Ավագանին պետք է ընտրի քաղաքապետին, այսինքն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվերընտրվի" />

Իշխող կուսակցությունը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում

Ավագանին պետք է ընտրի քաղաքապետին, այսինքն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվերընտրվի

Մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը, որը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գիշերը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն պատկերը հետևյալն է.

  • «Հանրապետական» կուսակցություն – 71,25 տոկոս կամ 240036 քվե
  • «Ելք» կուսակցությունների դաշինք – 21 տոկոս կամ 70731 քվե
  • «Երկիր ծիրանի կուսակցություն – 7,75 տոկոս կամ 26109 քվե:

Այսպիսով «Հանրապետական» կուսակցությունն ավագանում ունենալու է մեծամասնություն: Եվ քանի որ քաղաքապետին, ըստ «Երևան քաղաքի ինքնաառավարման մասին օրենքի», ընտրելու է հենց ավագանին, Տարոն Մարգարյանը կվերընտրվի իր պաշտոնում:

ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:

Ընտրություններին մասնակցում էր քաղաքական երեք ուժ՝ մեկը իշխանությունից, երկուսը՝ ընդդիմությունից:

«Հանրապետական» կուսակցությունը քաղաքապետ էր առաջադրել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը քաղաքապետ էր առաջադրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, առաջադրվել էր նաև իրավապաշտպան, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությամբ:

Ապրիլի 21-ից մայիսի 12-ը երեք թեկնածուները նախընտրական քարոզարշավ իրականացրին, երևանցիներին ներկայացնելով քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գործող քաղաքապետն անցկացրեց դասական քարոզարշավ՝ բեմահարթակից ողջունելով իր ընտրողներին, իսկ ընդդիմադիր երկու թեկնածուները դիմեցին տարբեր հնարքների՝ հեծանիվ վարեցին, բարձրացան ավտոտնակների տանիքները, պտտվեցին քաղաքում կաբրիոլետով և այլն:

Այս օրերին քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճ այդպես էլ չծավալվեց: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը հրավիրեցին իշխանության թեկնածուին՝ Տարոն Մարգարյանին բանավեճի, բայց վերջինս հրաժարվեց:

 


Կարդալ ավելին JAMnews-ում