Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը" />

Լարին շարունակում է արժեզկվել. 3.0՝ նոր հակառեկորդ

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը

Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերում լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ գերազանցել է 3 լարին: 

Հուլիսի 31-ին «Սաքարթվելոս բանքի»-ում և TBC բանկում մեկ ամերիկյան դոլարն արժե 3.0150 լարի:

Մասնավոր փոխանակման կետերում մեկ ամերիկյան դոլարը գնահատվում է 2.97 լարի: 

• Ինչպես է թուրքական լիրայի անկումն ազդում Հարավային Կովկասի երկրների տնտեսության վրա

Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով հուլիսի 31-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարն արժե  2.9507 լարի: 

«Բլումբերգում» 1 դոլարն արժե 2,96 լարի: 

1995թ. հոկտեմբերից մինչ օրս, այսինքն իր գոյության ողջ պատմության ընթացքում, վրացական ազգային արժույթը երբեք այդքան չի արժեզրկվել: Լարիի առաջին արժեզրկումը սկսվել է 2013թ. վերջից: Այդ ժամանակ 1 դոլարն արժեր 1.66 լարի: 

Ինչու է արժեզրկվում լարին 

Փորձագետները, ընդդիմությունը և կառավարությունը խոսում են արժեզրկման տարբեր պատճառների մասին: 

Իշխանության ներկայացուցիչները լարիի արժեզրկման պատճառ են համարում հուլիսի 20-ից խորհրդարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիաները, ինչպես նաև այլ արտաքին գործոններ։ Սկսած հունիսի 20-ից մինչ օրս Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ամեն օր անցկացվում են բողոքի ակցիաներ: Ակցիաներում գլխավոր կարգախոսերից մեկն է «Ռուսաստան օկուպանտ»: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության հատւկ նշանակության ուժերը ուժի կիրառմամբ ցրեցին ցույցը, ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Խորհրդրարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն լարիի արժեզրկման մեջ մեղադրում է ընդդիմությանը.

«Որոշակի քաղաքական շրջանակների կողմից բռնության կազմակերպումն ու ապակայունացումը ուղղված են պետության և քաղաքացիների բարօրության, տնտեսության և անվտանգության դեմ», – հայտարարել է Արչիլ Տալակվաձեն: 

Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ասում է, որ լարիի արժեզրկումը կապված է «արտաքին շոկի» հետ, և ամենակարևոր գործոններից մեկն է զբոսաշրջիկների թվի նվազումը: Հուլիսի 8-ից Ռուսաստանի նախագահի որոշմամբ դադարեցվել է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ինչը զգալիորեն կրճատել է ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան: Կոբա Գվենետաձեի խոսքով՝ իրավիճակից ելքը դեդոլարիզացիան է: 

«Այսօր Վրաստանն անցնում է արտաքին շոկի միջոցվ: Վրաստան զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը կրճատվել է: Դա, բնականաբար, արտացոլվում է նաև փոխարժեքի վրա: Քանի որ շոկերը մշտապես սպասելի ուղղություն են, կարևոր է դեդոլարիզացիան: Այդ դեպքում, եթե եկամուտը ստացվում է ազգային արժույթով, վարկերը նույնպես պետք է տրամադրել ազգային արժույթով», – ասում է Գվենետաձեն: 

Ընդդիմությունը և փորձագետները կարծում են, որ լարիի արժեզրկման ներկայիս ալիքը անմիջականորեն կապ ունի TBC բանկի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև երկրում ներդրողների թվի նվազման և այն փաստի հետ, որ իշխանությունները «ոչ մի տնտեսական քաղաքականություն չունեն»: 

Խորհդարանի անկախ պատգամավոր Լևան Կոբերիձեի խոսքով՝ լարիի արժեզրկման համար պատասխանատվությունը խորհրդարանի դիմացի ակցիաների վրա բարդելը անլուրջ է և անպատասխանատու: 

«Լարին աստիճանաբար կայուն արժեզրկվում է ամբողջ տարվա ընթացքում: Գործընթացը սկսվեց մայիս ամսից, երբ ամսվա սկզբին փոխարեժքը 2.7 էր, իսկ մայիսի վերջին արդեն՝ 2.8: Միայն մեկ ամսում լարին արժեզրկվել է 10 նիշով, ո՞ւր էին այդ ժամանակ հունիսի 20-ի երևույթները», – ասում է Կոբերիձեն: 

Նրա խոսքով՝ քաղաքական իրավիճակն ազդում է լարիի փոխարժեքի վրա, բայց դա ամենագլխավորը չէ: 

«Իշխանությունները ոչ մի տնտեսական քաղաքականություն չունեն», – նշում է Կոբերիձեն: 

 


Կարդալ ավելին JAMnews-ում