Ուլտրաաջերն ու հոգևորականները կոտրում էին կինոթատրոնների դռները, որպեսզի տապալեն «միասեռականության քարոզ» հանդիսացող պրեմիերան։ Այն, ի վերջո, կայացավ, կան վիրավորներ" />

«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը Թբիլիսիում բախումների պատճառ է դարձել։ Ֆոտոռեպորտաժ

Ուլտրաաջերն ու հոգևորականները կոտրում էին կինոթատրոնների դռները, որպեսզի տապալեն «միասեռականության քարոզ» հանդիսացող պրեմիերան։ Այն, ի վերջո, կայացավ, կան վիրավորներ

Ուլտրաաջ ակտիվիստները նոյեմբերի ութի երեկոյան զանգվածային ցույցեր են անցկացրել Թբիլիսիում «Իսկ հետո մենք պարեցինք» նոր վրաց-շվեդական ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ֆիլմը պատմում է երկու տղամարդկանց հարաբերությունների մասին և անդրադառնում ԼԳԲՏ թեմաներին։

Պրեմիերան անցկացվել է միանգամից հինգ դահլիճներում, սակայն հիմնական իրադարձությունները տեղի էին ունենում «Ամիրանի» կինոթատրոնի մոտ։ Ուլտրաաջերը հայտարարել էին, որ ֆիլմը միասեռականություն է քարոզում, այդ պատճառով իրենք ձախողելու են պրեմիերան ցանկացած միջոցներով։

Ուլտրաաջ ակտիվիստները կինոթատրոնի մոտ այրել են ԼԳԲՏ դրոշը, անիծել հանդիսատեսին և փորձել նրանց վրա քարեր նետել։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Դեռ վաղ առավոտից բոլոր կինոթատրոնների մոտ մոբիլիզացվել էր ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։ Եվ, թեև պրեմիերան, այնուամենայնիվ, կայացավ, այն ուղեկցվում էր մասշտաբային անկարգություններով։

Ակցիայի մի քանի հարյուր մասնակից փորձել էր ներխուժել «Ամիրանի» կինոթատրոն։ Նրանք ճայթռուկներ և վառվող ջահեր էին օգտագործել։

Ցույցի ուլտրաաջ մասնակիցներին զսպում էին ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։ Լուսանկարը՝ Պատրիկ Սալատի, JAMnews

Հարձակման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Անա Սուբելիանին, որը եկել էր ֆիլմը դիտելու։ Նրան ճանաչել են, վիրավորանքներ տեղացել և քարով հարվածել դեմքին։ Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։

Վրացական հեռուստաալիքներն իրավիճակը ցուցադրել են ուղիղ եթերում, և ողջ երկիրը կարող էր տեսնել աղջկա արյունոտված դեմքը։ Նա ասել է, որ, քիչ էր մնացել, աչքը կորցներ։

Ակտիվիստները հարձակվել են նաև ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլիի վրա, որը նույնպես եկել էր ֆիլմը դիտելու։ Նա այդպես էլ չկարողացավ մտնել կինոթատրոնի շենք, ոստիկանությունը ստիպված էր հեռացնել նրան տարածքից։

Կինոթատրոն չկարողացան մտնել տոմսերով շատ հանդիսատեսներ։ Այն բանից հետո, երբ ուլտրաաջերը սկսեցին ճայթռուկներ նետել, ոստիկանությունը չթույլատրեց մարդկանց կինոդահլիճ մտնել։

Ակցիային շատ էին հոգևորականները։ Նրանցից ոմանք ագրեսիվ էին, հայհոյում էին ֆիլմը դիտելու եկած մարդկանց։

Ակցիայի շատ մասնակիցներ կանգնել և բարձրաձայն աղոթում էին, «որպեսզի Աստված պահպանի Վրաստանը սոդոմական մեղքից»։

Հոգևորականներից մեկին հաջողվեց ճեղքել ոստիկանական շարասյունն ու կինոթատրոն մտնել, սակայն ոստիկաններն ուժով նրան դուրս բերեցին շենքից։

Ինչպես հաղորդել են ՆԳՆ-ից, ձերբակավել է 11 կարգազանց։

Ֆիլմի ցուցադրությունը շարունակվելու է կինոթատրոններում մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։

Ֆոտոռեպորտաժ իրադարձությունների վայրից

REUTERS/Իրակլի Գեդենիձե

 


Կարդալ ավելին JAMnews-ում