Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով հնարավոր համաձայնագիր և արտահերթ բանակցություններ Նեթանյահուի և Պուտինի միջև " />

Իսրայելն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունն Իրանի դեմ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով հնարավոր համաձայնագիր և արտահերթ բանակցություններ Նեթանյահուի և Պուտինի միջև

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անսպասելիորեն մեկնել է Սոչի, որտեղ 3 ժամ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է BBC-ն:

Ինքը՝ Նեթանյահուն, Սոչի թռիչքից մի քանի ժամ առաջ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ այցի գլխավոր նպատակն է համոզել Ռուսաստանի ղեկավարությանը, որ Իրանի և Սիրիայի գործողությունները վնաս են հասցնում ոչ միան Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլ ամբողջ աշխարհի անվտանգությանը:

Իսրայելն ամբողջ ուժով  փորձում է փոփոխություններ մտցնել Սիրիայի կարգավորման պայմանագրի վերջնական տարբերակում, որը ենթադրաբար կստորագրվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, և հենց դրանով է բացատրվում Նեթանյահուի հապշտապ այցը Սոչի, կարծում են ռազմական վերլուծաբանները:

Իսրայելի կառավարությունը բացահայտ կերպով անհամաձայնություն է հայտնում փաստաթղթի որոշ կետերի առնչությամբ, որոնք, նրա կարծիքով, հաշվի չեն առնում երկրի շահերը տարածաշրջանում:

Այսպես, օրինակ, փաստաթուղթը թույլատրում է հազարավոր իրանցի զինվորականների գտնվել Սիրիայի տարածքում՝ անգամ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո: Իսրայելի ղեկավարությունը սա գնահատում է որպես ուղղակի սպառնալիք և մտավախություն ունի, որ դա կտրուկ կապակայունացնի իրավիճակը Գոլանի բարձունքների տարածքում:

«Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օգնությամբ փորձում է մեր շուրջ ստեղծել նոր իրականություն: Խոսքը Սիրիայում իրանական ռազմաօդային և ռազմածովային բազաների, 1000 վարձկաններից բաղկացած շիական զինված խմբավորման ստեղծման և Լիբանանի տարածքում բարձր ճշգրտությամբ զենքի արտադրության մասին է: Իսրայելը չի պատրաստվում հաշտվել այդ փորձերի հետ և կողքից դիտողի դերով չի սահմանափակվի»,- հինգշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանը:  

Ռուսաստանում Իսրայելի նախկին դեսպան Գվի Մագենը կարծում է, որ իսրայելական կողմի նպատակադրվածության լրջության մասին է խոսում նաև այն փաստը, որ Նեթանյահուի հետ Սոչի էին մեկնել նաև «Մոսադի»՝ իսրայելական հետախուզության ղեկավար Յոսի Քոհենը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբատը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Իսրայելն առանցքային դերակատար է Մերձավոր Արևելքում և նախկինում բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ինքնուրույն վճիռներ կայացնել՝ առանց ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի կամ Թուրքիայի»,- ասում է Ցվի Մագենը:

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել Սոչիում տեղի ունեցած բանակցությունները:


Կարդալ ավելին JAMnews-ում