Սակայն Իսրայելը և Ուկրաինան վրդովված են. նրանք «պատմական ճշմարտությունը» բոլորովին այլ կերպ են տեսնում" />

Լեհաստանը պաշտպանում է «պատմական ճշմարտությունն» այնպես, ինչպես հասկանում է այն

Սակայն Իսրայելը և Ուկրաինան վրդովված են. նրանք «պատմական ճշմարտությունը» բոլորովին այլ կերպ են տեսնում

Լեհաստանի Սենատը քվեարկել է մի օրինագծի օգտին, որով պետք է արգելվի համընդհանուր մեղադրել լեհերին Հոլոքոստին մասնակից լինելու համար: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին:

Այժմ նացիստական համակետնրոնացման ճամբարները, որոնք Լեհաստանի տարածքում էին տեղակայված, չի կարելի «լեհական» անվանել: Նման իրավախախտումների համար պատիժ է սահմանվում տուգանքի կամ մինչև 2 տարվա ազատազրկման տեսքով:

Օրինագիծը հաստատվել է լեհական խորհրդարանի Վերին պալատի կողմից, և ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն նախագահի ստորագրությունը:

Կիրակի Իսրայելի վարչապետ Բենյամին ՆԵթանյահուն կոշտ քննադատության է ենթարկել օրինագիծը: Նրա խոսքով՝ լեհերը փորձում են փոխել պատմությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես մտահոգություն է հայտնել, որ օրինագծի ընդունումը կարող է անդրադառնալ երկրում խոսքի ազատության վրա:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այլ կարծիքի է: Լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իր երկիրն իրավունք ունի «պաշտպանելու պատմական ճշմարտությունը»:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Լեհաստանն օկուպացված է եղել նացիստական Գերմանիայի կողմից: Լեհաստանի միլիոնավոր քաղաքացիներ են սպանվել օկուպացիայի ժամանակահատվածում, այդ թվում՝ Լեհաստանի 3 մլն հրեա: Լեհաստանի տարածքում համակենտրոնացման ճամբարներ են կառուցվել, որոնցում նացիստները բնաջնջել են հրեաներին:

Լեհական իշխանությունները հայտարարել են, որ օրինագիծն ուղղված է բացառապես պատմական ճշմարտության պաշտպանությանը և չի խոչընդոտի հետազոտություններին և Հոլոքոստի քննարկմանը:

Հոլոքոստին լեհերի մասնակցության արգելքից զատ օրինագիծն արգելում է ուկրաինացի ազգայնականների գաղափարախոսության պրոպագանդան և 1939-1945թթ-ին լեհերի դեմ նրանց հանցագործության հերքումը: Առաջին հերթին, խոսքը գնում է Վոլինի կոտորածի մասին. 1943թ-ին ուկրաինական ապստամբական բանակը, որը պայքարում էր անկախ ուկրաինական պետության համար, ըստ տարբեր գնահատականների, ոչնչացրել է 30-80 հազար լեհերի, որոնք ապրել են Ուկրաինայի տարածքում:

Ուկրաինական ԱԳՆ-ն դատապարտել է օրինագիծը, քանի որ դրանում ուկրաինական ապստամբական բանակի մասկնակիցներն անվանվում են «հանցագործ ազգայնականներ» և «Երրորդ ռեյխի կոլաբորացիոնիստներ»:


Կարդալ ավելին JAMnews-ում