Ադրբեջանի նոր նախագահը կընտրվի հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին 7 տարի ժամկետով " />

Իսա Ղամբարն առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կողմից

Ադրբեջանի նոր նախագահը կընտրվի հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին 7 տարի ժամկետով

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հունվարի 27-ին որոշում է կայացրել Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին առաջադրել Իսա Ղամբարի թեկնածությունը: Չնայած նրան, որ, ըստ օրենքի, թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվում է ընտրությունների օրվանից երկու ամիս առաջ, «Մուսավաթն» արդեն ընտրական շտաբի ստեղծման մասին որոշում է կայացրել:

Իսա Ղամբարը եղել է Ադրբեջանի ազգային-ազատագարական շարժման առաջնորդներից մեկը, նա  22 տարի շարունակ՝ 1992թ-ին երկրի անկախացումից ի վեր, ղեկավարել է «Մուսավաթ» կուսակցությունը: 2014թ-ին, կուսակցության կանոնադրության փոփոխությունների համաձայն, լքել է նախագահի պաշտոնը և հիմնել ռազմավարական մտքի ազգային կենտրոն ոչ կառավարական կազմակերպությունը:

 

Ղամբարը 1992-1993թթ-ին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը և նույնիսկ կարճ ժամանակահատվածում կատարել Ադրբեջանի նախագահի պարտականությունները: 2003թ-ի ընտրություններին նա Ադրբեջանի նախագահի իր թեկնածությունն էր առաջադրել և Իլհամ Ալիևից հետո զբաղեցրել երկրորդ տեղը: 2013թ-ի նախագահական ընտրություններին Ղամբարի թեկնածությունը նույնպես առաջադրվել է, սակայն նա ինքնաբացարկ է հայտարարել հօգուտ ընդդիմության միասնական թեկնածուի:

«Մուսավաթ» կուսակցության կառավարման նիստին Իսա Ղամբարը նախանշել է իր նախընտրական պլատֆորմի հիմնական ուղղությունները: Նա կարևորել է երկրում փոփոխություններ կատարելու վճռականությունը, այն զարգացման ուղու վրա գցելը: Միաժամանակ նա նշել է ռուսական իմպերիալիզմի առկայությունը, որը թույլ չի տալիս երկրներին իրական անկախություն ունենալ:

«Պուտինյան իշխանությունը շարունակում է այդ քաղաքականությունը: Ադրբեջանական իշխանությունում կանգնած են անձինք, որոնք հանուն պաշտոնի պատրաստ են կատարել Մոսկվայի ցանկացած հրահանգ: Վաղը եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի, նրանք պատրաստ կլինեն ստորագրելու անգամ ԽՍՀՄ վերականգնման և ռուսական բանակին հրավիրելու որոշման տակ: Այդպիսի անձինք շարունակում են առաջատար դեր խաղալ ադրբեջանական քաղաքականությունում», ասել է Ղամբարն իր ելույթում, որի տեսագրությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:

  • Ադրբեջանի նախագահի ընտրությունները կկայանան 2018թ-ի հոկտեմբերի 17-ին:
  • 2016թ-ի սեպտեմբերի 26-ի հանրաքվեի արդյունքում երկրի Սահմանադրությունում արված փոփոխությունների համաձայն՝ նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով:

Կարդալ ավելին JAMnews-ում