Վարչապետը վստահ է հաջողության վրա, իսկ հայ փորձագետները կարծում են, որ դրա համար պետք է արագցնել արդեն բանակցված և նածանշված նախագծերի իրագործումը՝ հնարավորությունը չկորցնելու համար " />

Իրանն ու Եվրասիական միությունը կապելու Հայաստանի հավակնությունները․ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Մանրամասներ

Վարչապետը վստահ է հաջողության վրա, իսկ հայ փորձագետները կարծում են, որ դրա համար պետք է արագցնել արդեն բանակցված և նածանշված նախագծերի իրագործումը՝ հնարավորությունը չկորցնելու համար

Հայաստանը կարող է էլեկտրաէներգետիկ միջանցք դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև։ Այդ մասին Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փորձագետները կարծում են, որ դա հնարավոր կլինի միայն որոշակի էներգետիկ  նախագծերի արագացված իրացման դեպքում։ Խոսքը, նախևառաջ, էլեկտրահաղորդման գծերի շինարարության մասին է, որոնք պետք է ձգվեն Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև։

Վարչապետի հավակնոտ հայտարարությունը հնչել է սեպտեմբերի 30-ին «Եվրասիական աշխարհամասին տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվում էր Երևանում։ Դրան մասնակցում էին Ռուսաստանի առաջնորդությամբ գործող այդ տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները։ Համաժողովն ուղղված էր միության ողջ տարածքում առևտրային սխեմաների և փոխադրման մեխանիզմների ամրապնդմանը։

Այն նախորդում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին։ Դրան մասնակիցներն են արդեն պետությունների ղեկավարներն, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպե՞ս Հայաստանը կարող է կապել Իրանն ու ԵԱՏՄ-ն

Համաժողովին ունեցած ելույթի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքն ու ապահովել նոր շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության երկրների համար։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Կազմակերպությունն իր անդամներին ապահովում է աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիալի ազատ տեղաշարժ

։

Դրա համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, որոնք կապահովեն ապրանքաշրջանառությունն այդ տնտեսական կառույցի ներսում և կօգնեն ավելացնել ապրանքի արտահանումն արտաքին շուկաներ։

«Պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առևտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարևոր դեր չի խաղացել նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը», – ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Հայաստանն, ըստ Փաշինյանի, կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան: Դրան կարող է օգնել Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որն արդեն ստորագրել և վավերացրել են Իրանն ու միության երկրները․

«Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը»։

Ի՞նչ են մտածում փորձագետները

Հայաստանը կարող է էներգետիկ միջանցք և կապող օղակ լինել Իրանի և ԵԱՏՄ մնացած անդամների միջև, սակայն դրա համար անհրաժեշտ է արագացնել առկա էներգետիկ նախագծերի իրացումը։ Այդ մասին JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը։ Փորձագետը նշում է, որ խոսքը, նախևառաջ, էլեկտրահաղորդման արդեն երրորդ գծի շինարարության մասին է, որը պետք է ձգվի Իրանի և Հայաստանի միջև, այնուհետև կապի Վրաստանի և Ռուսաստանի հետ․

«Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2019թ-ի ձմռանը։ Այնուհետև կողմերը հայտարարել էին 2020թ-ի սեպտեմբերի մասին։ Այսօր, ինչպես հասկանում ենք, աշխատանքների ավարտը հետաձգվում է ևս մեկ տարով։ Ինչո՞ւ է դա ռիսկային։ Բանն այն է, որ Ադրբեջանը բավականին ինտենսիվ աշխատանքներ է անցկացնում Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնացման ուղղությամբ իր էներգետիկ կառուցվածքների միջոցով։ Այդ սինխրոնացումն ուղղված է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցք ձևավորելուն, որը Հայաստանին այլընտրանք է լինելու»։

Փորձագետը նշում է նաև, որ Հայաստանում տվյալ պահին տարանցիկ ենթակառուցվածքներ չկան նաև գազափոխադրման համակարգի մասով, որոնք թույլ կտային ապահովել ուղղակի գազափոխադրման կոմունիկացիաներ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև։

«Այստեղ անհրաժեշտ է խոսել փոխարինման մոդելների մասին, որոնք պարբերաբար հայտնվում են օրակարգում, սակայն գործնական արտացոլում չեն ստանում»։

Ո՞վ է ժամանելու բարձրագույն խորհրդի նիստին

Նիստին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք է արդեն ժամանել և երկրի ղեկավարության հետ բանակցություններ անցկացրել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը։ Հենց Երևանում է ստորագրվելու Սինգապուրի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

Նիստին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները։ Պլանավորված է նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Տաջիկստանի, Մոլդովայի և Իրանի առաջնորդների ներկայությունը։

Միջոցառումից առաջ ամենաքննարկվող թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն էր։ Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրում էին, որ Ռուսաստանի նախագահը Հայաստան չի ժամանելու։ Սակայն նիստից մեկ շաբաթ առաջ ռուսական կողմն այնուամենայնիվ հաստատել է նրա մասնակցությունը։ Սա Պուտինի արդեն յոթերորդ այցն է Հայաստան և առաջինը՝ «թվաշյա հեղափոխությունից» հետո։


Կարդալ ավելին JAMnews-ում