Նրա խոսքով՝ Վրաստանում անբարեխիղճ ընկերություններ են աշխատում, որոնց պատճառով մարդիկ խաբված են մնում։

Գեորգի Բունտուրին ասում է, որ Վրաստանի կառավարությունն ուղիներ է փնտրում ԵՄ մյուս երկրների հետ պայմանագրեր կնքելու համար, որպեսզի Վրաստանի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի հնարավորություն բացի։ Փետրվարի 1-ից սկսել է գործել Ֆրանսիայի հետ պայմանագիրը։ Ճիշտ է, այնտեղ աշխատելու մեկնելն այնքան հեշտ չէ, որքան Լեհաստան։

Վրոցլավ, Լեհաստան։ 2019թ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Դեպի Լեհաստան օրինական աշխատանքային միգրացիայի գործընթացն առաջինը գործարկել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը 2015թ-ին։ Վրաստանում ծրագրի ղեկավար Նաթիա Կվիցիանիի խոսքով՝ այդ ընթացքում նախագծի շրջանակում հաջողվել է 32 մարդու աշխատանքի տեղավորել։

«Մոդել է ստեղծվել, որը կարելի է օգտագործել նաև այլ երկրների հետ», – բացատրում է Կվիցիանին։

Միաժամանակ, ինչպես կարծում են փորձագետները, հենց Լեհաստանն է, որ գնալով ավելի շատ է աշխատուժի կարիք ունենալու։ Ինչպես ասում է Ցեզարի Կաժմերչակը, «մինչև 2050թ-ը Լեհաստանում աշխատուժի պակասը կազմելու է 5 մլն մարդ։ Եթե ոչինչ չփոխվի, նախկինի պես միգրանտների ենք հրավիրելու»։

Միաժամանակ, ըստ նրա, Լեհաստանի բախտը բերել է, որ երկիր ժամանող արտասահմանցիներն աշխատում են, այլ ոչ թե հույսը դնում նպաստների վրա, ինչպես Արևմտյան Եվրոպայում է։

Վարշավա, Լեհասատն, 2019թ-ի մարտ։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Տանն ավելի լավ է

Վրաստանից մեկնած միգրանտներից ոչ ոք, ում հետ հասցրել ենք շփվել Լեհաստանում, չի պատրաստվում երկրում երկար մնալ և իր ապագան չի կապում դրա հետ։

«Եթե մեր հայրենիքում ամսական գոնե 500 լարիով (165 եվրո) աշխատանք լինի, մենք առանց մտածելու կվերադառնանք»,ասում է Մայա Նեսուաշվիլին։

Զազա Լոբժանիձեն կտրականապես հերքում է Լեհաստանում մնալու հնարավորությունը

«Հենց մեր երկրում ամեն ինչ հարթվի, ես վերադառնալու եմ»։

«Լեհաստանում աշխատանքը ես մեծ հաջողություն չեմ համարում։ Ինձ համար հաջողություն կլինի լավ աշխատանքը կամ սեփական գործը Վրաստանում», – ասում է Ռոլանդ Կաջայան։

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում